
ԵՐԵՒԱՆ, «Հետք».- «Հետք»ի կայքը նոր մանրամասնութիւններ հրապարակած է վերջերս մեծ աղմուկ բարձրացուցած «օֆշորային սկանդալ»ի վերաբերեալ, ուր կը շօշափուին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի, Հայ Առաքելական եկեղեցւոյ Արարատեան հայրապետական թեմի առաջնորդ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանի (Սամուէլ Կճոյեան) եւ գործարար Աշոտ Սուքիասեանի անունները:
Ստորեւ կը ներկայացնենք այդ հրապարակումը (յապաւումով).
Ըստ նոր մանրամասների՝ Աշոտ Սուքիասեանն իր ընտանիքին պատկանող «Ձորագիւղ» ա/կ.ի յանձնարարականներով «Ամերիաբանկից» ստացուած վարկային գումարից 9 մլն. 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերութիւնների՝ «HELLENIC BANK PUBLIK COMPANY»ում ունեցած հաշուեհամարներին: Այդ ընկերութիւններից ամենամեծ գումարը՝ 7 մլն. 20 հազար 450 դոլար գումարը, փոխանցուել է «ABS GLOBAL LIMITED» ՍՊԸին, որի 66% բաժնեմասը (6600 բաժնետոմս) պատկանում է «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերութեանը, որի բաժնետէրեր են հանդիսանում նաեւ Տիգրան Սարգսեանը, Սամուէլ Կճոյեանը եւ Աշոտ Սուքիասեանը՝ համապատասխանաբար 333, 333 եւ 334 բաժնետոմսերի համակցութեամբ: «ABS GLOBAL LIMITED» սահմանափակ պատասխանատուութեան ընկերութիւն (ՍՊԸ) մնացած 34% բաժնեմասը պատկանում է 3 այլ ընկերութիւնների՝ «A.K. HOLDINGS LIMITED» – 10% (1000 բաժնետոմս), «BCB HOLDINGS LIMITED» – 10% (1000 բաժնետոմս) «STR EMERALD LIMITED» – 14% (1400 բաժնետոմս):
Եւս 350 հազ. դոլար Աշոտ Սուքիասեանի յանձարարականով փոխանցուել է «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸին եւ 2 մլն. դոլար՝ «STR EMERALD LIMITED» ՍՊԸին:
Ստորեւ ներկայացնում ենք «ABS GLOBAL LIMITED» ՍՊԸի բաժնետէր ընկերութիւնների եւ դրանց բաժնետէրերի գրաֆիկական պատկերը՝ ըստ Hetq.am-ի:
Յիշեցնենք, որ «Օֆշորային սկանդալ»ի մասին առաջին հրապարակմամբ «Ովքեր են Փայլակ Հայրապետեանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռեակը» վերնագրի ներքոյ Hetq.am-ը հանդէս եկաւ Մայիսի 29ին:
Յիշեցնենք նաեւ, որ օրեր առաջ Hetq.am-ը հրապարակել էր խմբագրութիւն ուղարկուած Աշոտ Սուքիասեանի նամակը, որում նա յայտնել էր, որ օֆշորային գօտում ընկերութիւնն ինքն է գրանցել՝ առանց ընկերութեան միւս երկու բաժնետէրերի տեղեկութեան:
«Ասեմ, որ այս կազմակերպութեան հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասէր գրել Տ. Սարգսեանի եւ Ն. Կճոյեանի անուններով՝ առանց նրանց գիտութեան եւ առանց նրանց համաձայնութեան: Դա արել եմ, որպէսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգութիւններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ», մասնաւորապէս, ասել էր նա: Դրանից յետոյ դատախազութիւնը գործ յարուցեց Աշոտ Սուքիասեանի նկատմամբ եւ յայտարարեց միջազգային հետախուզութիւն:
Նշենք, որ այս սկանդալին իրենց առնչութիւնը հերքել են թէ՛ վարչապետը, թէ՛ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը:
Նշենք նաեւ, որ ըստ հրապարակման՝ Աշոտ Սուքիասեանը այժմ դատական վէճի մէջ է Սիէրա Լէոնէում գրանցուած «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերութեան հետ: Այս ընկերութեան սեփականատէրերը Աշոտ Սուքիասեանի հրաւէրով երկու անգամ եղել են Հայաստանում եւ հանդիպել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսեանին: Ընկերութեան տնօրէն Ռուբէն Մկրտչեանը մասնակցել է այդ հանդիպումներից մէկին:
Hetq.am-ը նաեւ հրապարակել է մի հատուած Ռուբէն Մկրտչեանի հետ կայքի հարցազրոյցից:
«Հայաստանում եղել եմ երկու անգամ: Չեմ կարող յստակ ամսաթիւ նշել: Առաջին անգամ եկել եմ իմ գործընկերների հետ: Երկրորդ անգամ ադամանդներ եմ բերել Աշոտին: Առաջին հանդիպումը 2010ի Յուլիսի կէսերին էր: Իմ տպաւորութեամբ՝ այդ հանդիպումը կազմակերպել էր Աշոտ Սուքիասեանը: Հանդիպմանը ներկայ էին վարչապետը, Ն. Կճոյեանը եւ Աշոտ Սուքիասեանը՝ մի կողմից, ես եւ իմ գործընկերները՝ Սերգէյ Տրիւկազիւկն ու Ալեքսանդր Վալչիկովսկին՝ միւս կողմից: Զրուցել ենք Սիէրա Լէոնէի եւ նախագծի մասին, ընդհանուր ներդրումների մասին: Դրանից յետոյ՝ երեկոյեան, բոլորս միասին գնացինք «Նոյեան Տապան» ռեստորան: Եւ մենք հասկացել էինք, որ Աշոտը լիակատար աջակցութիւն եւ ֆինանսներ ունի: Եւ այդ ամէնը մեզ վստահութիւն ներշնչեց, որ ներդրումներ իսկապէս կը լինեն: Երբ երկրորդ անգամ եկայ, նրանք՝ Աշոտն ու Ն. Կճոյեանը, մեկնեցին Կիպրոս: Ես նրանց օդանաւակայանում ճանապարհեցի: Աշոտը Սիէրա Լէոնէում ընկերութիւն չունի: Նա պէտք է բաժնեմաս ստանար ընկերութիւնում ներդրումներ կատարելուց յետոյ: Բայց նա որեւէ բաժին չստացաւ, քանի որ խոստացուած ներդրումների կէսն էլ չկատարեց», մէջբերուած է այդ հարցազրոյցից:
Այնուհետեւ կայքը ուշադրութիւն է հրաւիրում ՀՀ կառավարութեան կայքում առկայ մի հաղորդագրութեան վրայ, որում ներկայացւում է Տիգրան Սարգսեանի հանդիպումը ադամանդագործութեան եւ ոսկեգործութեան բնագաւառում մասնագիտացած «Western mines company» ընկերութեան տնօրէն Շերմոն Սիսիի հետ, ով մինչեւ Հայաստան գալը հանդիպում է ունեցել նաեւ իր երկրի՝ արեւմտեան Աֆրիկայի Սիէրա Լէոնէի Հանրապետութեան նախագահի հետ, ով եւս ողջունել է Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու՝ «Western mines company» ընկերութեան մտադրութիւնը եւ նշել, որ իր երկրի կառավարութիւնը պատրաստակամ է հնարաւորինս աջակցելու այդ ծրագրի իրագործմանը: Սիէրա Լէոնէում ոսկու եւ ադամանդի հանքերի սեփականատէր վերոնշեալ ընկերութեան տնօրէնը յատկապէս ադամանդագործութեան եւ ոսկեգործութեան ճիւղերում Հայաստանի հարկային քաղաքականութիւնը եւ ներդրումային դաշտը բարենպաստ է համարել գործունէութիւն ծաւալելու համար:
Hetq.am-ը ընդգծել է, որ վարչապետ Տիգրան Սարգսեանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարութիւնը, կարեւորելով մասնաւոր հատուածին աջակցութիւնը եւ նաեւ նկատի առնելով նշուած ճիւղերում եղած աւանդոյթները շարունակելու եւ զարգացնելու նպատակադրումը, կը ցուցաբերի ամենայն աջակցութիւն գործարար կապերի ամրապնդմանը, որոնք, վարչապետի հաւաստմամբ, կարող են էապէս խթանել նաեւ երկու երկրների միջեւ քաղաքական յարաբերութիւնների հաստատմանը:
Hatq.am-ը նաեւ նկատում է, որ կառավարութեան կայքում այս հանդիպման մասին տեղեկատուութիւնն առանց լուսանկարի է, իսկ ահա «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթում այս տեղեկատուութիւնը հրապարակուած է լուսանկարով:
Լուսանկարում այս պատուիրակութեան հետ հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Աշոտ Սուքիասեանը: Այս նոյն անձին՝ Շերմոն Սիսիին, Աշոտ Սուքիասեանը լիազօրագիր է տուել «ABS GLOBAL LIMITED»ի գործերով որպէս լիազօր ներկայացուցիչ հանդէս գալու, որի վերաբերեալ մեր ձեռքի տակ նօտարով հաստատուած փաստաթուղթ կայ:
«Փաստօրէն, Տիգրան Սարգսեանի վարչապետ դառնալուց մի քանի ամիս յետոյ Աշոտ Սուքիասեանն արդէն պատուիրակութիւններ էր բերում Հայաստան եւ կազմակերպում հանդիպումներ: Հէնց այս հանդիպումից յետոյ է Էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցեանը որոշել զարգացնել ադամանդագործութիւնը եւ Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենտրոն: Հէնց այսպիսի տողեր կան «Ամերիաբանկ»ի կազմած բիզնես ծրագրում», գրում է Hetq.am-ը եւ անհասկանալի համարում, թէ «Ամերիաբանկն» ինչպէս է նման բիզնես ծրագրի առկայութեամբ համաձայնել տրամադրել 12 մլն դոլարի վարկ: