ԱՍՏՂԻԿ ԲԵԴԵՒԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- ilur.am կայքը հետաքննութիւն է անցկացրել, որի արդիւնքում էլեկտրոնային ռեգիստրի (ցուցիչի-Խմբ.) տուեալներով պարզուել է, որ 2008-2010 թուականներին Երեւան քաղաքի Աւան համայնքի ղեկավարի, այնուհետեւ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտօնները զբաղեցնող Տարօն Մարգարեանը «Ռոբերտ-Տարօն» ՍՊԸի սեփականատէրն է եղել:
Այս ընկերութեանն են պատկանում Աւան համայնքը սպասարկող թիւ 5 եւ 32 երթուղիները:
«Համայնքային ծառայողի նկատմամբ կիրառուող սահմանափակումների հետ կապուած համայնքային ծառայութեան պաշտօն նշանակուելուց կամ նոյնիսկ համայնքի տարածքում գտնուող առեւտրային կազմակերպութիւնների կանոնադրական կապիտալում 10 եւ աւելի տոկոս բաժնեմաս ձեռք բերելուց յետոյ 1 ամսուայ ընթացքում համայնքային ծառայողը օրէնքով սահմանուած կարգով պարտաւոր է դա յանձնել հաւատարմագրային կառավարման», մեկնաբանում է փաստաբանը:
Չնայած Տարօն Մարգարեանի աներորդու պնդումներին, որ ինքն ու Երեւանի գործող քաղաքապետը որեւէ կապ չունեն «Ռոբերտ-Տարօն» ՍՊԸի հետ, ուստի չեն էլ մտահոգւում այդ հարցով, էլեկտրոնային ռեգիստրի տուեալներով պարզորոշ երեւում է, որ ՍՊԸն հիմնադրել է Ռոբերտ Սարգսեանը, ապա՝ 9 տարի անց, փոխանցել է Տարօն Մարգարեանին: Մինչեւ անցած տարուայ Դեկտեմբերին թիւ 1 ընտրատարածքից պատգամաւոր ընտրուելը քաղաքական շրջանակներում անյայտ Ռոբերտ Սարգսեանը ilur.am-ի այս բացայայտումից յետոյ էլ Yerkir.am-ին ասել է. «Դատի կը տամ նրան, ով տրամադրել ա փաստաթղթերը ու ասել ա, որ դա մերն ա»:
Փաստաբան Սեդա Սաֆարեանն Ազգային ժողովի պատգամաւորին խորհուրդ տուեց ջանքեր չթափել. «Տեղեկատուութեան մասին օրէնքը թոյլ է տալիս, որպէսզի ցանկացած անձ ստանայ այն տեղեկատուութիւնը, որն իրեն անհրաժեշտ է»:
Երեւանի աւագանու «Բարեւ Երեւան» խմբակցութեան անդամ Դաւիթ Սանասարեանը «Ազատութիւն» ռադիօկայանի հետ զրոյցում նկատեց՝ չնայած ցանկութեանը, չստացուեց տեղեկութիւնները թաքցնել:
«Ամենավատն այն է, որ այս դարում նման անթաքոյց ինֆորմացիան ժխտում են», մեկնաբանեց Սանասարեանը:
Տարօն Մարգարեանը լրագրողների հետ զրոյցում այսօր չի բացառել, որ ուղեվարձն առաջիկայում կարող է նորից բարձրանալ: Դաւիթ Սանասարեանն ասաց. «Ուղղակի թէ անուղղակի, Տարօն Մարգարեանը նաեւ իր շահն է սպասարկում: Բանականաբար՝ ինքն էլ է գծատէր»:
«Բարգաւաճ Հայաստան»ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբեանին «զարմացնում է այս բացայայտման առիթով տարբեր շերտերի զարմանքը»: «Ես զարմացած չեմ: Ես սա համարում եմ համակարգի բաղկացուցիչ անբաժանելի մասը: Բա ինչո՞ւ են մարդիկ ուզում դառնալ պաշտօնեայ, ինչո՞ւ են մարդիկ ձգտում դառնալ պատգամաւոր, քաղաքապետ, գիւղապետ, ահա այս ամէնի համար»:
Զոհրաբեանը չբացառեց, որ Մարգարեանի շուրջ ծագած սկանդալը ձեռնտու է իշխանական որոշակի թեւերին՝ օֆշորից եւ նմանատիպ այլ աղմկահարոյց սկանդալներից հասարակական-քաղաքական ուշադրութիւնը շեղելու համար: ԲՀԿական պատգամաւորը համոզուած է՝ այս սկանդալն էլ, օֆշորի նման, հետեւանքներ չի ունենալու:
Երեւանի քաղաքապետարանից այդպէս էլ չմեկնաբանեցին «Ազատութիւն» ռադիօկայանի այն հարցադրումը, թէ համայնքային ծառայողի համար որքանո՞վ էր օրինական տուեալ դէպքում Աւանի համայնքապետի պաշտօնի համատեղումը գործարարութեան հետ:
Վերջում յաւելենք, որ «Ռոբերտ-Տարօն» ՍՊԸին պատկանող 32 համարի երթուղայինները ակտիւ դերակատարութիւն են ունեցել նաեւ անցած տարուայ Դեկտեմբերին Աւանում անցկացուած Ազգային ժողովի պատգամաւորի լրացուցիչ ընտրութիւններում՝ երթուղուց դուրս գալով եւ ցուցակներով քաղաքացիներին ընտրատեղամասեր տեղափոխելով: Այս իրավիճակն արձանագրած մեր թղթակցի ձայնագրիչը խլել էին ձեռքից: Այդ ընտրութիւններում, յիշեցնենք, յաղթեց Տարօն Մարգարեանի աներորդին, որը շարունակում է պնդել, թէ ինքը 32 եւ 5 համարի երթուղայինների հետ որեւէ կապ չունի: