
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հիւրընկալեց Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանին՝ նրա պաշտօնավարման ժամկէտի աւարտի առիթով: Միջոցառմանը ներկայ էին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները, ովքեր վերջին տարիներին սերտ գործակցել են Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան հետ՝ քոյր-քաղաքների եւ երկկողմ այլ ծրագրերի շրջանակներում:
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորեանը գոհունակութեամբ նշեց, որ Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան եւ Լոս Անջելեսի քաղաքային, մշակութային, հասարակական կառոյցների միջեւ յարաբերութիւններն ակտիւացել եւ բազմազան են դարձել:
Գրիգոր Յովհաննիսեանն իր հերթին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներին երախտագիտութիւն յայտնեց ակտիւ գործակցութեան համար՝ համոզմունք յայտնելով, որ դրա շնորհիւ ամրապնդուել են կապերը Լոս Անջելեսի եւ Հայաստանի միջեւ:
Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսը շեշտեց, որ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է ԼՂՀ անկախութիւնը եւ պաշտօնական ընդունելութիւններ է կազմակերպել Արցախի նախագահի, ԱԺ ղեկավարի համար, իսկ Արցախի պատմական մայրաքաղաք Շուշին հռչակուել է Լոս Անջելեսի բարեկամ-քաղաք: Վերջին չորս տարիների ընթացքում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի յարկի տակ հանդիսաւորութեամբ նշուել է նաեւ ՀՀ անկախութեան 20ամեակը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի եւ Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի մասնակցութեամբ:
Գլխաւոր հիւպատոսն ընդգծեց, որ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը մեծ գործ է կատարում՝ ամէն տարի ընդունուող բանաձեւերի միջոցով հասարակութեանն իրազեկելով Հայոց Ցեղասպանութեան մասին, ինչը յատկապէս կարեւոր է Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի շեմին: Նա շնորհակալութիւն յայտնեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ներկայ եւ նախկին անդամներին՝ վերջին տարիների գործակցութեան համար:
Աւարտելով խօսքը՝ գլխաւոր հիւպատոսը ողջոյն յղեց բազմամիլիոն քաղաքի քաղաքային խորհրդի անդամներին, ում հմուտ կառավարմամբ այստեղ ապրում են հարիւրաւոր ազգութիւններ եւ կերտում մեր ժամանակների ամենադինամիկ զարգացող քաղաքներից մէկը:
ՀՀ գլխաւոր հիւպատոսին յանձնուեց շնորհակալագիր՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի եւ անդամների ստորագրութեամբ: Ընդունելութեանը ներկայ էր նաեւ ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան անձնակազմը: