
ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- «Թրանսփերընսի Ինթըրնեշընըլ» փտածութեան դէմ պայքարող կեդրոնի հայաստանեան ներկայացուցչութիւնը յայտարարութիւն հրապարակած է իր երկու անդամները՝ Սուրէն Սաղաթելեանն ու Հայկակ Արշամեանը ծեծի ենթարկելուն առիթով՝ նշելով, որ եթէ յանցագործները չբացայայտուին, ապա ողջ պատասխանատուութիւնը պիտի դրուի գործող վարչակարգին վրայ:
Յայտարարութեան մէջ նշուած է.
«2013 թ. Սեպտեմբերի 5ի երեկոյեան 22:10ի սահմաններում 6-7 անյայտ անձանց կողմից Երեւանում դաժան ծեծի են ենթարկուել Թրանսփարէնսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն հասարակական շարժման հայաստանեան պաշտօնական ներկայացուցիչ «Թրանսփարէնսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպութեան խորհրդի անդամ Սուրէն Սաղաթելեանը եւ կազմակերպութեան անդամ Հայկակ Արշամեանը:
«Յանցագործութիւնը տեղի է ունեցել Հ. Արշամեանի տան մօտ՝ քաղաքի կենտրոնում գտնուող փողոցներից մէկի բակում: Երկու մեր գործընկերներն էլ ստացել են ծանր մարմնական վնասուածքներ, մասնաւորապէս, Հայկակի մօտ եղել են պատռուածքներ քթի մօտ եւ բերանի խոռոչում, իսկ Սուրէնի մօտ՝ գլխի խոր վնասուածք, ինչպէս նաեւ քթի եւ մատների կոտրուածքներ:
«Կազմակերպութեան երկու անդամներն էլ, չհարելով որեւէ քաղաքական կուսակցութեան, երկար տարիներ հանդիսանում են հասարակական ակտիւիստներ եւ իրենց հասարակական գործունէութեան ընթացքում երբեք դուրս չեն եկել օրինականութեան շրջանակներից:
«Դժբախտաբար, այս բռնարարքը վերջին մի քանի շաբաթների ընթացքում իշխանութիւնների մի շարք քայլերի եւ որոշումների դէմ բողոքող քաղաքացիական ակտիւիստների դէմ կատարուած նմանատիպ ոչ առաջին բռնարարքն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ իրականացւում են բաւականին համակարգուած գործողութիւններ, որոնց նպատակն է կասեցնել անարդարութիւնների եւ ապօրինութիւնների դէմ թափ հաւաքող բողոքի շարժումները: Այս բռնարարքը կարող է դիտուել նաեւ որպէս անուղղակի նախազգուշացում մեզ եւ մեր գործընկեր այլ հասարակական կազմակերպութիւններին՝ զերծ մնալ իշխանութիւնների կողմից տարբեր ոլորտներում տարուող քաղաքականութեան քննադատութիւնից:
«Այս եւ նմանատիպ միւս բռնարարքները գնահատելով որպէս ահաբեկչութիւն հասարակական ակտիւիստների նկատմամբ յայտարարում ենք, որ եթէ հնարաւորինս արագ չբացայայտուեն եւ չպատժուեն իրականացնողները, դրանք կարող են կրկնուել ապագայում, եւ ըստ այդմ հետեւանքների ողջ պատասխանատուութիւնը ընկնելու է գործող վարչակարգի վրայ»: