
Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանեանը Հոկտեմբերի 7ի երեկոյեան հրաժարական է տուել: Ոսկանեանը հրաժարականի դիմումը վարչապետ Վիկտոր Պոնտային ներկայացրել է անմիջապէս այն բանից յետոյ, երբ Ռումինիայի Սենատը ձայների ճնշող մեծամասնութեամբ մերժեց գլխաւոր դատախազի դիմումը նրա դէմ քրէական հետապնդում սկսելու վերաբերեալ:
«Արմէնպրէս»ի հաղորդմամբ՝ իր հրաժարականը Վարուժան Ոսկանեանը բացատրել է կառավարութեան գործունէութիւնը կասկածի տակ չդնելու ցանկութեամբ:
Վարչապետ Վիկտոր Պոնտան գնահատել է Ոսկանեանի կատարած քայլը եւ այն համարել քաղաքական որոշում: «Գնահատում եմ պարոն Ոսկանեանի քայլը: Նա չցանկացաւ խնդիր դառնալ կառավարութեան հեղինակութեան համար եւ հրաժարական տուեց»: Իր հերթին, Ռումինիայի նախագահ Տրայեան Բասեսկուն Ոսկանեանի հրաժարականը գնահատեց որպէս «արդար եւ խելամիտ» որոշում:
Վարուժան Ոսկանեանի հրաժարականը զբաղեցրած պաշտօնից չի նշանակում, որ նրա դէմ կարող է քրէական հետապնդում սկսուել, քանի որ նա շարունակում է մնալ սենատոր եւ վայելել անձեռնմխելիութիւն: Դատական նոր հետապնդման համար նոր հիմքեր են պէտք եւ նոր դիմում խորհրդարանին, ինչը հաւանական չէ:
Ռումինիայի էկոնոմիկայի նախկին եւ ներկայ նախարարների, համապատասխանաբար Ադրիան Վիդէանուի եւ Վարուժան Ոսկանեանի նկատմամբ քրէական գործ յարուցելու հարցը բարձրացուել էր դեռ Սեպտեմբերի 2ին՝ Ռումինիայի Կազմակերպուած յանցաւորութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի վարչութեան կողմից (Directorate for Investigating Organized Crime and Terrorism)
Ըստ ԿՅԱԴՊՎ պաշտօնական հաղորդագրութեան, Վարուժան Ոսկանեանը եւ Ադրիան Վիդէանուն կասկածւում են էկոնոմիկայի նախարարի պաշտօնում (Վ. Ոսկանեանը՝ 2006-2008թթ., իսկ Ա. Վիդէանուն՝ 2008-2010թթ.) մի շարք որոշումների եւ յուշագրերի ստորագրման եւ աջակցութեան միջոցով Ռումինիայի տն-տեսութեանն էական վնաս հասցնելու եւ յանցաւոր խմբաւորման տնտեսական շահերին նպաստելու մէջ:
ԿՅԱԴՊՎն պնդում է, որ նշուած որոշումներով «Ռոմգազ» ընկերութեան միջոցով «Ինտերագրօ» (Interagro SA) գազային ընկերութեանը բնական գազ է մատակարարուել էական առեւտրական զեղչերով, անգամ «Ռոմգազի» մատակարարման գնից ցածր, ինչի արդիւնքում «Ինտերագրօ»ն «մոնոպոլ» կարգավիճակ է ստացել շուկայում եւ դարձել արտօնեալ մատակարար՝ վնաս հասցնելով ազգային էներգետիկ համակարգի գազային սեկտորին:
Վարուժան Ոսկանեանը կտրուկ հերքել է իր դէմ մեղադրանքները՝ նշելով, որ այդ ընկերութեանը տրամադրուած զեղչային գները հաստատուած են եղել դեռ իր պաշտօնավարումից առաջ եւ դրանց կիրառութիւնը տարածուած է ամբողջ Եւրոպայում այն ընկերութիւնների համար, որոնք կառավարութեան յաւելեալ օ-ժանդակութեան կարիքն ունեն: Ինքը գործել է օրէնքի սահմաններում եւ գտնում է, որ իրաւական չէ նախարարին հետաքննութեան ենթարկել ի պաշտօնէ իրեն վերապահուած որոշումներ ընդունելու համար:
Ոսկանեանը նաեւ նշել է, որ ընդհակառակը, այդ որոշման կիրառումից յետոյ 2008թ. «Ռոմգազ» ընկերութիւնը շահոյթ է արձանագրել 2007թ. համեմատ, ինչը եւս հերքում է պետութեանը վնաս հասցնելու մեղադրանքը:
Այն, որ Ոսկանեանի դէմ յարուցուած մեղադրանքն անհիմն է, Հոկտեմբերի 7ին հաստատեցին սենատորները՝ ջախջախիչ մեծամասնութեամբ իրենց քուէարկութեամբ: «Չեմ ուզում աւելորդ շահարկութիւնների մէջ ընկնել, սակայն թիրախը ոչ թէ 2008թ. նախարար Վարուժան Ոսկանեանն է, այլ 2013թ. նախարար Վարուժան Ոսկանեանը», Սենատում իր ելոյթի մէջ նշեց հայ նախարարը:
Վարուժան Ոսկանեանը յայտնի հանրային դէմք է, քաղաքական գործիչ եւ գրող, որի դէմ առաջին անգամ չեն հիւսւում քաղաքական դաւեր: Մի որոշ շրջան նախագահ Բասեսկուն իր կառավարութեան անյաջողութիւնները շարունակաբար բարդում էր նախորդ կառավարութիւնում ֆինանսների եւ էկոնոմիկայի «առատաձեռն» հայ նախարարի վրայ: Իսկ դրանից առաջ, 2006թ. Ոսկանեանի դէմ ծաւալուել էր իսկական արշաւ՝ խափանելու Եւրոպական յանձնակատարի պաշտօնում նրա թեկնածութիւնը, ինչը յաջողուեց նրա քաղաքական հակառակորդներին, քանի որ Ոսկանեանը ստիպուած եղաւ հանել իր թեկնածութիւնը, թէեւ հերքուել էին նրա հասցէին բոլոր հերիւրանքները:
Յետագայում մամուլում ակնարկուեց, որ Վարուժան Ոսկանեանի դէմ դաւերի թիկունքում կարող են կանգնած լինել թուրքերը, որոնց հանգիստ չի տալիս Ռումինիայի Հայոց միութեան ղեկավարի հեղինակութիւնը եւ ազդեցութիւնը: Թուրքիան բազմապատկեց իր ջանքերը յատկապէս Վարուժան Ոսկանեանի «Շշուկների Մատեան» վէպի հրատարակումից յետոյ, որն արդէն թարգմանուել է աշխարհի տասնեակ լեզուներով, ձեռք բերել միջազգային աննախադէպ համբաւ, եւ նոյնիսկ ներկայացուել գրականութեան Նոբելեան մրցանակի:
Անցեալ տարի Անկարան դիւանագիտական խողովակներով իր ակնյայտ դժգոհութիւնն էր յայտնում ռումինական իշխանութիւններին, վէպի հանրային ներկայացումների առիթով: Անգամ լուրեր են պտտւում, թէ Անկարան ու Բաքուն ուղղակի ճնշումներ են բանեցրել «ռազմավարական գործընկեր» Բուխարեստի վրայ՝ կառավարութեան կազմից Վարուժան Ոսկանեանին հեռացնելու համար: Եւ Պոնտայի կողմից հայ նախարարի հրաժարականի շուտափոյթ ընդունումը ցոյց է տալիս, որ Բուխարեստում այնքան էլ դէմ չէին դէպքերի այդպիսի զարգացմանը: Ինքը՝ Վարուժան Ոսկանեանը, չի ափսոսում հեռանալու համար, քանի որ «վարչապետ Պոնտան այդպէս էլ չէր յարմարւում իր հետ»: Ոսկանեանը ճիշդ է վարուել գուցէ նաեւ մի այլ պատճառով, քանի որ օրէցօր աւելի են սրւում կոալիցիայի ներսում հակասութիւնները նրա երկու պարագլուխների՝ Պոնտայի եւ Անտոնեսկուի, ինչպէս նաեւ այս երկուսի ու նրանց ոխերիմ հակառակորդ նախագահ Բասեսկուի միջեւ: Սոցիալական կուտակուող անպատասխան հարցերի եւ 2014թ. նախագահական ընտրութիւններից առաջ Ռումինիան կարծես կրկին մղւում է քաղաքական ճգնաժամի ճահճի մէջ, ինչը մեծացնում է եւրոպական մայրաքաղաքների եւ Վաշինգտոնի անվստահութիւնը Բուխարեստի նկատմամբ: Եւ բոլորովին էլ պատահական չէ, որ ամերիկացիներն սկսել են կրկին զգուշացնել, իսկ Փարիզն արգելում է Ռումինիայի մուտքը Շենգենի գօտի: