ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Դպրոցական տարիքի սերնդի մօտ թատրոնը կարող է ունենալ ո՛չ միայն կրթադաստիարակչական, բայց մանաւանդ՝ հոգեմտաւոր աշխարհայեացքի զարգացման խիստ կարեւոր նշանակութիւն: Մանկավարժական փորձից ելնելով, նկատել եմ, որ աշակերտները ի՜նչ ոգեւորութեամբ են պատրաստւում իւրացնելու գրական այնպիսի դասանիւթ, որը դասագրքում ներկայացուած է թատերագրութեամբ կամ որը կարելի է վերածել թատերական երկի ու սերտել դերասանական խաղարկութեամբ:
Մանկավարժական աշխատաձեւի մէջ փորձագէտները յատուկ տեղ են տալիս խմբակային եւ համագործակցական ուսումնառութեան: Գրականութեան դասընթացը մանկավարժական այն դաշտն է, ուր կարելի է լայնօրէն կիրառել ուսումնառական սոյն աշխատաոճը՝ գրական բազմաբնոյթ երկերի, մասնաւորաբար՝ թատերագրական ստեղծագործութիւնների դասաւանդմամբ: Աշակերտութեան հայասխօսութեանը խթանելու եւ հայերէնով ճշգրտօրէն արտայայտուելու լաւագոյն միջոցներից են դասարանային եւ համադպրոցական ներկայացումները, որոնք նաեւ կարող են նպաստել երեխայի ինքնավստահութեան եւ ինքնարտայայտման հոգեմտաւոր ունակութեանը: Մի խօսքով, փոքր տարիքից բեմական կեանքին հաղորդակից դառնալը իր ուրոյն դերակատարութիւնը կ՛ունենայ անձի արժէքային համակարգի ինքնազարգացման գործընթացում: Այնուամենայնիւ, մեր դպրոցական դասագրքերում սակաւ է նման երկերի ցանկը, պարզ այն պատճառով, որ մեզ մօտ նուազում են մանկապատանեկան թատերագրական այնպիսի ստեղծագործութիւններ, որոնք, երրորդ հազարամեակի զարգացումներին, ակնկալիքներին ու պահանջներին համահունչ, կը կարողանան հմայել ու ոգեւորել ամերիկեան ամենակուլ միջավայրում հասակ նետող ամերիկահայ աշակերտին ու նրան լիցքաւորել ազգային ու մշակութային արժէքների հարստութեամբ: Եթէ մարտահրաւէրային անհրաժեշտութեան գիտակցութեամբ ընդունենք մանկապատանեկան թատերագրական ստեղծագործութիւնների ուղղութեամբ գործնական քայլերի դիմելը, ապա մեծապէս նպաստած կը լինենք մեր երեխաներին հայօրէն մեծացնելու յանձնառութեանը: Մի յանձնառութի՛ւն, որի կենսագործմանը իրենց լուման բերելու բաժինն ունեն թէ՛ Սփիւռքի հայկական կրթօջախներն ու մանկավարժները, թէ՛ գրողները եւ թէ թատերամշակութային շրջանակներն ու հաստատութիւնները:
Չնայած այն իրողութեանը, որ հայութեան մի ստուար մասը աշխարհի տարբեր երկրներից, ներառեալ հայրենիքից, եկել ու համախմբուել է լոսանջելեսեան գաղթօջախում, ինչը մշակութային նախաձեռնութիւնների ու միջոցառումների լայն հնարաւորութիւններ ու կարողականութիւններ է ենթադրում գաղութի համար, այնուամենայնիւ, իրերի ու պայմանների բերումով, ամերիկահայ աշակերտը հազուադէպ առիթներ է ունենում հոգեսնուելու հայ բեմական ու թատերական արուեստով:
Ահա թէ ինչու, ողջունում ենք Համազգային Հայ Կրթական ու Մշակութային Միութեան Արեւմտեան Ամերիկայի մասնաճիւղի նախաձեռնութիւնը, ընդ որում միութեան հիմնադրման 85ամեակի տօնակատարման շրջանակում, մասնաճիւղը մեր գաղթօջախն է հրաւիրել Հայաստանի Համազգային թատրոնը, որը մանկական ներկայացումներով հանդէս պիտի գայ Հոկտեմբերի 16ին եւ 17ին՝ Ազգային վարժարանների աշակերտութեան համար:
Համազգայինի թատերական գործունէութիւնը նորութիւն չէ Սփիւռքի հայութեան համար: Անցնող 85 տարիներին հայկական բեմարուեստն ու թատրոնը սփիւռքահայ գաղթօջախներում տարածելու եւ զարգացնելու իմաստով առաջատար դերակատարութիւն է ունեցել Համազգայինը, արժանանալով համայն սփիւռքահայութեան բարձր գնահատանքին ու դրուատանքին: Իմ սերնդակիցների համար անմոռանալի յիշատակներ ու թատերական բարձր ճաշակ հիմնաւորեց «Գասպար Իփէկեան» թատերախումբը՝ լուսահոգի Ժորժ Սարգիսեանի ղեկավարութեամբ: Ազգային, մշակութային ու պատմական արժէքների բեմականացմամբ՝ «Գասպար Իփէկեան» թատերախումբը ուշագրաւ ներդրում ունեցաւ նաեւ հայապահպանման նուիրական գոյապայքարում՝ Սփիւռքի հայաշատ գաղթօջախներում կատարած թատերական հիւրախաղերով:
Իմ սրտագին ցանկութիւնն է, որ Համազգային Հայ Կրթական ու Մշակութային Միութեան հիմնադրման 85րդ տարեդարձը անկիւնադարձային խթան հանդիսանայ վերականգնելու թատերական հիւրախաղերի այն աւանդը, որը հիմնադրեցին Գասպար Իփէկեանի, Ժորժ Սարգիսեանի նման նուիրեալ անձինք, որպէսզի ներկայիս ու յետագայ սերունդները եւս յաճախակիօրէն հնարաւորութիւնն ունենան տեսնելու, համակուելու եւ լիցքաւորուելու հայ ազգային թատրոնի ընծայած արժէքներով: