ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան 85ամեակը Լոս Անջելեսում նշանաւորւում է թատերական փառատօնով: Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան հովանաւորութեամբ, հայ համայնքի համար հինգ օր շարունակ՝ Հոկտեմբերի 16-20ը, տօնական մթնոլորտ են ստեղծելու Սօս Սարգեանի հիմնած Հայաստանի Համազգային պետական թատրոնն իր ճանաչուած ու սիրուած դերասաններով ու ներկայացումներով:
«Մեր միութեան տարեդարձը որոշեցինք վերածել ժողովրդային տօնի եւ թատերական փառատօնի շրջանակներում ներգրաւուել թէ փոքրերին, թէ պատանիներին ու մեծահասակներին: Այդ նպատակով հրաւիրեցինք Համազգային թատրոնի դերասաններին, ովքեր Լոս Անջելեսի «Պարնստել» թատերասրահում մեր համայնքին կը ներկայացնեն թատերական գործերի ընտրանի», յայտնում է Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան ատենապետ Մանուկ Չուխաջեանը:
Մանուկների համար այսօր առաւօտեան ժամը 10:30ին եւ 12:30ին կը ներկայացուի Յովհաննէս Թումանեանի «Անբան Հուռին» հեքիաթի հիման վրայ երաժշտական ներկայացումը, երեկոյեան 8ին՝ «44 Աստիճան» թատերախաղը: Ուրբաթ օրը, Հոկտեմբերի 18ին՝ «46 Աստիճան»ը կը ներկայացուի առաւօտեան ժամը 10:30ին՝ աշակերտների համար, երեկոյեան 8ին՝ հանրութեան: Հոկտեմբերի 19ին, ժամը 3ին եւ 8ին կը ներկայացուի «Վաճառք»(«Սէյլ») տրագիկոմեդիան: Փառատօնը կ՛ամփոփուի Հոկտեմբերի 20ին, ժամը 5ին՝ գրական-գեղարուեստական երեկոյով:
Համազգային թատրոնի տնօրէն Վարդան Մկրտչեանի խօսքով, ամերիկահայ համայնքին ցուցադրւում են թատրոնի լաւագոյն ներկայացումներից, որ նաեւ այժմէական են բնոյթով:
«Արդէն տասը տարի է «44 Աստիճան» ներկայացումը հայաստանեան եւ Սփիւռքի բեմերում մեծ պահանջարկ ունի: Պատմութիւնը հայրենադարձութեան մասին է, հերոսը՝ Սան Ֆրանսիսքոյից հայկական ընտանիքն է, որ վերահաստատուել է Հայաստանում: Տիգրան Հայրապետեանի պատմուածքի հիման վրայ, Աստղիկ Սիմոնեանի այս պիէսը արեւմտահայերէնով է, եւ թեման հարազատ է շատերիս: Փոքրիկների համար էլ պատրաստել ենք «Անբան Հուռին», որ յայտնի հեքիաթի մեր մեկնաբանութեամբ առաւել «միւզիքլ»ի է նման», նշում է Մկրտչեանը:
Փառատօնի վերջին օրուայ ամփոփիչ համերգին, թատրոնի տնօրէնը անակնկալ է խոստանում հանդիսատեսին: Տարբեր ներկայացումների եւ հեռուստասերիալների յայտնի դերասանները կը ներկայանան նաեւ իրենց բեմական կերպարից դուրս:
«Թատրոնի կայացման ամենակարեւոր գրաւականը հանդիսատեսն է ու նրա գնահատականը: Մենք պատրաստել ենք գեղեցիկ ներկայացումներ եւ կ՛անենք ամէն ինչ՝ մեր համայնքին գեղեցիկի պահեր պարգեւելու համար», խոստանում է Վարդան Մկրտչեանը եւ հրաւիրում ներկայ լինելու ներկայացումներին: Թատրոնում հանդէս են գալիս մրցանակակիր դերասաններ, ովքեր ծանօթ ու սիրելի են նաեւ հեռուստատեսային տարբեր նախագծերից: Վարշամ Գէորգեանը, ով հանդէս է գալիս «44 Աստիճան»ում, նշում է, որ ներկայացումը Սփիւռքի տարբեր համայնքներում մեծ արձագանգ է ունեցել եւ ասելիք ունի բոլոր հայերին: «Վաճառք» ներկայացումը տարեցների մասին է, որտեղ մեծ խորհուրդ կայ եւ անդրադառնում է հարցերի, որ յաճախ անտեսում ենք, պատմում է ներկայացման դերասաններից Մխիթար Աւետիսեանը: «Բաց մի թողէք Համազգայինի թատերախմբի արժէքաւոր ներկայացումները դիտելու այս բացառիկ առիթը», խորհուրդ է տալիս Մանուկ Չուխաջեանը եւ սիրով հրաւիրում ներկայ լինելու թատերական աննախադէպ փառատօնի: Տոմսեր կարելի է ձեռք բերել՝ http://itsmyseat.com եւ http://ticketmicket.com/ կայքերից եւ Համազգային Հայ կրթական եւ Մշակութային Միութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան գրասենեակից: