ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Վրաստանում Հոկտեմբերի 27ին կայացած նախագահական ընտրութիւնները աւարտուեցին առաջին փուլով՝ ինչպէս նախորդ բոլոր հինգը: Վրաստանի չորրորդ նախագահը Գէորգի Մարգվելաշվիլին է՝ մասնագիտութեամբ փիլիսոփայ, որը մինչեւ վերջերս այնքան էլ յայտնի քաղաքական գործիչ չէր ոչ երկրի ներսում, ոչ դրսում:
Գէորգի Մարգվելաշվիլին առաջինը շնորհակալութիւն յայտնեց վարչապետ Բիձինա Իւանիշվիլիին: Հէնց Իւանիշվիլին էր Մարգվելաշվիլիի թեկնածութիւնը առաջադրել «Վրացական երազանք» դաշինքից: Հէնց Իւանիշվիլիի քաղաքական եւ ֆինանսական աջակցութեան շնորհիւ հնարաւոր եղաւ Մարգվելաշվիլիի ընտրութիւնը, որը կարելի է ասել՝ Վրաստանի նախագահի պաշտօնին հասաւ անյայտութիւնից:
44ամեայ Մարգվելաշվիլին փիլիսոփայութեան դոկտոր է: Եղել է լեռնագնացներին ուղեկցող եւ թարգմանիչ, ապա հիմնել է Վրաստանի հանրային գործերի ինստիտուտը՝ յայտնի GIPA-ն: Հանգուցեալ վարչապետ Զուրաբ Ժուանիայի քաղաքական թիմից էր:
Ընտրութիւնների նախնական արդիւնքներով՝ Մարգվելաշվիլին հաւաքել է քուէների աւելի քան 60 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը՝ Դաւիթ Բաքրաձէն, ստացել է քուէների շուրջ 20 տոկոսը: Երրորդ տեղում խորհրդարանի նախկին նախագահ Նինօ Բուրջանաձէն է:
Դաւիթ Բաքրաձէն արդէն շնորհաւորել է Վրաստանի չորրորդ նախագահի ընտրութիւնը: Հեռացող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին յայտարարել է, որ այս ընտրութիւնները մէկ քայլ նահանջ էին Վրաստանի եւրոպական ճանապարհից:
Էքզիթ փոլի արդիւնքների հրապարակումից կարճ ժամանակ անց Մարգվելաշվիլին այցելեց Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին՝ ստանալու նրա օրհնութիւնը:
Հոկտեմբերի 28ի օրուայ ընթացքում ԿԸՀն կը հրապարակի ընտրութիւնների նախնական արդիւնքները:
Այս ընտրութիւններից յետոյ ուժի մէջ է մտնում նոր Սահմանադրութիւնը, որն ընդունուել է 2010ին: Վրաստանը նախագահական կառավարումից անցնում է կիսանախագահականի: Գործող վարչապետ Բիձինա Իւանիշվիլին յայտարարել է, որ մի քանի օրից հրաժարական է տալու եւ ներկայացնելու է նոր վարչապետին: