«Մենք Հասարակութեանն Աջակցելու Ենք, Որպէսզի Ճնշումը Մեծացնի Իշխանութիւնների Նկատմամբ»
Վարեց՝ ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Պարոն Մինասեան, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն ի՞նչ ռիսկեր է պարունակում:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Այն մոդելը, որը կոչւում է կուտակային կենսաթոշակային համակարգ, ենթադրում է, որ քաղաքացիները պարտաւոր են իրենց հարկման ենթակայ աշխատավարձից կամ որ նոյնն է՝ անուանական աշխատավարձից, կատարելու մուծումներ, կուտակում՝ խնայողութեան տեսքով, մասնաւոր կենսաթոշակային հիմնադրամներին: Այս միջոցներին աւելանում է նաեւ կառավարութեան կողմից բիւջէից տրուող եւս 5 տոկոսանոց մուծումները: Արդիւնքում, ձեւաւորւում է հսկայական խնայողութիւնների գումար՝ երկար փող, որը, սակայն, օրէնքի շրջանակներում առնուազն 50 տոկոս կարող է տեղաբաշխուել դրսում: Այսինքն, եթէ հաշուի առնենք, որ խօսքը տարեկան 100-150 մլն. դրամ գումարի մասին է, այդ գումարի առնուազն կէսը կարող է տեղաբաշխուել դրսի ֆինանսական շուկաներում: Հետեւաբար, առաջանում է ֆինանսական շուկայի ռիսկ այդ ակտիւների նկատմամբ:
Եւ ինչպէս փորձն է ցոյց տուել, 2008-09թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին հազարաւոր ֆոնդեր պարզապէս փուչիկի պէս պայթեցին, որովհետեւ ներդրուած կենսաթոշակային այդ գումարները որեւէ ապահովուածութիւն չունէին, ակտիւների տակ որեւէ գումար չկար: Եւ նաեւ նոյն թուականներին, Արգենտինան, որ անցել էր այդ համակարգին, միանգամից յետ կանգնեց եւ յետ քաշեց իր ֆոնդերը՝ անցնելով նորից սերունդների համերաշխութեան գաղափարին: Այսինքն, առաջին կարեւոր ռիսկը ֆինանսական շուկաների ռիսկն է, որ գումարները փաստացի կարող են ներդրուել այնպիսի ակտիւների մէջ, որ պարզապէս փուչիկի պէս կարող են պայթել:
Երկրորդ ռիսկն այն է, որ դրանից ազգային տնտեսութիւնը չի շահում, որովհետեւ նախ՝ կարծրանում է ստեղծուած աշխատաշուկան, մէկ աշխատատեղի ստեղծման համար այլեւս բարձրացել է անհրաժեշտ գումարը, որպէսզի գործատուն ստեղծի: Հետեւաբար, դա նշանակում է, որ մենք ունենալու ենք ոչ թէ նոր աշխատատեղերի ստեղծում, այլ անգամ աշխատատեղերի կրճատում եւ ստուերի մեծացում: Այսինքն, երկրորդ ռիսկը աշխատաշուկայից եկող ռիսկն է:
Երրորդը՝ դեմոգրաֆիական (ժողովրդագրական-Խմբ.) ռիսկն է: Օրինակ, կինը, որ երեխայ պէտք է ունենայ, երեխայ ունենալուց եւ երեխային խնամելու ժամակահատուածում, փաստօրէն, չի ստանալու որեւէ յատկացում: Արդիւնքում կինը պէտք է որոշում կայացնի՝ երեխայ ունենայ հիմա՞, թէ՞ յետաձգի՝ յետոյ: Եւ քանի որ Հայաստանում սոցիալ-տնտեսական պայմաններն այնպէս չեն, որ կինը աշխատաշուկայից դուրս գայ եւ երեխայ ունենայ, եւ իր վիճակը բարեկեցիկ լինի, նա նախընտրելու է (դա ցոյց են տալիս նաեւ հարցումները) յետաձգել երեխայ ունենալու իր հնարաւորութիւնը: Արդիւնքում՝ մենք կորցնելու ենք նոր սերնդի ծնունդը:
Դեմոգրաֆիական ռիսկի մէկ այլ դրսեւորումն այն է, որ աշխատատեղ չստեղծելով, չունենալով բաւարար թուով աշխատունակ երիտասարդներ, ստացւում է, որ մէկ աշխատողի վրայ փաստացի ընկնելու է շատ աւելի մեծ բեռ, քան այն դէպքում, եթէ այդ գումարները ծախսուէին նոր աշխատատեղեր ստեղծելու Հայաստանի տնտեսութեան մէջ:
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Նշուել է, որ այդ օրէնքը կիրառուել է 1974թ. յետոյ ծնուածների վրայ: Կա՞ն սահմանադրական հակասութիւններ:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- 1974 թ. Յունուարի 1ից յետոյ ծնուածների վրայ դրոյթը հակասահմանադրական է: Սա ակնյայտ տարիքային խտրականութիւն է: Այլ երկրներում այլ մեխանիզմներով է կիրառուել: Օրինակ, առաջին անգամ աշխատաշուկայ մտնելուց յետոյ է կիրառուել: Եթէ երիտասարդն աւարտել է բուհը, չի աշխատում, բնականաբար, ինքն այդ համակարգում չկայ, իսկ երբ սկսում է աշխատել, այդ պահից սկսում է գործել: Այս մօտեցումը թոյլ է տալիս, որպէսզի տարածուի բոլորի վրայ, մարդ կարող է լինել 45 տարեկան, բայց երբեք աշխատանք կատարած չլինի եւ հիմա նոր դուրս գայ եւ մտնի այդ համակարգի մէջ: Բայց աւելի մեծ շեշտադրումը դրուած է կամաւորութեան հենքի վրայ՝ որպէս կարեւոր ապացոյց պետութեան եւ ֆինանսական ոլորտի կառավարման նկատմամբ: Քանի որ մեր երկրում չկայ դա, հակառակը, մենք ունեցել ենք աւանդների կորստի դէպքը, բանկերի պայթիւնը, հսկայական ռեսուրսների կորուստներ տարբեր ձեւերով, քաղաքացիները պարզապէս չեն վստահում, իսկ չվստահելը ամենամեծ բացասական լիցքն է այս համակարգի աշխատանքի նկատմամբ: Եւ հոգեբանական գործօն կայ:
Մասնաւոր պարտադիր կուտակային համակարգերը գործում են այն երկրներում, որտեղ կորպորատիւ (միացեալ-Խմբ.) կառավարման համակարգերն ուժեղ են, որտեղ ձեռնարկութեան կառավարումը մէկ-երկու-երեք մարդու ձեռքում չէ, այլ հազարաւոր մարդկանց ձեռքում, հազարաւորներով բաժնետէրեր են, մեզ մօտ այդպէս չէ: Հակառակը, մեր տիպի երկրներում ամենարդիւնաւէտ գործիքը սերունդների համերաշխութեան գաղափարն է, երբ կայ ընդհանուր ֆոնդ, այդ ընդհանուր ֆոնդով ապահովագրւում են մարդու կեանքի մէջ դրսեւորուող բոլոր հնարաւոր ռիսկերը, որոնցից մէկն էլ կենսաթոշակային տարիքն է. երբ մարդ հասնում է այդ տարիքին, կորցնում է աշխատունակութիւնը, իր կատարած ֆոնդի վճարումների համապատասխան նրան վերադարձնում են գումարները՝ որպէս կենսամակարդակի պահպանման միջոց:
Հակասահմանադրականութեան մէկ այլ դրսեւորումն այն է, որ Սահմանադրութեան 117րդ յօդուածն ամրագրում է, որ արգելւում է ձեռք բերուած սոցիալական մակարդակի նուազեցում: Մինչդեռ այս փաթեթը ամրագրում է այդպիսի մօտեցում, մասնաւորապէս, կենսաթոշակային նուազագոյն տարիքը 5 տարուց դարձել է 10 տարի, այսինքն՝ մարդն առնուազն 10 տարի պէտք է ունենայ, որ մտնի ապահովագրական աշխատանքային կենսաթոշակի մէջ:
Մէկ այլ խտրականութիւն արտայայտւում է հէնց սերունդների համերաշխութեան սկզբունքը ոտնահարելու մէջ: Սահմանադրութեան 36րդ յօդուածի 3րդ մասը խօսում է երեխաների կողմից ծնողներին պահելու պարտականութեան մասին: Կենսաթոշակային համակարգում դրա լաւագոյն դրսեւորումը հէնց սերունդների համերաշխութեան համակարգն է, երբ ներկայ սերունդը վճարում է իր նախորդ սերնդին պահելու համար: Այս փոփոխութիւնները, փաստօրէն, վերացնում են այս կապը եւ ասում են, որ դու պէտք է պահես քեզ, այլ ոչ թէ քո նախորդ սերնդին:
Սահմանադրական շատ լուրջ հակասութիւններ ենք տեսնում, եւ նաեւ քաղաքացիական նախաձեռնող խմբերն էլ են յղում տալիս այդ ամէնին, նաեւ սեփականութեան իրաւունքի սահմանափակման սահմանադրականութեան հարց կայ եւ այլն, եւ այլն, այսինքն, այս ամէնը բերում է նրան, որ պայքարը տրամաբանական շարունակութիւն պէտք է ունենայ թէ սահմանադրական բողոքարկումների մակարդակում, թէ քաղաքացիների ակտիւ դրսեւորումներով:
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Իսկ ի՞նչ ընթացք կը լինի, ի՞նչ շարունակական քայլեր կ՛արուեն:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Մենք հասարակութեանն աջակցելու ենք, որպէսզի ճնշումը մեծացնի իշխանութիւնների նկատմամբ: Երկրորդ, իրաւական ընթացակարգերը պահելով հանդերձ, գնալու ենք գործողութիւնների՝ սահմանադրական բողոքարկումներ, անհնազանդութիւններին աջակցութիւն, բողոքի ակցիաներ, նաեւ պահանջներ, պայմաններ ու պարտադրանքներ, որպէսզի մի շարք կանոններ փոփոխութիւնների ենթարկուեն եւ այլն: Ուզում եմ ասել, այնպէս չէ, որ ես կարող եմ խօսել բոլորի փոխարէն, բայց, կարծում եմ, քաղաքացիական ակտիւ նախաձեռնութեան կազմակերպիչների հետ պէտք է քննարկել եւ մշակել հետագայ գործողութիւնները:
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Պարոն Մինասեան, ինչպէ՞ս են հաշուարկել, որ 1974թ. յետոյ ծնուածների համար պէտք է կիրառուի նշեալ օրէնքը: Ինչպէ՞ս են ստացել այդ թիւը:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Ընդհանրապէս, նման փոփոխութիւնները հիմնւում են որոշակի հաշուարկների վրայ, որոնք կոչւում են ակտուարական (գործնական-Խմբ.) հաշուարկներ: Այդ հաշուարկների մէջ կենտրոնական տեղերից մէկը հանդիսանում է մահացութեան աղիւսակը: Մեր երկրում չի վարուել այդպիսի աղիւսակ, եւ երբ մենք հարցնում էինք՝ արդեօք այդ ակտուարական հաշուարկները կարող էք տրամադրել մեզ, մենք էլ ուսումնասիրենք, սրանից 4 տարի առաջ կառավարութիւնը յղում էր տալիս Համաշխարհային բանկին, Համաշխարհային բանկն էլ՝ կառավարութեանը, եւ այդպէս էլ չտուեցին այդ հաշուարկները՝ պատճառաբանելով, որ դրանք գաղտնիքներ են: Արդիւնքում, հիմա իրենք յայտարարում են, որ իրենց հաշուարկները գալիս յանգում են 1974թ. Յունուարի 1ից յետոյ ծնուածների վրայ, որպէսզի համակարգը ֆինանսապէս կարողանայ աշխատել, կայանալ, զարգանալ: Եթէ դրանից աւելի տարիքով մարդիկ լինեն, ապա նրանց կենսաթոշակային տարիքին քիչ ժամանակ կը մնայ, եւ կուտակումները չեն կարող հնարաւորութիւն տալ, որպէսզի համակարգն աւելի արդիւնաւէտ աշխատի:
Հիմնաւորումը սա է, ինչը մենք չենք ընդունում, որովհետեւ նոյն յաջողութեամբ կարող ենք ասել, որ 2010թ. Յունուարի 1ից յետոյ ծնուածների վրայ կիրառէք, որ աւելի արդիւնաւէտ լինի կամ 2001թ.ից յետոյ ծնուածների վրայ, որ էլի աւելի արդիւնաւէտ լինի եւ այլն, եւ այլն: Այսինքն, քանի դեռ հաշուարկները մենք չունենք, չենք կարող ասել, որ այդ հաշուարկները ճիշդ են, արդիւնաւէտ են, օգտակար են, աւելին ասեմ, այն ժամանակ մենք փորձեցինք ինքնուրոյն կատարել նման ակտուարական հաշուարկներ, անգամ պատուիրեցինք միջազգային կարգի մասնագէտների: Նրանց նախնական հիմնաւորումն այն էր, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ամենեւին պարտադիր չէ, որ լինի, պայմանական կուտակայինը կարող է շատ լաւ աշխատել երկրում, սակայն դրան որպէս հակափաստարկ՝ ֆինանսական մեծածաւալ հետազօտութիւններ չկարողացանք ներկայացնել, որովհետեւ դա շատ մեծ ծախս էր: Իսկ միւս կողմից կառավարութիւնը եւ Կենտրոնական բանկն ու Համաշխարհային բանկը չտրամադրեցին մեզ այդ հաշուարկները:
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Ի վերջոյ, ինչքանո՞վ է տուժելու քաղաքացին այդ համակարգի ներդրմամբ: Ի՞նչ կը կորցնի:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Բաւական լուրջ է քաղաքացու ռիսկը, յամենայնդէպս, գոնէ այն մասով, որ աշխատավարձերի չբարձրացման արդիւնքում կորցնելու է իր եկամուտների 5 տոկոսը սպառման նպատակով օգտագործելու հնարաւորութիւնը, միւս կողմից, քաղաքացիներից պահանջում են մասնագիտական լուրջ իմացութիւն այս կամ այն ֆոնդը կամ փաթեթն ընտրելու հարցում: Սա նշանակում է, որ քաղաքացին կամ պէտք է ինքնակրթութեամբ զբաղուի կամ յաւելեալ վճարներ պէտք է տայ խորհրդատուներին, որպէսզի իրեն խորհուրդներ տան, թէ որտեղ դնի:
Եւ վերջապէս, երրորդ կարեւոր կորուստը, որ քաղաքացին կարող է ունենալ՝ նոր աշխատատեղ ընտրելու սահմանափակ լինելն է, որովհետեւ, ինչպէս նշեցի, ռեսուրսները հիմնականում ուղղուելու են դուրս, Հայաստանում աշխատատեղեր ստեղծելը կարծրանում է, աւելի է թանկանում, եւ փաստօրէն, քաղաքացին պէտք է բաւարարուի իր ունեցած աշխատանքով եւ աշխատավարձով, այսինքն՝ զարգացման միտուած նպատակներ չկան: Աւելի բարձր աշխատավարձ ստացողները, որոնք 500,000 դրամից աւելին կարող են ստանալ, օրինակ, տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդները, ոչ թէ 5, այլ մինչեւ 10 տոկոս պարտադիր խնայողութիւն պէտք է իրականացնեն իրենց աշխատավարձերից, ինչը նշանակում է նրանց ծրագրերի խաթարում, նրանց ծրագրերի, մօտեցումների եւ ցանկութիւնների սահմանափակում: