ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն խմբակցութեան նախկին պատգամաւոր, հասարակական-քաղաքական գործիչ, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ղեկավար Լիլիթ Գալստեանը Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնում է եւրաինտեգրման գործընթացը կասեցնելու Ուկրաինայի որոշմանը, զուգահեռներ անցկացնում նոյն հարցում Հայաստանի կողմից տարուող քաղաքականութեան միջեւ եւ ափսոսանք յայտնում, որ Հայաստանը դեռ հեռու է իրաւագիտակից, պահանջատէր, կազմակերպուած հասարակութիւն ունենալուց:
ՀԱՐՑ. Ուկրաինայում ընդդիմութիւնը փողոց է դուրս եկել բողոքի՝ ընդդէմ ԵՄ ինտեգրման գործընթացը կասեցնելու Ուկրաինայի որոշման, ի տարբերութիւն Հայաստանի, որը միայն «Անկախութեան երթին» դուրս եկաւ փողոց եւ խիստ սակաւամարդ: Ըստ ձեզ՝ սա չի՞ նշանակում, որ հայերը իրօք ռուսամէտ են:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ. Հայաստանի եւ Ուկրաինայի ընդդիմութիւնների միջեւ առնչութիւններ գտնելը կամ զուգահեռներ անցկացնելն արդարացուած չէ. քաղաքական աւանդոյթների ու մշակոյթի տարբեր կոնտեքստներում (պարունակներուն մէջ-Խմբ.) ենք ապրում, ցաւօք, նոյնքան էլ անհամեմատելի են մեր տնտեսական, քաղաքացիական ռեսուրսներն ու աշխարհաքաղաքական իրողութիւնները, անվտանգութեան սպառնալիքները:
Չմոռանանք, որ ուկրաինական ընդդիմութեանն այնուամենայնիւ յաջողուել է երկրում քաղաքական իշխանութիւն փոխել, մինչդեռ մեր իշխանափոխութիւնները ներիշխանական սցենարներ (բեմադրութիւններ-Խմբ.) կամ էստաֆետային (սուրհանդակային-Խմբ.) փոխանցումներ են եղել՝ ընտրական իրաւունքի ու ժողովրդավարութեան հետ հեռաւոր աղերս իսկ չունեցող: Ուկրաինական Ռադայի 450 պատգամաւորներից 168ը ներկայացնում են ընդդիմադիր երեք խմբակցութիւնների, որոնք էլ միասնական ճակատով կառավարութեանը անվստահութիւն են յայտնում, արտայայտում ու առաջնորդում եւրոպական ինտեգրացիան (միաւորումը-Խմբ.) նախընտրող ուկրաինացի ժողովրդի ընդվզումը: Մեր խորհրդարանական ընդդիմադիրները՝ իրենց հաւաքական 16 մանդատով (յանձնագիրով-Խմբ.), ոչ միայն տնտեսական ու քաղաքական պրոցեսներին (գործընթացներուն-Խմբ.) ազդելու թուային ռեսուրս (քանակ-Խմբ.) չունեն, շատ յաճախ նաեւ միասնական ճակատ կազմելու կամք, ցանկութիւն, նաեւ՝ սոցիալական (հասարակական-Խմբ.) յենարան:
Հայաստանցիների արձագանգը Մաքսային միութեան հեռանկարին սոսկ ռուսամէտութեամբ բացատրելը բաւարար չէ. մեր հասարակութիւնը լուրջ ճգնաժամ է ապրում՝ բարոյահոգեբանականից մինչեւ քաղաքական ու տնտեսական: Մեր հասարակութեանը նաեւ ներշնչուել է անվտանգութեան ռեսուրսները Հայաստանից դուրս փնտռելու:
ՀԱՐՑ.- Ինչո՞ւ, ըստ ձեզ, այն ակնկալիքները, որ կային, ընդհուպ մինչեւ նոր ընդդիմութեան ձեւաւորում, արեւմտամէտութեան հիմքով չիրականացան:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ. Ընդդիմութիւնը մէկ օրում չի ձեւաւորւում: Արեւմտամէտութեան օրակարգը դեռ բաւարար չէ, որպէսզի ընդդիմութիւնը սոցիալական յենարան ունենայ: Պերմանենտ (մնայուն-Խմբ.) պարտութիւնները, քաղաքական ուժերի անդիմութիւնը, անհետեւողականութիւնը, քաղաքական ռեպրեսիաները (ճնշումները-Խմբ.), աղքատութիւնը, սոցիալական անարդարութիւնը, անկշտում ու ամենաթող օլիգարխիան (շահագործող փոքրամասնութիւն սակա-ւապետութիւն-Խմբ.), անաւարտ պատերազմը յուսահատութեան ու հիասթափութեան ծանր միջավայր են կերտել: Սեփական երկրում սեփական ճակատագիրը որոշելու անկարելիութիւնը մի ճանապարհ է թողել հայ մարդուն. նա արտագաղթով է ոչ ասում այս իրականութեանը: Գուցէ եւ մեր հոգեկերտուածքն է նաեւ այդպիսին՝ գնացող, մեր պարտութիւնները մեզանից դուրս բացատրող, օտարների մէջ տէր փնտռող: Ամէն դէպքում տխուր է՝ մեր ինքնութիւնն ու արժանապատուութիւնը խիստ խոցելի են դարձել:
ՀԱՐՑ. Արթուր Սաքունցը Հայաստանի հասարակութեան պասիւութեան (կրաւորական-Խմբ.) հարցում մեղադրեց քաղաքական ընդդիմութեանը, որ նրանք անտէր թողեցին քաղհասարակութեանը: Համամի՞տ էք:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ. Մենք բոլորս ենք մեղաւոր, բայց պատասխանատուութեան ծանր բաժինը քաղաքական մեծամասնութեանն է՝ իշխանութեանը, որը երկիրը հասցրեց այս հիւծուած, անել վիճակին: Քաղաքացիական փոքրիկ օազիսները դեռ քաղաքացիական հասարակութիւն չեն: Ցաւօք, մենք դեռ հեռու ենք իրաւագիտակից, պահանջատէր, կազմակերպուած հասարակութիւն ունենալուց: Եւ յետոյ, մեր համատարած արժէզրկումների ու ինքնաոչնչացման հասնող մերժողականութեան մէջ ոչ մի ծիլ չի կարողանում կայանալ: Նոյն այդ քաղաքացիական հասարակութեան հատուածները մերժում են կուսակցութիւններին: Մի տեսակ կորցրել ենք մեր ռացիոնալականութիւնը (բանականութիւնը-Խմբ.)…
ՀԱՐՑ.- Ռուսականացում, վերադարձ դէպի հին ու բարի խորհրդային աւանդոյթները. կոմերիտական մոդելներ (տիպարներ-Խմբ.), ելոյթներ եւ այլն: Հնարաւոր համարո՞ւմ էք վերադարձը այս երեւոյթներին, թէ այլեւս 20րդ դարի 60ական, 80ականները չեն, եւ հնարաւոր չէ վերադարձ:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ. Ռուսական քաղաքական, տնտեսական ու մշակութային ներկայութիւնը չէր էլ նահանջել, իրատես լինենք: Նայէք մեր տնտեսութեանը, հայ-թուրքական սահմանին, մեր հեռուստաընկերութիւններին, ռուսերէնով հեռուստախաղերին մասնակցող ու ռուսերէնը գովազդող կառավարութեան անդամներին, գրեթէ ՀՀ բնակչութեանը հաւասար Ռուսաստանի հայ համայնքին: Մեր շատ պաշտօնեաներ անթաքոյց քծնանքով ու 180 աստիճան շրջադարձով քառամեայ եւրաինտեգրացիայից մէկ օրում շրջուեցին դէպի Կրեմլ: Միամտութիւն կը լինի ՄՄ ձեւաչափում հին ու բարի ժամանակների աւանդոյթներ սպասելը. քաղաքական ու տնտեսական բացարձակ շահ մեծերի կողմից ու ինքնութեան կորուստ այլընտրանքն ու ներքին ռեսուրսները կորցրածների կողմից: Իսկ Հայաստանը, ցաւօք, իր խոցուած իմունիտետով (անձեռնմխելիութեամբ-Խմբ.), կառավարման անտաղանդութեամբ յայտնուել է մի վիճակում, երբ իր համար որոշում են: Շատ հեշտ ենք տրւում, անհասկանալի, անորոշութիւններով ու անստոյգ երաշխիքներով:
ՀԱՐՑ.- Գրող Արտեմ Յարութիւնեանը յայտարարում էր, որ պէտք է Ռուսաստանին չգրգռենք, աղօթենք, որ մեզ վերցնի ՄՄ եւ եթէ պէտք լինի, ռուսաց լեզուին կարգավիճակ տանք: Ինչպէ՞ս կը մեկնաբանէիք:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ափսոսում եմ, որ լաւագոյն դէպքում չի լռել բանաստեղծը: Որեւէ մէկը իրաւունք չէր տուել նրան մեր ինքնութեան ու արժանապատուութեան հաշուին յայտարարութիւններ անել: Հայերէնից բացի որեւէ այլ լեզուին կարգավիճակ տալը մեր ինքնութեան կորուստն է, հարուած է մեր խարխլուող պետականութեանը: Անընդունելի է, աններելի է, անկարելի: Զարմանում եմ՝ քաղաքական քծնանքի արշաւ է սկսուել. ինչ արագ ու հեշտ ենք գունափոխւում: Իսկապէս, յարգանքով եմ վերաբերւում Ուկրաինայի ինքնիշխանութեանն ու ժողովրդի կամքին տէր կանգնելու երկրի ընդդիմութեան պայքարին, բայց նաեւ կարծում եմ՝ ՄՄը Ուկրաինայի հնարաւոր անդամակցութիւնը կարող է շահեկան լինել Հայաստանի համար. մեծ խաղացողների համար քիչ թէ շատ ընդունելի կանոնների հաստատման պայմաններում թերեւս աւելի պաշտպանուած լինենք:
Թերթ.am