
ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «Հետք».- Հայ շախմատիստները շարունակում են հիասթափեցնել երկրպագուին իրենց անյաջող ելոյթներով: Անթալիայում ընթացող աշխարհի թիմային առաջնութիւնում մեր թիմը 1-3 հաշուով զիջեց Գերմանիայի ընտրանուն, որն իր վարկանիշով զիջում է Հայաստանին: Արոնեանը սեւերով, իսկ Սարգսեանը սպիտակներով ոչ-ոքի խաղացին Մայերի եւ Բարամիձէի հետ: Մովսէսեանը սպիտակներով պարտուեց Ֆրիդմանին, իսկ Յակոբեանը՝ սեւերով Նայդիչին:
Միւս հանդիպումներում գրանցուել են հետեւեալ հաշիւները. Եգիպտոս-Չինաստան՝ 1-3, Ադրբեջան-ԱՄՆ՝ 1.5-2.5, Թուրքիա-Ռուսաստան՝ 1-3, Հոլանդիա-Ուկրաինա՝ 2.5-1.5:
6 տուրից յետոյ առաջին տեղում Ուկրաինան է՝ 10 միաւորով: Ռուսաստանը (9) երկրորդն է: Հոլանդիան ու Չինաստանն ունեն 8ական միաւոր, ԱՄՆն, Հայաստանն ու Գերմանիան վաստակել են 6ական միաւոր:
Այսօր կայանալիք 7րդ տուրում կը խաղան Հայաստան-Թուրքիա, Ուկրաինա-Եգիպտոս, Ռուսաստան-Հոլանդիա, ԱՄՆ-Գերմանիա, Չինաստան-Ադրբեջան զոյգերը:
Կը կայանան, մասնաւորապէս, Արոնեան-Իպատով, Սոլակ-Յակոբեան, Սարգսեան-Յիլմազ, æան-Պետրոսեան պարտիաները:
Պատահական չէ, որ այս անգամ չի խաղում Սերգէյ Մովսէսեանը: Հայաստանի երկրորդ տախտակի վրայ հանդէս եկող շախմատիստը այս տարի աչքի է ընկնում անկայուն ու անյաջող ելոյթներով: Վարշաւայում աւարտուած Եւրոպայի առաջնութիւնում Մովսէսեանը 9 հնարաւորից վաստակեց ընդամէնը 4 միաւոր՝ կրելով 2 պարտութիւն: Անթալեայում նոյնպէս Սերգէյը հասցրել է արդէն 2 պարտութիւն կրել 6 պարտիայում՝ միւս 4 մրցավէճերում բացառապէս ոչ-ոքի խաղալով: 2 պարտութիւն ունի նաեւ Վլ. Յակոբեանը:
Ըստ էութեան, հայ շախմատիստների վրայ ազդել է Եւրոպայի ու աշխարհի առաջնութիւնների խիստ գրաֆիկը: Եթէ նոյն Ռուսաստանն ու Ուկրաինան թարմացրել են իրենց կազմերը, ապա Արշակ Պետրոսեանի սաները կարեւորագոյն մրցաշարերին մասնակցում են առանց կադրային (անձնակազմային-Խմբ.) փոփոխութիւնների, այնինչ հիմա հասկանալի է դառնում, որ նման ծանրաբեռնուածութեան պարագայում կարելի էր շեշտը դնել մէկ մրցաշարի վրայ՝ միւսին գործուղելով թարմացուած կազմ, որում հանդէս կը գային հեռանկարային երիտասարդները:
Աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի ընտրանուն պատիւ չեն բերում նման ելոյթները: Եթէ այսքանից յետոյ մեր թիմը մրցանակային տեղ զբաղեցնի, պէտք է գոհ լինենք: Իսկ մեծ հաշուով հաւաքականը ձախողեց թէ Եւրոպայի, թէ աշխարհի առաջնութիւնները, որոնցում ամենամեծ սպասելիքներ ունէինք: