
ՎԱՀԱՆ ԲԱՀԱՐԵԱՆ
Ծանօթութիւն.- «Յուշերիս Հետ» անտիպ գրքից ընթերցողի ուշադրութեանն եմ ներկայացնում քրոջս աղջկայ՝ Աշխէնի 1988թ. Դեկտեմբերի 13ի նամակը Երանից, 1988թ. Դեկտեմբերի 7ի երկրաշարժի մասին, առանց մեկնաբանութեան։
«Սիրելի մօրեղբայր, չցանկանալով գրում եմ քեզ այս նամակը։ Ձեռքս չի գնում անգամ գրիչ բռնելու։ Այս ահաւոր եւ սոսկալի դժբախտութիւնը փշրուեց մեր գլխին որպէս լրացում մեր ժողովրդի 9 ամիս կրած տառապանքի ու զրկանքի, ոտնահարման ու արհամարհանքի։ Ինչ ասեմ, խօսք անգամ չեմ գտնում քեզ նկարագրելու, թէ ինչ է կատարւում հիմա Հայաստանում։
Կը ներես, նախ ասեմ, որ մենք բոլորս, Արամիկը (Աշխէնի տղան) եւս, որ գիւղում է տատիկի ու մամիկի մօտ, անվնաս ենք։ Երեւանում, երկրաշարժ կոչուող այդ գեհենը ունէր 6-6.5 բալ ուժգնութիւն, աւերածութիւններ չկան, մարդկային զոհեր քիչ կան, այն էլ նրանք, ովքեր եղել են այդ օրհասական քաղաքներում ու գիւղերում։
Ամէն ինչ մեզ մօտ տարերային ու անկազմակերպ է, շունը տիրոջը չի ճանաչում, կատարեալ քաոսի այս պայմաններում, ահաւոր դժբախտութեան բեռի տակ ոչ մէկի աչքից արցունք չի թափւում։ Էլ ոչ մէկին ուժ չի մնացել անգամ արտասուելու։ Ամբողջ աշխարհը մեզ ձեռք մեկնեց օգնութեան։ Ինքնաթիռներ են գալիս աշխարհի բոլոր ծայրերից, ցաւակցական հեռագրեր են ստացւում այնպիսի երկրներից, որոնք երեւի այս դէպքերի հետ կապուած են առաջին անգամ լսում հայի անունը։ Ճակատագրի ինչիպիսի՜ ծաղր…
Այո, կը կառուցուեն մեր երեք քաղաքներն ու կը վերականգնուեն 180 գիւղերն ու աւանները, ցաւօք սրտի մարդկային կեանքերը վերադարձնել հնարաւոր չէ։ Երէկ «Dhtvz»-ով ցոյց էին տալիս մի գիւղ (չլսեցի անունը), որտեղ զոհուել էին բոլոր երեխաներն ու երիտասարդութիւնը, մնացել էին կուչ եկած մի քանի տատիկ-պապիկ, եւ մի կին ներկայացնում էր այս ամէնը։ Չենք ուզում նայել դաժան վայրերից ռեպորտաժները (հաղորդումները), բայց չենք կարողանում։ Աստուած պահի մեր ազգին աւելի մեծ արհաւիրքներից։
Անկոտրում Արցախ աշխարհը, որն ինքն է կարօտ մեր օգնութեանը, մեզ օգնելու համար 700412 հաշուին արդէն փոխանցել է 3 միլիոն 700 հազար ռուբլի… ուղարկել է իր ողջ տեխնիկան, ինչ որ ունի… ինչպիսի անարդարութիւն։
Մի քանի վայրկեանների ընթացքում ոչնչացել է Լենինականի 80 տոկոսը, Սպիտակը ամբողջութեամբ հաւասարուել է գետնին, մի փոքր լաւ է վիճակը Կիրովականում, որտեղ բնակելի շէնքերից փլուզուել են 180ը, չհաշուած հիմնարկութիւններ, դպրոցներ, մանկապարտէզներ եւ այլն։
Մենք բոլորս լաւ ենք, սովորական։ Սիլվայից 2 օր առաջ հեռագիր էր եկել, շատ էր վախեցել։ Արայիկի (Աշխէնի ամուսինը) տրամադրութիւնը տեղը չէ, մօտ 17 հոգի զոհուել եւ կորել են Լենինականում (քրոջ 2 թոռը, մօրաքրոջ թոռը, հօրեղբօր 2 տղաները ընտանիքներով եւ այլն)։
Նոյնիսկ ցաւակցական խօսքերն են կորցրել իրենց իմաստը։ Պատմում են, որ Լենինականում երբ հարազատի դիակն են գտնում, ուրախութիւնից չգիտեն ինչ անեն։ Մարդիկ արժանի չեն անգամ դագաղի, ինչպիսի սոսկալի ճակատագիր։ …Լսել ենք, որ դուք էլ շատ մեծ օգնութիւն էք կազմակերպում տուժածների համար։
Աստուած պահի կենդանի մնացածներին, տայ Աստուած, որ մեր խեղճ ազգը չխելագարուի 9 ամիսների ընթացքում իր տեսածներից…
Լաւ է մեզ մօտ շատ ցուրտ չէ, դեռ ձիւն չկայ եւ արդէն 6րդ օրն է աղէտի, բայց դեռ շատ ու շատ մարդիկ գիշերում են խարոյկների մօտ։ Հարիւր հազարներով մնացել են անօթեւան։
Քեռի ջան, չեմ կարողանում գրել։ Փորձում եմ ուրիշ-ուրիշ բաների մասին գրել, բայց չի ստացւում։ Չեմ ուզում իմ այս գուժկան-նամակով քո հոգեկան աշխարհն էլ տակնուվրայ անել… Համբուրում եմ՝ Աշխէն»։
Լոս Անջելես
12-03-13