ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Սեդրակ Պօղոսեանը ծրագրաւորող է. 2014թ. Յունուարի 1ից ուժի մէջ մտնող կուտակային կենսաթոշակների մասին նոր օրէնքով նրա 1 մլն. 250 հազար դրամ աշխատավարձից գանձուելու է ընդհանուր թուով 425 հազար դրամ հարկ, եւ նա ստանալու է 825 հազար դրամ աշխատավարձ, նախկին 925 հազար դրամի փոխարէն: «Տարեկան դա ահռելի գումար է՝ 1 մլն. 200 հազար դրամ: Տեսէք՝ էս պետութիւնը մենակ ինձանից ամսական 425 հազար դրամ է ստանում», NEWS.am-ին պատմեց Սեդրակը, որը նոր օրէնքի դէմ ակտիւ պայքարող քաղաքացիներից է:
Ծրագրաւորողն ունի 3 դպրոցական երեխայ, կինը չի աշխատում. 6 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է Սեդրակի աշխատավարձով. «Բնակարանն էլ վարկով եմ վերցրել, ամսական մենակ 500 հազար դրամ վարկ եմ փակում»:
Սեդրակը պատմեց, որ արդէն 3 անգամ մերժել է ԱՄՆում աշխատելու առաջարկը, որտեղ նրան ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են խոստացել. «Հայաստանը շատ եմ սիրում, երեխաներս էլ: Որոշել եմ չգնալ ու էնպէս անել, որ էս իշխանութիւնների քթից գայ: Բայց ինձ նման շատերը կան, որ էդ կարգի գումար են բիւջէ լցնում, որ կը թողնեն ու կը գնան»:
Վերջին մէկ տարում Սեդրակի ծրագրաւորող ընկերներից 20ն արդէն հեռացել են Հայաստանից, իսկ միւսներն էլ տարբերակներ են փնտռում գնալու համար. «Ասենք 200 հոգի գնան, ովքեր ամսական միջինը 300 հազար դրամ հարկ են տալիս պետութեանը, բազմապատկենք ու կը ստացուի 60 մլն. դրամ: Սա նշանակում է, որ 200 մարդ գնաց, պետութիւնն ամսական էսքան գումար կը կորցնի: Բայց ես 200ը կոմպլիմենտ (հաճոյախօսութիւն-Խմբ.) արեցի, ամէն երկրորդը վիրաւորուած է էս իշխանութիւններից ու ուզում է գնալ»:
Սեդրակի խօսքով՝ ծրագրաւորողների արտագաղթը հետընթաց քայլ կը լինի ՏՏ ոլորտում. «Էս անամօթ կառավարութիւնն ասում է, որ ինքը խթանում է ՏՏի զարգացումը, չկայ էդպիսի բան, խաբում է, ինքը չի անում, մենք ենք անում», նշեց նա:
ՏՏ ոլորտում արդէն հմտացած մասնագէտների հեռանալուց յետոյ այլեւս ոչ մի միջազգային ընկերութիւն չի ցանկանայ Հայաստանում ներդրումներ կատարել: Այսօր շատ ընկերութիւններ այստեղ ներդրում են անում, որովհետեւ գին-որակ յարաբերակցութիւնը ձեռնտու է նրանց. «Լաւ ծրագրաւորողները սովորեցնում են ջահելներին, եթէ նրանք գնան Հայաստանից, նորերը կը մնան բուհական միջինից ցածր մակարդակի վրայ, իսկ նման ծրագրաւորողի համար ոչ մէկը ներդրում չի անի մեր երկրում»:
Յիշեցնենք, որ 2014թ. Յունուարի 1ից ՀՀում ուժի մէջ է մտնելու Կուտակային կենսաթոշակների մասին օրէնքը, որով նախատեսւում է 1974ից յետոյ ծնուած ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5 տոկոսի չափով պարտադիր յատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին: Օրէնքի դէմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիւ այլ քաղաքացիներ:
NEWS.am