«Նախիջեւանի ինքնավար հանրապետութիւնում առանձին համազօրային բանակ հիմնելու վերաբերեալ Ալիեւի հրամանն արդէն հրապարակուել է, սակայն թէ ինչ քայլեր կը հետեւեն դրան, ու իրականում ինչ փոփոխութիւններ կը մտցուի Նախիջեւանում, դեռ պարզ չէ», պատասխանեց ռազմական փորձագէտ Սամուէլ Պետրոսեանը Panora-ma.am-ի այն հարցին, թէ ինչ փոփոխութիւններ են ակնկալում Նախիջեւանում՝ այնտեղ տեղակայուած ադրբեջանական 5րդ բանակային կորպուսը առանձին համազօրային բանակի վերածելու դէպքում:
Յիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հրաման է ստորագրել Նախիջեւանի ինքնավար հանրապետութիւնում առանձին համազօրային բանակ հիմնելու վերաբերեալ՝ հրամանատար նշանակելով գեներալ-լէյտենանտ Քերեմ Մուստաֆաեւին: Նշենք, որ միջազգային պրակտիկայում (կիրառումով-Խմբ.) համազօրային բանակ ասելով նկատի ունեն ռազմական միաւոր, որն ունակ է ինքնուրոյն մարտական խնդիր լուծելու:
Համաձայն վերոնշեալ հրամանի՝ խնդիր է դրուած ամրապնդելու Նախիջեւանի պաշտպանունակութիւնը, բարձրացնել զինուած ուժերի զօրամիաւորումների ու զօրամասերի մարտական պատրաստականութիւնը՝ նախկին 5րդ կորպուսի հիման վրայ ստեղծելու առանձին համազօրային բանակ:
Ս. Պետրոսեանի խօսքերով, դեռեւս յստակութիւն չկայ Ադրբեջանի իրական նպատակների մասին, սակայն երկու սցենար է կանխատեսում.
«Առաջին՝ միայն թղթի վրայ Նախիջեւանում տեղակայուած զօրքերը կը փոխեն կարգավիճակը, ինչը առաջին հերթին այնտեղ տեղակայուած 5րդ բանակային կորպուսի հրամանատարի ամբիցիաների (փառասիրութիւններու-Խմբ.) խնդիրը կը լուծի՝ հաշուի առնելով վերջինիս ամբիցիաները: Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է իսկապէս ամրացնել սահմանի այդ հատուածը՝ ստիպելով մեզ լրացուցիչ ուժեր տեղակայելու սահմանի այդ հատուածում»:
Ռազմական փորձագէտը յիշեցրեց, որ Նախիջեւանը գտնւում է Թուրքիայի անմիջական ազդեցութեան գօտում ու չբացառեց, որ Անկարան Նախիջեւանում վերակազմաւորուող բանակի միջոցով կը փորձի լրացուցիչ լարուածութիւն մտցնել տարածաշրջանում:
Նոյն թեմայի շուրջ, Ադրբեջանի ռազմական հետազօտութիւնների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար æասուր Սումերենլին «Մինուալ.ազ»ի հետ զրոյցում նշել է, թէ բանակային կորպուսը առանձին բանակի վերածելու մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացրած փաստարկները աբսուրդային (վերացական-Խմբ.) են: Նա նշել է, որ եթէ նպատակը 5րդ բանակային կորպուսն առաւել մարտունակ դարձնելն է, ապա առանց առանձին բանակի վերածելով էլ հնարաւոր էր էական փոփոխութիւններ մտցնել նրանում:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.