Պատրաստեց՝
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Արցախում Ազգային պետական վիճակախաղի առաջին խաղարկութեանն ընդառաջ շրջանառութեան մէջ դրուած 300,000 տոմսից սպառուած է 250,000ը:
«Վիճակախաղի շահումային ֆոնդը կազմել է 200 մլն. դրամ, իսկ Ազգային պետական վիճակախաղի տոմսերի իրացումից ստացուած մնացած շահոյթը՝ շուրջ 300 միլիոնը կ՛ուղղուի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան համայնքների, ենթակառուցուածքների զարգացման, հայրենադարձութեան, ռազմավարական հեռահար այլ ծրագրերին», «Արմէնփրէս»ի հետ զրոյցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբէկեանը:
Խաղարկութիւնը կը սկսուի Դեկտեմբերի 28ին՝ առաւօտեան ժամը 11ին եւ կը տեւի մօտ 6 ժամ:
Վիճակահանութեան օրը խորհրդանշական է Արցախի համար. տասնամեակներ առաջ հէնց Դեկտեմբերի 28ին են տեղի ունեցել ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին ընտրութիւնները: Վիճակախաղի տոմսերը շրջանառութեան մէջ են դրուել Մայիսի 9ից. մէկ տոմսն արժէ 2000 դրամ:
Արթուր Աղաբէկեանը խոստովանում է, որ գաղափարը մշակելիս չեն կասկածել, որ հասնելու են յաջողութեան: Չեն կասկածել նաեւ, որ հայ ժողովուրդը միահամուռ կերպով մասնակցելու է վիճակահանութեան ոչ թէ յանուն շահումների, այլ՝ յանուն Արցախի վերաբնակեցման եւ զարգացման: «Վիճակախաղի տոմսը դիտարկենք որպէս ազգային տուրք եւ գիտակցենք, որ մասնակից ենք դառնում շատ կարեւոր մի գաղափարի կեանքի կոչմանը», ասում է փոխվարչապետը՝ յաւելելով, որ յաջորդ տարի շրջանառութեան մէջ կը դրուի մէկ միլիոն տոմս:
«Վերաբնակեցման հարցը զինադադարից յետոյ Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքում քննարկուող ամենակարեւոր թեմաներից է: Տարիներ շարունակ հարցն այդպէս էլ չի իջնում ամբիոնից», նշում է Արթուր Աղաբէկեանը՝ յաւելելով, որ վերաբնակեցման հարցը պէտք է լինի արդիական ու կախուած չլինի իշխանութեան եկած քաղաքական ուժի ցանկութիւնից:
ԼՂՀ փոխվարչապետին՝ նախորդ տարիներին իրականացուած վերաբնակեցումը յիշեցրել է խորհրդային տարիների հայրենադարձութեան ծրագիրը: «Վերաբնակիչը չպէտք է լինի կոյր եւ տեղեկութիւն չունենայ, թէ ուր է գնում եւ իրեն ինչ է սպասում: Հէնց այդ կերպ բազմաթիւ հայրենակիցներ որոշեցին գալ ու վերաբնակուել Արցախում: Սակայն կարճ ժամանակ անց նրանք արդէն մտածում էին, թէ ինչպէս վերադառնան», յիշում է Աղաբէկեանը՝ յաւելելով, որ այսօր մօտեցումներն այլ են, գործընթացը համապատասխանեցուել է հնարաւորութիւններին: «Կառավարութիւնն աջակցում է այն վերաբնակչին, ով պատրաստ է սեփական ուժերով տրամադրուած շինանիւթով տուն կառուցել: Մեր ռեսուրսները (հնարաւորութիւնները-Խմբ.) սահմանափակ են՝ իրականացնելու վերաբնակեցում լայն թափով», ասում է փոխվարչապետը՝ միաժամանակ շեշտելով, որ վերջ են դնելու տարերային վերաբնակեցմանը. նպատակն այն է, որ սոցիալական ծրագրերի իրականացումը յետագայում չհամարուի վատնուած: «Յիսուն հոգիանոց գիւղում ապահովել ջրամատակարարում, գազ եւ անցկացնել էլեկտրական գիծ՝ շահաւէտ չէ, որովհետեւ անգամ 20 տարի անց այդ գիւղում բնակիչների թիւը չի անցնի հինգ հարիւրը: Մինչդեռ երկրում, բացի վերաբնակեցումից, այլ խնդիրներ էլ կան, որոնց պէտք է կառավարութիւնն ուշադրութիւն դարձնի», նկատեց նա: Հէնց դա է պատճառը, որ գիւղերի բնակիչների թուի վերաբերեալ սահմանուած է շեմ. նուազագոյնը մինչեւ հարիւր բնակիչ: Որպէսզի գիւղերում մարդկանց թիւը շատանայ, կառավարութիւնը կ՛աջակցի գիւղապետերին մարդկանց տեղափոխման հարցով. որպէս խրախուսում գիւղերը կ՛ապահովուեն ջրամատակարարմամբ:
Այս ամէնի սկիզբը կը դրուի 2014ից: Հադրութ, Քաշաթաղ, Քարվաճառ. սրանք այն ընտրուած տարածքներն են, որտեղ կարելի է իրականացնել վերաբնակեցում եւ բնակիչների թուաքանակը հասցնել 1000ի: Ընտրուած երեք համայնքներում հողն ու ջուրը շատ լաւն են, հողագործութեան եւ անասնապահութեան համար նպաստաւոր պայմաններ կան: Եթէ առաջ մեծ ցանկութիւնների իրականացմանը խոչընդոտում էր սահմանափակ ֆինանսը (նիւթականը-Խմբ.), ապա այսօր ԼՂՀ կառավարութիւնը լուծում է տուել նաեւ այդ խնդրին. շրջանառութեան մէջ դրուած պետական վիճակախաղի վաճառուած տոմսերի քառասուն տոկոսը կը տրամադրուի վերաբնակեցման ծրագրին, միւս քառասունը՝ շահումներին:
«Մշակոյթը նրանն է, ով պահում է այն: Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան «Ղարաբաղ կարպետ» անուամբ աշխարհին է հրամցնում հայկական գորգերը, մինչդեռ մենք հայկական գորգերն աշխարհին ներկայացնելու հնարաւորութիւնը չենք օգտագործում: Հէնց այդ նպատակով, վիճակախաղի շահումը ոչ թէ դրամ է, այլ ղարաբաղեան գորգ: Արցախում այսօր հինգ հարիւր գորգագործ կայ: Շուշիում արդէն գործում է 30 հոգիանոց արտադրամաս, իսկ Ստեփանակերտում Օգոստոսից աշխատանքն է վերսկսել 110 հոգիանոց գործարանը: Վիճակախաղը կը նպաստի ոչ միայն հայկական գորգերի տարածմանը, այլեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը», ասում է փոխվարչապետը: Վերաբնակեցման շնորհիւ կառավարութիւնը նպատակ ունի ոչ միայն հայկական գորգերը տարածել, այլեւ զարկ տալ մէկ այլ գաղափարի իրականացմանը:
«Եթէ մենք առայժմ չունենք ծովից ծովից Հայաստան, ապա գետից գետ Արցախի գաղափարի իրականացումը մեր ձեռքերում է: Ընդամէնը պէտք է Արաքսից Թարթառ հատուածն ընկած տարածքը վերաբնակեցնել ու կեանքով լցնել: Հադրութից մինչեւ Արաքս 70 կմ. երկարութեամբ բերրի հողեր են ձգւում, աղբիւրներ կան: Այդ հողերը պէտք է օգտագործուեն յանուն ժողովրդի: Նախորդ տարի Արցախից Հայաստան է ներկրուել 20,000 տոննա հացահատիկ: Ճիշդ եւ համակարգուած աշխատանքի դէպքում այդ թիւը կարող է հարիւրապատկուել, մինչդեռ այսօր բնութիւնից ստացուած հնարաւորութիւնը վատնում ենք: Ինչո՞ւ ձմռանը լոլիկն ու վարունգը ներկրել Թուրքիայից, երբ կարող ենք Արցախում աճեցնել. չէ՞ որ Արաքսի ափին ամենացածր ջերմաստիճանը զրոն է», ասում է Աղաբէկեանը՝ յաւելելով, որ այդ տարածքում 27 կմ. երկարութեամբ էլեկտրական գիծ է անցկացուած, կան արտեզեան հորեր, 45 ընտանիքի համար ժամանակաւոր կացարաններ: Այժմ կառավարութիւնը ցանկանում է տարածքում խանութ եւ բենզակայան հիմնել, որ ներդնողների համար ստեղծուեն բոլոր նպաստաւոր պայմաններն ու նրանց արձագանգը չուշանայ: