ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
…Գրեթէ վեց ամիս բացակայեցի իմ տնից. ո՜չ, ո՜չ, տնից չէ, այլ իմ բնակարանից, իմ շրջապատից: Տունը այստեղ չէ… ՏՈՒՆԸ Հայաստանում է: Մենք բոլորս, հայրենիքից դուրս բնակուողներս՝ չենք ապրում, գոյատեւում ենք ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, յոյսով սպասելով, որ օրերից մի օր տէր կը դառնանք մեր ՏՆԵՐԻՆ, մեր ինչքին ու կորցրած կարողութեանը:
ԳՈՅԱՏԵՒԵԼը սխալ չհասկանանք: Գոյատեւում ենք հոգեմաշ իմաստով: Թէ չէ ի՞նչ՝ բոլորս էլ այստեղ, օտարութեան մէջ, աւելի կամ պակաս չափով հացի տէր ենք: Հացը՝ ԿԱՅ, հոգին է դատարկ, հոգի՜ն… Իսկ հոգին լցւում է, երբ զգում ես, որ մենակ չես, երբ շուրջիններդ մտածում, գործում են քեզ նման, երբ ձգտումներդ, գաղափարներդ ու պայքարի ձեւերը համընկնում են հարիւրների, հազարների նմանօրինակ ցանկութիւնների եւ զգացումների հետ:
Իւրաքանչիւր հայի համար իսկական, մարդկային հոգու տեղը հայրենիքն է, բայց արի ու տես, որ այս օրերին այնտեղ հայի հոգին դատարկւում է օրէօր՝ տեղը զիջելով այլ՝ շօշափելի զգացումների, որի գլխաւոր առանցքը նիւթն է, նիւթականը:
ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ աղճատել, ճզմել է մարդկային զգացումներով առլի ՀԱՅԻ հոգին, բզկտել սիրտը՝ անորոշութեան, ախուվախի ճիրաններում մշտապէս լուսաւոր ուղի փնտռելու, բայց չգտնելու անզօրութիւնից:
Ցաւօք, այդ երեւոյթների լոյսի տակ, օրէօր նուազում է ապագայի լաւագոյն հեռանկարների հաւատացող հայորդիների թիւը Հայաստանում, որի արդիւնքում էլ արտագաղթողների քանակը ոչ թէ նուազում, այլ վտանգաւոր աստիճանի աւելանում է:
Բոլորին է յայտնի այս ցաւալի իրողութիւնը: Այժմ արդէն այս տխուր իրավիճակը չեն թաքցնում նոյնիսկ Հայաստանի պատկան մարմինները:
Հայաստանի ցաւերն իբր քիչ էին, հիմա էլ մէջտեղ ելաւ սիրիահայերի «ներգաղթը»: Թէ հազարաւոր սիրիահայերից որքանը կը մնայ ու կը հաստատուի Հայաստանում՝ կ՛իմանանք մօտ ապագայում: Եւ, որպէսզի նրանք մնան իրենց երազած հայրենիքում, անհրաժեշտ է նրանց նայել հաւասարը հաւասարի մտածողութեամբ, այլ ոչ թէ որպէս «ախպարների» կամ «դրսեցիների» ու տալ այն ամէն անհրաժեշտը, ինչ որ պէտք է մարդուն՝ նուազագոյնս իրեն երջանիկ զգալու համար:
Հետեւելով հայաստանեան լուրերին, մանաւանդ մամուլին, զգում ես, որ ինչպէս ժողովուրդն է ասում՝ «Ամէն գլխից մի ձէն է գալիս»: Չէ՜, չեղաւ, բոլորի ձայները պիտի նոյնանան, միաձուլուեն՝ ստեղծելով մի յուժկու երգչախումբ: Այս դժուար օրերին անհրաժեշտ է մտքից հանել ԻՄԸ, ՔՈՆԸ, ՆՐԱՆԸ մտածելակերպը եւ հանդէս գալ միայն ու միայն ՄԵՐԸ սրբազան ուխտի ներքոյ:
Միայն ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ՄԵՐ ՀՈՂԸ, ՄԵՐ ԴԱՏԸ, ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ասելը քիչ է: Մտայնութեամբ, գործօն մասնակցութեամբ, նիւթական ու բարոյական նուիրուածութեամբ պիտի ապացուցել, որ դրանք իսկապէ՛ս քոնն են եւ դրանցով ես դու ապրում, իմաստաւորում քո կեանքը, միեւնոյն ժամանակ փորձելով այդ ամէնը ներարկել մատաղ ու կրտսեր սերնդի հոգու մէջ:
Աւելի քան հինգ ամիս ապրելով Երեւանում, իմ բնակարանում, եւ ամէն օր ընթերցելով տեղական մամուլի հիմնական մասը, դժուար չէր նկատել, որ իւրաքանչիւր թերթ իր որդեգրած ուղին ունի: Լուրերի առատութիւն՝ որքան կ՛ուզես: Ցնցող լուրեր հրատարակելու մրցարշաւը ակնառու է: Որպէս մէջբերում ասեմ, որ բաւական սուղ գներով են վաճառւում հայաստանեան թերթերը եւ բոլորը չէ, որ թերթ են կարդում… Արագօրէն սպառւում են «Դեղին մամուլ»ի սկզբունքներով շարժուող թերթերն ու շաբաթաթերթերը:
Մեր նուիրական, սրբազան զգացումներին անդրադարձող նիւթերի զգալի պակաս կայ հայաստանեան մամուլում: Կարծէք՝ ՀԱՅ ԴԱՏ, ՀԱՅ ՊԱՀԱՆæԱՏԻՐՈՒԹԻՒՆ հասկացութիւնները միայն Սփիւռքին են տրուած: Գաղտնիք չէ. Սփիւռքը գրեթէ հարիւր տարի «տապակւում» է այդ հարցերի լուծման ուղիները գտնելու համար: Եւ, որովհետեւ պետութիւն չէ, պետութիւն չի ներկայացնում՝ ՁԷՆԸ տեղ չի հասնում: Սակայն ՍՓԻՒՌՔԻ շնորհիւ է, որ աշխարհը սկսեց փոքր ինչ «բարի աչքով» նայել հայերին ու ականջալուր լինել նրա պահանջատիրութեանը:
Ի՞նչ է, կարծում էք թէ թուրքը հէնց այնպէս, «բարի կամեցողութեա՞մբ» սկսեց «սիլի-բիլի» անել հայերի հետ, ոչ, բնաւ երբեք: Սփիւռքի երկա՜ր տարիների յամառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիւ է, որ աշխարհն այսօր գրեթէ պարտադրում է թուրքին՝ վերանայելու իր յարաբերութիւնները հայերի հետ: Երբ օտար երկրների կողմից դրական կեցուածք է դրսեւորւում հայ ժողովրդի եւ պետականութեան հանդէպ, սովորաբար, ժողովրդի մէջ ասւում է, թէ «հլա թող Սփիւռքը չլինէր, տեսնենք նման դրական կեցուածք կը որդեգրուէ՞ր հայերի նկատմամբ…»: Մեծախօսութեամբ ասուած այս պարբերութեան մէջ ի հարկէ ճշմարտութեան հատիկ կայ: Եթէ իսկապէ՛ս դրական կեցուածք կայ օտարների կողմից, եւ որ նրանք պատրաստ են մեզ օգնելու մեր ցաւօտ հարցերի լուծման ճանապարհի խճաքարերը վերացնելուն, ուրեմն, օգտագործելով առիթը, անհրաժեշտ է աշխարհի հայերի պայքարի միասնական ճակատ ստեղծել:
Եկել է պահը, որպէսզի միակամ դառնան Հայրենիքն ու Սփիւռքը:
Ազգային խնդիրների լուծման լաւագոյն ճանապարհը Սփիւռք-Հայրենիք մերձեցման նոր ուղիներ փնտռելն է: Ճիշդ է, սփիւռքի նախարարութիւնը արդէն շօշափելի նախագծեր է իրականացնում, ինքս անձամբ տեսել եւ համոզուել եմ դրանում, սակայն նախարարութեան գործունէութեան մէջ ներգրաւուած չեն Սփիւռքը լաւագոյնս ճանաչող մարդիկ, որոնք երկար տարիներ ապրելով Սփիւռքում, լաւ գիտեն նրա հոգսերն ու ցաւերը, գիտեն ինչպէս շարժի ենթարկել նրա բազկերակի կենարար արեան հոսքը դէպի ԵՐԿԻՐ:
Եւ այդ ամէնը իրականացնելու համար, պէտք է որ առաջին հերթին Հայաստանի մեր մարդիկ հանդուրժող լինեն միմեանց նկատմամբ ու լսեն մէկը միւսին, դառնան լայնախոհ ու մշտապէս դիմացինին լսող, ու, եթէ նա սխալ է, ներել կարողանան: Եւ յետոյ, նրանք պարտաւոր են Սփիւռքին էլ «մարդու տեղ դնել» ու ոչ թէ որպէս «բանան եւ նարինջ ուտողների»՝ հեռու պահեն մեր ժողովրդի համար ճակատագրական ու բախտորոշ լուծումներ իրականացնելիս:
Լայնախոհութեան, դիմացինին արժեւորելու լաւագոյն օրինակն այս օրերին ես տեսայ այստեղ՝ Լոս Անջելեսում:
Յօդուածիս սկզբում ասացի, որ երկար ժամանակով բացակայում էի քաղաքից: Մեր ընտանիքում ընդունուած սովորութեան համաձայն, երբ ես բացակայում եմ քաղաքից, մերոնք սրբութեամբ պահում են իմ անունին հասցէագրուած ամէն մի թղթակցութիւն, թերթեր, ամսագրեր եւ այլն: Այս անգամուայ փոստային հունձքը բաւական հարուստ էր, եւ մէկ շաբաթ տեւեց մինչեւ կարողացայ կարդալ ու աչքի անցկացնել կուսակցական երեք թերթերը՝ «Ասպարէզ», «Նոր օր», «Մասիս»:
Ամենածաւալունն անշուշտ «Ասպարէզ»ն էր (օրաթերթ լինելու պատճառով): Սակայն երեք լրագրերում էլ բացայայտ էր իրենց կուսակցութեանը հաւատարիմ մնալու ձգտումը: Ամէնից աւելի ինձ ուրախացրեց մէկը միւսի հանդէպ ունեցած յարգանքն ու համատեղ գործելու փոքր ինչ թաքցրած ցանկութիւնը: Մենք իւրաքանչիւր օր կարդալով թերթերը, շատ անգամ էլ պարզապէս աչքի անցկացնելով, չենք կարող յստակ պատկերացում կազմել դրանց՝ մէկը միւսի նկատմամբ ունեցած վերաբերմունքի, համագործակցութեան, ընդհանուր, ազգային հարցերի վերաբերեալ համատեղ գործելու ցանկութեան մասին:
Հաւանաբար, պէտք էր այդպէս, գրքի ձեւով կարդալ թերթի իրարէյաջորդ համարները՝ լիուլի պատկերացում կազմելու համար թերթի բռնած ուղու մասին:
Լայնախոհութեան, լրագրի էջերը բոլորին հասու դարձնելու միտումը անհրաժեշտաբար պիտի որ տիրապետող լինի բոլոր թերթերի խմբագիրների մտայնութեան մէջ, մանաւանդ, երբ «Նոր օր» շաբաթաթերթի դիպուկ հաշուարկով ընդամէնը 70 շաբաթ է մնացել մինչեւ Մեծ Եղեռնի 100ամեակը: Հնչակ, Դաշնակ, Ռամկավար հասկացութիւնները գէթ ժամանակաւորապէս մէկ կողմ պիտի թողնել այս մէկ տարուայ ընթացքին:
Լայնախոհ մօտեցմամբ պիտի կարողանանք դիմագրաւել մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Ասել կ՛ուզի, մեր պահանջատիրութեան համար մղուող պայքարի մէջ պիտի ներգրաւուեն բոլորը, բոլոր կուսակցութիւններն ու նրանց յարակից մարմինները, բոլոր միութիւններն ու հայրենակցական միութիւնները, մամուլն ու հեռուստատեսութիւնը, ինչո՞ւ ոչ, նաեւ՝ փորձառու անհատներ:
Հայոց Եղեռնի 100ամեակը այս հազարամեակի թերեւս միակ շօշափելի առիթն է թուրքի հետ մեր հարցերը լուծելու համար: Իսկ մենք դանդաղում ենք պարոննե՜ր, դանդաղում: Հաշուած ամիսներ, օրեր են մնացել: Պէտք է «թեւերը քշտած» գործի անցնել:
Ոչ մէկի համար էլ գաղտնիք չէ, որ պայքարի ամէնաազդու զէնքն այսօր հեռուստատեսութիւնն է եւ ֆիլմը: Պահանջատիրութեան գործընթացի (շատ օգտագործուող բառ Հայաստանում) մէջ, այդ երկու ձեւերն էլ մէկ ոտքի վրայ են քայլում: Դեռ հեռուատատեսութիւնը՝ որոշակի ջանքերի դէպքում կարելի է բաւարար մակարդակով ապահովել, սակայն ֆիլմի հարցում հսկայական ներդրումներ են անհրաժեշտ:
Մենք այդպէս էլ չենք կարողանում շէնք-շնորհքով մի ֆիլմ պատրաստել Եղեռնի մասին: Ի՞նչ է՝ դրա՞մ չկայ: Ապա փորձեցէք ԹԵԼԵԹՈՆ կազմակերպել Եղեռնի 100ամեակի վերաբերեալ եւ դուք կը տեսնէք թէ այդ հաւաքուած դրամով քանի՜ կիլոմետր ճանապարհ կը կառուցուի Արցախում:
Դեռեւս երկու տարի առաջ Հայաստանի Ազգային ֆիլմի կենտրոնի տնօրէն Գէորգ Գէորգեանը Ֆրեզնոյում ծնուած հայազգի նշանաւոր սցենարիստ, բեմադիչ, նկարահանող, աշխարհահռչակ բեմադրիչ Ստիւեն Սպիլբերգի «Schindler՛s List» ֆիլմի սցենարիստ Ստիւըն Զէյլեանին ասել է, որ մենք՝ հայերս, խելքը գլխին, Եղեռնն արտացոլող, իրական փաստերի վրայ հիմնուած համաշխարհային չափանիշներին համապատասխան ոչ մի ֆիլմ չունենք: Չհաշուած միջակ արժէքի «ՄԱՅՐԻԿ»ն ու «ԱՐԱՐԱՏ»ը ֆիլմերը:
Պրն. Գէորգեանի խնդրանքը այդ խոշոր արուեստագէտներին՝ Հայոց Ցեղասպանութեան մասին մի ֆիլմ նկարելու վերաբերեալ, որքան որ ինձ յայտնի է, արդիւնք չի տուել:
Հայազգի նշանաւոր կինոգործիչը օրինակ բերելով «Schindlers List» ֆիլմի օրինակը ասել է, որ ինքը ֆիլմերի սցենարներ է գրում միայն իրական փաստերի, շատ անգամ էլ կենդանի, ապրող վկաների եւ ականատեսների վկայութիւնների հիման վրայ, ինչը գործնականում եղել է «Schindler՛s List» ֆիլմի պարագան: Քսան տարի առաջ ստեղծուած, համաշխարհային պաստառներ նուաճած, միլիոններ շարժած այդ ֆիլմի գլխաւոր պատմիչ-հերոսը այդ օրերին ապրող ջութակահար Օսկար Շինդլերն է եղել:
Կրկին ու կրկին, մէկ, երկու, գուցէ եւ տասը անգամ, եթէ պէտք լինի, պիտի մօտենալ այդ արուեստագէտներին, խնդրել, համոզել, դրամ տալ՝ որքան որ կը ցանկանան, միայն թէ մինչեւ 2015ի Ապրիլ ամիսը մէջտեղ հանեն աշխարհը ցնցող մի ֆիլմ Եղեռնի վերաբերեալ:
Եղեռնից վերապրած շա՜տ փոքրաթիւ հայեր են մնացել երկրագնդի վրայ: Փնտռէք, գտէք նրանց ու ներկայացրէք հայազգի նշանաւոր կինոգործիչ Ստիւըն Զէյիլեանին:
Չեմ ուզում հաւատալ, որ նա էլ միւս երկու նշանաւոր ամերիկեան դերասանների նման (Թոմ Կրուզ, Սիլվեստեր Ստալոն) չի վախենայ թուրքերի ահաբեկչութիւնից ու անսալով իր արեան կանչին, կը ցանկանայ իր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին իր արուեստով զօրաւիգ լինել իր ազգին:
Իսկ մեզ մնում է համախմբուել, քով-քովի գալ: Մոռանալ ամէն մի տեղի-անտեղի քինախնդրութիւն: Հանդուրժողականութեամբ ու լայնախոհութեամբ, որպէս մէկ շունչ, մէկ մարմին գէթ այս մէկ տարուայ ընթացքին միասնական պայքարի կոչ հնչեցնենք ողջ հողագնդի վրայ: Հաւատացէք, մենք կարող ենք: Թեհլիրեաններից, Եանիկեաններից ու Սասունեաններից սկսուած արդարութեան, պահանջատիրութեան պայքարը ի վերջոյ իր լրումին պիտի հասնի:
————————————————————————————————
Merry Christmas & Happy New Year
Superior Electric
Motor Service, Inc.
4623 Hampton St.,
Los Angeles, CA 90058
Tel. 323.583.1040
Fax 323.583.9266
—————————————————————————————–
ԱՐԱՔՍ ՍԱՐԵԱՆ
Սան Ֆրանսիսքօ
Կը Շնորհաւորէ
Համայն Հայութեան
Նոր Տարին
Եւ Ս. Ծնունդը
—————————————————————————————
ՔՐԵՍԵՆԹԱ ՀՈՎԻՏ
ՀՅԴ «Սիմոն Զաւարեան» Կոմիտէութիւն
ՀՕՄի «Թալին» Մասնաճիւղ
ՀՄԸՄ «Շանթ» Մասնաճիւղ
«Համազգային»ի Քրեսենթա Հովիտի Մասնաճիւղ
ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» Պատանեկան Միութիւն
ՀԵԴ «Զարթօնք» Ուխտ
Հայ-Ամերիկեան Տարեցներու Միութեան
Քրեսենթա Հովիտի Մասնաճիւղ
Կը Շնորհաւորենք Շրջանի
Ընկեր-Ընկերուհիները
եւ Համայն Հայութիւնը
Մաղթելով Նորանոր Նուաճումներ 2014ին
————————————————————————————