ՍԱՄՈՒԷԼ ԱՒԱԳԵԱՆ
Հինգ տարի շարունակ Հայաստանում նկատւում է ներդրումների նուազում: Ներդրումներ-ՀՆԱ (համախառն ներքին արտադրութիւն-Խմբ.) յարաբերակցութիւնն այս տարի, ըստ լաւատեսական գնահատականների, կը կազմի ՀՆԱի մօտ 21 տոկոսը, իսկ դա ամենացածր ցուցանիշն է 2001 թուականից յետոյ: Համեմատութեան համար՝ այդ ցուցանիշը 2002թ. 21.7 տոկոս էր, 2005թ.՝ 30.5 տոկոս, 2008թ.՝ մօտ 41 տոկոս:
2008 թուականից յետոյ ներդրումների ցուցանիշը նոյնքան անշեղօրէն սկսել է նուազել: Ճգնաժամային 2009թ. այն իներցիայով (մեքենայոօրէն-Խմբ.) դեռեւս բարձր էր՝ 33.8 տոկոս, սակայն ներդրումների նուազումն աւելի շարունակական բնոյթ ստացաւ: 2011թ. այդ ցուցանիշն իջաւ 27.9 տոկոս, 2012թ.՝ 23.8 տոկոս: Միջին ժամկէտ ծախսային ծրագրով (2011-13թթ.) կանխատեսուեց, որ 2013թ. ներդրումների մակարդակը փոքր ինչ կը վերականգնուի, սակայն տեղի ունեցաւ հակառակը: Հայաստանը տնտեսական ճգնաժամից դուրս է եկել, սակայն ներդրումային ակտիւութիւնը չի վերականգնւում:
Պարզ համեմատութիւնը ցոյց է տալիս, որ երկրի տնտեսական աճի ու ներդրումների մակարդակի միջեւ ուղղակի կապ կայ՝ տնտեսական աճը բարձր է եղել այն տարիներին, երբ ներդրումներն աճել են, ու ցածր է այն տարիներին, երբ ներդրումները պակասել են: Հետեւաբար, տնտեսական աճի դանդաղման ներկայիս միտումն ունի ռազմավարական բովանդակութիւն, այն արտայայտում է ոչ թէ 1-2 տարիների տնտեսական գործընթացների էութիւնը, այլեւ աւելի երկարատեւ գործօնների ազդեցութեան հետեւանք է: Եթէ նոյնիսկ յաջողուի ինչ որ մի տարում տնտեսական աճի աւելի բարձր տեմպ ունենալ, ապա ներդրումների ցածր մակարդակում դա կ՛ունենայ կարճաժամկէտ բնոյթ:
Այս թեզի հակառակորդները կարող են պնդել, որ զարգացած երկրներից շատերում ներդրումներ-ՀՆԱ յարաբերակցութիւնը չի գերազանցում նոյնիսկ 20 տոկոսը (ԱՄՆ, Գերմանիա): Սակայն զարգացած երկրների հետ համեմատութիւնը տեղին չէ: Այդ երկրները տասնամեակներ շարունակ աչքի են ընկել ներդրումների մեծ ծաւալով, դրանց կուտակային մեծութիւնը հասել է ահռելի չափերի: Այդ պատճառով զարգացող երկրներում ներդրումներ-ՀՆԱ յարաբերակցութիւնը պէտք է աւելի մեծ լինի, քան զարգացածներում: Ըստ որոշ գնահատականների՝ զարգացած երկրներում ներդրումներ-ՀՆԱ միջին յարաբերակցութիւնը ներկայում 21 տոկոս է, իսկ զարգացողներում՝ 29 տոկոս: Չինաստանում այդ յարաբերակցութիւնը բարձր է 45 տոկոսից, իսկ Հնդկաստանում մօտ 35 տոկոս է: Ի դէպ, կան կարծիքներ, որ 2007-2009թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը պայթեց զարգացած երկրներում այն պատճառով, որ ներդրումներ-ՀՆԱ յարաբերակցութիւնը դրան նախորդող երկու տարիներին իջաւ մինչեւ 17 տոկոս: Ապացուցուած է համարւում, որ եթէ զարգացող երկրներում ներդրումներ-ՀՆԱ յարաբերակցութիւնը իջնի 15 տոկոսից, ապա այդ երկրներում զարգացումը պարզապէս կանգ կ՛առնի:
Այսպիսով, ներդրումները հանդիսանում են աճի հիմնական աղբիւր: Այստեղից հետեւում է պարզ եզրայանգում՝ երկարատեւ ու բարձր տեմպով աճ ապահովելու համար անհրաժեշտ է խրախուսել ներդրումները: Հայաստանում ներդրումային բումը (բարգաւաճումը-Խմբ.) մինչեւ 2008թ. հիմնականում պայմանաւորուած էր բնակարանային շինարարութեամբ: Օբյեկտիւօրէն (առարկայական-Խմբ.)՝ հիմա բնակարանային շինարարութեան մինչճգնաժամային ծաւալները վերականգնել հնարաւոր չէ՝ կապուած ողջ աշխարհում անշարժ գոյքի շուկայի հանդէպ թերահաւատութեամբ: Սակայն հնարաւոր է զարկ տալ ներդրումները հիմնական միջոցներում: Այս առումով կառավարութեան քայլերը հետեւողական համարել չի կարելի: Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ ներդրումները դեռեւս հարկւում են: Գոյութիւն ունի մի փոքր արտօնութիւն՝ 300 մլն. դրամը գերազանցող ներդրումային ապրանքների ներմուծման դէպքում աւելացուած արժէքի հարկի տարկէտում: Վաղուց հարկաւոր է այս կիսաարտօնութեան շրջանակներն ընդլայնել, սակայն դա չի արւում այն պատճառով, որ էկոնոմիկայի (տնտեսութեան-Խմբ.) նախարարութիւնը չի հասցնի քննարկել յայտերը: Այսինքն՝ բիզնեսը տուժում է բիւրոկրատական (դիւանակալական-Խմբ.) ծուլութեան պատճառով:
Ներդրումների ֆինանսաւորման խնդիրը առայսօր բաց է: Թէեւ վարկերի կշիռը ՀՆԱում արդէն գերազանցում է 40 տոկոսը (2010թ. այն դեռեւս 27 տոկոս էր), սակայն վարկերի աճի հիմնական լոկոմոտիվը (շարժիչը-Խմբ.) սպառողական նշանակութեան վարկերն են: Պատահական չէ, որ Հայաստանում սպառում-ՀՆԱ յարաբերակցութիւնը 2012թ. գերազանցել է 100 տոկոսը, այն ինչ ներդրումային բումի շրջանում (2000ականների կէսերին) այն մօտ 80 տոկոսի շրջանակում էր: Այսինքն՝ Հայաստանում տնտեսական մոդելը (տիպարը-Խմբ.) կորցրել է աճի ուղղուածութիւնը, այն վերածուել է սպառողական մոդելի, այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Սպառողական տնտեսական մոդելներն առաւել զգայուն են ճգնաժամերի նկատմամբ, քանի որ ճգնաժամին հակադրուող ռեսուրսը (միջոցը-Խմբ.) փոքր է: Բացի այդ, մենք հիմնականում ներմուծուած ապրանքների սպառող ենք, ուստի պահանջարկի խթանման քաղաքականութիւնը երբեմն անօգուտ է:
Որպէսզի երկիրը սպառող երկրից վերածուի ներդրողի, անհրաժեշտ է տնտեսական քաղաքականութեան առանցքի փոփոխում: Ցանկացած ներդրող պէտք է զգայ կառավարութեան վերաբերմունքի փոփոխութիւնը: Հէնց դա է այսօր պակասում ներդրումային դաշտին, որեւէ մէկը, օրինակի համար, վստահութիւն չունի, թէ հարկային դաշտը վաղն ինչպէս կը փոփոխուի, վարչարարութեան ինչպիսի նոր լծակներ կը կիրառուեն, մենաշնորհներից ինչպիսի վտանգներ կը ծագեն: Քանի դեռ ներդրումային մթնոլորտ չի ստեղծուել, Հայաստանը կը մնայ որպէս տրանսֆերտներից (դրամական փոխանցումներէ-Խմբ.) կախուած սպառողական հասարակութիւն:
«Սիվիլնեթ»