
ԵՐԵՒԱՆ, «Թերթ».– Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ահմետ Տաւութօղլուի Հայաստան կատարած վերջին այցելութեան ընթացքին Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանի հետ ունեցած հանդիպման ընթացքին քննարկուած է Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին վերաբերող հարցեր, բայց, ինչպէս 22 Յունուարին լրագրողներուն հետ ունեցած հանդիպումին ընթացքին նշեց նախարար Նալբանդեան, Թուրքիան հայ-թուրքական յարաբերութիւններու կարգաւորման հարցին մէջ ունեցած դիրքորոշումը չէ փոխած:
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը եկել էր եւ կրկնում էր այն, ինչ ասել էր ինձ 3-4 տարի առաջ եւ դրա պատճառով կասեցուեցին յարաբերութիւնների կարգաւորման քայլերը եւ գործընթացը», յայտնեց նախարարը:
«Ես իրենց ասացի՝ 4 տարի առաջ ես ձեզ ասել եմ նոյնը, դուք հիմա վերադարձել էք ու կրկնում էք ձեւացնելով դուք ուզում էք եւս 3-4 տարի կամ աւել կորցնե՞նք: Կը սպասենք, երբ որ Թուրքիան պատրաստ կը լինի առանց նախապայմանների յարաբերութիւնները կարգաւորել Հայաստանի հետ, եւ դա դիրքորոշում է, որը աջակցութիւն է վայելում միջազգային հանրութեան կողմից», նշեց նախարարը:
Պատասխանելով այն հարցումին, թէ ի՞նչ կրկնած է Ահմետ Տաւութօղլուն՝ Էդուարդ Նալբանդեան պատասխանեց, որ խօսքը այն մասին է, որ Հայաստանը կը սպասէ, թէ Թուրքիան, ե՛րբ պատրաստ պիտի ըլլայ առանց նախապայմաններու յարաբերութիւններու հաստատման:
«Դա նշանակում է, որ շարունակւում են նախապայմանները, չնայած նախապայմաններ չկայ: Նրանք խօսում են նախապայմանների լեզուով՝ թէ՛ հրապարակայնօրէն, թէ՛ այնպէս: Այդ մօտեցմամբ անհնար է առաջ շարժուել», նշեց ան։
«Մնացած մանրամասները դիւանագիտական հանդիպումների ժամանակ հրապարակումներ են լինում այդ հանդիպումների վերաբերեալ երկուստեք պայմանաւորուածութեան մասին, եւ դրանք չեն խախտւում: Ես արդէն ասացի այն, ինչ ասացի, դրա մէջ բաւական մանրամասներ կան», աւելցուց Էդուարդ Նալբանդեանը:
Նախարար Նալբանդեան նաեւ անդրադարձաւ Հայաստանին՝ «Ժընեւ-2» համաժողովին չմասնակցելուն։ «Մի քանի հարցումներ են եղել այդ կապակցութեամբ ՄԱԿում մեր ներկայացուցչին, եւ իրենք բացատրութիւնը տուեցին, թէ ով է հրաւիրուած։ «Ժընեւ-2»ով սկսւում է գործընթաց, եւ մենք մեծ ակնկալիքներ ունենք, ինչպէս նաեւ միջազգային հանրութիւնը: Կարծում եմ, որ համաժողովը շարունակութիւն կ՛ունենայ եւ կը բերի հարցերի լուծման», նշեց ան։