ՍԱՄՈՒԷԼ ԱՒԱԳԵԱՆ

ՀՀ կառավարութեանն առընթեր պետեկամուտների կոմիտէի նախագահ Գագիկ Խաչատրեանի անուան հետ կապուած են մի շարք ընկերութիւններ: Դրանց սեփականատէրերը կա՛մ Գագիկ Խաչատրեանի ընտանիքի անդամներն են, կա՛մ՝ մօտ ազգակաները: ՊԵԿը հրապարակել է 2013թ. խոշոր հարկատուների ցանկը, ուստի փորձենք ներկայացնել, թէ Գ. Խաչատրեանի հետ կապուած ընկերութիւններն ինչպէ՞ս են վճարում հարկերը:
Խոշորագոյն հարկատուն այդ ցանկում հեռահաղորդակցութեան ոլորտի «Իւքոմ» ընկերութիւնն է (բաժնեմասերի 41 տոկոսը պատկանում է Գ. Խաչատրեանի հօրեղբօր տղային՝ Արամ Խաչատրեանին): «Իւքոմ»ը 2013թ. վճարել է 1.35 մլրդ. դրամ հարկ եւ հանրապետութեան խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 89րդ հորիզոնականը: 2012թ. համեմատ «Իւքոմը» պակաս է վճարել մօտ 200 մլն. դրամ (53րդ հորիզոնականից իջել է մինչեւ 89րդ հորիզոնական): Հարկ է նշել, որ «Իւքոմ»ի մօտ հարկերը նուազել են աւելացուած արժէքի հարկի գծով, սակայն շահութահարկի ու եկամտահարկի գծով առկայ է վճարումների աճ:
Յաջորդ խոշոր ընկերութիւնը շոկոլադի ու սննդի ներմուծմամբ զբաղուող «Մեգաֆուդ»ն է, որը նոյնպէս պատկանում է Արամ Խաչատրեանին, սակայն 100 տոկոսով: «Մեգաֆուդ»ը խոշոր հարկատուների ցանկում 138րդ հորիզոնականում է՝ վճարելով 864 մլն. դրամ: Նախորդ տարուայ համեմատ «Մեգաֆուդ»ը աւելի է վճարել մօտ 150 մլն. դրամ: «Մեգաֆուդ»ն այն ընկերութիւններից է, որ շատ փոքր շահոյթ է ցոյց տալիս (շահութահարկի գումարը մօտ 30 մլն. դրամի սահմանում է):
Գ. Խաչատրեանն ունի սննդի ներկրմամբ զբաղուող եւս մէկ ընկերութիւն՝ «Ապէյրոն», որը պատկանում է իր տղաներին՝ Գուրգէն եւ Արտեոմ Խաչատրեաններին: Այս ընկերութիւնն ինչ որ առումով վերադաս է նաեւ նախորդին՝ «Մեգաֆուդ»ին: «Ապէյրոն»ը 2013թ. վճարել է 452 մլն. դրամ եւ խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 247րդ հորիզոնականը: Նախորդ տարուայ համեմատ վճարած հարկի ծաւալը գործնականում չի փոփոխուել: Այս ընկերութիւնը 2013թ. մի փոքր աւելի շահոյթ է ցոյց տուել՝ վճարելով 55 մլն. դրամ շահութահարկ ու եկամտահարկ նախորդ տարուայ 33 մլն. դրամի համեմատ:
«Միցուբիշի» մեքենաների ներկրմամբ զբաղուող «Մեգամոթորս» ընկերութիւնը եւս պատկանում է Արտեոմ եւ Գուրգէն Խաչատրեաններին: 2013ին այս ընկերութիւնը վճարել է 180 մլն. դրամ հարկ՝ զբաղեցնելով 585րդ հորիզոնականը: Նախորդ տարուայ համեմատ «Միցուբիշի»ները հաւանաբար աւելի վատ են իրացուել՝ հարկերի վճարումը նուազել է մօտ 25 մլն. դրամով: Սակայն, շահութահարկի ու եկամտահարկի ծաւալները կրկնապատկուել են՝ կազմելով 26 մլն. դրամ:
Սպորտային ապրանքների իրացմամբ զբաղուող «Մեգասպորտ» ընկերութիւնը (պատկանում է Գ. Խաչատրեանի հօրաքրոջ տղային՝ Արմէն Նազարեանին) 2013թ. վճարել է 153 մլն. դրամ՝ զբաղեցնելով 665րդ հորիզոնականը: Նախորդ տարուայ համեմատ աւելի է վճարուել մօտ 14 մլն. դրամ՝ հիմնականում ի հաշիւ ուղղակի հարկերի, թէեւ դրանց տեսակարար կշիռը շատ փոքր է:
Ինչ վերաբերում է «Խրոնոգրաֆ» ժամացոյցների խանութ-սրահին, ապա այն 1000 խոշոր հարկատուների ցանկում բացակայում է: Այդ ընկերութիւնը պատկանում է Գ. Խաչատրեանի հօրեղբօր տղային՝ Հայկ Խաչատրեանին:
Այսպիսով, Գագիկ Խաչատրեանի հետ կապուած ընկերութիւնները 2013թ. վճարել են մօտ 3 մլրդ. դրամ հարկեր՝ նախորդ տարուայ համեմատ մօտ 60 մլն. դրամով աւելի քիչ: