ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆԵԱՆ

Բարձրաստիճան պաշտօնեաներն իրենց ունեցուածքը յայտարարագրելիս յայտարարագրում են նաեւ իրենց հետ փոխկապակցուած անձանց գոյքն ու դրամական եկամուտները: Ըստ այդմ՝ պարզւում է, որ նախարարների կանանցից ամենահարուստը Գագիկ Բեգլարեանի կինն է:
Գագիկ Բեգլարեանի, նրա տիկնոջ ու որդու եկամուտները, կուտակած դրամները «մրցակցութիւնից» դուրս են թողնում մինչ այդ ամենահարուստ նախարարի «տիտղոսակիր» բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանի ընտանիքին:
Ըստ Գագիկ Բեգլարեանի գոյքի ու եկամուտների 2012թ. յայտարարագրի՝ նա նշուած տարում ունեցել է ընդամէնը 1 մլն. 943 հազար դրամի եկամուտ, որը աշխատավարձն է: Սակայն, նրա հաշուին եղել է 278 մլն. 900 հազար դրամ եւ 92 հազար դոլար: Համեմատութեան համար նշենք, որ նախարարի կուտակած գումարներն աւելի շատ են եղել 2011ին, համապատասխանաբար՝ 282 մլն. 962 հազար դրամ եւ 95 հազար դոլար:
Նախարարի կինը՝ Նունէ Նիկոլեանը, նշուած տարում շահաբաժնից ստացել է 8 մլն. դրամի եկամուտ, սակայն իր հաշուին առկայ դրամական միջոցներն անհամեմատելի են ստացած եկամուտների հետ:
2012թ. նրա հաշուին եղել է 35 մլն. 571 հազար դրամ եւ 3 մլն. 601 հազար դոլար: 2011թ. Նունէ Նիկոլեանի կուտակած դրամական միջոցները եղել են համապատասխանաբար 11 մլն. 571 հազար դրամ եւ 3 մլն. 631 հազար դոլար:
Նախարարի որդին՝ Հրանդ Բեգլարեանը, իր ֆինանսական միջոցներով քիչ է զիջում ծնողներին: 2012թ. նա որեւէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշուին եղել է 71 մլն. 500 հազար դրամ, 718 հազար դոլար եւ 85 հազար եւրօ:
Հրանդ Բեգլարեանը 2011թ. ունեցել է 73 մլն. դրամ, 720 հազար դոլար: Եւրոյով պահուող գումարի չափը եղել է նոյնը՝ 85 հազար: