Յունուարի 24ին, Հոլիվուտի Հայ կենտրոնի սրահում տեղի ունեցաւ «Ասմունքի մրցոյթ»: Մրցոյթի կազմակերպիչներն էին Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհիները՝ տնօրէնուհի Ալինէ Դուրեանի գլխաւորութեամբ: Երեւոյթն արդէն գողտրիկ ու բանաստեղծական հնչողութիւն էր ընդգրկում իր մէջ: Մրցոյթի մասնակիցները 6-8րդ դասարանի աշակերտներն ու աշակերտուհիներն էին: Դատական կազմի անդամներն էին ուսուցչուհիներ Մարիա Գառնիկեան, Անոյշ Էլարեան եւ Սեւան Ինճէյեան:
Բացման եւ ողջոյնի խօսքից յետոյ սկսուեց միջոցառումը: Ծրագիրը բաղկացած էր երկու մասից: Սկզբում մասնակիցները պէտք է արտասանէին Վահան Թէքէեանի «Պիտի Իյնաս» բանաստեղծութիւնը: Աշակերտների յուզաթաթախ ձայների ելեւէջները ընդգծուել էին սրահում, եւ նրանց յուզմունքը փոխանցւում էր սրահում նստած աշակերտներին:
Երկրորդ փուլում՝ մասնակիցները պէտք է արտասանէին իրենց ընտրած բանաստեղծութիւնները: Այստեղ նրանք աւելի համարձակ ու անկեղծ ելոյթ ունեցան: Հետաքրքիր էր բացայայտել աշակերտի եւ ընտրած բանաստեղծութեան հոգեբանական ընդհանրութիւնը: Բանաստեղծութիւններում առկայ էր կարօտ, երջանկութիւն, սէր, յոյս, սպասում: Այս բոլորը աշակերտները հրաշալի կերպով կարողացան փոխանցել հանդիսատեսին: Մրցոյթային մասն աւարտուելուն՝ դատական կազմի անդամներն անցան քննարկման: Նրանց համար շատ դժուար էր ընտրել լաւագոյնը: Մրցոյթի բոլոր մասնակիցներն ստացան շնորհակալագրեր:
Առաջին մրցանակին արժանացաւ 8րդ դասարանի աշակերտուհի Անի Կէմիճեանը, երկրորդ մրցանակակիրն էր 8րդ դասարանցի Թաթիանա Ակուբօղլուն, իսկ երրորդը՝ 6րդ դասարանի աշակերտուհի Ճեսիքա Տէյրմէնճեանը: Մրցոյթը ամփոփուեց Պարոյր Սեւակի «Որդուս» բանաստեղծութեամբ: Սրահում նստած աշակերտները շատ խանդավառուած էին:
Նմանօրինակ միջոցառում առաջին անգամն էր կազմակերպւում Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանում, սակայն այդ օրուայ բացառիկ ոգեւորութիւնը պիտի գրաւական լինի հերթական ասմունքի մրցոյթի համար: Արդէն իսկ ակնյայտ է, որ յաջորդ միջոցառմանը մասնակիցներն աւելի հետաքրքիր եւ համարձակ ելոյթներով պիտի հիացնեն հանդիսատեսին:
(Հաղորդագրութիւնը՝
Վարժարանէն)