ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչին դէմ հասարակութեան ընդվզումը նոր զարգացումներ կ՛արձանագրէ, քաղաքացիական հասունութեան նոր որակ կը հաղորդէ օրինական պայքարին։ Այդ մասին նշուած է Ազգային ժողովի ոչ համաձայնական չորս խմբակցութիւններուն կողմէ հրապարակուած յայտարարութեան մէջ:
«Գիտակցելով, որ իրենց սահմանադրական իրաւունքները ոտնահարւում են, որ նուազում են մարդկանց իրական եկամուտները՝ արդէն ամբողջական աշխատանքային կոլեկտիւներ են բողոքի ակցիաներ կազմակերպում: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի, երկաթուղու, մետրոյի, ելեկտրական ցանցերի աշխատակիցների՝ վերջին օրերի բողոքը սեփական շահերը պաշտպանելու մեր քաղաքացիների վճռականութեան դրսեւորումն են: Շատ կարեւոր է, որ «Դէմ եմ» նախաձեռնութեան անդամները կանգնած են նրանց կողքին, ինչը քաղաքացիական հասունութեան նոր որակ է հաղորդում օրինական պայքարին:
Հայաստանի Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցութիւնները անթոյլատրելի ու դատապարտելի են համարում Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտէի՝ իրենց լիազօրութիւնները գերազանցող մեկնաբանութիւններն ու պարզաբանումները, որոնք հակասում են Սահմանադրական դատարանի յայտնի որոշմանը:
Մենք ակտիւ, պայքարող, գիտակից քաղաքացիներին, երիտասարդներին կոչ ենք անում աւելի լայն թափով ու կազմակերպուածութեամբ շարունակել պայքարը: Բոլոր գործատուներին յորդորում ենք՝ հետեւել Սահմանադրական դատարանի իրաւական պահանջին, բացառել աշխատակիցների հանդէպ ճնշումներն ու սպառնալիքները:
Մենք համոզուած ենք՝ միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դէմ ահագնացող շարժումը կը ստիպի իշխանութիւններին սթափուել, ետ կանգնել հասարակութեան ու իւրաքնաչիւր քաղաքացու իրաւունքներն ու շահերը ոտնահարող, վստահութեան խոր ճգնաժամ առաջացնող գործելաոճից:
Մենք վստահ ենք՝ միայն հզօր շարժման առկայութեամբ է հնարաւոր հասնել Սահմանադրական դատարանի՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչող որոշմանը:
Մենք ամբողջովին սատարում ենք մեր քաղաքացիների արդարացի շարժմանը եւ պատրաստ ենք անմիջական մասնակցութեամբ շարունակել պայքարը մինչեւ յաղթանակ», նշուած է յայտարարութեան մէջ, զոր ստորագրած են «Բարգաւաճ Հայաստան», «Ժառանգութիւն», Հայ Ազգային Կոնգրես եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն խմբակցութիւնները:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.