ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպան æոն Հեֆերնը, Երեւանում կայացած Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովում ելոյթ ունենալով, կողմ է արտայայտուել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նա մանրամասն ներկայացրել է, թէ ինչու է դա կարեւոր ու ճիշդ բարեփոխում համարում Հայաստանի եւ նրա քաղաքացիների համար՝ կրկնելով այն նոյն հիմնաւորումները, որոնք ամիսներ շարունակ ներկայացնում է ՀՀ կառավարութիւնը:
Հեֆերնը Հայաստանի գործազուրկ քաղաքացի չէ, որն իր կենսաթոշակը կուտակելու հնարաւորութիւն չունի: Նա նաեւ պետական ծառայող չէ, որի միջին աշխատավարձը հազիւ բաւարարում է սպառողական նուազագոյն զամբիւղի պահանջներին: Իբրեւ ԱՄՆ քաղաքացի՝ նրա համար չափազանց հեշտ է դասեր տալ Հայաստանում կենսաթոշակային համակարգի լաւ ու վատ կողմերի մասին՝ առաջին հերթին այն պատճառով, որ չունի սեփական պետութեան նկատմամբ այն անվստահութիւնը, որով տառապում է Հայաստանի միջին քաղաքացին: Իսկ այդ միջին քաղաքացին արդէն մի քանի անգամ տեսել է, թէ ինչպէս են ցնդում վառ ապագայի սպասելիքներով տարիներ շարունակ խնայբանկերում կուտակած իր փողերը, թէ ինչպէս են նորաստեղծ բանկերը խաբէութեամբ գողանում իրենց վերջին խնայողութիւնները, թէ ինչպէս է իշխանութիւնը տարատեսակ մեխանիզմներ մոգոնում՝ քաղաքացիների եկամուտներից որքան հնարաւոր է շատ պոկելու եւ բանկերում «պտտեցնելու» միջոցով սեփական շահոյթը մեծացնելու համար: Նրա կառավարութիւնը երբեք չի խորացնում հանրային անվստահութիւնը պետութեան նկատմամբ՝ յայտարարելով, թէ այլեւս չի կարող հոգալ իր կենսաթոշակառուների սոցիալական ապահովութեան խնդիրը, եւ իւրաքանչիւրը պարտաւոր է այլեւս սեփական գլուխը սեփական եղունգով քորել: Նրա կառավարութիւնը որեւէ բարեփոխում չի հիմնաւորում այս կամ այն ոլորտը կառավարելու հարցում սեփական անկարողութիւնը բացայայտ խոստովանելու միջոցով, ինչպէս, օրինակ, դա անում է Հայաստանի ներկայիս կառավարութիւնը՝ նիրվանային հանգստութեամբ յայտարարելով, թէ համակարգի ներդրման պատճառն այն է, որ Հայաստանը ծերանում է: Որեւէ երկրում ժողովրդագրական նման տենդենցներն առնուազն անմիջապէս կը հռչակուէին ազգային ու պետական անվտանգութեան սպառնալիք: Մինչդեռ ՀՀ կառավարութեան աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչէ Գաբրիէլեանը հրապարակաւ՝ Հանրային հեռուստաընկերութեան եթերից, ասում է, որ այս պայմաններում կուտակային համակարգի ներդրման ցանկացած ուշացած օր աւելի է մեծացնում պետութեան կենսաթոշակային բեռը, եւ որ կուտակային համակարգի ներդրումն ուղղուած է պետութեան ուսերին մեծացող այդ բեռը թեթեւացնելուն: Իր երկրում Հեֆերնը հաստատ, որեւէ նախարարի նման ուղերձից յետոյ կ՛եզրակացնէր, որ կառավարութեան համար էականը ոչ թէ հասարակութեան ծերացման դէմն առնելն է, որի յաղթահարման որեւէ հայեցակարգ զուգահեռաբար չի ներկայացւում, այլ դրա հետ համակերպումը՝ առնուազն 30-40 տարուայ կտրուածքով:
Բայց այստեղ էականն այն չէ, թէ ինչպէս է ԱՄՆ դեսպանը հիմնաւորում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու անհրաժեշտութիւնը, այլ ի պաշտօնէ նման տեսակէտ արտայայտելու իրողութիւնը: Համաժողովը, որի ընթացքում Հեֆերնն արել է այդ յայտարարութիւնը, ըստ էութեան, բացառապէս քարոզչական նշանակութիւն ունէր, որի նպատակը կառավարութեան իրականացրած կենսաթոշակային ռեֆորմին (բարեփոխութեան-Խմբ.) միջազգային ֆինանսական կառոյցների եւ երկրների աջակցութիւնը ցուցադրելն էր, այսպէս կոչուած՝ դրա արտաքին լեգիտիմութեան (օրինականութեան-Խմբ.) ապահովումը: Բայց, ի տարբերութիւն համաժողովի միւս՝ այդ կազմակերպութիւնները ներկայացնող մասնակիցների, Հեֆերնը մասնագէտ չէ եւ համաժողովին չէր մասնակցում որպէս կենսաթոշակային համակարգի փորձագէտ: Նրա գնահատականներն ու մեկնաբանութիւնները քաղաքական նշանակութիւն ունեն եւ, որպէս այդպիսիք, առնչւում են այլ երկրի ներքին գործերին միջամտելու՝ դիւանագիտական էթիկետին: Սա Հայաստանում գործող դիւանագիտական կորպուսների ղեկավարների, ինչպէս նաեւ օտարերկրեայ չինովնիկների (պետական պաշտօնեաներու-Խմբ.) համար արդէն սովորական գործելակերպ է: Հեֆերնի նախորդը՝ Մերի Եովանովիչը, օրինակ, «արաբական գարնան» շրջանում՝ 2011թ. Փետրուարին, Հայաստանի երիտասարդութեանը գործելու եւ «սարեր շրջելու», ըստ էութեան, յեղափոխական կոչ էր հնչեցնում: Գերմանիայի դեսպան Հանս Եոհեն Շմիդտը բարձրանում էր ընդդիմութեան հանրահաւաքների հարթակ՝ «լաւ տեսնելու» նպատակով, իսկ Լեհաստանի դեսպան Զդիսլաւ Ռաչինսկին հրապարակաւ յայտարարում էր Հայաստանում անպատժելիութեան առկայութեան մասին: Դեսպանների այս քաղաքական մարաթոնը դարձել է օրինաչափ Հայաստանի իշխանութիւնների կողմից երկակի ստանդարտներ կիրառելու պատճառով: Մի դէպքում, օրինակ, կարող են դեսպանին հրաւիրել ԱԳՆ եւ ընկերաբար խնդրել աւելի զուսպ լինել: Իսկ նախագահը կարող է Հայաստանում որոշ «օտարերկրեայ բարձրաստիճան դինաւագէտների» «նորաթուխ բլոգեր» անուանել՝ նրանց բաց տեքստով, անհաճոյ գնահատականների համար: Բայց միւս դէպքում, երբ, ասենք, Եւրապառլամենտում ամենամեծ կուսակցութեան՝ ԵԺԿ նախկին ղեկավար Վիլֆրեդ Մարթենսը Բրիւսելից այն ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսեանի օգտին բացայայտ ու ապօրինի քարոզչութիւն էր իրականացնում, դա ընդունում էին որպէս հաճոյախօսութիւն: Հեֆերնը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերեալ դիտարկումներով եւս շոյում էր իշխանութեան գլուխը: Պարզ է, որ նրան ոչ ոք դրա համար ո՛չ «նորաթուխ բլոգեր» կ՛անուանի, ո՛չ էլ ԱԳՆ կը կանչի: Այնպէս որ՝ նա եւ նրա միւս կոլեգաները ազատ են՝ շարունակելու Հայաստանի ազգաբնակչութեանը խելք սովորեցնելու իրենց առաքելութիւնը:
«Երկիր»