
ԵՐԵՒԱՆ, «Ռադիոլուր».– «Դէպի Չարենց տանող ճանապարհն այսօր էլ կանաչ է, նրան դեռ սիրում ու կարդում են, սակայն ժամանակն է, որ Չարենցին ամբողջութեամբ ճանաչենք՝ իր բոլոր դրսեւորումներով», 13 Մարտին ըսած է գրականագէտ, չարենցագէտ Դաւիթ Գասպարեանը: Անոր համաձայն՝ 13 Մարտը գրականութեան ու բանաստեղծութեան տօն է, քանի որ կը նշուի ոչ միայն մեծ բանաստեղծին ծննդեան օրը, այլ նաեւ տարին ինչ որ առումով յոբելենական է, արդարեւ, հարիւր տարի առաջ լոյս տեսած է Եղիշէ Չարենցի առաջին ժողովածուն՝ «Երեք Երգ Տխրադալուկ Աղջկան»: Անոր ստեղծագործական կեանքը տեւեց ընդամէնը 25 տարի, բայց անիկա չափազանց հարուստ էր ու բազմաբովանդակ: «Ինչպէս ասում էր Վարուժանը՝ սիրում էր փոխել լարերը, մի Չարենցին անընդհատ նոր Չարենց էր յաջորդում։ Չարենցը բարդ կերպար էր», յայտնած է գրականագէտ Դաւիթ Գասպարեանը՝ աւելցնելով. «Նա որքան դէպի Աստուած էր գնում, նոյնքան էլ ձգտում էր դէպի երկրի ընդերքը»:
Չարենցագիտութիւնը մեր գրականագիտութեան այն ճիւղն է, որ առաւել բորբոք է այսօր: Մեր գրական անդաստանին մէջ չենք գտներ ոեւէ այլ հայ հեղինակ, որ աւելի մեծ հետաքրքրութիւն յառաջացուցած է հանրութեան մէջ եւ աւելի կենդանի ներգործութիւն ունեցած է հայ բանաստեղծութեան վրայ, որքան ան: «Դէպի Չարենց բերող ճանապարհներն էլ այսօր կանաչ են, աշակերտներն ու ուսանողները սիրում եւ կարդում են նրան: Այդուհանդերձ ընթերցողը Չարենցին մակերեսօրէն գիտի, շատերի համար նրա պօէզիան սահմանափակւում է միայն «Ես իմ անուշ Հայաստան»ով, բայց ժամանակն է, որ նրան ամբողջութեամբ ճանաչենք՝ իր բոլոր դրսեւորումներով», մատնանշած է գրականագէտը:
«Ինքը հանճարն էր, ժամանակի տէրն ու պատասխանատուն, ոչ ոքի վրայ յոյսը չէր դնում, եւ կռիւն էր ինքը մղում եւ հաշտութեան դրօշն էր պարզում», ըսած է Գասպարեան:
Կենսագրական տուեալները հաւանաբար լաւագոյնս կը բնորոշեն Եղիշէ Չարենցը. ըստ գրականագէտին յատկանշական է ընտանեկան խմբանկարը, ուր Չարենցը մօտաւորապէս 10 տարեկան է, կանգնած է ձիգ, հպարտ, սխրանքի պատրաստ: «Սխրանքի պատրաստ այդ տղան էր, որ կարողացաւ 17 տարեկանում գիրք հրատարակել Կարսի պէս փոշոտ, կորած քաղաքում, իսկ յաջորդ տարին կամաւոր գրուեց ու գնաց հասաւ մինչեւ Վան: Չարենցի կերպարի ամենախրոխտ դրսեւորումներից մէկը. 1936 թուականի Օգոստոսի 9ին շատերին ձերբակալեցին, Չարենցին՝ դեռ ոչ: Նրան յետոյ ձերբակալեցին ու դաժան հարցաքննութեան ենթարկեցին: Խօսք կորզելու համար նրան ասում էին, որ մտերիմ ընկերներն իր մասին վատ բաներ են ասել: Իսկ Չարենցն ընդդիմանում էր ու ասում՝ սուտ է, այդ դուք էք յօրինել: Այս սխրանքով էլ նա գնաց մինչեւ մահ», յայտնած է Գասպարեան, որ խօսած է նաեւ Գուրգէն Մահարիի մասին, որ ոմանց կարծիքով մասնակցած է Չարենցի ձերբակալման գործին:
«Մահարին ամենանուիրուածն է եղել Չարենցին», հաստատած է ան։
«Իր մեծութեամբ հանդերձ Չարենցն, այդուամենայնիւ, մնաց հայ գրականութեան նեղ սահմաններում ու չդարձաւ համաշխարհային գրականութեան մասը, ինչին իրաւամբ արժանի էր, ինչո՞ւ», հարցումին ի պատասխան Դաւիթ Գասպարեան ըսած է. «Արդեօք Նարեկացին Դանթէին զիջում է, բայց աշխարհը գիտի Դանթէին, իսկ Նարեկացուն՝ ոչ: Ոչ թէ մեր գրողներն են փոքր, այլ այն պատուանդանը, որի վրայ նրանք կանգնում են: Այն կոչւում է հայ, Հայաստան, հայութիւն»: