«ԴՐՕՇԱԿԻ»
Ապրիլի երեքի առաւօտեան Հանրապետութեան վարչապետը անց էր կացնում կառավարութեան ամենշաբաթեայ նիստը, եւ դժուար էր ենթադրել, որ նոյն օրուայ երեկոյեան կը յայտարարուի վերջինիս հրաժարականի մասին: Այն էլ, ըստ իր ցանկութեան, եւ այն էլ դեռեւս մէկ ամիս առաջ, հանրապետութեան նախագահին գրած հրաժարականի դիմումի համաձայն: Տեղի ունեցածի վերաբերեալ ծայր առած մեկնաբանութիւններում, որպէս հրաժարականի իրական պատճառներ, նշւում են եւ դեռ նշուելու են կառավարութեան ծրագրի տապալումը, նախորդ տարուայ համար նախանշուած 7 տոկոս տնտեսական աճի չապահովումը, Տ. Սարգսեանի անձի հետ կապուող օֆշորային սկանդալը, ինչպէս եւ «Նաիրիտ»ի ու այլ աղմկոտ պատմութիւնների հետ նրա առնչութիւնը, ընտրութիւններում երկրորդ տեղ գրաւած այլընտրանքային ուժի հիմնական առանցքային պահանջը, Մաքսային միութեանը մաս կազմելու հարցում վերջինիս անհամաձայնութիւնները, հասարակական դժգոհութեան ալիք բարձրացրած պարտադիր կուտակային կենսաթոշակի գաղափարական դրօշակակիրը լինելը, ընդդիմադիր քառեակի կողմից նախաձեռնած հրաժարականի պահանջով նոր արշաւը, որի շրջանակում նախատեսւում էր հանրապետութիւնում հանրահաւաքների ալիք ծաւալել: Յիշենք նաեւ, որ վարչապետը մշտապէս գտնւում էր հասարակական-քաղաքական քննադատութեան առանցքում, եթէ կոնկրետ առիթ էլ չլինէր, ապա հանրապետութեան սոցիալ-տնտեսական վիճակի համար նրա հասցէին ուղղուող հիմնական (եթէ չասենք ամենահիմնական) մեղադրանքների պատճառով:
Վարչապետի հրաժարականի մասին տեղեկութիւնը հրապարակուեց մեզանում աւանդոյթի ուժ ստացող ձեւով՝ Հանրապետական կուսակցութեան գործադիր մարմնի նիստից յետոյ՝ ԱԺ եւ ՀՀԿ խօսնակ Էդուարդ Շարմազանովի կողմից: Շարմազանովի խօսքի հիմնական շեշտադրումն այն էր, որ հրաժարականի համար վարչապետը նախապէս դիմել էր, եւ որ այն ունի զուտ անձնական դրդապատճառներ: Այլ խօսքով, միտք բանին այն էր, թէ տպաւորութիւն չստեղծուի, որ նախագահը, յեղափոխութիւնների այս խառը ժամանակներում, տեղի տուեց ընդդիմադիր ուժերի ու քաղաքացիական հասարակութեան ճնշմանը:
Յայտնի է, որ վարչապետի հրաժարականի պահանջը, Հայաստանի ներքաղաքական դաշտում, հնչում էր վաղուց եւ օրինակ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից այն մէկ անգամ արդէն ներկայացուել էր խորհրդարանական քննարկման:
Ճշմարտութիւնը պահանջում է արձանագրել, որ հետեւողական բնոյթ ստացած այս պահանջի նկատմամբ հանրութեան մէջ նաեւ թերահաւատ տրամադրութիւններ կային: Չի կարելի չհամաձայնուել այն մարդկանց հետ, ովքեր ասում են, որ գործադիր իշխանութեան գործունէութեան հիմնական պատասխանատուն հանրապետութեան նախագահն է եւ ուրեմն արմատական խնդիրների արմատական լուծման համար ինչու չի դրւում հէնց նախագահի հրաժարականի պահանջը: Սրանից էլ հետեւութիւն էր արւում յաճախ այն մասին, թէ որքանով է անկեղծ իշխանութեան դէմ ուղղուած՝ ընդդիմադիր գործունէութեան այսպիսի մարտավարութիւնը: Չենք մոռացել, որ նոյն բանն ասւում էր նաեւ հայ-թուրքական արձանագրութիւնների առիթով՝ Դաշնակցութեան կողմից արտգործնախարարի հրաժարականի պահանջի ժամանակ:
Պէտք է ընդունել, որ համապետական ընտրութեամբ ընտրուած նախագահի հրաժարականը նշանակում է իշխող ուժի արմատական փոփոխութիւն: Սա այն պարագայում, երբ խորհրդարանական մեծամասնութիւնն արդէն իսկ ներկայացնում է այդ նոյն նախագահին: Ի տարբերութիւն համապետական ընտրութեամբ ընտրուած երկու բարձրագոյն ինստիտուտների, կառավարութիւնը նշանակովի է, եւ նրա ամբողջական կազմի կամ առանձին անդամների փոփոխութիւնը, ո՛չ քաղաքական պատկերի փոփոխութիւն է նշանակում, ո՛չ հակասութիւններ՝ նրա ներսում եւ ոչ էլ արմատական փոխատեղութիւններ՝ մէկ կողմի կամաւոր զիջումների հիման վրայ: Շեշտում ենք կամաւորի հանգամանքը, որովհետեւ հակառակ պարագայում դրան պէտք է հասնել յեղափոխութեան կամ յեղաշրջման ճանապարհով, իսկ վերջինս որքան է հնարաւոր, իրատեսական ինչպէս եւ թոյլատրելի մեր երկրի համար, արժէ քննել սթափ մտքով եւ ոչ տաք սրտով ու գրգռուած ջղերով: Ի դէպ, հաւանաբար ենթագիտակցական բնազդն է հէնց թելադրում, որ հերթական ընտրութիւնների ժամանակ համընդհանուր ակտիւութիւն դրսեւորող մեր հասարակութիւնը, չնայած համընդհանուր դժգոհութեանը, ընտրութիւնների միջեւ ընկած ժամանակահատուածում դառնում է խիստ կրաւորական դերակատար:
Վերադառնալով բուն ասել ասելիքին արձանագրենք, որ վարչապետի, կառավարութեան կամ առանձին նախարարի հրաժարականի խնդիրը առաջ քաշելով՝ ընդդիմութիւնը նախ եւ առաջ առաջադրում է հեշտ լուծելի մի հարց, որը տեղի է ունենում ընդամէնը նախագահի համաձայնութեամբ, լիովին տեղաւորւում է ժողովրդավարութեան կանոնների մէջ, ինչպէս եւ ընդհանուր պրակտիկա է ամբողջ աշխարհում: Այնքան սովորական մի բան, որ կառավարման ժամանակահատուածում այդ քայլին երկրի ղեկավարները դիմում են երբեմն մի քանի անգամ՝ դրանով չփաստելով իրենց թուլութիւնը, նահանջը, ձախողումը, եւ չխաթարելով սեփական վարկը: Այլ միանգամայն հակառակը: Անցնող շրջանում առաջադրելով հրաժարականի պահանջ, ըստ էութեան ընդդիմութիւնը առաջարկում եւ, ինչու ոչ, տալիս էր նախագահին հնարաւորութիւն՝ անցաւ կերպով սրբագրելու կատարուած սխալները եւ որդեգրելու կուրսի, գործելակերպի փոփոխութիւն: Կարելի է յիշել, որ նոյն հայ-թուրքական գործընթացի տաք օրերին, Թուրքիայի իշխանութիւնը, արտգործնախարար Բաբաջանին փոխարինեց Դաւութօղլուով: Եւ կարծես ոչ մէկի մօտ խնդիր չառաջացաւ, թէ այդպիսի պահին ինչպէս ու ինչու նման քայլ կատարուեց: Մենք չգիտենք այդ քայլն ինչու կատարուեց, սակայն մեր նախարարի փոփոխութիւնը կարող էր առիթ ընձեռնել հրաժարուելու վտանգաւոր արձանագրութիւններից: Նոյն կերպ ազատուելով ակնյայտօրէն անարդիւնաւէտ գործող կառավարական կաբինետից ու մասնաւորապէս նրա ղեկավարից կարելի էր կատարել կուրսի փոփոխութիւն՝ նկատի ունենալով հէնց այն հիմնական թերութիւններն ու սխալները, որոնք եւ ստեղծուած իրավիճակի պատճառն էին դարձել: Ի վերջոյ, նոր իրողութիւնների պայմաններում մենք պէտք է սովորենք նաեւ հաշուի նստել հասարակութեան իրական (ոչ թղթի վրայ նկարուած) տրամադրութիւնների հետ անկախ այն բանից, թէ այդ տրամադրութիւնների ստեղծած էներգիան որքանով է սպառնում սեփական աթոռի անսասանութեանը: Պէտք է նոր ժամանակների խաղի կանոնի վերածուի այն սկզբունքը, որ եթէ ժողովրդի 80 տոկոսը ինչ որ բանի դէմ է, ապա չի կարելի անել այդ բանը: Անկախ նրանից, կարող ես յաջողութեամբ գլուխ բերել ցանկութիւնդ թէ ոչ: Ինչպէս նաեւ անկախ այն բանից, որ կարող ես համոզուած լինել, թէ դու աւելի ճիշդ ես, քան դիմացիդ մեծամասնութիւնը:
Քանի որ ցայտուն օրինակները աւելի պարզորոշ են ուրուագծում երեւոյթը, այդպիսի մի օրինակի անդրադառնանք: Շարլ դը Գոլը Ֆրանսիայի կենդանի լեգենդն էր ֆրանսիական դիմադրական շարժման առաջնորդը, պատերազմի հերոս, մեծագոյն ռազմաքաղաքական գործիչ: Նա երկու անգամ ընտրուել էր երկրի նախագահ: Գտնուելով բարձրագոյն պաշտօնին, 1969 թուականին, դը Գոլը նախաձեռնեց հանրաքուէ՝ սենատի վերակառուցման եւ երկրի վարչատարածքային բարեփոխման հարցերով: Նախագիծը ժողովրդի մեծամասնութեան հաւանութեանը չարժանացաւ, որից յետոյ դը Գոլը հրաժարական տուեց եւ ընդմիշտ հեռացաւ քաղաքականութիւնից: Նա համոզուած էր, որ ճիշդ քայլ է ձեռնարկել, բայց քանի որ ժողովուրդն իրեն չաջակցեց, յետագայ պաշտօնավարումը համարեց աննպատակայարմար: Այսպիսի երեւոյթները ժողովրդավար երկրների համար դարձել են բնականոն վարքագիծ, չգրուած օրէնք: Հէնց այս օրերին, նոյն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փոխեց կառավարութեան կազմը, քանի որ իր կուսակցութիւնը պարտուել էր տեղական ընտրութիւններում եւ հետեւաբար, ակնյայտ էր դարձել ուժերի նոր յարաբերակցութիւնը: Գուցէ եւ մենք դեռ հեռու ենք «այսքան ժողովրդավարութիւնից», բայց միւս կողմից ամէն համակարգ ունի իր ներդաշնակ կառոյցը, եւ հնարաւոր չէ լինել ե՛ւ ավտորիտար, ե՛ւ ժողովրդավար, քաղաքական բազմակարծութեան կարգախօսով, բայց միակուսակցական կառավարման գործելակերպով:
Թող մեր իշխանութիւնը այլ պատճառներ ներկայացնի, իսկ մենք ընդունենք, որ այնուամենայնիւ նախագահը հաշուի նստեց հասարակական-քաղաքական կարծիքի հետ՝ փոխելով վարչապետին, ինչպէս եւ կառավարութեան փոփոխութեան բնական նախադրեալներ ստեղծելով: Այժմ նախագահին հնարաւորութիւն է ընձեռուել իրապէս բարեփոխելու գործադիր իշխանութիւնը: Ինչպէս կ՛օգտուի նա այդ հնարաւորութիւնից՝ ցոյց կը տայ նոր նշանակումը (կամ նշանակումները):
Եթէ այդ գործընթացը չկրեց սկզբունքային բնոյթ, ի դէմս այլ կարողութեան, այլ վարքի ու մտածողութեան տէր կադրերի առաջքաշման, կը նշանակի որ տեղի է ունեցել սոսկ անձնաւորուած եւ ենթակայական բնոյթ կրող տեղափոխութիւն: Այսինքն կը նշանակի նախագահը չօգտուեց իր իսկ ստեղծած հնարաւորութիւնից: Նախագահը այդպէս էլ չսովորեց հաշուի նստել հասարակական ձգտումների հետ եւ մեր ժողովրդին ու հետընթացի մէջ գտնուող երկրին ոչ մի լուսաւոր հեռանկար չի սպասւում: Բայց համբերենք՝ խուսափելով վատատեսական կանխագուշակումներից: Սպասենք ակնկալելով, որ քաղաքական հնարաւորութիւնը չի մսխուի մանր հաշիւների մէջ: