
ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Այլեւս նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանի հրաժարականից անցել է չորս օր: Եւ, չնայած դրան, լայն հասարակութիւնն առ այսօր դեռեւս չգիտի, որն էր 6ամեայ պաշտօնավարումից յետոյ հանրապետութեան՝ սահմանադրօրէն երրորդ դէմքի՝ վարչապետի հրաժարական տալու բուն պատճառը: Պաշտօնապէս այդ հրաժարականն առհասարակ չպատճառաբանուեց: Ինքը՝ վարչապետը, ֆէյսբուքեան գրառման մակարդակով դա բացատրեց նրանով, թէ որոշումը, որը կայացրել էր դեռեւս այս տարուայ Փետրուարին, «հասունացած էր եւ խորը գիտակցուած»:
Թէ ինչո՞ւ հրաժարական տալու անհրաժեշութիւնը յատկապէս այդ պահին հասունացաւ, արդեօք դա ֆիզիքական ու հոգեբանական յոգնածութեան, ձախողման, այլ, աւելի լաւ աշխատանքային առաջարկ ստանալու հետեւա՞նք էր, թէ կային ներքաղաքական կամ գուցէ նաեւ աշխարհաքաղաքական ուրիշ դրդապատճառներ: Ոչ մի բառ, ոչ մի ակնարկ վարչապետը չարեց: Կառավարութիւնում անգամ չէին բարեհաճել պաշտօնական կայքում Տիգրան Սարգսեանի հրաժարականի մասին տեղեկատուութիւնը հրապարակել:
Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն անցած Ուրբաթ Կենտրոնական բանկ կատարած այցի ժամանակ ընդամէնը նշեց, որ վարչապետի հրաժարականը ոչ թէ պարտադրանքի հետեւանք էր, այլ իսկապէս հրաժարական, եւ որ դա պայմանաւորուած չէր ինչ որ քաղաքական ուժերի կողմից գործադրուող ճնշումներով: Նախագահը, փաստօրէն, նախընտրեց խօսել ոչ թէ Տիգրան Սարգսեանի հրաժարականի պատճառների, այլ միայն դրա որակումների մասին, ինչի ողջ նպատակը այդ հրաժարականի ներքոյ իշխանութեան թուլութիւնը, զիջման գնալու հակուածութիւնը տեսնելու հնարաւորութեան չէզոքացումն էր:
Հանրութեանը նման առանցքային, ըստ էութեան, պետական նշանակութեան որոշումների կապակցութեամբ որեւէ բացատրութիւն չտալը հայաստանեան պետական կառավարման եւ կադրային քաղաքականութեան մշակութային տիպիկ առանձնայատկութիւններից է: Դրա փիլիսոփայական հենքը բուն հանրային կարծիքի վրայ թքած ունենալու իրողութիւնն է: Եթէ այդ կարծիքը հաշուի չի առնւում նշանակումները կատարելիս, այս կամ այն առանցքային պոստերում կադրեր առաջադրելիս, ո՞վ է ասել, որ պէտք է հաշուի առնուէր հրաժարականներն ընդունելիս:
Բայց այս դէպքում հիմնական պատճառը վարչապետի պաշտօնին ոչ թէ պետական, այլ բացառապէս կուսակցական կամ, աւելի ճիշդ, նեղ խմբային նշանակութիւն տալն է: Այդ պատճառով է վարչապետի հրաժարականի մասին յայտարարւում ոչ թէ պետական ինստիտուտների մակարդակով, այլ ընդամէնը՝ ՀՀԿ խօսնակի, եւ ոչ թէ քաղաքական կոնսուլտացիաների (խորհրդակցութիւններու-Խմբ.) արդիւնքում, այլ ընդամէնը՝ ՀՀԿի գործկոմի հերթական նիստի: Բոլոր առանցքային պաշտօններում, առաջին հերթին, որքան էլ ողբերգական հնչի, ԱԺ նախագահի եւ վարչապետի, բոլոր առաջադրումների եւ դրանցից հրաժարականների հարցը որոշւում է տնավարի՝ ընտանիքի հայրը որոշում է, միւսներն, ընդամէնը գլուխները տմբտմբացնելով ու զարմանքից աչքերը չռելով, միայն համաձայնում են:
Տիգրան Սարգսեանի նման փառայեղ հրաժեշտի կազմակերպումը, երբ որեւէ բանի համար պատասխանատուութիւն չկրեց, ուղղակի ակնարկ է, որ թիմը նրան չի ընդունում որպէս ձախողուած վարչապետի, որովհետեւ հակառակը կը նշանակէր խոստովանել, որ ձախողուած են եղել ընդհանապէս անցած վեց տարիները: Եթէ կուսակցականութեան, «ախպերականութեան» տեսանկիւնից սա օրինաչափ մօտեցում է, ապա պետութեան եւ պետական կառավարման տեսանկիւնից՝ ուղղակի ողբերգութիւն: Որովհետեւ նման ընկալման պարտադրման դէպքում առհասարակ չէզոքացւում է պետական նման առանցքային պաշտօններ զբաղեցնողների եւ նրանց սատարող թիմի քաղաքական ու իրաւական պատասխանատուութեան գործօնը:
Պատահական չէ, որ Տիգրան Սարգսեանի հրաժարականի հնարաւոր պատճառների թւում անցած տարիների ձախողումը յիշատակւում է ամենավերջինը, կարծես դա մի այնքան անկարեւոր ու անլուրջ բան է, որ կարելի է նոյնիսկ անտեսել: Ոչ ոք ու առաջին հերթին իշխանութիւնը չի ցանկանում յիշել դեռեւս մէկ տարի առաջ Տիգրան Սարգսեանի կառավարութեանը նախագահի տուած յանձնարարականը՝ 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու պարտադիր պայմանի եւ այն փաստացի ձախողելու մասին: Իշխանութիւնը միտումնաւոր մոռացութեան է տալիս նախագահի՝ ընդամէնը երեք ամիս առաջ արած յայտարարութիւնն այն մասին, որ մինչեւ Ապրիլ կառավարութիւնը պէտք է կոնկրետ հաշուետուութիւն տար այդ յանձնարարականը կատարելու մասով, եւ որ նման հաշուետուութիւն գործադիրն այդպէս էլ չներկայացրեց:
Նման ամնեզիան (յիշողութեան կորուստը-Խմբ.) ոչ միայն օգնում է մոռացութեան տալ թիմի համար գործնականում ամէն վտանգաւորն ու բացասականը, այլեւ դրանց համար պատասխանատուութիւն կրելու անհրաժեշտութիւնը: Ստացւում է, որ կարելի է, ասենք, գալ, թաթախուել օֆշորային սկանդալներում, «Նաիրիտ»ի կոռուպցիոն (եղծուած-Խմբ.) գործարքներում, տարիներ շարունակ ձախողել կառավարութեան ծրագիրը, դրանով նախատեսուած խոշորամասշտաբ նախագծերի իրականացումը եւ ոչ միայն հանգիստ հեռանալ, այլեւ հեռանալ պատուով, յաղթականօրէն, թիմակիցների ուսերին գրեթէ բազմած:
Կամայ, թէ ակամայ, հէնց այս ուղերձն է թիմակիցներին ու հասարակութեանը հիմա յղում իշխանութիւնը: Ի՞նչ փոյթ, թէ մարդիկ տարակուսած իրար են հարցնում՝ իսկ այս անյուսալի թուացող վիճակի համար ո՞վ է, ի վերջոյ, պատասխան տալու: