ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
«Քալիֆորնիայի հայ գրողներ» միութիւնը Գլենդելի հանրային գրադարանում անցկացրեց իր հերթական միջոցառումը, որը նուիրուած էր հայ նահատակ գրողների ոգեկոչմանը:
Երեկոյի իր բացման խօսքում «Քալիֆորնիայի հայ գրողներ» միութեան նախագահ, տաղանդաշատ գրող, բանաստեղծ Գէորգ Քրիստինեանը նախ խնդրեց, որ մէկ րոպէ լռութեամբ յարգեն նահատակ մտաւորականների, Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը, ապա հանդէս եկաւ մի քանի յայտարարութիւններով: Գրողների միութեան ձեռնարկների անփոխարինելի հանդիսավար, շնորհալի արուեստաբան, հիանալի ասմունքող Սեդա Հայրիյեանը իր գրաւիչ ասմունքային ձայնով խօսափողի մօտ էր հրաւիրում լոսանջելեսեան հայ համայնքի մտաւորականներին, ովքեր իրենց խօսքով, ասմունքով, երգով, ընթերցանութեամբ, նուագով ներկայացնում էին մեր նահատակ գրողների կեանքի որոշ դրուագները, նրանց ստեղծագործութիւնները, նրանց մասին ասուած խօսքերը:
Մտաւորականների խօսքերն ընդմիջւում էին հայ գրողների ձեռնարկների մշտական համեստ մասնակից Ժաննա Խաչատրեանի դաշնամուրային նուագակցութիւններով:
Երգահան, արձակագիր Հենրիկ Անասեանը եւ Սեդա Հայիրեանը հատուածներ կարդացին «Կոմիտասը՝ ինչպէս եղել է» գրքից: Գրող, վարդապետ Տաճատ Եարտմեանը հանգամանալից ներկայացրեց Յակոբ Օշականին: Գրող, արձակագիր Մարգարիտ Դերանցը կանացի յատուկ յուզմունքով կարդաց Ռուբէն Սեւակի բանաստեղծութիւններից: Ասմունքով հանդէս եկաւ նաեւ մանկագիր Ֆիրա Ակեանը, ապա վերլուծական խօսքով հանդէս եկաւ փիլիսոփայ, հեռուստալրագրող Ծերուն Թադէոսեանը, իսկ բանասէր Յովսէփ Նալբանդեանը ներկայացրեց ուսումնասիրութիւններ, որտեղ ասւում է, որ թուրք ջարդարարների կողմից իրականացուած ցեղասպանութիւնը հայ ազգի նկատմամբ սկսուել է 1894-96թթ. եւ աւարտուել 1923թ., այդ ժամանակահատուածում նահատակուեցին մօտ 2 մլն. հայեր, եւ մենք պէտք է խօսենք այս թուի մասին, այլ ոչ 1.5 մլն.ի:
Երեկոյի հիւր, ճանաչուած բանաստեղծ, Երեւանի Պետական համալսարանի պրոֆեսոր Արտեմ Յարութիւնեանը հանդէս եկաւ իր նոր բանաստեղծութեամբ, որը նուիրուած էր այս օրերին հայ եւ ոչ միայն հայ հասարակութեան ուշադրութիւնը գրաւած Քեսապին: Նա իրեն յատուկ առոգանութեամբ ներկաներին կարծես նորից յիշեցրեց հայկական այդ գաղթօջախում կատարուող ոճրագործութիւնները… թուրքը մնում է թուրք:
Դաշնակահար Ժաննա Խաչատրեանի նուագակցութեամբ Կոմիտասի «Անլռելի զանգակատուն» պօէմից հիանալի շեշտադրութեամբ եւ վարպետ ասմունքողի ձիրքով հատուածներ կարդաց շնորհալի երիտասարդ Արամ Մուրադեանը: Իսկ երգչուհի Անահիտ Մանուկեանը իր հզօր եւ գրաւիչ ձայնով կատարեց մի քանի երգեր, որոնց լռելեայն եւ բաձրաձայն ձայնակցում էին նաեւ ներկաները, որովհետեւ ներկաների համար անմիջական եւ հոգեհարազատ էին այդ երգերը՝ դրանք յիշեցնում էին իրենց նախնիների տառապանքներն ու դեգերումները… Իր կատարումներով ներկաներին ոգեւորց նաեւ երիտասարդ, ճանաչուած երգիչ Նարեկ Ներսիսեանը:
Երեկոյի մասնակիցները ջերմօրէն ընդունեցին եւ ծափահարեցին ելոյթ ունեցողներին: Ափսոս, որ նման ձեռնարկն անուշադրութեան է մատնւում մեր հայ հասարակութեան կողմից: Այսպիսի ձեռնարկները պէտք է տեղի ունենան, հանդիսատեսների հոծ բազմութեան ներկայութեամբ: Մեր հասարակութիւնը կարծես խուսափում է այսպիսի ձեռնարկներին մասնակցութիւն ունենալուց: