
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Համացանցում կարդում էինք Հայաստանի նորանշանակ վարչապետ Յովիկ Աբրահամեանի մասին. Հայաստանի Ազգային ժողովի անդամ է՝ Հանրապետական կուսակցութիւնից, եղել է Ազգային ժողովի խօսնակը: Ծնուել է 1958 թուին, Արարատի մարզի Մխչեան գիւղում: Ամուսնացած է, ունի երեք զաւակ եւ հինգ թոռներ: Աւարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Այս պաշտօնական տուեալները կարդալուց յետոյ, երբ զրուցում էինք մի բարեկամի հետ, նա՝ մի քանի կենդանի նախադասութեամբ, տուեց մի այլ բնութագիր. «Աա՜, մուկ են ասում նրան (ինչպէս որ մի շարք հայրենի «գործարարներ» ունեն իրենց կեղծանունները), ինչ որ գործարքի համար: Փոքր ժամանակ լաւ «ղումար» (դրամով թղթախաղ) ա խաղացել, «աչայանի» (յանդուգն) տղայ ա էղել: Յատուկ խելք չունի մի բան կազմակերպելու, բայց ունի կարողութիւն՝ իրան ասուածները գործադրել տալու համար, այսինքն նախարարներին կարող է աշխատացնել»:
Ապրիլի 13ին ընտրուած, Հայաստանի Հանրապետութեան 13րդ վարչապետի՝ պետական ղեկավարման կարեւորութեամբ երրորդ հորիզոնականը գրաւող պաշտօնակատարի նկատմամբ չունենանք նախապաշարումներ՝ չսպասածդ քարը կարող է գլուխ ծակել, թեկուզ եւ մեր պետականութիւնը յուսադրող չէ:
Մի՛շտ լիայոյս ենք լաւին: