ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».– Տեղեկատուական արհեստագիտութիւններու ոլորտի ձեռնարկութիւնները հրապարակած են յայտարարութիւն մը՝ կուտակային կենսաթոշակային համակարգին առնչուած։ Յայտարարութեան մէջ նշուած է.
«Մենք՝ Տեղեկատուական, հեռահաղորդակցական եւ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերութիւններս, առաջնորդուելով այն հանգամանքով, որ՝
Սահմանադրական դատարանը, քննութեան առնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրէնքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86րդ յօդուածների սահմանադրականութեան վերաբերեալ գործով դիմումը, սոյն թուականի Ապրիլի 2ին հրապարակել է թիւ ՍԴՈՅ-1142 Որոշումը, որի 1-5րդ կէտերով որոշուել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի օրէնքի 5րդ յօդուածի 1ին մասի, 7րդ յօդուածի 1ին եւ 11րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցուած՝ 13րդ յօդուածի 2րդ մասի դրոյթները, 49րդ յօդուածի 1ին մասը, 2րդ յօդուածի 6րդ կէտի, 44րդ յօդուածի 1ին մասը, 76րդ յօդուածի 2րդ մասի դրոյթները ճանաչել Հայաստանի Սահմանադրութեանը հակասող եւ անվաւեր:
Հայաստանի Սահմանադրութեամբ եւ օրէնքներով նախատեսուած չէ Սահմանադրական դատարանի որոշումների մեկնաբանում-պարզաբանման իրաւական գործընթաց:
Հայաստանի Սահմանադրութեամբ եւ օրէնքներով մարդու իրաւունքների դրոյթը համարւում է գերակայ:
Աշխատակիցները դիմել են գործատուներին՝ իրենց սահմանադրական իրաւունքը չխախտելու եւ իրենց սեփականութիւնն առանց իրենց թոյլտուութեան չտնօրինելու պահանջով:
Հայաստանի ԿԱՅ Պետական եկամուտների կոմիտէի ելեկտրոնային հաշուետուութիւնների ձեւաչափը թոյլ չի տալիս չհաշուարկել կուտակային վճարի չափը:
Ստեղծուած իրավիճակը էապէս վտանգում եւ վնասում է ընկերութիւնների բնականոն գործունէութիւնը, ինչպէս նաեւ լրացուցիչ ընթացակարգային խառնաշփոթ եւ ռիսկեր է պարունակում:
Յայտարարում ենք՝
1. Աշխատողների աշխատավարձից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ չենք հաշուարկելու եւ չենք փոխանցելու:
2. Դիմում ենք Հայաստանի նախագահին եւ Հայաստանի Ազգային ժողովին՝ իրենց լիազօրութիւնների շրջանակներում, սեղմ ժամկէտում կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրէնքը, կամ օրէնքի պարտադիր բաղադրիչի դրոյթը:
3. Պահանջում ենք անյապաղ Հայաստանի Սահմանադրութեանը հակասող եւ անվաւեր ճանաչուած դրոյթների մասով համապատասխան փոփոխութիւններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի օրէնքի հետ փոխկապակցուած այլ օրէնքներում ու նորմատիւ իրաւական ակտերում:
4. Պահանջում ենք Հայաստանի Ֆինանսների նախարարութիւնից համապատասխան իրաւական հիմքեր ստեղծել Հայաստանի ԿԱՅ ՊԵԿի կողմից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումների հաշուարկման ընթացակարգերի փոփոխութեան համար:
5. Ստեղծում ենք հիմնադրամ, որի միջոցներով կը ձեռնարկուեն միջոցառումներ կազմակերպութիւնների շահերի հնարաւոր ոտնահարումները կանխելու կամ դիմագրաւելու համար:
6. Կազմակերպում ենք լայն հանրային իրազեկման միջոցառումներ:
7. Հանդէս ենք գալիս միասնական դիրքորոշմամբ»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.