ՄՈՒՐԱԴ ՈՒՉԱՆԵՐ Թարգմանեց՝ ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Բեսնիում 4-5 ձիաւոր եկաւ, դրանից յետոյ առաւօտուայ դէմ ինչ եղաւ եղաւ» (Մուստաֆա)
«Ես յետոյ իմացայ, որ հայ եմ: Շատ ուշ իմացայ, թէ ինչ է յոյնն ու հայը» (Մեհմեդ Ալի)
«Ես՝ գեաւուր, դու՝ մուսուլման, քեզ համար աւելի դժուար է, որովհետեւ քո անունը դեօնմէ է» (Ալի)
1915 թ. Ադըեամանում ապրում էր 700 հայ եւ 100 ասորի ընտանիք: Այստեղի արհեստաւորներն էին: Թուրքերը, ասորիները, հայերն ու ալեւիները միասին էին ապրում: Թուրքերն այս շրջան յետոյ են եկել: 1600 տարուայ պատմութիւն ունեցող այստեղի գերեզմանոցը վկայում է այդ մասին: Այս գերեզմանոցում ամփոփուած են ոչ միայն հայեր, այլեւ՝ ասորիներ: Իրենց ուրախութիւնն ու տխրութիւնը միասին կիսած Ադըեամանի հայերի եւ ասորիների պէս ժողովուրդ աշխարհում չկայ: Պատկերացրէք՝ միասին են ապրել եւ ամփոփուել հողում: Ոչ վաղ անցեալում ապրած համատեղ ցաւն անկասկած աւելի է ամրապնդել այս մտերմութիւնը: Ադըեամանի ասորիներն ու հայերը ամուսնանում էին իրար հետ, երկու կողմն էլ հայերէն էր խօսում, բազմաթիւ ասորիներ հայկական անուն ունէին:
Պատմութիւնը, որը պատմելու ենք, տեղի է ունեցել այն ժամանակ Ադըեաման սանջակի կազմում եղած Բեսնի կազայում, որը ներկայում Ադըեաման վիլայեթի արեւմտեան հատուածում է: Հիւսիսում Գեօլբասը գաւառն է, հարաւում՝ Թութ, Արաբան, Հալֆեթի գաւառներ են: Տեղացի ժողովուրդը Բեսնին արտասանում է Բեթեսնա, որը ասորերէն ծագում ունի եւ նշանակում է գեղատեսիլ վայր:
Հայոց պատրիարքարանի ներկայացրած թուերի համաձայն՝ մինչ 1915թ. Բեսնին բաժանուած է եղել 8 կենտրոնի, որտեղ ցրուած բնակուել է 4.550 հայ: Այդ կենտրոններն են՝ Քեսուն, Սուրֆազ, Շամբոյադ, Թութ, Փելուերէ, Ռաբան, Աւասէ եւ Հոչգաշի: 1915թ. կազայում բնակուող հայերը, թողնելով իրենց մօտ 400 հարիւր տունը, 128 կրպակը, բռնի տեղահանութեան ենթարկուեցին: Կազայում հայերին պատկանող 3 եկեղեցի եւ վանք կար: Բեսնիում կար 4 դպրոց, որտեղ սովորում էր 320 աշակերտ:
1915 թ. Ցեղասպանութիւնից փրկուածները, շրջակայ գիւղերում բնակուող ալեւիների տներում թաքնուելով, կարողացել են ողջ մնալ: Մեծ տառապանքներ են կրել: Մի մասին ծնողներն են յանձնել ալեւիներին, որպէսզի պաշտպանեն: Սակայն յետագայում իրենց աւանդը յետ վերցնելու համար չեն վերադարձել. չեն կարողացել վերադառնալ: Որոշ ժամանակ անց նրանց մի մասը շրջակայ գիւղերից վերադարձել է Ադըեամանի կենտրոն:
1915թ. Յուլիսի 28ին մօտ 1800 կնոջից, երեխաներից եւ շատ քիչ թուով տղամարդկանցից կազմուած Բեսենի ժողովուրդը Ադըեամանի եւ Բեսենի համար կայացուած որոշմամբ աքսորուեց. իբր տեղահանուելու էր Ուրֆա (Եդեսիա-«Ակունք»): Եփրատ թափուող Գեօքսու գետում բոլորին սպանեցին եւ գետը նետեցին: Վերջին օրերին Եփրատի մէջ մօտ 170 դիակ է երեւացել, մնացած օրերին՝ 50-60: Գետի ափին մնացած դիակները յօշոտել են շները, իսկ գետի կենտրոնի աւազի կղզեակների վրայ մնացած դիակները՝ անգղները: Նորերի մէջ յատկապէս կանանց եւ երեխաների դիակներ էին երեւում:
Մենք այսօր փորձելու ենք ներկայացնել 1915թ. Ցեղասպանութիւնից յետոյ 35-36 երեխայի պատմութիւնը, թէ ինչպէս որբացան: Պատմելու ենք բանաւոր պատմութեան հիման վրայ: Մեր զեկոյցը բաղկացած է չորս հոգու հետ կատարած հարցազրոյցից: Այս չորս հոգին էլ բեսնիցի եւ Բեսնիում որբացած երեխաների թոռներն են: Այսինքն՝ խօսելու ենք իսլամացած երրորդ սերնդի հայերի մասին:
Այս անձինք հիմա 50-60 տարեկան են: Իրենց պապերից եւ հայրերից մնացած արհեստով՝ պղնձագործ, կաշեգործ, ոսկերիչ եւ թանկարժէք քարերի մշակմամբ են զբաղւում: Մեր հանդիպած մարդկանցից չորսը բնակւում են Գազիանթեփում, իսկ միւսները քրիստոնէութիւն են ընդունել, մկրտուել եւ բնակւում են Բեսնիում: Այս մարդիկ մեզ պատմեցին իրենց տատերից եւ պապերից, ծնողներից լսած պատմութիւնները:
Նախքան նրանց պատմութիւններին անցնելը՝ անհրաժեշտ է մի քանի դիտարկում կատարել. նախ՝ 1915թ. Ցեղասպանութեան ժամանակ իրենց ընտանիքներին կորցրած, որբացած եւ յետագայում այլ ընտանիքների կողմից որդեգրուած երեխաների թիւը կազմում է 35-36: Երկրորդ՝ այս որբերը բոլորը Բեսնիից չեն: Բեսնիի երեխաների հետ մէկտեղ, որոնց ծնողները տեղահանուելուց յետոյ այլեւս չվերադարձան, կան երեխաներ, որոնց տարբեր ճանապարհներով Բեսնի են բերել Զէյթունի, Մարաշի, Մալաթիայի, Սվազի եւ Բաբերդի եւ շրջակայ միւս վիլայեթներից-կազաներից:
Հարցազրոյց ենք վերցրել հետեւեալ մարդկանցից՝ Ալի, Մուստաֆա, Էրթան եւ Մեհմեդ Ալի: Այս չորսն էլ միմեանց բարեկամ են, սակայն արիւնակցական կապը նրանց տատերի եւ պապերի միջոցով է ստեղծուել: Ցաւօք, նախկինի մասին տեղեկութիւն չկայ (վարպետ Իբրահիմը մոռացութեան է մատնուել):
Ալիի պատմութիւնը. լուսահոգին ասում էր. «Մօրս հետեւից լացեցինք, շա՜տ լացեցինք»
Ալին ծնուել է 1966թ. Բեսնիում: Ե՛ւ մայրական, եւ՛ հայրական կողմը իսլամացած հայեր են: Հօր մայրը Բաբերդի Կասանդրա գիւղից է: Հայրական կողմի տատիկի հայրը տեղահանութեան ժամանակ թաքնուել է յարդանոցում, սակայն զինուորները գտել-տարել են, եւ այլեւս նրանից լուր չեն ստացել: Այնուհետեւ հայրական տատիկն ու ընտանիքը աքսորւում են Մալաթիա: Ըստ տատիկի պատմութեան՝ տեղահանութեան ժամանակ ինքը 7 տարեկան է եղել, եղբայրներից մէկը՝ 3, միւսը՝ 2: Երբ աքսորուել են դէպի Մալաթիա, զինուորներն իրեն եւ եղբօրը թողել են բեռնատարի վրայ, իսկ մայրիկին կամուրջի վրայով տարել: Լուսահոգին ասում էր. «Մօրս հետեւից լացեցինք, շա՜տ լացեցինք»:
Ալիի տատիկը մօտ 2 տարի մնացել է այդ գիւղացու տանը: Այնուհետեւ Բեսնիի հարուստ պարոններից Ալբայրաք ընտանիքը իր մօտ է վերցրել: Յայտնի չէ, թէ գիւղացուն իր գումարը վճարել են, թէ ոչ: Այդ ժամանակ Ալբայրաքները տատիկի տարիքին մի աղջիկ են ունեցել, երկուսին միասին են մեծացրել: Նրան իրենց աղջկայ պէս մեծացրել եւ Ալիի պապիկի հետ ամուսնացրել են: Ինչպէս պապիկի, այնպէս էլ տատիկի ձախ բազուկի վրայ հայրանունն անունն ու ծննդեան թիւը դաջուած էր:
Ալիի պապիկն ասում էր. «Հայրս շուտ է մահացել: Հօրս գերեզմանն այստեղ է, իսկ քո հօր գերեզմա՞նը»:
Ալիի պապիկը եւս 1900թ. ծնուած հայ որբ էր: Իսլամ ընդունելուց յետոյ տուել էին Ահմեդ կամ էլ Չուլդուզ Ահմեդ անունը: Չուլդուզ Ահմեդը երեք քոյր ունէր: Ամենափոքրը ծնուել է 1914թ., Բեսնիի գերեզմանաքարի վրայ որպէս ծննդեան թուական նշուած է 1914թ.: Իսլամացումից յետոյ ստացել է Այշէ անունը: Չուլդուզ Ահմեդի ամենափոքր քոյրը՝ Այշէն, մեր մէկ այլ զրուցակցի՝ Մուստաֆայի մայրական կողմի տատիկն է (Սարգիսի կինն է: Իսկ Սարգիսը Մուստաֆայի հօր հայրն է: Այս կապին անդրադառնալու ենք Մուստաֆայի պատմութեան ժամանակ):
Չուլդուզ Ահմեդը տեղահանութեան ժամանակ 15 տարեկան է եղել: 1927թ. ամուսնացել եւ յետագայում բանակ է գնացել: Իսկ Ալիի հայրը ծնուել է 1932թ. եւ շատ վաղ հասակում վախճանուել: Ալին հօրեղբօր (պապին) հետ ապրած մի պահը յիշելով՝ պատմում է. «Երբ լուսահոգի հօրեղբօրս (պապ) հարցրի՝ «Հայրս շուտ է մահացել, հօրս գերեզմանն այստեղ է, իսկ քո հօր գերեզմա՞նը», աչքերը լցուեցին, որովհետեւ չգիտէր, թէ գերեզմանը որտեղ է»:
Ինչքան որ Ալին տեղեակ է, հայրական կողմի տատիկի եղբօր՝ մօրեղբօր երեխաները Քալիֆորնիայում են բնակւում: Ստամբուլում որոշ ժամանակ ապրելուց յետոյ տեղափոխուել են այնտեղ: Ալին Ֆրանսիայում էլ բարեկամներ ունի: Ասում է, որ նրանց վերաբերեալ հօրեղբայրը տեղեկութիւններ ունէր, որովհետեւ Սեպտեմբերի 6-7ի դէպքերի ժամանակ հօրեղբայրը լէյտենանտ է եղել, կարողացել է գտնել նրանց հետքերը, Բէյօղլուում են ապրելիս եղել: Հօրեղբայրը զինուորական համազգեստով գնում է նրանց տուն, դուռը թակում, սակայն Սեպտեմբերի 6-7ի վախի մթնոլորտում նրանք դուռը չեն բացում:
Ալիի պապիկը՝ Չուլդուզ Ահմեդի հայրը, շատ լաւ պղնձագործ է եղել: Մէկ ոսկու դիմաց պղնձէ սրճեփ էր պատրաստում: Ալիի մօր կողմն էլ բեսնիցի էր՝ Աննոններից, ովքեր այդ ժամանակ Բեսնիի ամենայայտնի գինեգործներն էին: Ասում են՝ Բեսնիի հարուստներից են եղել: Աննոնին երկու տղայ եւ մի աղջիկ է ունեցել: Աղջիկն ամենամեծն է եղել: 1915թ. Աննոնին զինուորները տարել են: Ամուսնու ճակատագիրն իմանալու համար կինն անմիջապէս գնացել է նրա հետքերով: Այդ ժամանակ կինը 28 տարեկան է եղել: Ամուսնուն փնտռելիս մի սերժանտ է դուրս եկել եւ ասել. «Կի՛ն, ի զուր մի փնտռիր ամուսնուդ, քաշուի՛ր, գնա տուն»: Տուն վերադառնալիս տեսել է, որ զինուորները 18 տարեկան մի երիտասարդի են տանում: Այս երիտասարդը Բեսնիի Պօղոսի գերդաստանից էր: Ալին պատմում է, որ այդ երիտասարդին Պօղոս Մուստաֆա էին ասում: Կինը զինուորներին ասել է՝ այդ երիտասարդին ինձ վաճառէք, եւ 7-8 թիթեղ ոսկի տալով՝ գնել ու փրկել է նրան (այդքան ոսկի է ունենում, սակայն սպային բոլորը չի տալիս: Թուրք ամուսինը, որի հետ ամուսնանում է, կեանքի ընթացքում չի աշխատում. ապրում են այդ 7-8 թիթեղ ոսկին ծախսելով):
Ալին յայտնեց, որ աւելի ուշ Պօղոս Մուստաֆա անունով այս երիտասարդը վերադառնում է Բեսնի եւ այնտեղ ամուսնանալով՝ ընտանիք կազմում: Անգամ ցայժմ Պօղոսենք ամէն անգամ Ալիին եւ նրա ընտանիքին տեսնելիս ասում են. «Եթէ ձեր մայրը, չլինէր, մենք ողջ չէինք մնալու»: Պարոն Ալին պատմում է, որ Պօղոսենց հետ բարեկամական կապեր ունեն. Պօղոս Մուստաֆայի թոռների հետ բարեկամական կապեր են հաստատել, աղջիկ են տուել, աղջիկ առել: Այս որբերի միջեւ բարեկամական եւ արիւնակցական կապերն այսպէս են ստեղծւում: Ալին ասում է, որ Բեսնիում դեռեւս բնակւում են իսլամացած հայ ընտանիքներ, որոնք յայտնի են որպէս Պօղոսի որդի Տիգրանի գերդաստան: Այսպիսվ՝ տեղացի մուսուլման ժողովուրդը տեղեակ է այս որբերի պատմութեանը:
Վերադառնանք, մեր պատմութեանը. Պօղոս Մուստաֆային փրկած Ալիի մօր տատիկն ամուսնացել է Ալիի թուրքմէն պապիկի հետ: Պօղոս Մուստաֆային վերցրած սերժանտը նրան ասել է. «Կի՛ն, այստեղ մէկը կայ, ով բանակից նոր է եկել, ձեզ տիրութիւն կ՛անի»: Այդ ժամանակ Ալիի պապիկը 40 տարեկան էր եւ բանակից նոր էր վերադարձել: Քանի որ ամուսնուն շատ էր սիրում, Ալիի տատիկը չի ցանկանում ամուսնանալ Ալիի պապիկի հետ: Այդ ժամանակ Ալիի մայրը 9 տարեկան էր, իսկ տատիկը՝ 28 տարեկան:
Ալիի տատիկը, որպէսզի իր ունեցուածքին տէր կանգնի, 9 տարեկան աղջկան ամուսնացնում է Ալիի պապիկի հետ, սակայն քանի որ աղջիկը մանկահասակ էր, ամուսիններ չեն դառնում: Այնուհետեւ Ալիի տատիկը Ալիի պապիկին ամուսնացնում է մուսուլման կնոջ հետ, որից պապիկը 2 տղայ է ունենում, սակայն երբ այս երեխաների մայրը մահանում է, Ալիի 11 տարեկան դարձած մայրն իրականում ամուսնանում է պապիկի հետ: Այս երկու երեխային, որ Ալիի մօրեղբայրներն են, տատիկն է մեծացնում:
Լա՛վ, ինքնութիւնը թաքցնելու այս տագնապը որտեղի՞ց է սկիզբ առնում: «Մենք վատութիւն չենք արել: Մեղաւոր չենք, որ վատ զգանք»:
Այս հարցին Ալին շատ յստակ պատասխան ունի.
«Այժմ վախ կայ: Մանուկ ժամանակ Բեսնիում երեխաների հետ խաղալիս մի մասի հետ կռւում էինք, նրանց մայրերը դուրս էին գալիս եւ ինձ ասում՝ «գեաւուրի ապօրինի ծնունդներ»: Մենք չէինք հասկանում, քանի որ ոչինչ չգիտէինք, մեզ ոչինչ չէին պատմել: Բնականաբար, ջղայնացած էին, յոյզերը չէին կարողանում թաքցնել… «Աման, երեխայիս հետ մի բան չլինի»: Այս մարդկանց ծնողներին իրենց աչքի առաջ էին տարել, իրենց երեխաներին կամ էլ իրենց տանելու տագնապի մէջ էին»:
Ինչպէս Ալին եւ այնուհետեւ մեր միւս զրուցակիցներն են նշում, «դեօնմէ կամ գեաւուր անուանումը կարծես այս մարդկանց համար սերնդէ սերունդ փոխանցուած լինի, երբեք չի մոռացուել: Այն, ինչ ասում է Ալին, լաւագոյնս նկարագրում է իրավիճակը. «1971թ. հինգ տարեկան երեխայ էի: Թաղում խաղում էի… Անցել է 40 տարի, սակայն այս հարցը դեռեւս շօշափւում է… դեռեւս շարունակում ենք կրել «գեաւուրի խարանը»: Ալիի խօսակցութիւնը ցոյց է տալիս, թէ հայկական ինքնութիւնը որքան կարեւոր է իր համար. «1922թ. վերադարձայ իմ ինքնութեանը, իմ արմատներին՝ հայութեան գիրկը: Ոչ մի տեղ եւ երբեք չեմ թաքցրել իմ հայկական ինքնութիւնը, որովհետեւ մենք վատ բան չենք արել, որ վատ զգանք: Հետեւաբար հանգիստ եմ եւ չեմ ամաչում ամէնուր ասել, որ հայ եմ»:
Ըստ Ալիի՝ Թուրքիայի հասարակութեան մեծ մասը հայերի հանդէպ կատարուած դաժանութիւնների եւ բռնութիւնների մասին գիտի եւ ընդունում է, սակայն շեշտում է նաեւ հասարակական ասպարէզում ճանաչելու ուղղութեամբ ձեռնարկելիք խնդիրները: Ալիի համար հայ լինելը անկախ ազգի պատկանել է նշանակում: Այն կարծիքին է, որ հայկականութիւնը կրօն չէ: Այդ իսկ պատճառով էլ, ըստ նրա, անհրաժեշտ է հայերէն լեզուն պահպանել եւ փոխանցել յաջորդ սերունդներին: Այս առումով անհրաժեշտ է հասարակութեանը իրենց մասին լաւ պատմել: Գլխով անցածը պատմում է հումորի վերածելով. «Որոշ ժամանակ առաջ համալսարանաւարտ մէկի հետ էինք խօսում: Երբ մարդուն ասացի, որ հայ եմ, ինձ հարցրեց, թէ մենք ինչին ենք հաւատում: Հիմա սրան ինչ պատասխանես: Ասացի՝ դու ինչին որ հաւատում ես, ես էլ եմ դրան, այսինքն՝ Աստծոն: Հայկականութիւնը հաւատք են համարում: Մեր գործը դժուար է, որովհետեւ անգամ մեր բարեկամների հետ խօսելիս կարծիքների բախում է լինում…»:
Ալին պնդում է, որ աւելի ճիշդ է հայկականութիւնը բնորոշել որպէս էթնիկ ինքնութիւն, որովհետեւ ըստ նրա՝ «ոչ ոք չի կարող միջամտել դիմացինի հաւատքին… մարդ ինքն է որոշում, թէ ինչին հաւատայ… Ըստ իս, ազգ ստեղծելիս աւելի կարեւորը լեզուի գործօնն է: Այդ իսկ պատճռով անհրաժեշտ է անպայման հայերէն ծաղկեցնել, տարածել եւ սովորեցնել: Հիմնադրամները պէտք է լեզուի դասեր սկսեն, դպրոցներ պէտք է բացեն… պէտք է հայերէնով կրթութիւն լինի…»:
Ալիի կարեւոր դիտարկումներից մէկն էլ իսլամացած հայերի վերաբերեալ է: Իսլմացած, սակայն յետագայում դարձի եկած հայերի վերաբերեալ խօսելիս, Ալին ասում է, որ այս մարդիկ ամբողջովին միջանկեալ կարգավիճակում են. «Հիմա մուսուլմանների մէջ էս, գեաւուր են ասում, հայերի մէջ ես մտնում «թրի մնացորդ կամ տաճիկ են անուանում»: Հիմա այս մարդիկ ի՞նչ անեն: Հիմա գնաս մուսուլմանական համայնքում որքան էլ որ աղօթես նրանց հետ միասին, միեւնոյն է մարդիկ «գեաւուրի որդի գեաւուր» են հետեւիցդ ասում: Գոնէ այդ մարդկանց ինչպէս որ հարկն է ձուլէին: Դէ եթէ իսլամացնում ես, էլ ինչու ես անձնագրում հայ գրում… գոնէ անձնագրում չգրէիր… Եթէ մարդկանց միջեւ խտրականութիւն չդնէիր, միգուցէ մոռացուէր-գնար»:
Ալին իսլամացած հայերի ամբողջովին հաւատացեալ լինելու հանգամանքը պայմանաւորում է նրանքով, որ այս մարդիկ ցանկանում են իրենց ապրած հասարակութեան կողմից ընդունուել: Ըստ էութեան, ակնյայտ երեւում է, որ այն, ինչ պատմեց Ալին՝ իսլամացած հայ ընտանիքների երկրորդ եւ երրորդ սերունդ հայերի Թուրքիայում կրած դժուարութիւնները եւ կեանքը շարունակելու համար զարգացնել ստիպած եղած «կեանքի ռազմավարութիւններն» այս մարդկանց ոչնչացման հիմք են հանդիսացել: Սակայն Ալին նախ ուրիշի աչքի փուշը տեսնելիս չի մոռանում իր գերանի մասին, որի ամենավառ օրինակը բերում է կրկին իր փորձառութիւնից.
«Սրանից 7-8 տարի առաջ մի հայ աղջկայ հայր ծերանոցում էր: Մարդը մահանում է: Գումար չի ունենում եւ մարդը հայ է: Հիմա հայերի մօտ թաղման աարողութիւնը բաւականին մեծ ծախսերի հետ է կապուած, այս աղջիկն էլ փող-մող չունի: Աղջկայ ամուսինը ոսկերչի մօտ է աշխատում: Թաղման համար գումար է հարկաւոր: Քահանան ասում է, որ թաղման արարողակարգի համար 7000 թուրքական լիրա է հարկաւոր: Գնում է բանկ՝ վարկ վերցնելու՝ բանկը չի տալիս: Աղջիկը գնում է: Դարուլազջէ ծերանոցում աղջկան ասում են, ամօթ է, այս մարդը քանի օր է մահացած է, արի մուսուլմանական սովորութեան համաձայն թաղենք: Աղջիկն ասում է, որ համայնքը Ուրբաթ օրուայ նամազը կատարեց, ինքն էլ մի անկիւնից հետեւում էր»:
Մուստաֆայի պատմութիւնը
Մեր զրուցած միւս մարդն էլ Մուստաֆան է, ով Ալիի հետ բարեկամական կապեր հաստատում է հետեւեալ կերպ. Ալիի պապիկը Չուլդուզ Ահմեդի ամենափոքր քոյրը՝ Այլեշն է, ով էլ Մուստաֆայի հայրական տատիկն է: Մուստաֆայի պապիկի անունն էլ է Մուստաֆա: Նրա պապիկը Սարգիսի որդին է՝ ծնուած 1897թ., մայրը Մերյեմն է: Իսկ վերոյիշեալ մայրը՝ Այշէն, Աբդուլլահի աղջիկն է՝ ծնուած Հաւուայից: Ծնուել է 1914թ.:
Մեր զրուցակիցը՝ Մուստաֆան, ծնուել է Բեսնիում եւ դեռեւս այնտեղ է բնակւում: Աշխատում է որպէս թանկարժէք քարերով աշխատող ոսկերիչ, որը հայերին բնորոշ արհեստ է: Ադըեամանի քրիստոնէական եկեղեցում կնքուել եւ դարձել է քրիստոնեայ, սակայն ասում է, որ դա հայկական ինքնութեան հետ որեւէ առնչութիւն չունի, ամբողջովին գաղափարական սկբունքներից ելնելով է քրիստոնէութիւն ընդունել:
Մուրադ փաշան ձեզ է կանչում:
Մուստաֆայի պապիկը հայ որբ է, ով Ցեղասպանութեան ժամանակ Զէյթունից եկել է Բեսնի: Պարոն Մուստաֆայի պապը զէյթունցի է, մանկութիւնն անցել է այնտեղ: 1915թ. ընտանիքի հետ միասին Զէյթունից աքսորուել է Քոնիա: Աքսորի ժամանակ անվտանգ եւ ողջ աքսորավայր հասնելու համար իրենց մօտ եղած ողջ գումարը տուել են անվտանգութեան ուժերին: Այսպէս Զէյթունից ողջ կարողացել են հասնել Ադանա:
Ադանա հասնելուն պէս գումարը վերջացել է, իրենց գլխի ճարը իրենք են տեսել: Այսպէս հասել են մինչեւ Քոնիա: Ինչպէս պատմում է Մուստաֆան, Կոնիայից կրկին Ադանա են եկել:
Գնալով Զէյթուն տեսնում են, որ ոչինչ չի մնացել՝ ո՛չ տուն, ո՛չ տեղ: Ամէն ինչ թալանել են: Այնուհետեւ Մարաշից Զէյթուն գումարտակ են ուղարկում, որը տեղի հայերին ասում է. «Մուրադ փաշան ձեզ է կանչում, ձեզ տանելու ենք Մուրադ փաշայի մօտ»: Եւ այս խոստմամբ հայերին տանում են Եփրատի գետեզր: Ըստ էութեան, այս ճանապարհորդութեան ժամանակ բազմաթիւ մարդկանց են սպանել: Բացի այդ, հիւանդութեան եւ քաղցի պատճառով բազմաթիւ մարդիկ են մահացել, որոնց առանց թաղելու թողել են այնտեղ, որտեղ մահացել են: Վերջապէս, այս մարդիկ գալիս են Մուրադ փաշայի մօտ՝ Եփրատի գետեզր: Երբ գալիս են մինչեւ Եփրատ, Սարգիսը որդուն՝ Մուստաֆային (մեր զրուցակցի պապիկն է), տեսէք, թէ ինչ է ասել. «Որդի՛ս, Եփրատին հետեւելով կը գնաս, Եփրատից յետոյ մի փոքր գետակ կը տեսնես, որի ձախ ափով կը շարունակես»:
Սարգիսը որդուն բացատրում է ներկայիս Սուրֆազը, որը եղել է Բեսնիի կազայի կազմի մէջ գտնուող, Բեսնիից մօտ 10 կմ. հեռաւորութեան վրայ գտնուող հայկական գիւղ: Մուստաֆան այդ ժամանակ մօտ 13-15 տարեկան է եղել: Մեր զրուցակից Մուստաֆան շարունակում է իր պատմութիւնը. «15 տարեկան հասակում ասում են գնա Սուրֆազ, նա էլ գնում է, սակայն գետեզրին մի փոքր կանգնում է: Հարսնացու մի քոյր է ունենում, ով ասում է. «Աստուա՛ծ իմ, հոգիս առ, պրծնեմ, սրանց ձեռքը չընկնեմ»: Հայրը ձեռքից բռնում է, տանում է Եփրատի մօտ ու ասում. «Դէ, աղջի՛կս, քայլիր, քայլի՛ր, որ փրկուես»: Աղջիկն այսպէս ինքնասպանութիւն է գործում: Դրանից յետոյ պապս երեք օր շարունակ մի բլուրի գագաթից հետեւում է ծնողներին: Տեսնում է, թէ ինչպէս ձեռ ձեռի տուած Եփրատ են մտնում»:
Երբ տեսնում է, որ նրանց տեսնելու յոյս այլեւս չկայ, գնում է հօր բացատրած ճանապարհով: Բնականաբար, այնտեղ գնալիս մոլորւում է, անգամ հասնում է մինչեւ Սիրիայի ճամբարներ, որտեղ 6 ամիս մնում է: Այնտեղ ամերիկեան, գերմանական եւ շվեցարական ճամբարներ կային: Ճամբարներում ցեղասպանութեան եւ տեղահանութեան ենթարկուածներին օգնութիւն ցուցաբերող գթութեան քոյրեր են լինում, որոնք որբերին կերակրում էին: Մուստաֆան ասում է. «Շատ լաւ գիտեմ, որ մայրական պապիկս 1900թ. է ծնուել: Պապիկիս անունը Դաշչըք հոջա է եղել: Հայկական անունը չգիտեմ: Գիտեմ միայն պապիկիս հօր անունը: Բնակչութեան գրանցամատեանում անունը Սարգիս է գրանցուած: Այսինքն պապիկիս անունը գրանցուած՝ Սարգիսի որդի Մուստաֆա: Քանի որ պապիկիս հայրը 40 տարեկանում երեք անգամ բանակ է գնացել, ուրիշ որդի չի ունեցել:
Հիմա այնտեղի գթութեան քոյրերը հարցնում են սրան, թէ որտեղից ես եկել, ինչպէս ես եկել, ումից ես: Այնուհետեւ հարցնում են, թէ ովքեր են բարեկամները: Հարցնում են, թէ ով է մօրեղբայրդ, պապդ, հարեւանների անունները եւ այլն: Նպատակը՝ նոյն տեղանքից եկածներին միաւորել: Այսինքն՝ մասնատուած ընտանիքներին միաւորել: Այնտեղ գթութեան քոյրերին ասում է, որ ինքը պէտք է գնայ իր հօր բացատրած վայրը, եւ կրկին փորձում է հետեւել Եփրատին: Այնուհետեւ ճանապարհին հանդիպում է մի հարբած մարդու: Ու փսխանքի մէջ եղած մսի կտորներով, ձիու կղանքի մէջ եղած գարով է սնւում: Գալիս է մի վայր եւ իրենից 4-5 տարի մեծ մի աղջկայ ասում է, թէ պէտք է աշխատի, որը փորը պահի, թէկուզ մի փոր հացով, արդեօք աշխատելու տեղ կա՞յ: Աղջիկն ասում է, որ չկայ, սակայն եթէ շարունակի ճանապարհը, առջեւում մի գիւղ կայ, որտեղ իրեն կարող են օգնել: Գնում է այնտեղ, ասում են դեռ փոքր ես, չես կարող տնային գործեր անել: Նա էլ պատասխանել է, որ ամէն ինչ կ՛անի մի փոր հացով: Մարդն ընդունում է: Դրանից յետոյ մարդը կերակրում է: Սա էլ մի կտոր հաց դեռ չծամած փորը սկսում է ցաւալ: Մարդու հարցին, թէ ինչ եղաւ, պատասխանում է, որ երեք օր է, ինչ բերանը մի կտոր հաց չի առել: Մարդը օգնում եւ ոտքի է կանգնեցնում: Այնտեղ մնում է 7 տարի (մինչեւ 1922-23թթ.): Պատմածս վայրը Սիրիայի կողմերն է»:
Ըստ Մուստաֆայի պատմածների՝ մեծ է հաւանականութիւնը, որ Մուստաֆա պապիկին իր մօտ վերցրած մարդն արաբ եղած լինի: Այս մարդը Մուստաֆա պապիկի տարիքին աղջիկ է ունեցել, ում կորցրել է եւ Ալիին (Մուստաֆա) մեծացրել է այդ երեխայի պէս: Մուստաֆա պապիկը այդ մարդու մօտ աշխատելիս նրա արտը հնգապատիկ բերք է տալիս: Այդ մարդը պապիկին ասում է. «Որդի՛ս, սա քո հացն է: Դու որդուս պէս ես, արի, ինձ մօտ մնա»: Իսկ Մուստաֆա պապն ասում է, որ գնալու է հօր ասած տեղը՝ Սուրֆազ, քանի որ հաւատում է, որ այնտեղ դեռեւս բարեկամներ են ապրում: Ուղիղ 7 տարի անց գալիս է Սուրֆազ, որտեղ ոչ մէկը չի ունենում: Ըստ էութեան Բեսնիում մօտ 30 երեխայ էր մնացել: Սուրֆազը շատ հին գիւղ է, որը յիշատակւում է որպէս Քիւչիւքքեօզ: Յետագայում Մուստաֆա պապը գալիս է Սուրֆազ, ամուսնանում, այնուհետեւ տեղափոխւում Բեսնի: Հայերէն իմացող Մուստաֆա պապիկն ամուսնանում է կրկին իր պէս իսլամացած հայ որբի հետ:
Մուստաֆայից Մեհմեդ Ալիին տանող ճանապարհը
Մեր միւս զրուցակցին՝ Մեհմեդ Ալիին է հերթը հասնում: Ծնուել է 1962թ. Գազիանթեպում, ծնողները Բեսնիից են… Ե՛ւ մօր, ե՛ւ հօր ծնողները հայ որբեր են: Մուստաֆայի մօր պապը միաժամանակ հանդիսանում է Մեհմեդ Ալիի փեսայի պապիկը: Իսկ Ալի բէյի հայրական տատիկը, ում մասին խօսեցինք, Մեհմեդ Ալիի մայրական տատիկն է: Այսինքն՝ Ալին ու Մեհմեդ Ալին մօրեղբօր (հօրեղբօր) երեխաներ են: Ինչպէս տեսնում էք, որբ երեխաների բարեկամական կապերը այստեղ ի յայտ են գալիս: Բարեկամական կապերը վկայում են, որ որբացած հայ երեխաները իրար մէջ են ամուսնացել:
Մուստաֆայի հայրական տատիկը միաժամանակ Մեհմեդ Ալիի հօր հօրաքոյրն է: Մեհմեդ Ալիի ընտանիքի պատմութիւնը եւս սկիզբ է առնում Բեսնիի հայ որբերից: Մեհմեդ Ալիի մայրական տատիկի պատմութիւնն արդէն Ալիից լսեցինք, հիմա անդրադառնանք հայրական տատիկի պատմութեանը:
Մեհմեդ Ալիի հայրական տատիկին որդեգրել է Բեսնիի Բնակչութեան գրանցման հարցերով զբաղուող պաշտօնեան (Ալիի հայրական տատիկի պատմութիւնը նոյնն է՝ Բնակչութեան գրանցման հարցերով զբաղուող Ալիի մայրական տատիկի ամուսնացած թուրքի բարեկամն է):
Իսկ Մեհմեդ Ալիի հայրական կողմի տատիկին կրկին Բեսնիի բնակիչներից պարոն Մեւլուդն է վերցնում: Մօրական տատիկին Բեսնիից մութլուներն են վերցնում: Ե՛ւ Մուստաֆան, ե՛ւ Մեհմեդ Ալին այն կարծիքին են, որ երեխաներին այս ընտանիքներին են տուել այն պատճառով, որ հարեւանական յարաբերութիւնները լաւ են եղել: Երեխաներն այս ընտանիքների տներում ծառայութիւն են արել: Մեհմեդ Ալին, ով պատմում է, որ բաւական շատ ջանք է գործադրել մինչեւ իմացել է, որ իր հայրական տատիկի հայկական, այսինքն իրական անունը «Քալեմէ է եղել, իսկ Քալեմի մօր անունը, ըստ իրեն, Մարի է եղել: Մեհմեդ Ալին, ուշադրութեան արժանացնելով այն, որ իր տատիկը այս հարցերում չափազանց գաղտնապահ էր, շեշտում է, որ դրա պատճառն այն էր, որ «շատ գաղտնապահ էր, ինչ անէր, կորցրել էր ընտանիքը, շատ ցաւ էր տեսել, չէր ուզում խօսել սրանց մասին: Իր պատմութիւնը չէր պատմում մեզ, վախենալով, որ իր ապրածը մենք էլ չապրենք: Սակայն տատիկս ինձ միշտ ասում էր. «Մեւլուդ էֆենդիենց աղջիկների հետ էի խաղում, եթէ աղջիկների համար մի բան գնէին, նոյնն էլ ինձ համար էին գնում»: Ըստ պարոն Մուսթաֆայի՝ երեխաների թիւը գուցէ 30ից աւել էր, սակայն յաւելում է նաեւ, որ միայն իր պապիկից, պապիկի հօրից, Մեհմեդ Ալիի պապիկից բացի եղել են նաեւ շատ մարդիկ, ովքեր իմացել են իր տատիկի պատմութիւնը: Մեհմեդ Ալին իր մօր ընտանիքից եւ պապիկից բացի գիտի միայն Քիւչուկ Ահմեդին, Թափալի որդուն, Դաշչը Մուսթաֆային, Սինեքլիում եւ Բեսնիում մնացած իր որբ հայ բարեկամներին: Կարճ ասած՝ տեղեկանում ենք, որ այս 30 երեխաներից ոմանք որդեգրուել են (կան եւ Բեսնիում եղածներ եւ դրսից եկածներ) հարեւանական եւ բարեկամական կապերի շնորհիւ, ոմանք սպասաւոր դառնալու համար, ոմանք էլ տղային աղջիկ կամ կին տանելու համար, ոմանք էլ այս երեխաների ընտանիքների «ժառանգութեանը» տիրանալու համար: Ե՛ւ Մուսթաֆան, ե՛ւ Մեհմեդ Ալին յատկապէս ընդգծում են ունեցուածքի գործօնը: Մեհմեդ Ալին նոյնիսկ նշում է, որ իր մեծ պապը Բեսնիում մնացած հարստութեան գոյութեան վերաբերեալ տեղեկութիւն ստանալու համար անշարժ գոյքի գրանցման վարչութիւն է գնացել, սակայն վերջինիս ասել են, որ սրա հետ առնչուող բոլոր փաստաթղթերը վառուել են. «Ասացին՝ ոչ մի գրառում չկայ: Ինչո՞ւ են թափուի գրասենեակները միշտ վառուած: Այստեղի բաժանումներում ով ում ոչնչացրեց, նա է շահում, իշխանութիւն-բան չկայ: Բացի այդ, հէնց այս պատճառով իմ պապիկը, սրա պապիկը, մեր հայրերը անգամ եթէ փող ունեն, գոյք չեն գնում: Չենք կարող ստիպել, որ գնեն: Փող կայ, սակայն չեն գնում»: Մուսթաֆան էլ նոյն կերպ այս հարցում մեծախօսում է. «Անցեալում մերոնք Այնթապից մի հողակտոր ձեռք բերեցին, պապիկս գրեթէ մի ամիս չխօսեց: Պապիկիս համար մի տուն լինի, բաւական է:
Երրորդ սերնդի փորձութիւնները
Ե՛ւ Մուսթաֆան, ե՛ւ Մեհմեդ Ալին այն բանից յետոյ, երբ իմացան, որ իրենց պապերն ու տատերը հայ որբեր են եղել, այս իրողութեան հետ առերեսուելիս առնչուեցին նաեւ ապրած դժուարութիւնների հետ: Վերջին բաժնում խօսում ենք երկու անձանցից, ովքեր գրեթէ բարեկամ են 30-35 երեխաներին: Մեհմեդ Ալին նշում է, որ այս իրականութիւնը, որի հետ նա առերեսուել է, ցանկացել է պատմել նաեւ այլ որբերի թոռներին, սակայն ինքնաբերաբար արժանացել է այս մարդկանց, այդ թւում նաեւ իր հարազատ մօր մեծ դիմադրութեանը. «Մօրս ասում եմ, թէ «լսիր, մայրի՛կ, դուք թրի մնացորդներ՝ վերապրածներ, էք»: Ես սա շատ եմ ասել մայրիկիս: Նեարդայնանում էր, ասում, թէ ինչու ես ինձ նման բաներ ասում, յետոյ աւելացնում՝ «Ես փառք Աստծոյ, մուսուլման եմ»: Լաւ, մուսուլմա՞ն ես, յետոյ հարցնում եմ «լաւ, մայրդ մուսուլմա՞ն էր…»: Իմանալով, որ հայ էր, նորից ասում էր՝ «Այո, մուսուլման էր»: Իրականում, որքան էլ որ փորձես ազդել նրա վրայ, չես կարող ստիպել, որ ընդունի: Իսկ Մուսթաֆան, աւելի դժուար փորձութիւնների եւ առերեսման արդիւնքում մկրտուելով քրիստոնէութիւն է ընդունել: Նշում է, որ բացառութեամբ հօրից ամբողջ ընտանիքը այս պատճառով վտարեց իրեն. «Հիմա ես Բեսնի եմ եկել, մկրտուել եմ: Յետոյ Մեհմեդ Ալի Աբիի զարմիկի ամուսինը՝ Պօղոս Ալիի թոռը՝ Սէյդին՝ նա իմ տարեկիցն է, ընկերը, նաեւ մեր փեսան՝ իմ քեռու փեսան… Նրան ասում եմ. «Դէ արի միասին գնանք եկեղեցի…»: Այդ ընթացքում քեռուս աղջիկը փոխեց իր վերաբերմունքն իմ հանդէպ: Հարցրի. «Ի՞նչ է եղել, ինչո՞ւ»: Ասաց. «Լսիր, մենք մի կարգուկանոն ունենք, թող մեր կարգուկանոնը չփչացնի, այդ պատճառով չեմ ուզում, որ գնայ: Ասացի՝ «դու գիտես»: Մեհմեդ Ալին էլ Մուսթաֆայի ասածը հաստատելով նշում է. «Ճիշդ է ասում: Նոյնիսկ ինձ ասում էր, որ քո երեխաները ազնուական ռասսա չեն, իմ երեխաներն են ազնուական: Զարմիկս ինձ ասում է՝ քո երեխաներին մի փչացրու: Սակայն Մեհմեդ Ալին նորից իր զարմիկի դիմադրութիւնը իրաւացի է համարում, քանի որ ինչ էլ լինի, այն ցաւն ու վախը, որ ապրել են, սառոյց չէ, եւ այս մարդիկ իրենց ինքնութիւնը թաքցնելով՝ դեռ գոյութեան կռիւ եւ հասարակութիւնից չօտարուելու պայքար են մղում: Եւ այս պատճառով ընտանիքի երիտասարդները թէեւ անցեալում ապրած ցաւերի մասին շատ բան գիտեն, այնուհանդերձ նախընտրում են լուռ մնալ. «Իրենց տեսանկիւնից էլ իրենք են իրաւացի. հիմա ձեւաւորուած կարգ կայ, տունը պահող կայ: Սակայն ցաւօք հիմա եթէ սա փոխուի, ինչ կը լինի, գուցէ վախենում է, որ կ՛օտարուի, հարեւանը բարեւ չի տայ: Այս փոքր վայրում առանց այդ էլ անունս անհաւատ է (գեաւուր), եթէ եկեղեցի էլ գնամ, իմ անհաւատութիւնը բացէիբաց կ՛երեւայ: Այլ բան չկայ: Ամբողջ վախն ու տանջանքը սա է: Այս պահին Բեսնիում ամենատարեցներից մէկը հայրիկիս հօրաքրոջ որդին է՝ հօրեղբայր Ահմեդը. հիմա գնանք մանր-մունր բաներ հարցնենք, ոչ մէկին պատասխան չի տայ: Այստեղ իմ մեծ հօրաքոյրը մօտ 80 տարեկան է: Ես հարցնեմ, ոչինչ չի ասի»:
Մեհմեդ Ալին պապերից եւ տատերից մօրն ու հօրը ժառանգութիւն մնացած այս լռութիւնը հետեւեալ կերպ է մեկնաբանում. «Երանի այս պահին նրա պապն ու իմ պապը ողջ լինէին, այստեղ լինէին, այ թէ որքան կը հարցնէինք… չէին խօսի: Հիմա տատիկս, հայրս, մայրս միասին ենք ապրում: Տատիկս մի քիչ հիւանդ է: Երեխաների մէջ էլ ինձնից բացի հարցնող, հետաքրքրուող չկայ: Այն օրը փորձեցի մի քիչ կատակով տատիս հարցուփորձ անել: Լռում է, չի խօսում: Մի օր փեսաս՝ Մուստաֆայի քեռին, ասաց, որ երբ ինքն անունները հարցրել է, իրեն ասել է. «Այ տղայ, ի՞նչ ես հարցնում, կամ Աղանոս, կամ Պօղոս կամ Քաւանոս էր, ինչո՞ւ ես այսքան հարցնում…»: Այն ժամանակ իմացայ, որ մեծ մօրս անունը Քալեմ է եղել: Այնուհետեւ անունը Սըդըքա է դարձել: Մենք որպէս Սըդըքա ենք ճանաչել»: Քեզա Մուստաֆայի քեռին՝ պարոն Դուրանը, չնայած այն բանին, որ բոլոր դէպքերի մասին իր հօրից ու մօրից է լսել, չի ցանկանում խօսել:
Մեհմեդ Ալին նշում է, որ այն բանից յետոյ, երբ իմացաւ, թէ հայ որբ հօրից ու մօրից մի ընտանիքից է սերում, իր կեանքում մի շարք փոփոխութիւններ եղան: Այս ամէնի պատճառով որոշ բաներ նախաձեռնելու ժամանակ միշտ հօր հետեւեալ նախազգուշացմանն էր հանդիպում. «Սպասիր որդիս, մեզնից չի դուրս գայ դա»: «Օրինակ՝ ես ռազմական դպրոց էի ցանկանում ընդունուել, երբ միջնակարգ դպրոցում էի: «Ոչ, չես կարող գնալ», ասաց հայրս, «քեզնից դուրս չի գայ»: Թուրքիայից դուրս ապրող հայ բարեկամներ ունի, սակայն նրանց հետ կապ չկայ: Երբ հինգ տարեկան էր Հալէպում բնակուող քեռուն եւ երկու դուստրերի հիւանդ մօրը տեսակցութեան էին գնացել: Մի քանի օր մնացին ու եկան: Երբ տատիկը մահանում է, թաղմանը չեն կարողանում գնալ: Այնուհետեւ քեռին է մահանում, իսկ նրա դուստրերը Ֆրանսիա են տեղափոխւում եւ կապն ամբողջովին կտրւում է: Իսկ պատճառը Մեհմեդ Ալին հետեւեալ կերպ է ամփոփում. «Որքանով գիտեմ Համա, Հոմս գնալուց յետոյ, աւելի ուշ Հալէպում մնացածներն են նրանք: Ես այս պահին 51 տարեկան եմ եւ 45 տարի է չենք տեսնւում… Մայրս, հայրս էլ որպէսզի այստեղ ոչ ոք չլսի, չիմանայ, ճնշումներից եւ վախից չէին կարող հանդիպել… Միգուցէ եթէ մեծ քաղաքում լինէինք, մեր գործն աւելի հեշտ կը լինէր, աւելի հանգիստ կը կարողանայինք կապ հաստատել:
Վերջաբանի Փոխարէն
Մենք այս աշխատանքում փորձեցինք փոխանցել 1915թ.ի Յուլիսի 28ի որոշումով նախ Ադըեամանում, իսկ այնուհետեւ՝ նրա կազմում եղած Բեսնիում տեղի ունեցած տեղահանութիւնների եւ Ցեղասպանութեան ընթացքում որբ մնացած երեխաների պատմութիւնները նրանց թոռների պատմութիւններով: Խօսքն այն որբ երեխաների մասին է, ում ստիպել են ընդունել իսլամ եւ իւրաքանչիւրին դաստիարակել են որպէս հաւատացեալ մուսուլման: Նրանցից յետոյ եկող 2 սերունդ էլ նոյն վիճակում է շարունակել ապրել: Չնայած սրան, թուրք-սուննիական հասարակութիւնում այս մարդիկ կոդաւորուել են որպէս «գեաւուր», «դեօնմէ», եւ այս կոդաւորումը համակարգային տեսք է ստացել: Այս շնչով երրորդ սերունդի ապրած դրաման եւ այն վիճակը, որին դէմ յանդիման են կանգնել նրանք, ամենալաւը ամփոփւում է ստորեւ բերուած Մուստաֆայի եւ Ահմեդ Ալիի այս բառերում. «Լսիր, գոնէ թողնեն մոռանանք, մեր կեանքը շարունակենք… Լսիր ընկեր, մենք ի՞նչ ենք, ո՞վ ենք: Դու մօրդ ընտրե՞լ ես, հօրդ ընտրե՞լ ես, ծննդավայրդ ընտրե՞լ ես: Միայն ընկերոջն են ընտրում: Այդ դէպքում ի՞նչ: Մենք Նոյից ենք ծագում, նրա զաւակներն ենք: Մինչեւ այնտեղ հասիր, մարդ արարածին սիրի՛ր, յետոյ արի՝ խօսենք»:
«Այսինքն, եթէ անգամ ներկայ պահին մեր կողքին մի բեսնիցի լինի, որեւէ հարց քննարկենք, դեռ դա, այսինքն՝ իմ կրօնափոխ լինելն իմ երեսին կը շպրտուի: Այնպէս, կարծես ինչ որ անպատիւ բան եմ արել…»:
Akunq.net
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
–Professional Bookkeeping Services-1737 E. Washington Blvd., #5 Pasadena, CA 91104 626-791-4815
–Zohrab & Naomi Tazian Fort Wayne, Indiana
–Turbo Wholesale Tires, Inc.
–Central High School Alumni (818) 609-0833
–Tchakerians of Yozgat
–ARF Krisdapor San Francisco
–Primex Labaratories
–Manas & Donalee Boujikian
–Mr. & Mrs. Neshan & Roubina Peroomian
–Mr. & Mrs. Zareh & Meline Isakhanian
–Dr. Seda Panossian and Family Hagop Louisa & Arthur
–Mr. & Mrs. Vahe & Aida Yeghiazarian
–Mr. & Mrs. Avik & Hykuhi Deirmenjian Belford, Massachusetts