Վարեց Եւ Թարգմանեց՝
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ
Yerkir.am-ին յաջողուել է բացառիկ զրոյց ունենալ նրա հետ:
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ.- Սերքան Էնգին, գիտեմ, որ Թուրքիայի քաղաքացի էք, բայց ազգութեամբ թո՞ւրք էք: Ձեր հայրն ու մայրը թո՞ւրք են:
ՍԵՐՔԱՆ ԷՆԳԻՆ.- Մայրս թուրք է, հայրս՝ լազ: Ես ինձ լազ եմ համարում:
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ.- Ձեր ընտանիքում հայ չկա՞յ:
ՍԵՐՔԱՆ ԷՆԳԻՆ.- Ոչ, չկայ: Ինձ հայ համարիր, սեւամորթ, պաղեստինցի համարիր: Ես բոլոր այն մարդկանց կողքին եմ, ովքեր անտեսուել, նուաստացուել, օգտագործուել են:
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ.- Որպէս Թուրքիայում ապրող եւ Հայոց Ցեղասպանութիւնն ընդունող մարդ՝ վտանգաւոր չէ՞ք համարում, արդեօք, այդ մասին բարձրաձայնելը, յօդուածներ գրելը:
ՍԵՐՔԱՆ ԷՆԳԻՆ.- Անշուշտ, հասկանում եմ, որ այդ վտանգը կայ, բայց չեմ վախենում անգամ մահուանից կամ բանտարկուելուց: Մտաւորական արուեստագէտ լինելը դա է պահանջում: Ես այն մարդկանցից եմ, ովքեր ճշմարտութեան բացայայտման համար պատրաստ են իրենց կեանքը զոհել: Ես աթէիստ եմ՝ մարտնչող աթէիստ: Իսլամի դէմ գրուած յօդուածներ ունեմ: Այս երկրում պատուաւոր, լուսաւոր մտաւորական լինելը, ցաւօք, վտանգաւոր է: Սակայն մահուանից չեմ վախենում, ամէն վայրկեան պատրաստ եմ դրան:
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ.- Թուրք գրողներից, օրինակ՝ Օրհան Փամուքի, Թաներ Աքչամի հետ ծանօ՞թ էք: Նրանց հետ Հայոց Ցեղասպանութեան թեմայով երբեւէ խօսե՞լ էք:
ՍԵՐՔԱՆ ԷՆԳԻՆ.- Նրանց հետ անձամբ ծանօթանալու հնարաւորութիւն չեմ ունեցել: Բայց, ի հարկէ, նրանց գործերին ծանօթ եմ: Յատկապէս նրանց՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ դիրքորոշմանը լաւ տեղեակ եմ:
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ.- Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան մասին խօսելը թաբու (արգիլուած նիւթ-Խմբ.) է: Դուք, բացի այդ մասին խօսելուց, նաեւ ընդունում, գրում եւ բարձրաձայնում էք: Ինչո՞ւ: Նման պահուածքը չի՞ ընկալւում որպէս ազգի դաւաճանութիւն: Այս ամէնի մասին գրում էք մտաւորականի անուն վաստակելո՞ւ համար, թէ խղճի թելադրանքով՝ որպէս իրական պատմութիւնից տեղեակ մարդ:
ՍԵՐՔԱՆ ԷՆԳԻՆ.- Խղճի տէր մարդ եւ մտաւորական լինելը ինձ ստիպում են այս ամէնի մասին գրել՝ գիտակցելով անգամ մահուան վտանգը: Այսօր ինձ կարող են հայրենիքի դաւաճան անուանել, բայց լաւ գիտեմ նաեւ, որ, վաղ, թէ ուշ, պատմութիւնը բոլորին ճիշդ տեղն է դնելու, եւ իմ ներկայիս դիրքորոշումը յետագայ սերնդի երիտասարդ գրողների համար օրինակ է լինելու: Աշխարհը փրկելու են նրանք, ովքեր խղճի տէր են, ոչ թէ նրանք, ովքեր փող, զէնք եւ մեծ գաղափարախօսութիւններ ունեն:
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ.- Ի՞նչ էք մտածում Հրանդ Դինքի սպանութեան մասին: Ձեր կարծիքով՝ Հրանդին ինչո՞ւ սպանեցին:
ՍԵՐՔԱՆ ԷՆԳԻՆ.- Հրանդ Դինքը պետութեան խորքերում մղուող պայքարի զոհը դարձաւ, բայց պատճառը միայն սա չէ, ի հարկէ: «Իթթիհադ եւ Թերաքի»ի (երիտթուրքեր) ժամանակներից մինչ օրս շարունակուող ֆաշիստական կառոյցը շարունակում է գործել, ցաւօք: Ազգային պետականութիւն հիմնելու նպատակով այս կառոյցը որոշեց ոչնչացնել այն ժողովուրդներին, որոնք սուննի մուսուլմանների կաղապարով չէին: Հայերը, ասորիները, քաղդէացիները, Պոնտոսի յոյները ենթարկուեցին ցեղասպանութեան, նրանց ունեցուածքը բռնագրաւեցին: Թուրքիայի նախագահի նստավայրը նոյնիսկ պատկանել է հայի:
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ.- Ի՞նչ կարծիքի էք Սեւան Նշանեանի բանտարկութեան մասին: Հաւատո՞ւմ էք Սեւանի՝ կնիք կեղծելու եւ ապօրինի շինութիւններ կառուցելու մասին պատճառաբանութեանը, թէ՞, հայ լինելով, պետութեան դէմ հրատարակած աշխատութիւնների համար բանտարկուելուն:
ՍԵՐՔԱՆ ԷՆԳԻՆ.- Սեւան Նշանեանը այն հազուագիւտ մտաւորականներից է, որոնցով ես հիանում եմ: Նրա համարձակութեամբ ու սկզբունքայնութեամբ աւելի եմ հիանում: Նրա՝ իսլամի մասին աշխատութիւնները շատ եմ հաւանում: Կրօնի մասին իմ աշխատութիւններից մէկը նա մի անգամ իր twitter-եան էջում հրապարակել էր: Ի հարկէ, նրանց նպատակը իսլամի դէմ յօդուածներ գրելու համար Սեւանին պատժելն է: Բայց նա բանտարկուելուց քանի մը օր առաջ նոյնիսկ յօդուած էր հրապարակել «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան իրականացրած աշխատանքների մասին՝ նշելով նաեւ կուսակցութեան վատ կողմերը: Նման ազնիւ, մտածածը մարդու երեսին ասող եւ սկզբունքային մարդով ինչպէ՞ս կարելի է չհիանալ:
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ.- Երկու տարուց լրանում է Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցը: Չէ՞ք բացառում արդեօք այն հանգամանքը, որ Թուրքիան կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը:
ՍԵՐՔԱՆ ԷՆԳԻՆ.- Դժբախտաբար, նման բանի հնարաւորութիւն չեմ տեսնում: Բայց ճանաչման դէպքում մարդկութեան պատմութեան առաջ Թուրքիան կը փառաւորուի: Եթէ ես լինէի այս երկրի նախագահը կամ վարչապետը, Գերմանիայի նախագահ Ուիլլի Բրանդտի՝ 1970 թուականի Դեկտեմբերի 7ին Լեհաստանում արած ժեստը կ՛անէի՝ Հայաստանում Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրում կը ծնկէի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի առաջ, նրանց ողջ հարազատներից անձամբ ներողութիւն կը խնդրէի, եւ այս արարքը թէ՛ ինձ, թէ՛ երկրիս չէր նուաստացնի, այլ ընդհակառակը՝ կը փառաւորեցնէր:
Յ. Գ. – Ի դէպ, անդրադառնալով հարցազրուցավարի անունին (Արազ Գայմագամեան), թուրք լրագրողն ասաց, որ Արազի՝ Արաքս գետի մասին, քաջատեղեակ է եւ սիրում է երգել Արազի մասին երգը, ապա յաւելեց. «Այդ հողերը պատկանում են ձեզ՝ հայերիդ: Ձեր հայրենիքն է, որն, անշուշտ, կրկին ձերն է լինելու: Ներողութիւն եմ խնդրում եւ խոնարհւում ձեր ցաւի առաջ»:
Թուրք գրող Սերքան Էնգինը «Paper Boats of Poetry» կայքում «Թուրք լինելու՝ անտանելի ամօթը» վերնագրով յօդուած է հրապարակել՝ ներողութիւն խնդրելով հայերից իր նախնիների կողմից իրագործուած Հայոց Ցեղասպանութեան համար:
Յօդուածը ներկայացնում ենք հատուածաբար:
Մայրս թուրք է, սակայն ես նախընտրում եմ ինձ, ինչպէս հայրս, լազ համարել, քանի որ ամաչում եմ մօրական կողմի՝ իմ թուրքական արմատներից: Ես հրաժարւում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիները Ցեղասպանութիւն են իրագործել: Օսմանեան կայսրութեան ժամանակ 1.5 միլիոն հայ են դաժանօրէն կոտորել: Թուրքերն ու քրդերը իրենց հարեւաններին սպանել, բռնաբարել, երեխաներին այրել եւ նրանց ունեցուածքն են կողոպտել: Ինչպէս հայերին, այնպէս էլ հազարաւոր ասորիների կոտորեցին իրենց հայրենիքում:
Ես, լինելով Թուրքիայի զաւակ, ընդունում եմ Հայոց Ցեղասպանութիւնը եւ մօրս պապերի փոխարէն ամաչում: Այս դէպքը Թուրքիայի պատմութեան ամենաամօթալի դէպքն է: Ես մարդկութեան անունից ներողութիւն եմ խնդրում բոլոր հայ զոհերից եւ խոնարհւում ձեր ցաւի առաջ:
Դժբախտաբար, սա Թուրքիայի իրագործած միակ Ցեղասպանութիւնը չէ: Անատոլիայում, 1919 թուականին Պոնտոսի 353,000 յոյն Մուսթաֆա Քեմալի հրամանով կոտորեցին:
Յարգելի՛ ընկերներ, նրանք ինձ կարող են բանտարկել կամ փողոցում սպանել, բայց իմ խիղճը եւ ակադեմիական բարոյականութիւնը ինձ ստիպում է այս ամէնի մասին պատմել: Մինչեւ վերջին շունչս ճշմարտութիւնն եմ պատմելու:
Սերքան Էնգին
Թարգմանեց՝ Արազ Գայմագամեան
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
–Յակոբ եւ Մինա Շիրվանեան եւ Ընտանիք
–Group Services Kahren Beniasians
805 E. Broadway., Suite D
Glendale, CA 91205
818-247-2400
–ԸՆԿ. ԿԱՐՊԻՍ ԵՒ ԸՆԿՀ. ՄԱՅՏԱ ՊԷԶՃԵԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔ
Սան Ֆրանսիսքօ