
ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ
Զաբել Սապունջեանն ասում է, որ արդէն 44րդ տարին է, ինչ ապրում է ԱՄՆում, պարտադիր գալիս է բողոքի ակցիայի: Նա բողոքում է Թուրքիայի եւ ԱՄՆի իշխանութիւններին, որոնցից առաջինը մէկ դար առաջ իրականացրած ոճրագործութիւնը, շարունակում է այսօր Քեսաբում: Իսկ երկրորդը, ըստ Զաբել Սապունջեանի՝ նախագահ Օբաման հետ է կանգնել հայերին տուած իր խոստումից եւ չի ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը: Յիշեցնենք, որ Օբաման իր ուղերձում կրկին օգտագործեց Մեծ Եղեռն արտայայտութիւնը:
Երէկ, ի թիւս Սփիւռքի այլ գաղթօջախների, Վաշինգտոնում տեղի հայութիւնը նոյնպէս նշեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի 99րդ տարելիցը: ԱՄՆի մայրաքաղաքում գտնուող Թուր-քիայի դեսպանութեան առաջ մարդաշատ էր. դիմացի մայթին հաւաքուել էին հայ համայնքի եւ վերջինիս սատարող տարբեր ազգութիւնների անհատներ, որոնք Ցեղասպանութեան ճանաչման, դրա ժխտողականութիւնը, Թուր-քիայի եւ ԱՄՆի ղեկավարութեան դիրքորոշումը քննադատող բովանդակութեամբ պաստառներ էին պարզել՝ դիմացի մայթին հաւաքուածներին ի տես:
Իսկ թրքական դեսպանատան առջեւ հաւաքուել էր նմանատիպ խումբ, որը պարզել էր Թուրքիայի դրօշներն ու հակահայկական պաստառներ: Կար նաեւ Ադրբեջանի դրօշը: Թուրքերը բարձր երաժշտութիւն էին հնչեցնում, այդ թւում՝ միացուեց հայկական ծագումով, Թուրքիայում յայտնի «Սարը գելին» երգը:
Թուրքական կողմն իր թուաքանակով զիջում էր 150-200 հոգուց բաղկացած հայ ցուցարարներին, սակայն բաւականին ագրեսիւ էր տրամադրուած: Ինչպէս տեղեկացանք, նախանցեալ տարի նրանք կրկին նման վարքագիծ էին դրսեւորել՝ պարելով ու երգելով, ինչից յետոյ այդ երկրի դեսպանը զգուշացում էր ստացել, եւ 2013ին նման բան չէր կատարուել, սակայն այս տարի դեսպանի բացակայութեան հետեւանքով, ըստ էութեան, նոյն պատկերն էր:
Քալիֆորնիայից Վաշինգտոն էին ժամանել հայ բայկերներ, որոնք ցուցարարների թւում էին: Նրանց ժամանելը ոգեւորութեամբ ընդունուեց ակցիայի հայ մասնակիցների կողմից: Քիչ անց բայկերները ցուցադրաբար անցան թուրքական դեսպանութեան մայթի դիմացով, ինչն ակնյայտօրէն դուր չեկաւ թուրքերին, որոնք սկսեցին թրքերէնով կոչեր անել:
Թուրքիայի վարչապետ Էրդողանի, այսպէս կոչուած, ցաւակցութեան հակառակ պատկերը փողոցում էր, որտեղ թուրքերը Ցեղասպանութիւնը որակում էին իբրեւ սուտ եւ կոչ անում վերջ տալ դրան՝ միաժամանակ իրենք յայտարարելով հայ «տեռորիստների» մասին:
Ցուցարար Զաբել Սապունջեանն ասում է, որ թուրքերն իրենց ստախօսութիւնը նոյն ստով են ուզում ծածկել՝ աւելացնելով, որ վախենալով հայերի իրաւունքների ճանաչումից՝ թուրքերը գնում են ուրացման ուղիով:
«Դժբախտաբար, նախագահ Օբաման խաղում է բառերի հետ: Պատմութիւնը լաւ գիտի, ասել է սենատոր եղած ժամանակ, սակայն հիմա Թուրքիան թոյլ չի տալիս այլ բառեր օգտագործել: Ամերիկեան դիւանագիտութիւնը եւ Հայոց Ցեղասպանութիւնը գրուել են Անկարայում: Սա ամօթալի է: Ամերիկացիներն իրենց սեփական քաղաքականութիւնը պէտք է ունենան», ասում է ակցիայի մասնակիցներից ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:
ԱՄՆի պետդեպարտամենտի պաշտօնեաներից մէկը մեզ հետ զրոյցում նշեց, թէ նախագահը բաւականին յստակ է արտայայտուել այն մասին, որ 1.5 մլն. հայ է սպանուել, ինչը վատագոյն դէպքերից մէկն է: «Հետք»ի հարցին, թէ ինչու է Օբաման միջազգայնօրէն ճանաչուած ցեղասպանութիւն-գենոցիդ բառի փոխարէն օգտագործում Մեծ Եղեռն տերմինը, տուեց խուսափողական պատասխան, միաժամանակ նշելով, որ այդ արտայայտութեան կիրառումն արդէն խօսում է ԱՄՆի՝ այս հարցում յստակ դիրքորոշման մասին: Պաշտօնեան յաւելեց, որ ԱՄՆը Հայաստանին ու Թուրքիային յորդորում է վերջնականապէս կարգաւորել յարաբերութիւնները, ինչից երկուսն էլ միայն շահելու են: Մեր հարցին, թէ ինչո՞ւ հայ-թուրքական արձանագրութիւնների ջատագովներից ու մերձեցման գործընթացը խթանողներից մէկը հանդիսացող Միացեալ Նահանգներն այժմ չի դրդում Թուրքիային գնալ յստակ քայլերի՝ արձանագրութիւնների վաւերացման, եւ արդեօք ԱՄՆի համար էականը միայն ստորագրման փա՞ստն էր, պետդեպարտամենտի աշխատակիցը նշեց, որ իրենք հազուագիւտ են մասնակցութիւն ունենում զուտ մասնակցելու համար, սակայն այդպէս էլ չմանրամասնեց, թէ ինչու իր երկիրը չի դիմում գործնական քայլերի՝ իր իսկ հովանաւորած մերձեցումը ի վերջոյ կեանքի կոչելու համար: Փոխարէնը, ըստ մեր զրուցակցի, դեռ շուտ է խօսել գործընթացի ձախողման մասին, եւ այն դեռ չի աւարտուել:
Արամ Համբարեանն ասում է, որ այս ակցիան Թուրքիային ցոյց է տալիս այն, որ հայերը չեն մոռացել իրենց պատմութիւնն ու դատը, պահանջատէր են լինելու, պայքարելու են: Միւս կողմից, ըստ Համբարեանի, էական է նաեւ աշխատանքներ տանել Սպիտակ տան, Կոնգրեսի երկու պալատների, մամուլի հետ:
Երկու ժամ տեւած ակցիայից յետոյ հայ ցուցարարները շարժուեցին նոյն թաղամասում գտնուող ՀՀ դեսպանատուն, որտեղ պսակներ դրուեցին դեսպանատան բակում կանգնեցուած խաչքարի դիմաց, եւ անմեղ զոհերի հոգեհանգստի արարողակարգ մատուցուեց: Ներկաներին ուղղուած խօսքով հանդէս եկաւ նաեւ ԱՄՆում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Թաթուլ Մարգարեանը: