Յարգանքով խոնրահւում ենք Մեծ եղեռնի ժամանակ զոհուածների յիշատակի առաջ:
Այսօր մարդկութեան պատմութեան ամենամեծ ողբերգութիւններից մէկի 1915 թ. Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման օրն է: Ուղիղ 99 տարի առաջ՝ 1915 թ. Ապրիլի 24ին, սկսուեց 20րդ դարի ամենամեծ ցեղասպանութիւններից մէկը՝ հայ մտաւորականների աքսորով: Հայ ժողովուրդը մեծ ցաւեր է ապրել տուեալ ժամանակաշրջանի՝ Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կառավարութեան մութ քաղաքականութեան հետեւանքով, պոկուել է Անատոլիայի եւ Միջագետքի ժողովուրդներից, իր հայրենի հողից:
Այս Ցեղասպանութեան ցաւը մէկ հարիւրամեակից ի վեր ներկայում էլ է շարունակւում՝ թէ՛ միջազգային հանրութեան եւ թէ եղբայր ժողովուրդների խղճում խորը վէրքեր թողնելով:
Ցեղասպանութեան տրաւման եւ ցաւերը պահպանւում են հասարակական յիշողութիւններում, որովհետեւ Թուրքիան՝ պետութեամբ եւ իր ժողովուրդներով, չի առերեսուել 20րդ դարի ամենամեծ ցեղասպանութիւններից մէկի հետ, հաշուի չի նստել սեփական պատմութեան հետ, ներում չի հայցել հայ ժողովրդից՝ ցեղասպանութեան փաստն ընդունելով: Չպէտք է մոռացութեան տրուի այն, որ պատմութեան հետ առերեսումն ու հաշուի նստելը միեւնոյն ժամանակ երաշխիք կը լինեն առ այն, որ տառապանքներն այլեւս չեն կրկնուի:
Չառերեսուած պատմութեան հետեւանքները ծանր են լինում: Չլուսաբանուած իւրաքանչիւր դէպք հիմք է ստեղծել նորերի համար. 1915ին տեղի ունեցածին միւս դէպքերն են հետեւել: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը եթէ անգամ պատմութեան գիրկն է անցել, նրա սնած մտայնութիւնը ի յայտ է եկել Դերսիմի, Աղրըի, Մարաշի, Չորումի, Սուասի եւ Ռոբոսկիի կոտորածների դէպքում: Դրանք սեփական անցեալի հետ առերեսուելուց, ժողովուրդների հետ հաշուի նստելուց խուսափած պաշտօնական գաղափարախօսութեան եւ պետական կառուցուածքի հետեւանքներն են:
Թէեւ ժողովուրդների ժողովրդավարական պայքարը պետութեան ազգայնամոլ մտայնութեան դէմ պայքարել է, սակայն այսօր եւս շարունակւում են տարբեր ինքնութիւնների, մշակոյթների եւ հաւատքների դէմ ուղղուած սպառնալիքները: Սակայն Թուրքիայի ժողովուրդների՝ զարգացող ժողովրդավարական լուծման ընթացքում մէկ անգամ եւս նկատելի խաղաղութեան, եղբայրութեան եւ ազատութեան հիմքերի վրայ դրուած համատեղ կամքը յոյս են ներշնչում, թէ նման դէպքերն այլեւս չեն կրկնուի:
Հայոց Ցեղասպանութեան հետ առերեսումը, հաշուի նստելը կարեւոր են մեր ապագայի տեսանկիւնից, եղբայրաբար միմեանց վերաբերուել կարողանալու հան-գստութեան տեսանկիւնից: Անհնար է համատեղ ապագայ կառուցել ցաւալի պատմութեամբ:
Թուրքիայի պետութեանը կոչ ենք անում Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կառավարութեան՝ մարդկայնութեան դէմ գործած յանցագործութիւնների հետ առերեսուելով՝ հաշուի նստել այդ ոճիրների հետ եւ ներում հայցել մեծ ցաւեր կրած հայ ժողովրդից, յարգանքով խոնարհւում ենք Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի առաջ՝ նոր տառապանքներ չլինելու յոյսով:
ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ
ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
Թարգմանեց Մելինէ Անումեան
Akunq.net