ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Հայկական կրօնական կառոյցներն անընդհատ համալրւում են նոր կղերականներով, որոնք ուսում են ստանում տարբեր երկրներում, հայրենի թէ Սփիւռքի դպրեվանքերում, կատարելագործւում են միջազգային համալսարանների կրօնական ուսմունքների բաժիններում՝ հասնելով մինչեւ դոկտորական աւարտաճառերի պաշտպանութեան: Վս-տահ, որ այս անձանց ուսման ծախսերի որոշ մասը կամ ամէնը հովանաւորւում են պատկան եկեղեցիների կողմից, իսկ ուսումնառութիւնից յետոյ էլ նրանք չեն մտածում գործ գտնելու մասին՝ նշանակւում են:
Գանք մեր հայերէն լեզուի մասնագէտներին: Կարծում ենք, նոյն սկզբունքով էլ պէտք է պատրաստուեն նրանք, այսինքն նոյն պարտադիր հովանաւորութեամբ, նոյնիսկ եկեղեցին ինչպէս պատրաստում է իր հոգեւորականին, նոյն շահախնդրութեամբ կամ յանձնառութեամբ պէտք է նպատակդրուի պատրաստելու հայոց լեզուի մասնագէտին:
Դասագրքերից եւ եղած գիր ու գրականութիւնից աւելի կարեւոր է դրանք մատուցողը, որ եթէ լաւ մասնագէտ է, հէնց տեղում, առանց գրքի էլ, տուեալ գաղութի, դպրոցի, հաստատութեան համեմատ կը դասաւորի ծրագիրը: Եւ ապա նրանց նկատառումներն են, որ կարող են օգտակար դառնալ համապատասխան դասագրքեր կազմելուն: Առաջնորդողը ոչ թէ լեզուագէտն է, այլ ուսումնական հարցերի թնջուկի մէջ եղող դասաւանդողը:
Եթէ քրիստոնէական հաւատքը կարեւորում է մեր ինքնութիւնը, մայրենի լեզուի իմացութիւնը եւս պաշտպանում է մեր ազգային պատկանելիութինը:
Ուրեմն, հաւասարապէս, առաջնորդուենք նոյն սկզբունքով, եւ ինչպէս չունենք հոգեւորականների պակաս, այնպէս էլ չունենանք հայ լեզուի մասնագէտների անգտանելիութիւն, մասնաւորապէս՝ արեւմտահայերէնի համար: