ՅԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Զանգուածային կոտորածների ու ցեղասպանութեան ժամանակ տեղի ունեցող սեռական բռնութիւնների ուսումնասիրութիւնը եւ դրանց խմբաւորելու փորձը թոյլ է տալիս պնդելու, որ ոճրագործները դրսեւորում են «օրգիաստիկ (շուայտութեան-Խմբ.) մշակոյթին» յատուկ վարք, որին բնորոշ են սեռական ակտիւութեան բոլոր ձեւերը՝ համասեռամոլութիւնը, խմբակային սեքսը, սեքսի խաղային դրսեւորումները եւ այլն: Սոցիալական հոգեբանութեան մէջ յայտնի տեսակէտի համաձայն՝ զանգուածային կոտորածների ու ցեղասպանութեան ժամանակ տեղի է ունենում ֆիլոգենետիկ (կենսաբանական զարգացման-Խմբ.) նահանջ: Մարդիկ վերադառնում են արխայիկ (հնադարեան-Խմբ.) շրջանի հոգեբանութեանն ու «վայրի մտածողութեանը» (վերջինիս տրամաբանական առանցքը՝ ընդհանուրը եւ մասնաւորը, կազմաւորուած չեն որպէս առանձին ձեւեր), հետեւաբար նաեւ՝ արխայիկ շրջանի վարքին:
Ստորեւ խմբաւորուել եւ առաւել բնութագրական օրինակներով ներկայացուել են Օսմանեան կայսրութիւնում հայերի նկատմամբ իրականացուած զանգուածային կոտորածների ու ցեղասպանութեան ընթացքում տեղի ունեցած սեռական բռնութիւնները, եւ թէ ինչպէս է սեռական վարքը ցեղասպանութեան համատեքստում ստանում սոցիալական եւ մշակութային մոդելաւորման ձեւեր:
Պատերազմներին ու ցեղասպանութիւններին ուղեկցող զանգուածային սեռական բռնութիւնների հիմքում, որպէս կանոն, ընկած է կարծրատիպերի մի ամբողջ համալիր՝ էթնիկ, ազգային, կրօնական ու գենդերային (սեռային-Խմբ.): Այս մասին է վկայում այն հանգամանքը, որ «թիրախային» խմբի կանայք, ինչպէս նաեւ երեխաները, տղամարդիկ եւ նոյնիսկ դիակները սեռական բռնութիւնների են ենթարկւում մասնաւորապէս որեւէ էթնիկ կամ կրօնական խմբին պատկանելու պատճառով: Սեռական բռնութիւնները պայմանաւորւում են յատկապէս գենդերային ընկալումներով. պատահական չէ, որ սեռական բռնութիւնների զոհ են դառնում հիմնականում գեղեցիկ կանայք: Սրանով է բացատրւում նաեւ այն, որ սեռական բռնութիւնները գրականութեան մէջ յաճախ ձեւակերպւում են նաեւ որպէս «յաղթող»ի վարք, քանի որ «պարտուած» կողմի կանայք ընկալւում են որպէս «պարգեւատրում»՝ իրագործած «քաջագործութիւններ»ի համար:
***
Զանգուածային կոտորածներին ու ցեղասպանութեանը յատուկ են հանդիսաւոր բռնաբարութիւնները, մանկապղծութիւնը (պեդոֆիլիան), դիակապղծութիւնը (նեկրոֆիլիան), այլընտրանքային միջոցներով սեռական բաւարարուածութիւնը՝ յատուկ հետաքրքրութիւնը մերկութեան, սեռական օրգանների նկատմամբ:
«ՀԱՆԴԻՍԱՒՈՐ» ԲՌՆԱԲԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ
19րդ դարավերջի եւ 20րդ դարասկզբի հայերի կոտորածների եւ ցեղասպանութեան ժամանակ սեռական բռնութիւնները յաճախ տեղի էին ունենում հրապարակայնօրէն՝ փողոցներում, եկեղեցիներում, զօրանոցներում, աքսորի ճանապարհներին, ընտանիքի անդամների ներկայութեամբ՝ այդ կերպ ստանալով «հանդիսաւոր» բնոյթ: Օրինակ՝ 1894թ. Մուշի շրջակայ գիւղերում երեք շաբաթ տեւած կոտորածի ընթացքում հարիւրաւոր հայ կանայք նախքան սպանուելը յանձնւում են զինուորների քմահաճոյքներին:
Տալուորիկի բնակավայրերից մէկում վաթսուն երիտասարդ կանայք ու աղջիկներ պատսպարւում են եկեղեցում, որի վրայ յարձակման ժամանակ թուրք զինուորները նրանց նկատմամբ սեռական բռնութիւններ իրականացնելուց յետոյ բոլորին սպանում են:
1896թ. Ուրֆայում կոտորածների ժամանակ կանանց ու աղջիկներին ամբողջովին մերկացնում են ու տանում զօրանոցներ: Այնտեղ նրանց հինգ օր պարբերաբար բռնաբարելուց յետոյ ազատ են արձակում:
«Հանդիսաւոր» բռնաբարութեան դէպք է տեղի ունեցել Ադանա քաղաքի առաջին ջարդի ժամանակ՝ 1909թ. Ապրիլի 1 (14)ին: Բոյաջեան ընտանիքի բոլոր տղամարդկանց սպանելուց յետոյ եղեռնագործները բռնաբարում են տանը գտնուող կանանց ու աղջիկներին, ապա նրանց արիւնոտ ներքնազգեստները կախում պատուհաններից, իսկ բռնաբարուածներին կիսամերկ շարելով փողոցում՝ խուժանին ցուցադրաբար հրաւիրում են նոյն բանն անելու:
Հայոց Ցեղասպանութեան ժամանակ աքսորի ճանապարհներին տեղի ունեցող բռնաբարութիւնները սովորական բնոյթ էին կրում. յայտնի են յատկապէս ոստիկանների ու ժանդարմների, սպաների կազմակերպած վրանային խրախճանքները: Նրանք առեւանգում էին դեռատի գեղեցիկ կանանց, կոյս աղջիկներին եւ «օգտագործելուց» յետոյ ազատ արձակում, իսկ յաճախ՝ դաժանօրէն սպանում: Օրինակ՝ Յուլիսի 15ին Ռեճէպ լեռան վրայ սամսոնցի երիտասարդ մի աղջկայ 25-30 ոստիկան հրապարակայնօրէն պղծում են, ապա մօտակայ երկու ծառերի գագաթներն իրար միացնում եւ նրան գլխիվայր կախում:
ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹԻՒՆ
(ՊԵԴՈՖԻԼԻԱ).
ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՈՐՊԷՍ
ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹԵԱՆ ԶՈՀ
Զանգուածային կոտորածներին ու ցեղասպանութիւններին յատուկ վարք է նաեւ մանկապղծութիւնը: Օսմանեան կայսրութիւնում սեռական բռնութեան թիրախ էին դառնում երկուսից մինչեւ տասնչորս տարեկան երկսեռ երեխաները: Այսպէս՝ 1894թ. Եդեսիայում կոտորածների նախօրեակին տեղի ունեցաւ երկու ոճրագործութիւն: Դրանցից առաջինը 14 տարեկան պատանու բռնաբարութիւնն էր: Քառասուն-յիսուն թուրքեր տղայի պատիւն անարգելուց յետոյ նրան կիսամեռ վիճակում բերում են հայրական տան առջեւ:
Մանկապղծութեան բազմաթիւ դէպքեր յայտնի են նաեւ Ադանայի կոտորածների ժամանակ: Համիդիէ գիւղաքաղաքի վրայ յարձակուելիս տղամարդկանցից շատերն իրենց կրքերը բաւարարել են՝ 6-10 տարեկան երեխաներին իրենց ծնողների ներկայութեամբ բռնաբարելով: Յայտնի է, որ Գէօզալթում բռնաբարուել են 7-8 տարեկան բոլոր երեխաները: Վերապրողներից մէկի պատմութեան համաձայն՝ Խարբերդից Ուրֆա տարագրութեան ճանապարհին բռնաբարուել են բոլոր կանայք եւ 8-10 տարեկան երեխաները: Հալէպում Գերմանիայի հիւպատոս Ռէօսլերը Գերմանիայի ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգին ուղարկած զեկուցագրերից մէկում աղջիկների առեւտրի մասին խօսելիս յայտնում է, որ Ռաս ուլ Այնում հայերին հսկող ոմն Նուրի Շաուխը բժիշկ Ֆարաեւի ներկայութեամբ արտայայտուել է, որ 12 տարեկանից ցածր հայ աղջիկներին կուսութիւնից զրկելով՝ հաճոյք (ընդգծումն իմն է-Հ.Գ.) է ստանում: Մէկ այլ զեկուցագրում յայտնում է, որ տեսել է մօտ երկու տարեկան իգական սեռի երեխայի դիակ, ում սեռական օրգաններն արիւնոտուած էին: Իսկ գերմանացի ուսուցիչ Նիիպագէի զեկուցագրում կարդում ենք. «Մօտ 14 տարեկան մի աղջկայ ընդունել է Հալէպում Բաղդադի երկաթուղու պահեստապետ պարոն Կրաուզէն: Այդ երեխային մի գիշերուայ մէջ թուրք զինուորներն այնքան յաճախ էին բռնաբարել, որ նա ամբողջովին կորցրել էր բանականութիւնը»: Մէկ այլ վերապրող պատմում է. «Ուրֆայից դուրս տեսած մեր տեսարանը զարհուրելի էր: Դահիճներն իրենց զոհերի թեւերը կապել էին բռնաբարելուց առաջ, ապա մարած վիճակի մէջ թողել, հեռացել էին: Զիլեցի մայրիկը խելագարուել էր՝ այդ վիճակում տեսնելով իր 10-12 տարեկան աղջիկներին»: Վանէցի Մաքրուհի Սահակեանը վկայում է. «Մեր հարեւանի ութ տարեկան աղջկան, որը ծնողների մօտից հեռացել էր, թուրքերը երեք հոգով բռնաբարեցին հէնց բակում: Մենք դէզի միջից տեսնում էինք: Եւ նա մէկ ժամ յետոյ մահացաւ»:
ԴԻԱԿԱՊՂԾՈՒԹԻՒՆ
(ՆԵԿՐՈՖԻԼԻԱ)
Սեռական բռնութիւնների շարքում առանձնայատուկ ուշադրութիւն է գրաւում դիակապղծութիւնը, որը դրսեւորւում է երկու ձեւով՝ սեքսուալ եւ ոչ սեքսուալ: Սեքսուալ նեկրոֆիլիան արտայայտւում է դիակի նկատմամբ սեռական ցանկութիւններով, իսկ ոչ սեքսուալ նեկրոֆիլիան՝ ոչ սեռական ցանկութիւններով, այդ թւում նաեւ՝ դիակի մասնատմամբ: Գերմանացի քրէագէտ ֆօն Գենտինգը նշում է, որ նեկրոֆիլիային յատուկ են՝ 1. կնոջ դիակի նկատմամբ սեռական գործողութիւնների իրականացումը, 2. սեռական գրգռուածութիւնը կնոջ դիակ տեսնելիս, սեռական օրգանների նկատմամբ հետաքրքրութիւնը, դիակների մասնատումը: Մի շարք հեղինակներ կարծում են, որ նեկրոֆիլիան իրականում աւելի մեծ տարածում ունի, քան ենթադրւում է, պարզապէս սահմանափակ են նպաստաւոր պայմանները: Քանի որ նեկրոֆիլ ցանկութիւնների իրականացման համար առաջին հերթին հարկաւոր է հասանելիութիւնը դիակի նկատմամբ, ապա կարող ենք ասել, որ զանգուածային կոտորածների ու ցեղասպանութեան ժամանակ, յատկապէս ամենաթողութեան մթնոլորտում, այս վարքագծի դրսեւորման համար բոլոր նպաստաւոր պայմաններն առկայ են:
Դիակապղծութեան օրինակ է համիդեան կոտորածների ժամանակ տեղի ունեցած հետեւեալ դէպքը. Բիրեջիկում թուրքերը յարձակւում են հայազգի Կարապետի տան վրայ, որպէսզի առեւանգեն նրա աղջկան, ով յայտնի էր իր գեղեցկութեամբ: Աղջիկը, վախեցած վիճակուած սոսկալի ճակատագրից, իրեն գցում է ջրհորը եւ մահանում: Թուրքերը տան մէջ գտնուողներին բոլորին սպանում են, ապա ջրհորից հանում աղջկայ դիակը եւ բռնաբարում՝ «Փառք Մուհամմեդին» բացականչութիւններով: Նրանք ամէնուրեք պատմում են իրենց հերոսութեան մասին եւ հպարտանում: Ադանայի կոտորածների ժամանակ Միսիսում 60ամեայ կնոջը քառասուն հոգի յաջորդաբար բռնաբարում են: Կինը, չդիմանալով տանջանքներին, մահանում է, իսկ ոճրագործները շարունակում են բռնաբարել նրան:
Այս առնչութեամբ տեղին է մէջբերել Ուրֆայի կոտորածի ականատեսի հետեւեալ վկայութիւնը. «Նրանք՝ թուրքերը, բազում կանանց ու աղջիկների են խայտառակում հայրերի ու ամուսինների աչքի առաջ, կտրում են խայտառակուածների կրծքերը, քառատում եւ սպանում նրանց: Եղել են գազաններ, որոնք իրենց կիրքն են բաւարարել խայտառակութիւնից խուսափելու համար իրենց կեանքին վերջ տուած աղջիկների դիակների վրայ»: Պարսիկ յայտնի գրող Մ. Ա. æամալզադէն, ով 1916թ. Կ. Պոլսից ճամփորդել է Հալէպ, նօթագրութիւններում գրի է առել իր տպաւորութիւները. «Ամէնուր տեսնում էինք հայ կանանց ու տղամարդկանց, ովքեր ընկել ու մահացել էին խճուղու կողքին կամ մահանալու վրայ էին: Յետագայում լսեցինք, որ այդ վայրերի երիտասարդներից ոմանք չէին քաշուել գոհացում տալ իրենց կրքերին՝ անարգելով մահամերձ կամ մահացած հայ աղջիկների պատիւը»:
Դոմինիկեան միաբանութեան անդամ եղբայր Եասէթ Սիմոնը, ով ականատես է եղել Մարդին քաղաքի 1915-1916թթ. ողբերգութեանը, անդրադառնալով հայ կանանց նկատմամբ սեռական բռնութիւններին, գրում է. «Խենեշում եւս կիրքն աւելի քստմնելի համարձակութիւն ստացաւ: Իրենց կիրքը յագեցնելու համար բռնացան ոչ միայն ողջ, այլեւ մեռած կանանց վրայ: Ու վերջապէս գազանութիւնը հասաւ զազրելիութեան գագաթնակէտին: Տիգրանակերտի ձորակի մէջ ժամանակաւոր ցուցահանդէս սարքեցին, ուր զինուորների հսկողութեամբ ցուցադրեցին սպանուած կանանց մարմինները՝ սրունքները վեր, արեւից ուռած ու այլանդակուած անդամներով»:
Հարկ է նշել, որ տարածում ունէր նեկրոֆիլիայի երկրորդ դրսեւորումը եւս. կանանց բռնաբարելուց յետոյ ոճրագործները մասնատում էին նրանց մերկ մարմինները, տաքացած ունելիներ մտցնում ստինքները, կտրում կրծքերը, սեռական օրգանները: Օրինակ՝ Պապի մուսուլման բնակչութիւնը խմբերով հաւաքւում էր դիակների շուրջ եւ անըմբռնելի վայրագութեամբ կտրում սեռական օրգանները: Ինժեներ Փիփերը յայտնում է, որ Եփրատի հոսանքով քշուող դիակները յաճախ կապուած են եղել միմեանց (5-6 դիակ). տղամարդկանց սեռական օրգանները խեղուած էին, իսկ կանանց դիակները՝ կտրտուած: Չմշկածագցի վերապրող Ա. Մարդիգանեանը պատմում է. «Հասան Չելեբիի ճանապարհին զափթիեներից մէկը Հեղուշին տարաւ ճանապարհից հեռու: Աղջիկը դիմադրում էր, իսկ զափթիեն՝ նրան անողոքաբար ծեծում: Բռնաբարելուց յետոյ զափթիեն իր դանակը խրեց նրա կրծքի մէջ եւ այդ վիճակով քաշ տուեց դէպի մեզ»:
ՍԵՌԱԿԱՆ
ԲԱՒԱՐԱՐՈՒԱԾՈՒԹԻՒՆ՝
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ՄԻæՈՑՆԵՐՈՎ
Հայ տարագիրներին հսկող ոստիկանները յաճախ ստիպում էին հայ կանանց մերկանալ եւ աքսորի ճանապարհը մերկ անցնել, ինչն էլ նրանց սեռական հաճոյք էր պատճառում: Օրինակ՝ 1915թ. Օգոստոսի 6ին Ուրֆայից տասը ժամ հեռաւորութեան վրայ գտնուող մի վայրում ոստիկանները մերկացնում են 800 հոգուց բաղկացած քարաւանի բոլոր կանանց: Գերմանական փաստաթղթերից մէկում զետեղուած՝ ուսուցիչ Նիիպագէի զեկուցագրից յայտնի է դառնում, որ իրեն ծանօթ գերմանացիներից մէկն Ուրֆայի մերձակայքում տեսել է, թէ ինչպէս են թուրք զինուորներն ստիպել մերկանալ հարիւրաւոր քրիստոնեայ գեղջկուհիների եւ իրենց զուարճացնելու համար մի քանի օր շարունակ 40 աստիճան տապին քայլել անապատով մինչեւ մաշկի ամբողջովին արեւահարուելը:
Մերկութեան նկատմամբ հետաքրքրութեան յաջորդ դրսեւորումներից է հետեւեալը. կանանց, նախքան բռնաբարելն ու սպանելը, ստիպում էին մերկանալ եւ պարել: Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Հ. Դիշդիշեանի յուշագրութեան մէջ Զաբել անունով մի հայուհի պատմում է, թէ ինչպէս է Հաջի Իսմայիլն իր տունը հարեմի վերածել եւ գիշերային խրախճանքներ կազմակերպել քսան հայ աղջիկների ու իր ինն ընկերների մասնակցութեամբ: Չանդրադառնալով պատմութեան մանրամասներին՝ նշենք, որ այդ խրախճանքների ժամանակ ստիպել են հայ աղջիկներին մերկանալ եւ պարել, ինչպէս նաեւ գործադրել են բռնութիւններ՝ ընդհուպ ստիպելով նրանց զբաղուել օրալ սեքսով:
Հայոց ցեղասպանութիւնը վերապրած Հ. Խաչատրեանն իր յուշագրութեան մէջ պատմում է, որ Դդմաշի նոր նահանգապետն իր ստացած պաշտօնի առթիւ խրախճանք է կազմակերպում տանը, որի ժամանակ հրամայում է բերել երեք գեղեցկադէմ հայուհիների եւ ստիպում նրանց մերկանալ ու պարել: Նոյն վերապրողը պատմում է նաեւ, որ դդմաշենցիների աքսորի ճանապարհին ոստիկաններն առանձնացրել են 15 հայ կանանց ու երիտասարդ աղջիկների եւ բաց երկնքի տակ հրամայել են նրանց մերկ պարել, որից յետոյ զանազան սեռական բռնութիւնների ենթարկել: Մէկ այլ վերապրող եւս իր յուշագրութիւնում պատմում է նմանօրինակ դէպքի մասին: Բողազլեան գաւառի Փաշալար գիւղում Մահմուդ աղայի որդին տանը խրախճանք է կազմակերպում եւ իր թուրք ընկերների հետ մտրակների հարուածների ներքոյ ստիպում երեք հայուհիների մերկ պարել:
Անգլիական տեղեկատուական ծառայութեան կողմից Մեծ Բրիտանիայի Ռազմական նախարարութեանը յղած գաղտնի զեկուցագրում, որը թուագրուած է 1916թ. Մայիսի 20ով, մի գործակալ Պորտ Սաիդից տեղեկացնում է, որ Ապրիլի 15ին գտնւում էր Դամասկոսում եւ իջեւանել էր զօրանոցների մօտ գտնուող հիւրանոցում: Լսելով Միդանից եկող ամբոխի աղմուկը՝ դուրս է եկել հիւրանոցից եւ տեսել, թէ ինչպէս են զինուորներըը տանում 300 կամ 400 մերկ հայ աղջիկների եւ կանանց: Նրանց աճուրդի հանելով՝ վաճառել են նոյնիսկ երկու կամ չորս ֆրանկի դիմաց: Գնելու թոյլտուութիւն ունէին միայն մուսուլմանները: Վաճառողները շարունակ բացականչում էին. «Ձեզ՝ ուղղահաւատներիդ, քրիստոնեաների խայտառակութիւնը թող զուարճանք պատճառի»:
Խարբերդում Ամերիկայի հիւպատոս Լեսլի Դեւիսը, շրջելով գիւղերով եւ նկարագրելով սպանդի տեսարանները, տեղեկացնում է, որ շատ աճիւնների վրայ սուինների սպիներ կային. հիմնականում խոցուած էր նրանց որովայնը, կուրծքը, երբեմն նաեւ՝ կոկորդը. «Կանանց դիակները տարածուած էին մէջքի վրայ, պարզ երեւում էր, որ զինուոր-ոստիկանները սուիններով անմարդկային կտտանքների էին ենթարկել մարմինները՝ նոյնիսկ նրանց անշնչանալուց յետոյ: Նրանք կամ ոսկի էին փնտրում կամ ծայրայեղ այլասերուած (ընդգծումն իմն է-Հ.Գ.) էին»: Գերմանական զեկուցագրերից մէկում տեղ գտած ականատեսի վկայութիւններից տեղեկանում ենք, որ Թել Աբիադի եւ Ռաս ուլ-Այնի երկաթուղային թմբի մօտ զանգուածաբար ընկած են եղել անարգուած կանանց մերկ մարմիններ: Նրանցից շատերի հետանցքներում խցկած են եղել դագանակներ: Արաբկիրցի մի վերապրող պատմում է, որ 1915թ. Յուլիսի 1ին Մալաթիայից Ադըյաման տանող ճանապարհին տեսել է 23 աղջիկների մերկ դիակներ, որոնց հեշտոցներում քար է դրուած եղել:
***
Այսպիսով՝ սեռական բռնութիւնների դասակարգումն ու վերլուծութիւնը թոյլ է տալիս առանձնացնելու դրանց դիմելու հիմնական պատճառներն ու նպատակները: Սեռական բռնութիւնները ցեղասպանութեան համատեքստում կատարում են մի քանի կարեւոր գործառոյթներ: Զանգուածային բռնաբարութիւններն առաջին հերթին ցեղասպանութիւն իրականացնելու «գործիքներից» են: Այն փաստը, որ ցեղասպանութեան ժամանակ հիմնականում բռնաբարւում են կանայք եւ երիտասարդ աղջիկները, պայմանաւորուած չէ միայն այն հանգամանքով, որ ոճրագործների գերակշռող մասը տղամարդիկ են: Կանայք եւ երիտասարդ աղջիկները դառնում են սեռական բռնութիւնների գլխաւոր զոհերը նաեւ այն պատճառով, որ նրանք տուեալ ազգի սերունդների վերարտադրութեան կարեւորագոյն միաւորն են: Այդ կերպ ոճրագործները մեկուսացնում են մարդուն իր սոցիալ-մշակութային միջավայրից, կենսաբանօրէն փլուզում են «թիրախային» խումբը, ինչն էլ դիւրացնում է ցեղասպանութեան գործընթացը: Օրինակ՝ եղել են բազմաթիւ դէպքեր, երբ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ առեւանգուած եւ մուսուլմանների հետ բռնի ամուսնացած հայ կանայք չեն վերադարձել հայկական համայնք՝ մուսուլմաններից ծնուած երեխաներին չլքելու եւ հայկական միջավայրում ճիշդ չընկալուելու վախի պատճառով: Այդպիսով՝ կանայք ոչ միայն դուրս են մղւում իրենց հասարակութիւնից, այլեւ ինտեգրւում (կը միաւորուին-Խմբ.) են «ոճրագործներ»ի համայնքում, իսկ նրանցից ծնուած երեխաներն արդէն ձեռք են բերում նոր ինքնութիւն:
Զանգուածային բռնաբարութիւնները նպաստում են «զոհ»ի թիրախայնացման գործընթացին: Հասարակական վայրերում, ընտանիքի ներկայութեամբ նուաստացնելով կանանց եւ երեխաներին՝ բարոյալքում եւ ահաբեկում են ոչ միայն անմիջական զոհերին, այլեւ նրանց ընտանիքն ու համայնքը: Այսպիսով՝ ոչնչացնում են սոցիումը (համայնութիւնը-Խմբ.) նաեւ բարոյապէս եւ ամրագրում նրա նկատմամբ իրենց յաղթանակը:
***
Պատմութեանը յայտնի էթնիկ զտումները, կոտորածները, պատերազմներն ու ցեղասպանութիւնները մշտապէս ուղեկցուել են զանգուածային սեռական բռնութիւններով: Սակայն մինչեւ 1990ական թուականները սեռական բռնութիւնը միջազգային հանրութեան կողմից չի համարուել հետապնդելի պատերազմական յանցագործութիւն: Վերջինիս անպատժելիութիւնը նպաստել է նրան, որ պատմութեան մէջ զանգուածային սեռական բռնութիւնները բազմիցս կր-կնուել են: Պատերազմական բախումների ու ցեղասպանութիւնների համատեքստում տեղի ունեցող զանգուածային բռնաբարութիւնների նկատմամբ միջազգային հանրութեան եւ մասնագէտների հետաքրքրութիւնը մեծացաւ նախկին Հարաւսլաւիայում (1991-1994թթ.) եւ Ռուանդայում (1994թ.) տեղի ունեցած բռնութիւններից յետոյ: Փորձելով սահմանել դրանց պատճառներն ու նպատակները՝ որոշ հեղինակներ զանգուածաբար եւ պարբերաբար իրականացուող բռնաբարութիւնները դիտարկում են որպէս ցեղասպանութեան իրականացման միջոցներից մէկը եւ մեկնաբանում որպէս մշակուած քաղաքականութիւն, յանցագործութիւն մարդկութեան դէմ, թաքնուած ցեղասպանութիւն:
Չնայած 1948թ. Դեկտեմբերի 9ին Միաւորուած ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) ընդունած «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի համաձայն «խմբի անդամներին լուրջ մարմնական կամ մտաւոր վնաս հասցնելը» համարւում է ցեղասպանութեան դրսեւորում, այնուամենայնիւ սեռական բռնութիւնը կոնվենցիայով մասնաւորապէս սահմանուած չէ որպէս ցեղասպանական յանցագործութիւն: Խնդիրն իրաւական դաշտում յայտնուեց միայն Ռուանդայում եւ նախկին Հարաւսլաւիայում տեղի ունեցած զանգուածային բռնաբարութիւնները որպէս ցեղասպանութեան «գործիք» դիտարկելուց յետոյ: 2008թ. Յուլիսի 14ին Միջազգային քրէական դատարանի դատախազ Լուիս Մօրենօ-Օկամպոն Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի նկատմամբ ներկայացրեց մեղադրական յայտ, որում բռնաբարութիւնը դիտարկեց որպէս ցեղասպանութիւն: Այս իրադարձութեանը յաջորդեց այն, որ 2008թ. Յունիսի 19ին ՄԱԿի Անվտանգութեան խորհդի 1820րդ բանաձեւով ռազմական բախումների ու ցեղասպանութիւնների համատեքստում իրականացուող բռնաբարութիւնները եւ սեռական այլ բռնութիւնները համարուեցին պատերազմական յանցագործութիւն, յանցագործութիւն մարդկութեան դէմ կամ ցեղասպանութեան իրականացման բաղկացուցիչ գործողութիւն: