ՄՈՒՋԳԱՆ ՀԱԼԻՍ՝ Քրդական Ծագումով Լրագրողի Անդրադարձը
Քրդական արմատներով թուրք լրագրող Մուջգան Հալիսն իր հերթական յօդուածը նուիրել է Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով կրկնակի տուժած հայ կանանց՝ նրանց բռնաբարութիւնների, բռնի իսլամացման, ստրկացման դէպքերին:
Demokrat Haber կայքում հրապարակուած յօդուածը ներկայացնում ենք գրեթէ առանց կրճատումների.
«Հայոց Ցեղասպանութեան մինչ այժմ անտեսուած յուշերից մէկը սեռական կողմն է, այսինքն՝ Ցեղասպանութեան կանացի դէմքը: Այո՛, Ցեղասպանութիւնը հայ կանանց համար կրկնակի ցաւ էր, քանի որ նրանց համար դա միաժամանակ բռնաբարութիւններ, բռնի ամուսնութիւններ, ստրկացում էր նշանակում:
ԲՌՆԱԲԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1915թ.ին հայ կանայք թէ՛ իրենց հայրենիքից արտաքսուեցին, թէ՛ ամուսիններին, եղբայրներին ու երեխաներին կորցրին, թէ՛ պարբերական բռնաբարութիւնների զոհ դարձան…
Մինչ այժմ այդ թեմայով ուսումնասիրութիւնների թիւը շատ քիչ է: Մինչ մեր օրերը ողջ մնացածներն իրենց բանաւոր պատմութիւններում բռնաբարութիւնները կա՛մ մեղմացնում են, կա՛մ շրջանցում: Դա ցոյց է տալիս, որ կանայք չեն ցանկանում խօսել այդ բռնութեան մասին: Նոյն աղբիւրները նշում են, որ տղամարդիկ էլ այդ թեմայի շուրջ խօսել չեն ցանկանում կամ էլ նշում են, որ դա պատմելը շատ դժուար է:
ԱՌԵՒԱՆԳՈՒԱԾ, ԻՍԼԱՄԱՑԱԾ ԿԱՆԱՅՔ
Հայ կանայք Ցեղասպանութեան հետեւանքով վերապրեցին նաեւ բռնի իսլամացումը: Ենթադրութիւններ կան, որ 200 հազար հայ կին Ցեղասպանութեան ընթացքում եւ դրանից յետոյ իսլամացուեց, ձուլուեց, քրդական, թուրքական կամ արաբական «ծագում» ձեռք բերեց…
Հայ կանանց հանդէպ իրագործուած բռնաբարութիւններին յաջորդում էին բռնի ամուսնութիւնները:
Իսլամացած կանայք ժամանակի ընթացքում մոռանում էին իրենց ինքնութիւնն ու մայրենին: Նրանցից շատերն իրենց եւ իրենց հարազատներին փրկելու համար բացի իսլամանալուց այլ ելք չէին ունենում:
ՏԱՏԻԿՆԵՐԻ ԴԱՋՈՒԱԾՔՆԵՐԸ
Իսլամացած կանայք աւելի ուշ մուսուլման տղամարդկանց հետ էին ամուսնանում, եւ համաձայն աւանդոյթի՝ հինա էին քսում: Այդ հինաները կամ դաջուածքները մէկ այլ նշանակութիւն էլ ունէին: Ռեժիսոր Սիւզան Խարդալեանի «Մեծ մօրս դաջուածքները» ֆիլմը հէնց դրան է նուիրուած: Ֆիլմը Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած, ստիպուած «մարմինը վաճառած» հազարաւոր մոռացուած կանանց մասին է: Նրանց մարմիններին՝ այլ մարդկանցից տարբերելու համար դաջուածքներ կային:
Խարդալեանը նշում է, որ իր ֆիլմն ընտանիքի գաղտնիքը բացայայտող մի ճանապարհորդութիւն է:
«Խանում նենէն (տատիկը) բոլորի նման չէր: Ես նրան որպէս չար սիրտ ունեցող մի կին եմ յիշում: Ֆիզիքական շփումն ատում էր: Երբեք չէր գրկախառնւում, համբուրում, ձեռքի դաջուածքները թաքցնում էր: Այժմ գիտեմ, թէ ինչու էր տատիկս շատ լաւ քրդերէն խօսում: 12 տարեկանում Եփրատի ափին բռնաբարութեան էր ենթարկուել, նրա օգնութիւն հայցող աղաղակներին արձագանգած քուրդը փախցրել էր նրան: Այդ տղամարդու հետ ստիպուած ապրել է 7 տարի, ապա մի անգլիացի միսիոների օգնութեամբ փախել է: Տատիկս տարիներ շարունակ գերու կեանքով է ապրել: Նրան կենդանիներին խարելու նման խարել են: Թուրքերը տատիկիս ոչ միայն ձեռքերը, նաեւ ճակատագիրն են խարանել, նրա յիշողութեան մէջ բռնութիւն, ամօթ եւ վախ են դաջել», ասում է ռեժիսորը:
Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ հայկական միութիւններն ու միսիոներական կազմակերպութիւնները փորձեցին ազատել առեւանգուած կանանց: Յատկապէս դանիացի միսիոներ Քարէն Եփփէն, արաբ աշիրութիւնների ղեկավարների հետ համաձայնութեան գալով, 2000 կանանց ազատ արձակեց:
ԳԵՐԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԸ
Հայ կանանց վերապրած մէկ այլ դաժանութիւն էին գերիների շուկաները: Այդ մասին հնարաւոր է կարդալ Իւ Տերնոնի՝ Մարդինի ցեղասպանութեան մասին պատմող գրքում:
Հեղինակը պատմում է, որ հայ կանանց աշխատեցնում էին որպէս սեքս-ստրուկներ:
Տերնոնի համոզմամբ Օսմանեան կայսրութիւնում, չնայած 1909թ.ից ստրուկների շուկաների պաշտօնապէս վերացմանը, մինչեւ պատերազմի աւարտը հայ կանանց եւ երեխաների համար այդ շուկաները բացւում էին:
Վաճառողներն իրենց «ապրանքից» կարճ ժամանակում ազատուել էին ցանկանում, այդ պատճառով՝ հայերի գինը շատ ցածր էր: 5-7 տարեկան երեխաները կարող էին վաճառուել 5-20 քուրուշով, ինչը հաւասար էր մէկ գառնուկի գնին: Երիտասարդ աղջիկը կամ 14-15 տարեկան երիտասարդը 2-3 մեջիդիէյով (արծաթէ դրամ) գնորդ էր գտնում: Գները փոփոխւում էին հայի ընտանիքի ունեցած դիրքով պայմանաւորուած: Այդ կանանց կամ աղջիկներին տիրացողներն ապագայում կարող էին օրինական ճանապարհով ձեռք բերել նրանց ունեցուածքը:
Թերթ.am