Կազմողներ՝
Բան. Գիտ. Դոկտ., Պրոֆ.
ԱՐԾՐՈՒՆ ԱՒԱԳԵԱՆ
Բան.Գիտ. Դոկտ., Պրոֆ.
ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴԵԱՆ
ԵՐԿՈՒ ԽՕՍՔ
Հայ քնարերգութեան՝ ժամանակակից ընթերցողի ուշադրութեանը ներկայացուող այս ժողովածուն, որ կազմուած է հայ ջարդերը, կոտորածներն ու Եղեռնը պատկերող կամ համատարած սպանդից բխած ապրումներն ու խորհրդածութիւններն արտացոլող գործերից, ընդգրկում է 24 հայ բանաստեղծների ստեղծագործութիւնների ծաղկաքաղ: Խորհրդանշական այդ թիւը ընտրուել է ելնելով այն բանից, որ բառարանը լոյս է տեսնում Հայոց Եղեռնի 100ամեակին ընդառաջ՝ Եղեռնի 99ամեայ տարելիցի Ապրիլի 24ին:
Երբ Նշան Պեշիկթաշլեանը, Ղազարոս Աղայեանը, Յովհաննէս Յովհաննիսեանը, արձագանգելով 19րդ դարի 60-90ական թուականների հայկական կոտորածներին, գրում էին այդ թեմայով իրենց առաջին բանաստեղծութիւնները, մտքով անգամ չէին կարող անցկացնել այն աներեւակայելի ոճիր-ծրագրերը, որոնք մակաղւում են թուրք ջարդարարների ուղեղներում, այն համատարած նախճիրները, որոնք ամէ՛ն, ամէ՛ն բան Եղեռնի ճարակ դարձրին:
20րդ դարի առաջին տասնամեակից սկսած՝ ի տես եւ ի վկայումն հայ կեանքի ողբերգական ընթացքի, ստեղծուեց նոր սերնդի մի գրականութիւն, որն այլ կերպ չես անուանի, եթէ ոչ՝ արնաշաղախ, եւ որը դեռեւս 1913ին այնքան դիպուկ բնութագրեց Գրիգոր Զոհրապը Դանիէլ Վարուժանի «Հեթանոս երգեր» գրքին նուիրուած ասուլիսում՝ գրելով. «Նոր սերունդին գրականութիւնը ճիշդ այս դրոշմը, այս կնիքը կը կրէ իր վրան. ամէն ինչ տառապանք է հոն. ամէն ինչ տառապանք եւ բողոք: Հայկական ջարդերու ականատես գրականութիւնն է. միտքերը՝ մռայլ, բառերը՝ դաշոյնի պէս փայլատակող. մահահոտ եւ արիւնաներկ գրականութիւն՝ հայկական ճակատագիրին պէս»:
Այդպիսով՝ հայ ողբերգական ճակատագիրը, կորուստների ու անկումների պատմութիւնը դառնում են կայուն թեմա 20րդ դարի բոլոր հայ գրողների համար՝ լինեն նրանք արեւմտահայ, արեւելահայ, թէ սփիւռքահայ:
Գրքում ներկայացուող գրողների մի մասն ինքը զոհ գնաց սպանդին ու ջարդին, մի մասն աքսորուեց ու տարագրուեց, մի մասն էլ հրաշքով մազապուրծ ապաստան գտաւ աշխարհի չորս ծագերում՝ դառնալով Ռընոյի ու Ֆորդի բանուոր, մանուֆակտուրայի գործաւոր եւ կամ անտուն թափառող: Ո՞ւր մնացին Զոհրապները, Վարուժանները, Սեւակները: Ո՞ր թուրք մարդասպանը կտրեց նրանց կեանքի թելը ու անյայտ թողեց նրանց շիրմատեղերը: Եւ ո՞վ ընդհատեց ստեղծագործական այն ոսկէ երակը, որ նրանցն էր, որը դեռ շատ երկար պիտի արգասաւորուէր եւ հայ գրին ու մտքին ոսկէ հունտեր տար:
Քչերին, շա՛տ քչերին յաջողուեց լիարժէք շարունակել իրենց ստեղծագործական կեանքը, գրել այն, ինչ տեսան եւ լսեցին, աշխարհին պատմել հայոց զուլումը: Ապրող այդ գրողների սիրտը ի հարկէ արիւնոտ մնաց մինչեւ իրենց կեանքի վերջը, հոգիները, ինչպէս գրում է Վազգէն Շուշանեանը իր «Երկիր Յիշատակաց» պօէմում, «սեւ շուշաններ» դարձան, իսկ կորսուած հող հայրենին՝ նրանց համար մնաց որպէս «երկիր մը յիշատակաց»: Եւ պատահական չէ, որ վերապրողների համար կեանքը դարձաւ տեւական փնտռում, տեւական սպասում եւ տեւական վիշտ: Նրանք բոլորը ապրեցին՝ իրենց հոգում ու ատամների տակ ունենալով դառնահամ վիշտը հայոց եւ շալակած յիշատակները իրենց հայրենի տան ու հարազատների:
Հայ գրողը գրեթէ միշտ ձգտել է երգել գովքը Աստծու, երգել «փառքը պայծառ սիրոյ ու հացի» (Ե. Չարենց), սակայն կեանքը նրան ստիպել է երգել «գորշ օրերի տաղտկութիւնը», ճիշդ եւ ճիշդ Կոստան Զարեանի «Երեք երգ ասելու համար վիշտը երկրի եւ վիշտը երկնքի» պօէմում ներկայացուող փոխուող տրամադրութիւնների ընթացքով, երբ գարնան, ծաղիկների ու երջանկութեան պատկերները դառնում են տրտմութիւն, սուգ եւ տառապանք արտայայտող տողեր ու էջեր: Կ. Զարեանի, Հ. Շիրազի, Պ. Սեւակի, Ռ. Դաւոյեանի պօէմներից այս գրքում տպագրուած հատուածները հէնց խտացումն են ոչ միայն Եղեռնի մութ տարիներում հայութեան ապրած այդ ողբերգական յոյզերի, այլեւ դրսեւորում են այն հոգեկան բարդ կացութիւնը, որի մէջ յայտնուեց հայ մարդը պատերազմի դադարից յետոյ էլ:
Այն, ինչ կատարուեց հայ ժողովրդի հետ, համազօր էր Քրիստոսի խաչուելուն: Եւ չպիտի զարմանալ, որ ելնելով տխուր իրականութիւնից՝ հայ գրողը իր գրիչը ստիպուած եղաւ թաթախել կարմիր մելանի մէջ, ստեղծել անասելի ցաւի ու մահուան պատկերներ:
Այսուհանդերձ, նորագոյն բանաստեղծութիւնը միշտ չէ, որ կոտորածի ու նախճիրների պատկերներ կերտեց: Աւելին, այդ պօէզիայի մեծ մասը խաղաղ աշխարհի գովերգում է, ապրելու կոչ, կեանքը շարունակելու յորդոր: Յիշենք միայն Մեծարենցի «Ըլլայի» շարքը, գիւղի եւ աշխատանքի նրա երգերը, Վարուժանի «Հացին երգում» ներկայացուող ցանկալի կեանքի ու արարման պատկերները, Իսահակեանի ու Տէրեանի սիրոյ յոյզերի ու զեղումների աշխարհը, հայ բնաշխարհի թումանեանական արտացոլումները, Ե. Չարենցի պոռթկուն հայրենասիրութեան դրսեւորումները: Նրանք՝ հայ գրողները, Եղեռնից 100 տարի անց էլ մեզ սովորեցնում են, որ տառապանքը չպէտք է կասեցնի կեանքի ու ազգի վերելքը, որ մեր վիշտը պէտք է ուժի վերածել, որ կռիւը նաեւ սիրել է, նահատակ մեռնելը՝ յաւէրժ ապրել, եւ որ թափուած արիւնը պէտք է որպէս յարութեան ջահ կարկառել աշխարհին: Այս ամէնի համար էլ նրանք բոլորը մեզ հետ են, մեր կողքին, իրենց ապրած օրերի ու մտայնութիւնների գեղարուեստական արտացոլումներով: Եւ հէնց նաեւ նրանց ստեղծագործութիւնների շնորհիւ է, որ մեզնից իւրաքանչիւրի կեանքում կայ մի պահ, որ Ապրիլի 24 է յիշեցնում:
Բանաստեղծութիւնների ու պօէմների մի մասը գրուած են պատմական կոնկրետ իրադարձութիւնների հիման վրայ, դրանով իսկ ձեռք են բերում վաւերական փաստաթղթերի արժէք, այլ խօսքով՝ ունեն նոյնքան նշանակութիւն, որքան պատմագրական երկերը:
Ներկայացուող գործերի մի մասում, ի հարկէ, զգալի են անկման ու խոր ցաւի արտայայտութիւններ, բայց շատ գործերում էլ առկայ է ընդվզման ու դատապարտման խօսք՝ ուղղուած ոչ միայն հիւանդ կայսրութեանն ու ոճրագործներին, այլ աշխարհի անտարբեր մարդկութեանն ու անգամ Բարձրեալին: Ահա Իսահակեանի «Հայդուկի Երգեր»ի բորբոքուն կրակները, Սիամանթոյի ու Դ. Վարուժանի պայքարի եւ դիմադրութեան կոչերը, Վ. Թէքէեանի խոկումները, որոնք դառնում են ապրելու յարատեւելու կռուաններ, չարին յաղթելու պատգամախօսութիւն:
Եթէ ազգ ես եւ անցեալ ունես ու պատմութիւն՝ իրաւունք չունես հետ չնայելու: Իսկ եթէ քո անցեալը լի է մեծ դէպքերով ու հարուստ իրադարձութիւններով՝ դու կրկնակի անգամ պիտի արժեւորես քո անցեալը ու գիտակցես, որ առաջ գնալու համար հարկ է առնուազն երկու բան՝ յիշողութիւն եւ սէր, մեծ, շատ մեծ սէր քո ազգակցի նկատմամբ, նահատակների նկատմամբ, քո պատմութեան հանդէպ, որ այնքան անհրաժեշտ են մեզ ու մեր գալիք սերունդներին:
Հայ Գողգոթան պատկերող այս պօէզիան, որ բաղկացած է բանաստեղծութիւններից եւ պօէմների հատուածներից, իւրովի ներդրում է համաշխարհային պատմութեան ու գրականութեան մէջ, վկայութիւն եւ դատապարտում բոլոր ջարդարարներին ու մարդասպաններին, նաեւ սեւ խարան 20րդ դարին, այն դարին, որ պիտի լինէր լուսաւորութեան ու գիտութեան զարգացման դար, բայց եղաւ պատերազմների ու եղեռնի դար, եւ իր ամբողջութեան մէջ հաստատումն է մի մեծ ճշմարտութեան՝ որքան էլ աւերուել է հայ մարդու տունն ու երկիրը՝ «տարագիր ծիծեռնակ» դարձած հայ մարդը, Ղ. Աղայեանի «Յիշողութիւն» բանաստեղծութեան տողերով ասած՝ միշտ էլ վերականգնել է իր քանդուած տունը.
Ծիծեռնակը բոյն էր շինում,
Ե՛ւ շինում էր, ե՛ւ երգում
Ամէն մի շիւղ կպցնելիս՝
Առաջուայ բոյնն էր յիշում:
Ինչո՞ւմ էր այդ հաւատի ու յարատեւութեան գաղտնիքը: Շահան Շահնուրը այդ հարցին շատ դիպուկ ու խորիմաստ է պատասխանել իր «Արդար Գնդակահարութիւն…» էսսէում, ուր ներկայացւում է, թէ ինչպէս դահիճ Թալէաթը բոլոր հայերին վերացնելու նպատակով հրամայում է վերացնել նաեւ ամէն հայկականը, որոնց թւում եւ եկեղեցիների զանգերը: Հաւաքւում են ու ձուլւում բոլոր զանգերը, բայց չեն գտնում մէկը, որը թաղուած է հողերի տակ ու ոչ ոք չգիտի տեղը: Այդ անտեսանելի զանգն է, որ ամէն անգամ հնչում է, որը ոչ մի մարդ չի լսում բացի հայերից, եւ իւրաքանչիւր հայ, որտեղ էլ որ նա գտնուի, լսելով նրա ձայնը, ինքն իրեն ասում է. «Սիրտս խօսեցաւ»: Ահա հէնց այդ անտեսանելի, բայց իմանալի զանգի կանչն է, որ ամէն հայի հայ է պահում ու նրան յարատեւութեան տանում:
Եղեռնի թեմաներով գրած բանաստեղծների բոլոր գործերը չէ, որ ընդգրկուել են, ինչպէս նաեւ բոլոր հեղինակները չէ, որ ներկայացուած են այս ժողովածուում: Մենք, որքան դա հնարաւոր է եղել, աշխատել ենք ընդգրկել առաւել բնութագրական գործերը՝ յետագային թողնելով թէ՛ ստեղծագործութիւնների ամբողջական ընդգրկումը, թէ՛ հեղինակների վերաբերեալ կենսագրական ու վերլուծական համառօտ ակնարկների ներկայացումը: Ինչ վերաբերում է ուղղագրութեանը, ասենք, որ պահպանուել է հեղինակային ուղղագրութիւնը, բացառիկ դէպքերում կատարուել են բառային ճշդումներ:
ՍԻԱՄԱՆԹՕ
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Հայրենի քաղաքներուն մէջ
եւ քաղաքներէն դո՜ւրս,
Եւ բարբարոսներն աւարով
եւ արիւնով կը դառնան,
Մեռելներուն ու ոգեվարներուն
վրայէն,
Ագռաւներու բազմութիւններ
կ՛անցնին վերերէն,
Արիւնոտ բերաններով
ու գինովի քրքիջներով…
Ցամաքահով մը կիսամեռները
զայրոյթով կը խղդէ,
Ու պառաւներու անձայն
կարաւաններ
Շտապով կը փախչին լայն
ճամբաներէն…
Գիշերին մէջէն արիւններուն ալիքը կը բարձրանայ
Ծառերուն հետ շատրուաններ ուրուագծելով,
Ու ամէն կողմէն սոսկումով կը սուրան հալածուած
Նախիրները հրդեհուող ցորեաններուն մէջէն…
Փողոցներու մէջ մորթուած սերունդներ կը տեսնեմ,
Եւ ամբոխներ անպատմելի սրածութենէ դարձող,
Արեւադարձային տաքութիւն մը կը բարձրանայ
Հրդեհի տրուած ազնուական քաղաքներէն…
Ու մարմարներու ծանրութիւնով իջնող ձիւնին տակ,
Աւերակներուն եւ մեռելներուն մենութիւնը կը մսի…
Օ՜, մտիկ ըրէք սա սայլերուն ճռնչիւնը ահաւոր,
Իրենց վրայ դիզուած դիակներու ծանրութեան տակ,
Ու սգաւոր մարդերուն աղօթքներն արցունքոտ,
Որ կածանէ մը դէպի համայնափոսերը կ՛երկարին…
Մտի՜կ ըրէք հոգեվարքներուն ձայները վերջին,
Հովին հարուածներուն մէջ, որ ծառերը կը ջարդէ,
Օ՜, մի՛ մօտենաք, մի՛ մօտենաք, մի՛ մօտենաք,
Չըլլայ որ մօտենաք գերեզմաննոցներուն եւ ծովուն,
Կարմիր ջուրերուն վրայ նաւեր կը նշմարեմ հեռուն,
Մեռելներու կուտակումներ անոնց մէջ կան,
Ու ցաւէն գալարուող ալիքներուն վրայ,
Գանկեր ու սրունքներ ինծի կ՛երեւան…
Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք
Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մէջ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք
Մահաձայն ոռնումը զարհուրեալ շուներուն,
Հովիտներէն ու գերեզմաններէն ինծի հասնող,
Օ՜, պատուհանները փակեցէք ու աչքներիդ ալ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Իրիկուան դէմ փողոցներէն ամայի,
Սայլ մը կ՛անցնի ճռընչելով:
Ձի մը աշխէտ զայն կը քաշէ,
ետեւէն
Կ՛երթայ զինուոր մը գինով:
Ջարդուածներուն դագաղն է ան՝
որ կ՛ուղղուի
Գերեզմանատունը Հայոց:
Արեւն յետին իր շողերով
կը սըփռէ
Վըրան պատանք մ՛ոսկեզօծ:
Ձին նիհար է. Հունձն այդ իր ժա՛նտ տէրերուն
Ան հազիւ հազ կը տանի:
Ականջներն իր կախած, կարծես խորասոյզ
Կը մըտմըտայ թէ քանի
Դարեր պէտք են ժամանելու համար հուսկ
Մարագն հընձուած սուրբերուն…
Եւ շըրջակայ պատերուն պոչն իր տատան
Կը սըրսկէ մի՛շտ, մի՛շտ արիւն:
Եւ արիւնն է որ կը կաթի յարաբուխ
Անիւներուն հեցերէն,
Սայլն իբրեւ վարդ կըրէր, իբրեւ թէ ըլլար
Արշալոյսին կառքն հրեղէն:
Հոն են դիերն, իրարու վրայ, որդին մօր
Գանգուրներով պատանքուած:
Մին խըրած է իր ամբողջ բռունցքը միւսին
Տաք վէրքին մէջ լայնաբաց:
Դեռ ծերունի մը ծընոտով ջարդուփշուր
Կ՛յառէ աչքերն երկընքին,
Որոնց մէջ սեւ անէծք մ՛աղօթք մ՛իրարու
Նոյն վըրեժով կը խառնեն:
Մէկուն կուշտէն աղիք մը վար սահմըռտկած՝
Սայլին ճեղքին կ՛առկախի.
Շո՛ւն մ՛ետեւէն կու գայ եւ զայն քաշած դուրս
Լափլիզելու կը զբաղի:
Ո՛չ ձեւ ունին, կամ ոչ գըլուխ. կը կըրեն
Հազար տեսակ զէնքի խոց:
Արդէն իրենց մարմինն եղբայր է հողին.
Կ՛երթան ահա գերեզմնոց:
Անոնց վըրայ ո՛չ ոք կու գայ արտասուիլ
Կամ լալ ողջոյնը վերջի.
Քաղքին լռութեան մէջ արեան հոտը միայն
Զեփիւռին հետ կը շըրջի:
Բայց մութին մէջ պատուհանէ պատուհան
Ահա մոմեր կը վառին.
Մամերն են որ գաղտագողի կ՛աղօթեն
Վըրան կարմիր դագաղին:
Եւ այն ատեն պատըշգամբի մը վըրայ
Կոյս մը կ՛ելլէ գեղանի,
Ու կը նետէ արտասուաթոր բուռ մը վարդ
Սայլին վըրայ՝ որ կ՛անցնի:
«Ռեքվիեմ»ից Հատուածներ
ՎԱՀԱԳՆ ԴԱՒԹԵԱՆ
ՌԵՔՎԻԷՄ. (Հատուածներ)
Ես եկել էի, որ այստեղ
լռեմ,
Ես եկել էի, որ չոքեմ
ծունկի,
Քարանամ այստեղ
առանց արցունքի,
Յետոյ իմ փոքրիկ հողը
հեռանամ,
Գլուխըս դնեմ նրա
քարերին
Ու թէ լամ՝ այնտեղ,
Մորմոքամ այնտեղ…
Եւ սակայն ինքս էլ չիմացայ՝ ինչպէս
Շուրթերըս դիպան աղի տաք համին…
Ա՜խ, ոսկորները…
Տէր Զօրի քամին
Մանկան ոսկորից սրինգ էր սարքել
Եւ արշալոյսի խաղաղութեան մէջ
Սուլում էր մահուան անմահ նուագներ:
Սրինգն էր սուլում
Ու տեսիլներ էր կախում լազուրում:
Պատառոտւում էր պատանքն աւազի,
Աւազի տակից ելնում էր, ծփում
Մի խարտեաշ մանկան գանգուր մի ալիք…
– Ա՜խ, գնանք, որդի,
Քելք արա, ո՜ւշ է…
– Մէրիկ, ա՜խ, մէրիկ,
Ոտի՜կս է ցաւում,
Այս ճամբան՝ աւազ,
Այս ճամբան փուշ է,
Ու ծարաւ եմ ես,
Ծարաւ եմ,
Ծարա՜ւ…
Տէր Զօրի քամին
Մանկան ոսկորից սրինգ էր սարքել
Եւ նուագում էր ծարաւի, մահուան
Անմահ նուագներ:
Ես եկել էի, որ այստեղ լռեմ,
Ես եկել էի, որ չոքեմ ծունկի,
Քարանամ այստեղ առանց արցունքի,
Բայց ագռաւները…
Ի՞նչ ունեն արդեօք սեւ ագռաւները
Չոր ու ամայի այս անապատում,
Որ գալիս, լոյսը սեւով են պատում,
Ճախրում են, ճչում, կռնչում են չոր,
Կտուցով քանդում աւազը տոչոր,
Բախւում են իրար, թեւին են տալիս,
Ասես, թէ որս են խլում իրարից…
Ու ես յիշեցի.
Երկար են ապրում ագռաւներն այս սեւ
Ու հեռուից կրկին այստեղ են հասել,
Որ կերակրուեն վաղեմի յուշով,
Որ մանկան մաքուր աչուկներ հանեն,
Սրտեր ծուատեն
Ու խրախճանան…
Ագռաւներ, սակայն,
Ի զուր էք եկել,
Նրանք վաղուց են մոխրացել այստեղ,
Վաղուց են դարձել փոշի ու աճիւն,
Եւ ձեր թեւերը զուր են շառաչում
Այս դեղին, այս սեւ աւազի վրայ
Այս անծայրածիր գերեզմանոցի…
Ասացուածք Ծառ Տնկելու Առթիւ
ԼԵՒՈՆ ԶԱՒԷՆ ՍԻՒՐՄԵԼԵԱՆ
տէր, օրհնէ՛ ծառն այս մատղաշ:
ես կը տնկեմ զայն ահա
փխրուն եւ սեւ հողին մէջ ուր
պապերըս կը պառկին.
ես՝ անոնց թոռը հսկայ, այս հողին
տէրն եմ կրկին,
ու արեւուն տակ կ՛աճիմ՝ անունն
իրենց շուրթիս վրայ:
պիտի բանայ ծառն այս մեծ իր
բազուկներն ու հոգին,
գրկած իր մէջ պապերուս արեւոտ
շունչը անմահ.
տէ՛ր, միսմինակ, նազելի, այս
ծառն աղօթք մը ըլլայ
ո՜ւ փաթթըւիլ իր մարմնոյն գան սիրողները գիւղին:
երկաթագիր պատութիւնն այս մըտերիմ հողերուն
աչքիս արցունք կը բերէ… փառք ու մեռել շատ ունի
երկիրն իմ հին, ալեւոր՝ որուն ես թոռն եմ վայրի,
խոկումներով բեղմնաւոր, երազներով օրօրուն:
մեռելներուս իբրեւ խաչ՝ ես այս ծառը տնկեցի:
Ծիծեռնակը բոյն էր շինում,
Ե՛ւ շինում էր, ե՛ւ երգում,
Ամէն մի շիւղ կպցնելիս՝
Առաջուայ բոյնն էր յիշում:
Մէկ անգամ էր նա բոյն շինել
Եւ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բոյնն աւերակ էր գտել:
Այժմ նորից բոյն էր շինում,
Ե՛ւ շինում էր, ե՛ւ երգում,
Ամէն մի շիւղ կպցնելիս՝
Առաջուայ բոյնն էր յիշում:
Նա յիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամբին յափշտակեց
Արիւնարբու թշնամին:
Բայց նա կրկին բոյն էր շինում,
Ե՛ւ շինում էր, ե՛ւ երգում,
Ամէն մի շիւղ կպցնելիս՝
Առաջուայ բոյնն էր յիշում:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Նոր Գարուն
Քեզ ըսպասող չըմնաց,
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն,
Գովքդ ասող չըմնաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն:
Սեւ-մութ պատեց աշխարհին,
Սար ու ձոր դառան արին,
Մեզ վայ բերեց էս տարին
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն:
Բիւլբիւլը գայ՝ թող ձէն տայ,
էլ ո՞վ պիտի քեզ խնդայ,
էլ ո՞ր սիրտը կը թնդայ
Զուր ես գալի, ա՛յ գարուն:
Բիւլբիւլն եկաւ՝ վարդ չունի,
Ծաղկոցը կայ՝ վարդ չունի
Էլ ո՛վ ա որ դարդ չունի
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն:
Դու ետ բերիր հաւքերին,
Ո՞նց տէր ըլնեն բըներին
Սաղ տեղ չկայ մեր երկրին
Զուր ես գալի, ա՛յ գարուն:
Աշուղի բերանը փակ,
Սազ-քեամանչէն փակի տակ,
Սիրտն ա էրւում անկրակ
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն:
Քեզ ըսպասող չըմընաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն.
Գովքըդ ասող չըմընաց
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն:
Զանգակնե՜ր, Զանգակնե՜ր…
ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ
Զանգակնե՜ր, բարի՜, բարի
զանգակներ,
Ի՞նչ բան կասեցուց ձեր
գուժկան լեզուն,
Խօսք ելլել կ՛ուզէ արիւնը վազուն…
Կը լռէ՜ք, բարի՜, բարի՜ զանգակներ:
Արդեօ՞ք, ձեր միսթիք հագագն
արոյրէ,
Ուր կեղե՜ւ պատեց աղօթքի փոշին,
Եւ ուր կ՛երազե՜ր խունկի գոլորշին,
Յեղակարծ ցաւէն՝ անզօ՜ր կը լռէ՞:
Ո՛չ: Ձեր դարաւոր հոգին պղնձի-
– Որ շա՜տ, շա՜տ յաճախ տեսեր է Բարին,
Յաղթուած Չարէն- այժմ իր բարբառին
Ու իր Աստծոյն վրայ կը կասկածի…
Ա՜խ, որովհետեւ տեսաք ձեր բարձրէն,
Հաւատաւորներ հազարով, բիւրով,
Ինկած հեթանոս տապարով, բիրով-
Ձեր ոտքերուն տակ, երկիւղածօրէն…
Ու ձեր գմբէթէն դիտեցիք անձայն,
Թէ ինչպէս խնկոտ տաճարներու մէջ՝
Որբ, կին, ծերունի, բոցերով անշէջ,
Իրենց Աստծոյն գահին զոհուեցան:
Բայց… գիտէք նաեւ, թէ մեր դարաւոր
Դիակներու բուրգը ամպերէն անցաւ,
Ու մեր արիւնի ժահրէն նեխեցաւ
Սրբութիւններու ծոյլ գունտն երկնաւոր…
Արդ՝ ո՞ւր էք, չքնաղ խոստումներ Խաչին,
Եղբայրութեան զուր բարբառներ, ո՞ւր էք,
Կրակ կը փսխէ հողն ամէնուրեք,
Գետերն արիւնով, դիակո՜վ կ՛ուռչին…
Ու կ՛իյնայ այն, որ կը ծնկէ ահով,
Զի թուրն աւելի արդար է Խաչէն,
Զի կեանքն անոնց է միայն, որ քաջ են,
Անոնց, որ կ՛ապրին ուրիշի մահով…
Որովհետեւ դեռ հեռու է օրն այն,
Երբ գայլն ու գառնուկ սիրով արածին…
Թէ ապրիլ կ՛ուզէ գառը նորածին՝
Պէտք է իր ակռան սրէ լռելեայն…
Լուռ էք, զանգակնե՜ր, Աստուած է մեռեր:
Գոյժ տուէք վաղուան, զի հասկը մեռաւ.
Գոյժ տուէք հայուն, զի ազգը մեռաւ:
Զանգակնե՜ր, ծերո՜ւկ, բարի՜ զանգակներ…
Ինչպէ՜ս կ՛ուզէի ես ձեր պարանին
Կախուիլ ու ցնցել երկաթ բազուկով.
Անոնք, որ ինկան բիւրով, քովէ քով,
Ձեր ղօղանջին հետ՝ լալու պէտք ունին…
Հոգիիս հազար խուլ զանգակներով
Գոռացէք զանգեր ու կատաղօրէն
Գահավիժեցէք ձեր երկաթ թառէն,
Ուրկէ միայն լալ գիտցաք դարերով…
Այստեղ երկնել են նախնիները իմ,
Դարձել է այստեղ նիւթը գաղափար,
Հագել է այստեղ երազը մարմին,
Չքնաղ երազը, որ չունի կոպար:
Անի՛, դու չես լոկ հողեղէն
մի գանձ,
Դո՛ւ, ինքդ ես ոգին – մի ողջ
ժողովուրդ,
Ամէն ձեւ այստեղ ոճ է գերազանց,
Ամէն ինչ այստեղ – իմաստ
ու խորհուրդ:
Ես հոգուս աչքով՝ անցած ու ներկայ
Վիճակդ եմ տեսնում՝ յենուած
մի սիւնի,
Որ մարտնչելով դարեր ոտընկայ,
Մեռնում է կանգնած, եթէ
մահ ունի:
Սաղաւարտակիր, ձեռքիս տէգ
ու նետ,
Կանգնել եմ բարձր բուրգիդ
կատարին,
Ոստանիկներիդ, ռամիկներիդ հետ
Լսում ենք վառուած սէգ զօրավարին:
Տափաստաններից, խուժանը վայրագ
Յորդել է, եկել – հեղեղ զայրագին,
Ուզում է, Անի՛, ընկճել լուծի տակ
Քո ստեղծագործ, թեւաւոր ոգին:
Խաժամուժ, խուժան՝ անծայր, անքանակ,
Դարեր խուժում են – խժդուժ, խոլարշաւ,
Ճըչում խըժաձայն, դնում են բանակ
Քո ցորենաշատ դաշտերում անբաւ:
Եւ որոտում է շեփորը ռազմի,
Կռւում ենք մտած արիւն ու քրտինք,
Դարեր կռւում ենք ատամ ատամի,
Մեռնում ենք կանգնած, եթէ մահ ունինք…
Քո հին թշնամին, Անի՛, չե՞ս տեսնում,
Խուժել է նորից քո դաշտերի մէջ,
Բայց վառւում է դեռ մեր ակութներում
Հինաւուրց ուխտի կրակը անշէջ:
Դո՛ւ, հին դրօշակ, դո՛ւ, բագին փառքի,
Յենուել եմ նորից քո անմահ սիւնին:
Ահա Նորէն Գարուն Եկաւ
Ահա նորէն գարուն եկաւ.
Օ՜, կտրեցէ՛ք, օ՜, կտրեցէ՛ք
Լեզուները թռչունների,
Որ չյանդգնեն երգել անհոգ
Երգերն իրենց տարփանքների՝
Մեր մորթուած մանուկների
Ցրիւ եղած նշխարների
Փոշու վրայ, որոնց պիտի
Ծածկեն անգութ ծաղիկները՝
Լի՜րբ, անզգայ…
Պատերազմ ահեղ
Պատերազմ ահեղ,
Աշխարահեղեղ…
Իմ հա՜յ ժողովուրդ,
Քաջ հայրերիդ պէս
Կռւում ես դու,
Սակայն չգիտես՝
Ո՞վ է թշնամիդ.
Եւ հիմա դժնեայ
Այս չգնաժամիդ
Կանգնել ես մենակ
Վեհ քարերիդ մէջ,
Սէգ լեռներիդ տակ՝
Եւ որդեկորոյս,
Եւ ուղեմոլոր…
ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ
Եռաձայն Պատարագ
… Եւ անգիր արէք իմ աղօթքը նոր.
«Յանուն Մոլորեալ Ոչխարի, Յանուն Անառակ Որդւոյ»…
– Կոչեմ ապրողա՛ց՝
մոլորեալների՜ն:
Աքսորը միայն բռնի չի լինում,
այլեւ կամովին,
եւ առաւել է տխուր ու տրտում ոչ մեռելոցը,
այլ գերելոցը:
Օտարութեան մէջ ազատ լինելն էլ ա՛յլ գերութիւն է,
իսկ տան մէջ նոյնիսկ գերի լինելը՝ ա՛յլ ազատութիւն:
Իսկ տունն էլ տո՛ւն չէ, այլ հայրենի՜ք է,
եւ ի՜նչ հայրենիք.
գայլի երախից ձեռքերով խլուած մի Դաւիթ մանուկ,
երկանքաքարի ակռայից պրծած ողջանդամ մի սերմ…
Եւ ո՞վ կը գտնի, որտե՞ղ կը գտնի
այսպիսի մէկ այլ՝ երկրո՛րդ հայրենիք
եւ ի՜նչ հայրենիք…
Թերեւս աշխարհում ո՛չ մի հայրենիք,
մե՜ծ ու վիթխարի, զօրե՜ղ ու կարող ո՛չ մի հայրենիք
իւրայինների սրտում ու հոգում չի յարուցանում
այնքա՜ն սէր անանց ու կարօ՜տ այնքան,
որքան այս մի բուռ-բռում սեղմուած երկիրը Հայոց.
ո՛չ ոք աշխարհում իր հայրենիքով մեծ ու մեծանուն
չի հպարտանում անպիսի մանո՜ւկ միամտութեամբ,
այնքա՜ն ինքնամոռ եւ անվերապա՜հ,
ինչքան որ սրանք.
ո՛չ ոք աշխարհում իր հայրենիքը չի տենչում այնպէս,
ինչպէս որ սրանք.
եւ չի հաւատում այնպիսի մանո՜ւկ միամտութեամբ,
ինչպէս որ սրանք.
եւ չի դողդողում նրա այսօրուայ ու վաղուայ վրայ,
ինչպէս որ Սրա…
Սիրածի գրկում՝
միշտ Սրա՛ մասին.
բաժակի առաջ՝
միշտ Սրա՛ մասին.
աքսորում-բանտում՝
միշտ Սրա՛ մասին.
աշխարհի բոլոր քառուղիներում՝
միշտ Սրա՛ մասին.
ապրելիս՝ Սրա՛,
մեռնելիս՝ Սրա՛,
միշտ Սրա՜ մասին…
Եւ Սրան բնաւ չճանաչողը պիտի որ կարծի,
թէ սա երկիր է մի հսկայակա՜ն,
վիթխարի՜ աշխարհ,
հայրենիք հզօ՜ր…
Եւ իսկապէս էլ՝ Սա երկիր է մե՛ծ,
վիթխարի՜ աշխարհ,
հայրենիք հզօ՜ր:
Եւ մի՛ պահանջէք, որ ինքըս ինձ մանրեմ՝
յարդի պէս:
Թողէ՛ք ես մնամ ինչպէս կամ՝ ցօղուն:
Ու թողէ՛ք նաեւ մնամ իմ նոր պաշտամունքի հետ
եւ ամբողջ սրտով ցանկանամ տեսնել,
որ դուք էլ՝ ինձ պէս նորադարձուելով՝
հին աստծու նման, նրա փոխարէն,
պաշտում էք արդէն մի… ծա՛ռ՝
թթենի՜ն,
որ գլխատումից ո՛չ թէ չորանում,
այլ նորանո՜ւմ է…
-Կոչեմ ապրողա՜ց՝
նորադարձների՜ն:
Մա՜րդ ենք, ո՛չ մանրէ,
որ բազմանում է՝ իրեն կիսելով:
Միանալով է մարդը բազմանում.
եկէք միանա՜նք:
Եկէք միանա՜նք,
որ մեր այս փոքրի՛կ, շա՜տ փոքրիկ հողի երազանքը մեծ
մարմին ստանայ մեր միս-ոսկորով,
եւ մարմնաւորուած մեծ երազանքի բուժիչ բարութեամբ
մենք էլ ազատուենք մեր ոխ ու քէնի ցածր զգացումից,
որ դրանով իսկ չնսեմանանք անգամ մեր ներսում,
այլ մնանք մեր վեհ հպարտութեա՜ն հետ,
նաեւ մեր վսեմ արհամարհանքի՛,
բայց աւելի շատ՝ մեր ծով բարութեա՜ն
ու մեր բնածին այլասիրութեա՜ն,
որից զրկուելով՝ մենք կարծես մե՜նք չենք,
կիսաւերակ ենք եւ կանգուն շէ՛նք չենք…
Մենք այսպիսի՜ն ենք
ու պիտի՛ լինենք:
Թողած ցաւը մեր, ցաւը լեռ ու բեռ՝
կրում ենք ցաւը համա՜յն աշխարհի:
Թողած հոգսը մեր, հոգսը քար ու սար՝
հոգում ենք հոգսը համա՜յն աշխարհի…
Թո՛ղ որ համեցող, բայց չանհամացող արդարութիւնը
ամէնից առաջ հասնի ամէնքի՜ն,
մեզ՝ միայն վերջո՛ւմ…
Եւ մեր կսկիծը զսպանակելով՝
մենք մասնակցում ենք այլոց հանդէսին,
մասնակցում սրտա՜նց-անմախա՛նք-անքէն…
Թո՛ղ ուրախութեան ուղտը գէթ վերջո՜ւմ, ամենավերջո՜ւմ,
իր ծունկը ծալի մեր դռան առաջ՝
թէպէտ ուշացած, բայց միշտ ցանկալի ուխտաւորի պէս…
Բայց սպառւում է մինչեւ իսկ սրբի համբերութիւնը,
ինչպէս հոտում է մինչեւ իսկ ջուրը՝ արգելակումով:
Մենք յաջորդներն ենք Սուրբ Նահատակաց,
սակայն բնաւ էլ սուրբ չենք ինքներըս,
մա՜րդ ենք հասարակ
եւ… հաւատում ենք, որ պիտի դառնայ
մեր իւրաքանչիւր խլեակը՝ այլակ միատեղումի,
եւ իւրաքանչիւր փշուրը՝ պաշար մօտալուտ վաղուայ,
մնացորդն՝ աճորդ,
մասունքը՝ մսուրք,
սփիւռքը՝ ապառք,
նշխարը՝ աշխարհ…
Եւ այս ասում էք ո՛չ դուք, ո՛չ նրանք,
այլ ե՜ս եմ ասում,
ես՝ Սիս-Մասիսըս,
անդո՜ւլ-անդադա՜ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով:
Գողթան երգերի չափով այլազան,
բամբ բամբիռների հնչումով պէս-պէս,
ամենատարբեր ելեւէջումով շարականների
Սիսն ու Մասիսն են զրնգում անվե՜րջ-անդադա՜ր-անդո՜ւլ.
ով ականջ ունի,
բլթակ հաւատոյ՝
նա պիտի՛ զգայ
իմ եռաղօղանջ զանգի ասմունքը,
իմ եռաբանեայ ասքի ղօղանջը,
իմ եռամատնեայ խաչակնքումի շնչող ստուերը.
-ՈՂԲԱՄ Մեռելո՜ց…
-ԲԵԿԱՆԵՄ Շանթե՜ր…
-ԿՈՉԵՄ Ապրողա՜ց…
——————
Գողտրիկ Ու Վայրի Աշխարհ
ՄԱՐԻԱՆՆԱ ԱԶԻԶԵԱՆ
Երբեմն մի վայր ինձ մանկուց ծանօթ
Թէ մօտ
Թէ հեռու
Տեսնում եմ յաճախ ես իմ երազում
Հավերժ, անսահման
Կանաչ եւ ազատ մի տարածութիւն
Որ փոքրիկ մի դուռ էր միայն մեզ բաժնում
Ներկուած նռան կարմիր գոյնով
Բայց աւելի աղոտ քան նախկինում։
Իմ երազում տեսնում եմ դուռը
Այդ գողտրիկ ու վայրի աշխարհի
Ինձ մանկուց ծանօթ
Թէ մօտ
Թէ հեռու
Իսկ դռան ետեւում
Կարմիր հորիզոնից այն կողմ
Հավերժ արեւի ներքոյ
Մանկութեան ու երանութեան
Արկածների գրկում
Մի Հայ մանուկ է ապրում
Ում մահը երբեք չի դիպչում։
Սակայն
Ստոր թշնամին փակեց դուռն իմ երազի
Այդ գողտրիկ ու վայրի աշխարհի
Եւ տարածեց մահ ու սարսափ արիւնի
Անհետացրեց մանուկների անմեղ խաղի կանչը
Թախիծով լցրեց նրանց ուրախ հոգիները
Նրանք էլ երբեք չեն հիանայ կանաչ ափով
Իմ գողտրիկ ու վայրի աշխարհի
Որի դուռը փակուած է սուրով։
Դռնից այն կողմ չար թշնամին
Տարածել է խաւար ու մշուշ
Թողել է միայն անապատի զօր կանչերը
Տառապած ու անխոս հոգիները
Այնտեղ մռայլ եւ արիւնով ներկուած գետում
Լողում է մի ազգի պատմութիւն՝
Կիլիկիոյ թագաւորների, Հայ քաջերի
Տիգրան Մեծի ժողովրդի
Լողում է անցեալն ու ներկան
Յաղթանակն ու պարտութիւնը
Լողում են Հայոց լեզուն, մշակոյթը
Մի ազգի ինքնութիւնը
Լողում են Հայերի մեռած մարմինները
Նաեւ ժպտերես մանուկները
Լողում են բայց չեն խորտակւում
Փակ են նրանց աչքերը, քնած են
Եւ երազում են մի գողտրիկ ու վայրի աշխարհ՝
Իմ երազի աշխարհ
Ուր բոլոր Հայ մանուկները
Կ՛ապրեն ազատ ու անհոգ
Դռան ետեւում
Թշնամու դաժան սուրից հեռու
Կ՛ապրեն անմեղ ու յաւերժ
Ապահով իմ գողտրիկ ու վայրի աշխարհում
Մայրական սիրոյ գրկում։
Բայց թշնամու խաւարը կողպեց դուռը
Իմ գողտրիկ ու վայրի աշխարհի
Կորստաբեր մահ տարածեց
Չխնայելով անգամ Հայ մանուկներին
Չթողեց տեսնեն լոյսը ճառագող ծանօթ դեմքերից
Չթողեց որ զգային նորից իրենց մօր տաքուք գիրկը
Երանի ապրէին ուրախ ու երբեք չզգային
Դաժանութիւնը յաւերժ քնի։
Եւ չկայ գէթ մի աչք
Որ մահից յետոյ կարողանայ տեսնել
Այդ գողտրիկ ու վայրի աշխարհը
Իր կանաչ ափերով
Չկայ գէթ մի ականջ որ կարողանայ լսել
Իր հարազատ մօր քաղցր ձայնը
Չկայ գէթ մի հոգի որ կարողանայ զգալ
Գարնան ձնծաղիկների անուշ բոյրը
Չկայ գէթ մի փոքրիկ մանուկի բերան
Որ զգայ համը մօր կաթի։
Աւաղ
Իմ գողտրիկ ու վայրի աշխարհի
Դուռը փակուած է
Մեխուած թշնամու սուրով
Եւ ներկուած նռան կարմիր գոյնով։
Բայց դռան ետեւում
Լոյս է ճառագում
Դանդաղօրէն բարձրանում է
Տարածւում հորիզոնում
Եւ կայ դեռ մի մանուկ
Անմեղ, փայլուն աչքերով
Կրակաբոց եւ շիկահեր
Հայ մանուկ
Ապագան Հայ ժողովրդի
Ում մահը երբեք չի դիպչի։
Նա անվերջ խաղում է
Կախարդական պարտեզում
Ուր կարմիր գետի ալիքները
Յաւերժ կանչում են
Պատմական Հայ հերոսների անուններ
Ոչ… Նրանք չեն մեռել
Նրանց յուշը վառ է պահում
Մի մանուկ դռան ետեւում
Իմ գողտրիկ ու վայրի աշխարհում։
Երբեմն ես էլ իմ երազում
Իրենց հոգու կանչն եմ լսում
Երբ ամէն գիշեր
Փորձում եմ բացել դուռը իմ երազի
Կը վերադարնաք մի օր՝
Կորսուած հոգիներ
Դեռ չծնուած հոգիներ
Ժպտերես Հայ մանուկներ
Ձեր մօր կրծքին կը փարուէք կրկին
Մայր Հայաստանի ծաղկուն գրկում։
Երբեմն մի վայր ինձ մանկուց ծանօթ
Թէ մօտ
Թէ հեռու
Տեսնում եմ յաճախ ես իմ երազում
Իսկ դռան ետեւում
Կարմիր հորիզոնից այն կողմ
Յաւերժ արեւի ներքոյ
Մանկութեան ու երանութեան
Արկածների գրկում
Մի Հայ մանուկ է ապրում
Ում մահը երբեք չի դիպչում։
—————————-
Ֆէսաւոր Փշեր
ՍՈՆԱ ՎԱՆ
Ալարկոտ մօտենում է ապրիլը
երազներս դառնում են
աղմկոտ
լի ճիչերով
փախչող
աղջիկների
ու
լկտի հեւոցներով
կենդանական…
պարտէզում ապրիլն է արդէն
կարմրում է աւազը երազիս
տխրութիւնս՝ սաւաննա
անծայրածիր
մացառները բարձր են ինձանից
յիշողութիւնս՝
ուղտի յիշողութիւն
ծարա՜ւ
գունաթափուած խուրջին
լի պատկերներով ձեւախեղուած
իսկ մնացածը ջուր է
ամբողջութեամբ
ջո՜ւր
ջո՜ւր
վերջին շաբաթն է ապրիլի
երազս կարմիր է որդան
ֆէսաւոր փշեր անապատում
կտրուած լեզուներ հազար
աղօթում են թաքուն
աւազի տակ
***
Արալէզի Նման
Արաքսի այս ափին եմ
կրկին
մազապուրծ տիկնիկի հետ
տատիկիս
որ փրկուել է հրաշքով
նրա
շապիկի տակ
սարսափած հայեացքով
ու համրացած
սահմանն ինձ համար
գետ է
հայեացքն իմ խեղդւում է
տեղ չհասած
եւ
ստիպուած ես լեզուով եմ
շօշափում
միւս ափը
վերքի նման
…ու հողն ինձ պատմում է
ամէն բան
Արաքսի այս ափին ենք դեռ
ես եւ տիկնիկս մազապուրծ
որ վիրտուոզ է մօրս նման
լռելեայն ինչ որ բան ասելու
***
Գործարք
Տարածքդ քեզ լինի… Տէր
ծիծաղկոտ շէն տունս
բարձունքում
այգեպատ երկիրս
ոսկին
միայն անապատս վերադարձրու
ուզում եմ ցանկապատել
քաղհանել փշերն ու չոքեչոք
մարգեր գցել հաւասար
(ինչպէս վերմակ կարող
տատիկս)
ու
վերջապէս
լուանալ եմ ուզում
անապատը
(ինչպէս գերեզման ընտանեկան)
առատ մաքուր ջրով եւ օճառով
ցեխերից յետոյ՝ անմիջապէս
մի՛ լռիր… երեւում ես
ո՛ւշ է
(կամուֆլեաժ դեղին թիկնոց
գլխիդ փշեր
մանր ոսկրեր խճճուած
մօրուքիդ մէջ)
փորձիր գոնէ հսկել շիրմաքարը
թրքախօս քամու մոռացումից
ու
ոսկի կը դնեմ պարբերաբար
թաւշեպատ թասիդ մէջ
կիրակնօրեայ
Azizyani ev Sona Vani grutyunnere absurd en myus groghneri sharkum. “Entrani”um drvatz grutyune petk e gone mijak lini…