Յարգելի «Ասպարէզ»ի խմբագիր,
Սրանից հազար եօթը հարիւր տարի առաջ արաբները ներխուժեցին այն ժամանակուայ ամէնից զարգացած երկիրը՝ Եգիպտոս: Զաւթելուց եւ բռնագրաւելուց յետոյ, այրեցին այն ժամանակուայ աշխարհում ամենաթանկարժէք՝ Ալեքսանդրիայի գրադարանը: Նրան զուգահեռ այրեցին Պարսկաստանի մայրաքաղաք Իսֆահանի գրադարանը: Ըստ պատմական տուեալների, երկու տարի տեղի բաղնիքները տաքացնում էին այդ արժէքաւոր գրքերով:
Հազար ինը հարիւր թուականի սկզբները Ռուսաստանի փոխարքայ Վորոնցով-Դաշկովի հրամանով բռնագրաւուեցին հայ բոլոր կալուածները եւ փակուեցին հայկական բոլոր կրթօճախները՝ դպրոցները, ու նաեւ պահանջեցին օրուայ Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմեան Հայրիկից՝ յանձնել եկեղեցիների բանալիները: Կաթողիկոսը կտրականապէս մերժեց այդ քստմնելի առաջարկը: Հայ ժողովուրդը միասնական պայքարով ընդվզեց, եւ սկսուեց գործադրողների դէմ կռիւ-պաշարումը:
Ահաբեկուեցին տասնեակ պետական, ոստիկանական եւ ժանդարմական չինովնիկներ: Մէկ-երկու տարում Ռուսաստանի պետութիւնը յետ կոչեց իր տխրահռչակ հրաման-որոշումը, եւ արգելքները վերացուեցին: Դա հայերի առաջին մեծ յաղթանակն էր:
1975 թուին Սովետ կառավարութիւնը որոշեց, որ ռուսերէն լեզուն այդ օրուայ տասնհինգ հանրապետութիւններում դառնայ առաջին լեզուն կամ տեղի լեզուի հետ զուգահեռ՝ հաւասար գործածուի: Լատվիան, Լիտվիան, Էստոնիան, նաեւ Հայաստանը եւ Վրաստանը դէմ քուեարկեցին ռուսացման այդ նենգ քաղաքականութեանը, ինչը օրուայ Կրեմլի իշխանութեան եւ Գերագոյն խորհրդի կողմից որակուեց նացիոնալիստական եւ հետամնաց, ի հարկէ, շեշտելով, որ այն «մերձեցման» լաւ առիթ էր:
1950ականներին Միացեալ Նահանգների նախագահ Դուայբ Այզենհաուրի պետական քարտուղար æան-Ֆորեստ Դալլասը (որի եղբայրը այն ժամանակ կենտրոնական հետախուզութեան պետն էր)՝ իր երեքժամուայ Ծերակոյտի ելոյթում մանրամասնօրէն առաջարկեց, բացատրեց, թէ ինչպէս կարելի է քանդել-կործանել աշխարհի համար արդէն չարիք դարձած երկիրը (Խորհրդային Միութիւնը). առանց պատերազմի, միմիայն մշակոյթով եւ քարոզչութեամբ: Նա համոզուած էր, որ դա լաւագոյն ձեւն էր քայքայելու ու կործանելու այդ ատելի ռեժիմը:
Ու համատարած, աշխարհով մէկ, ստեղծուեցին քարոզչութեան հիմնարկներ՝ «Ամերիկայի ձայնը», «Գերմանական ալիքը» ու տասնեակ այլ ռադիօհաղորդումներ: Ի վերջոյ իզուր չէր, եւ հանգեցրեց Սովետական Միութեան փլուզմանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանացիները երեք տարի պաշարուած էին պահել Լենինգրադը, ի վերջոյ, Ռուսիոյ թագաւորների ապարանքը, որ համարւում էր աշխարհի ետպատերազմեան գլուխգործոց՝ իր աննման պարտէզներով: Այն կոչւում էր Պետերգորսկ, որ գտնւում էր մայրաքաղաք Փետերսբուրգից տասներկու մղոն հիւսիս-արեւելք:
Հիթլերը հրամայեց անպաշտպան այդ քաղաքի անխնայ ռմբակոծումը, որ համարեայ թէ հողին հաւասարուեց: Ասում են, որ Հիթլերի շրջապատը դէմ էր այդ ռմբակոծութեանը եւ անիմաստ էր համարում: Իսկ Հիթլերը ասում էր. «Մէկ ազգի մշակոյթը պէտք է վերացնել»:
ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱՏԹԵՒՈՍԵԱՆ