ԵՐԵՒԱՆ.– 15 Մայիսին տեղի ունեցած է Հայաստանի կառավարութեան հերթական նիստը, զոր վարած է Հայաստանի վարչապետ Յովիկ Աբրահամեանը:
Դիմելով կառավարութեան անդամներուն՝ վարչապետ Յովիկ Աբրահամեան անդրադարձած է նախորդող օր իր ունեցած հանդիպման. «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք երէկ հանդիպել ենք խոշոր գործարարների եւ բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցութեան բազմաթիւ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Մենք պայմանաւորուել ենք, որ բոլորը պէտք է աշխատեն հաւասար դաշտում, եւ բոլորն ամէն ինչպէտք է անեն, որպէսզի ստուերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչեւ Յուլիսի 1ը մենք տալու ենք հնարաւորութիւն, որպէսզի իրենք ինքնուրոյն իրենց ցանկութեամբ փորձեն աշխատել հաւասար դաշտում: Ես տուել եմ յանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառոյցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Ես գտնում եմ եւ նաեւ ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պէտք է փորձեն պահպանել, եւ եթէ չպահպանեն, մենք փորձելու ենք նաեւ մեր լծակներն օգտագործել, որպէսզի կարողանանք մեր առջեւ դրուած խնդիրներին լուծում տալ: Մենք աշխատել ենք առանց մամուլի, փորձել ենք հարցերն ազատ պայմաններում իրենց հետ քննարկել, որպէսզի հասկանան, որ այդ խնդիրն, իրօք, կառավարութեան կողմից շատ յստակ է դրուած, եւ մենք անպայման հետամուտ ենք լինելու, որպէսզի խաղի կանոնները բոլորը պահպանեն»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.