
ԱԶԱՏ ՕՐԴՈՒԽԱՆԵԱՆ
Գերմանական Die Welt (Աշխարհ, 30.05.2014թ.) թերթը տեղեկացնում է, որ երկրի արտաքին գործերի նախարարութիւնը Մայիսի 28ին դիմել է դիւանագիտական սուր քայլի՝ իր մօտ է հրաւիրել Թուրքիայի դեսպան Հուսէին Աւնի Կարսլիօղլուն: ԱԳՆի քաղաքական դիրեկտոր Հանս-Դիթեր Լուկասը (Hans-Dieter Lucas, 51 տարեկան) նրան զայրացած յայտնել է իր կառավարութեան վրդովմունքը՝ վերջերս Էրդողանի կողմից Գերմանիայի Կանաչների կուսակցութեան համանախագահ՝ ծագումով Թուրքիայից Չեմ Օզդեմիրի (48 տ.) հասցէին հնչեցրած վիրաւորանքների ու սպառնալիքների համար:
Քրիստոնեայ-դեմոկրատների փոխնախագահ Արմին Լաշերտի (Armin Laschet, 53 տ.) միջոցով քաղաքական Բեռլինն արդէն յայտարարել էր, որ «Օտար պետութեան ղեկավարի սպառնալիքը Բունդեսթագում ներկայացուած կուսակցութեան ղեկավարի՝ Օզդեմիրի հասցէին, ով պաշտպանել է իր կանցլերի տեսակէտը, հարուած է բոլոր ժողովրդավար ստանդարտներին, եւ Էրդողանի յարձակումը նրա վրայ, միաժամանակ դիտւում է որպէս յարձակում գերմանական պետութեան եւ ժողովրդավարութեան վրայ»: էրդողանեան թեման մայիսեան տաք քննարկումների նիւթ է դարձել նաեւ Գերմանիայի նախագահական Բելեւիւ ամրոց-նստավայրի եւ կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչութեան գրասենեակներում: Երեւոյթի նախապատմութիւնն ու սրընթաց զարգացումները, արդէն 10 օրից աւելի է, ինչ իրենց են գամել քաղաքական եւ լրատուական Գերմանիայի խօսափողներն ու գրիչները եւ սերտօրէն առնչւում են 2014թ. Օգոստոսին Թուրքիայի նախագահական ընտրութիւնների եւ դրա առաջին թեկնածուի՝ սկանդալային Էրդողանի հետ:
2014Ի ՄԱՅԻՍԻ 24Ը
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ 2000ԱՄԵԱՅ
ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ
Ոչ միայն գերմանական Արաքսը՝ 1238.8 կմ. երկարութեամբ ձգուող Հռենոսն (գերմաներէն՝ Rhein, լատիներէն՝ Rhenus) էր այդ օրը աւանդաբար երկու մասի բաժանում բնակչութեամբ չորրորդ գերմանական քաղաքին՝ մէկ միլիոնանոց բազմազգ Քէօլնին, այլեւ Թուրքիայի նախագահական աթոռի համար կատաղի պայքարող անհաւասարակշիռ մի քաղաքական գործիչ, ում այցի նկատմամբ անցեալում այդպիսի ընդգրկուն բողոքի դրսեւորում դեռ չէր արձանագրել քաղաքական եւ էթնիկ Գերմանիան: «Եւրոպայում թուրք ժողովրդավարների միութիւնը», որը, յիրաւի, համարւում է Թուրքիայի իշխանութեան երկարացուած ձեռքը Եւրոպայում, հիմնադրման 10ամեայ յոբելեանին մասնաւոր այցով Քէօլն էր հրաւիրել նախագահական ընտրութիւնների իր թեկնածուին: Ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին առումով, օրուայ ընտրութիւնը շատ յանդուգն էր: Ներքին առումով՝ որովհետեւ Թուրքիայի ածխահորերում ցայսօր եղած ամենամեծ մարդկային ողբերգութեան՝ Սոմայի աղէտի ու դրան յաջորդած 300ից աւելի ածխահատների յուղարկաւորութեան սգոյ օրերին, երկրի վարչապետը սառնասրտօրէն արտասահմանեան նախընտրական արշաւի է մեկնում: Արտաքին առումով՝ քանզի այցի յաջորդ օրը՝ Մայիսի 25ին, Գերմանիայի բնակիչները միաժամանակ երեք՝ եւրոպական, նահանգային եւ ինտեգրացիոն կառոյցների ընտրութեան էին գնալու: Ուստի պաղարիւն վարչապետին թէ՛ ներքին եւ թէ արտաքին աշխարհից համահունչ ապտակի արժանացրին: Գերմանիայի ալեւիների հարիւրհազարների հասնող համայնքը նախաձեռնեց այստեղ երբեւէ Էրդողանի դէմ եղած ամենահզօր ցոյցի կազմակերպումը: Երկրի ամենամեծ մուլտիֆուկցիոնալ դահլիճում՝ Քէօլնի Lanxess Arena-ում ելոյթի եկած Էրդողանի դէմ բողոքին Քէօլն էին ժամանել ցուցարարներ տարբեր քաղաքներից, ինչպէս նաեւ Անգլիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Աւստրիայից, Շուեցարիայից, ընդհանուր՝ 400 աւտոբուս, քէօլնեցիների հետ միասին մօտ 65 հազար ցուցարար (ըստ կազմակերպիչների՝ 100 հազար):
Գերմանիայում հակաէրդողանեան ցոյցերի շղթան արդէն աւանդոյթի է վերածւում: Ցուցարարների բազմալեզու պաստառները՝ «Թաքսիմը ամէնուր է», «Մենք ո՛չ ենք ասում Էրդողանին», «Թայիբ Էրդողան=գայլ՝ գառան դիմակով», «Մարդասպան Էրդողան», «Ամէնուր դիմադրութիւն Էրդողանին», «Կորչի դիկտատոր Էրդողանը» եւ այլն, վկայում են մասնակիցների վճռականութեան մասին: Ալեւիների հետ համերաշխ քայլարշաւի էին ելել գերմանացիներ, այլախոհ թուրքեր, ասորիներ, քրդեր, դերսիմցիներ, եզդիներ, յոյներ եւ հայեր: Հռենոսի միւս կողմում՝ Քէօլնի արենայում, վարչապետի մօտ 18 հազար երկրպագուներ չպարզեցին ոչ մի քաղաքական պաստառ: Արենայի ուխտաւորները միայն ծափահարում էին Գերմանիայի կանցլերին, քաղաքական գործիչներին ու ԶԼՄներին անյարիր շանթահարող իրենց վարչապետին ու միաշունչ բղաւում՝ «Ռեջեբ Թայիբ Էրդողան»:
ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆՆԵՐԻ
ՄԻՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
ՀԱԿԱԷՐԴՈՂԱՆԵԱՆ
ՄԵԾ ՑՈՅՑԻՆ
Գերմանիայում հայկական կառոյցներից Մայիսի 24ի ցոյցին մասնակցեց Հայ ակադեմիականների միութիւնը (ՀԱՄ): Հայկական դրօշների հետ միութեան անդամները պարզել էին «Էրդողանն ահաբեկիչ է», «Արարատ, մենք քեզ հետ ենք» «Արարատը եղել եւ մնում է հայկական» պաստառները: Քէօլնի եւ առհասարակ հակաէրդողանեան ցոյցերին մասնակցելու միութեան գաղափարական հենքը հետեւեալն է.
– Էրդողանը Թուրքիայի խօսնակն ու խորհրդանիշն է արտասահմանում, եւ նրա դէմ պայքարը, պայքար է ուրացող պետութեան դէմ, որին եւրոպական բեմերում ասում ենք՝ յիշում ենք մեր պատմութիւնը, պահանջատէր ենք եւ դեռ լուծելու խնդիրներ ունենք Թուրքիայի հետ: Ամէնուր պէտք է այդ երկրի ղեկավարներին դիմաւորենք բողոքի ու պահանջատիրութեան մեր մշտական ներկայութեամբ.
– Համերաշխ ենք թուրքական ներկայ իշխանութիւնների դէմ Արեւմտեան Հայաստանի դրացի հալածուած ազգերի պայքարի հետ, քաղաքական դաշնակից ենք նրանց.
– Գերմանական ժողովրդավար քաղաքական դաշտում ներկայութիւն ենք դառնում, փաստում ենք կազմակերպուած առկայութիւն, գերմանացի եւ միւս ժողովրդավար քաղաքական գործիչների մէջ բարեկամներ ենք ձեռք բերում, գործիչներ, որոնցից շատերն իրենք են հայերին փնտռում:
Ի կատարումն այս ծրագրային դրոյթների, ՀԱՄի անդամները ակտիւ ներկայութիւն ապահովեցին Մայիսի 24ի Քէօլնի մեծ ցոյցին:
Իսկ գերմանական արձագանգը, ինչպիսի՞ն էր այն:
Էրդողանի այցի, դրա նախորդ եւ յաջորդ օրերին, տեղի ունեցաւ խօսափողերի եւ հեռուստաէկրանների իսկական փոխհրաձգութիւն, որին մասնակցեցին աւագ եւ կրտսեր սերնդի բազմաթիւ գործիչներ:
Նախ՝ Եւրոպառլամենտի պրեզիդենտի պաշտօնի համար մօտ 400 մլն. եւրոպացիների ձայները շահելու ելած թեկնածուները՝ գերմանացի Մարտին Շուլցը (Martin Schulz, 58 տ., Սոցիալ-դեմոկրատական կուս.) եւ լիւքսենբուրգցի Ժան-Քլոդ Իունկերը (Jean-Claude Juncker, 59 տ., Քրիստոնեայ-սոցիալ-ժողովրդական կուս.) իրենց ընտրութեանը եւ Էրդողանի այցին նախորդող շաբաթուայ վերջին Համբուրգում կայացած հեռուստաբանավէճին հակառակ իրենց բազմաթիւ տարակարծիք մօտեցումներին, միաձայն հաստատեցին, որ «ներկայ Թուրքիան, նրա ղեկավարութիւնը, տեղ չունեն Եւրոպական Միութիւնում, հասուն չեն դրա համար»: Այս ելոյթները լուրջ ազդանշաններ էին հակաէրդողանեան մթնոլորտի թէժացման համար: Զգուշաւոր, բայց վճռական էր նաեւ կանցլեր Անգելա Մերկելի (Angela Dorothea Merkel, 59 տ., Քրիստոնեայ-դեմոկրատ) ելոյթը, որով աշխարհի ներկայ թիւ մէկ կին գործիչը յոյս էր յայտնում, որ «Էրդողանը գիտակցում է, թէ այս անգամ որքան զգայուն է այցի օրը, եւ որ նա ամենայն պատասխանատուութեամբ ելոյթ կ՛ունենայ»:
Յատկապէս մտահոգիչ եւ խարազանող տոնով հանդէս եկաւ Քէօլնի քաղաքագլուխ Իուրգեն Ռոթերսը (Juergen Roters, 65 տ., Սոցիալ-դեմոկրատ, 2009ից Քէօլնի քաղաքագլուխ), ով հեռուստաէկրանից յայտնեց, որ «պատշաճ կը լինէր, եթէ Էրդողանը Գերմանիա գալու փոխարէն մնար իր երկրում եւ պարզէր Սոմայի աղէտի խնդիրները.. նրա այցը որոշակի սադրանք է»: Գերմանիայի չորս գլխաւոր կուսակցութիւնների՝ Քրիստոնեայ-դեմոկրատների, Սոցիալ-դեմոկրատների, Կանաչների եւ Ձախերի յայտնի շատ գործիչներ Էրդողանին Գերմանիա կատարելիք այցից հրաժարուելու խորհուրդներ եւ սուր գնահատականներ հնչեցրին: Հիւսիս-Հռենոսեան Վեստֆալիա (ՀՀՎ) մարզի, (Քէօլնը այս մարզի ամենամեծ քաղաքն է), աշխատանքի եւ ինտեգրացիայի նախարար Գունթրամ Շնայդերը (Guntram Schneider, 63 տ., Սոցիալ-դեմոկրատ) Էրդողանի այցը համարեց «հիւրընկալութեան իրաւունքի չարաշահում», ձաղկող էին նաեւ մարզի Կանաչների նախագահ Սուեն Լեհմանի (Sven Lehmann, 35 տ.) խօսքերը: Կարծր էին յատկապէս բեռլինեան ձայները: Ըստ կառավարող Քրիստոնեայ-դեմոկրատական միութեան փոխնախագահուհի Իուլիա Կլէօքների (Julia Kloeckner, 42 տ.)՝ «խելացի կը լինէր, եթէ նա չգար… Էրդողանը երբեք այսքան հեռու չէր եղել եւրոպական արժէքներից, որքան հիմա է… յուսով եմ, որ Թուրքիայից եկած շատ քաղաքացիներ նրան այստեղ ուղղակի կ՛արհամարեն, որը յստակ դիրքորոշում կը լինի նրա նկատմամբ»: Նոյն օրերին Քրիստոնեայ-սոցիալ. միութեան գլխաւոր քարտուղար Անդրէաս Շոյերը (Andreas Scheuer, 40 տ.) Բաւարիայից յայտարարեց, որ «Էրդողանն իրաւունք չունի իր ընտրապայքարի ճակատամարտերը Գերմանիա տեղափոխել»: Քրիստոնեայ-դեմոկրատների ցուցակով Բունդեսթագ անցած առաջին մուսուլման պատգամաւոր, Յունաստանից Գերմանիա տեղափոխուած թուրք ընտանիքի դուստր æեմիլէ Իուսուֆը (Cemile Giousouf, 36 տ.) յայտնեց, որ «վստահ է, որ Սոմայի ողբերգութիւնից յետոյ, շատերը կարծում են, որ վարչապետը պէտք է լինի այնտեղ, որտեղ նրա կարիքը կայ, այն է՝ իր երկրում եւ աղէտի վայրում, այլ ոչ թէ մեկնի Գերմանիա՝ յոբելեանական տօնակատարութեան»: Ամենաաղմկայարոյցն ու խոցելին, իհարկէ, Մայիսի 19ին «Գերմանիա» ռադիօկայանի լրագրող Եասպեր Բարենբերգի (Jasper Barenberg) հետ Չեմ Օզդեմիրի ունեցած հարցազրոյցն էր, որտեղ Կանաչների համանախագահը ուղղակի ասում է. «Էրդողանը կորցրել է իրականութիւնը ճանաչելու կարողութիւնը, եւ նրա նախագահ դառնալը Թուրքիայի համար անկում կը նշանակի…», ապա աւելացնում. «Մենք պէտք է ծրագրեր մշակենք հետէրդողանեան Թուրքիայի համար, քանզի Էրդողանը բեւեռացնում, բաժան-բաժան է անում Թուրքիայի հասարակութիւնը եւ նոյնն է անելու նաեւ Գերմանիայում թուրքական ծագմամբ քաղաքացիների հետ»:
Գանահարող նոյն մթնոլորտն էր տիրում նաեւ 24ի մեծ ցոյցի ամբիոնում: Բազմաթիւ ալեւի գործիչների կողքին ելոյթներ ունեցան Եւրոպառլամենտի պատգամաւոր, Եւրոպայի Կանաչների կուս. համանախագահ Ռայնյարդ Բիւտիկոֆերը (Reinhard Buetikofer, 61 տ.), Բունդեսթագի պատգամաւորներ՝ պրոֆ. դոկտ. Հերիբերթ Հիրթեն (Prof. Dr. Heribert Hirte, 56 տ., Քրիստոնեայ-դեմոկրատ) Ֆոլկեր Բեքը (Volker Beck, 54 տ., Կանաչներ), Սեւիմ Դագդելենը (Sevim Dagdelen, 38 տ., Ձախեր), ՀՀՎ խորհրդարանից՝ Սերդար Իուկսելը (Serdar Yuksel, 41 տ., Սոցիալ-դեմոկրատ), Բերնհարդ ֆոն Գրիւնբերգը (Bernhard von Grunberg, 68 տ., Սոցիալ-դեմոկրատ), դանիական ծագումով Եւրոպառլամենտի թեկնածու Թինէ Հէօրդումը (Tine Heordum, 31 տ., Սոցիալ-դեմոկրատ) եւ ուրիշներ: Օրուայ բեմից բազմաթիւ հռետորներ Էրդողանից պահանջում էին նաեւ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւը:
Հակաէրդողանեան հարիւրաւոր յօդուածներն ու քաղաքական գործիչների բուռն արձագանգներն արդեօք միայն բարոյախառն ելոյթնե՞ր էին եւ չունէ՞ին որեւիցէ դիւանագիտական հարուածի ուժ կամ նպատակ, թէ սա ուղղակի արդէն նշանակում է, որ գերմանացիները թուրք ղեկավարի համար միակողմանի թռիչքի տոմս են պատուիրել եւ առաջարկում են նրան եւրոպական քաղաքական օդանաւակայանից Թուրքիա թռչել Մուամար Կադաֆիի, Հոսնի Մուբարաքի եւ Զին բեն Ալիի ինքնաթիռով:
Ի հեճուկս վերոյիշեալի, Անկարայի տիրակալը իր հիւսիսային հպատակներին հրամայեց աւելի վեր բարձրացնել սպիտակ աստղով կիսալուսինը եւ մէկ ու կէս մլն. ընտրողների սրտերը նուաճելու բաղձանքով ժամանեց Գերմանիա:
Թուրքիայի ԱԳ նախարար Դաւութօղլուի եւ իշխանամէտ «Եէնի Սաֆակ» թերթի կողմից գերմանացիներին ուղղուած պատասխան կրակոցները բաւարար չհամարելով, աներեր Էրդողանը արենայի բեմից նախ ամպահար արեց հիւրընկալ երկրի գործընկերներին, յետոյ, կարծես բոլոր քննադատողներին որպէս հաւաքական պատասխան՝ թուրքական հեռուստաէկրանից դիմեց Չեմ Օզդեմիրին. «Այդ այսպէս կոչուած թուրքին այլեւս չեմ ուզում տեսնել Թուրքիայում… Դու արդէն շատ հեռուն գնացիր քո արտայայտութիւնների մէջ…»:
Դատելով Էրդողանի եւ նրա էմիսարների յամառ պահուածքից, յատկապէս այստեղ մշտապէս հնչեցրած նրանց ագրեսիւ ելոյթներից, կարելի է եզրակացնել, որ Գերմանիա յաճախակի կատարուող նրանց այցերի չբարձրաձայնուող նպատակներից է թուրքական սփիւռքի ազգայնամոլութեան վերարտադրութեան ապահովումը, Գերմանիայում թուրք երիտասարդ սերնդի գաղափարապէս թուրքական ազգայնամոլութիւնից եւ իսլամից հեռանալու հնարաւորութիւնները նուազագոյնի հասցնելու մարմաջը:
Յստակ է արդէն, որ Անկարայի ներկայ պետական սփիւռքեան դոկտրինը ազգայնամոլութիւնն ու մարտնչող իսլամիզմն է, որը Բեռլինում արդէն գիտակցում են:
Իսկ Բոսֆորի ափի բնակիչը, 21րդ դարի սկզբին, կարծես սկսում է նորից հիւանդանալ:
ԱԶԱՏ ՕՐԴՈՒԽԱՆԵԱՆ, Հայ Ակադեմիականների Միութեան Նախագահ