
ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Թաթագէտ
Օրերս Երեւանում տեղի ունեցաւ «Առաջին միջազգային թաթագիտական գիտաժողովը», որին մասնակցում էին մօտ 40 գիտնականներ՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից: Ինչպէս իր խօսքում նշեց ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ, գիտաժողովի կազմկոմիտէի նախագահ, Բ.Գ.Դ. պրոֆեսոր Գառնիկ Ասատրեանը՝ «գիտաժողովը առաջին անգամ մի վայրում ի մի էր հաւաքել թաթագիտութեան ողջ սերուցքը»:
Գիտաժողովը նուիրուած էր ներկայիս Ադրբեջանի հանրապետութեան տեղաբնիկ ժողովուրդների թուին պատկանող մահմեդական թաթերին կամ կովկասեան պարսիկներին, որոնք այժմ բնակւում են Արեւելեան Այսրկովկասի հիմնականում մերձկասպեան շրջաններում՝ Ապշերոնեան թերակղզուց մինչեւ Լեռնային Շիրվան: Ըստ ամենայնի, մահմեդական թաթերը, որոնք իւրայատուկ ազգային ինքնութեան, լեզուի եւ մշակոյթի կրողներ են, կազմում են նաեւ ժամանակակից ադրբեջանական թուրքախօս էթնոսի հիմնական ենթաշերտը, ինչն արտացոլւում է թէ՛ լեզուական, թէ՛ կենցաղային եւ թէ մշակութային տարբեր իրողութիւններում: Այսրկովկասի մահմեդական թաթերի զգալի մասը 19րդ դարի վերջերից սկսած, հիմնականում Ադրբեջանի վարած ձուլման քաղաքականութեան հետեւանքով, ենթարկուել է էթնիկ ուծացման կամ թուրքացման. մի գործընթաց, որն արհեստականօրէն եւ հաստատուն շարունակւում է ցայսօր:
Երեւանում կազմակերպուած միջազգային գիտաժողովը, լինելով առաջինը թաթագիտութեան ասպարէզում, նպատակ էր հետապնդում լայն ակադեմիական շրջանակներում քննելու իրանական այս ժողովրդի պատմութեանը, լեզուին, կրօնական հաւատալիքներին, մշակոյթին, ազգագրութեանը, մարդաբանութեանը վերաբերող հիմնահարցերը: Կարելի է միանշանակ փաստել, որ արդարացան գիտաժողովի կազմակերպիչների բոլոր սպասելիքները:
Իրանագէտ, ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի փոխդեկան, դոցենտ Վարդան Ոսկանեանն իր զեկուցման մէջ անդրադարձաւ Ապշերոնեան թերակղզուն յարող կղզիներից մի քանիսի անուանումների ստուգաբանութեանը եւ յստակ փաստերով ապացուցեց, որ այդ անուանումները թաթական են եւ ոչ թէ թուրքական, ինչպէս փորձում են ցոյց տալ Ադրբեջանում:
Բաւականին հետաքրքիր էին Դաղստանից ժամանած հիւրերի զեկուցումները: Ռուսաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի Մախաչկալայի մասնաճիւղի անդամ Թիմիրլան (Թէյմուր) Այթբերովն անդրադարձաւ դաղստանեան աղբիւրներում Սեֆեան տէրութեան եւ Արեւելեան Կովկասի դաղստանալեզու տարածքներում իրանական ռազմաքաղաքական ակցիաներին: Իսկ ահա Դաղստանը ներկայացնող մէկ այլ մասնակից՝ կրկին ՌԴ ԳԱԱ Մախաչկալայի մասնաճիւղի անդամ Ռուսլան Սեֆերբեկովը իր ելոյթում խօսեց Դաղստանի տարածքում բնակուող թաթ ժողովրդի հաւատալիքների մասին:
Բաւականին հետաքրքիր էր նաեւ Ֆրանսիայից ժամանած յայտնի թաթագէտ Ժիլ Օթիյէի ելոյթը: Նա, հիմնուելով թաթերէնի բայական համակարգի վրայ, փորձում էր պատասխանել այն հարցին, թէ արդեօք թաթական բարբառների համար կա՞յ մի ընդհանում շղթայ, թէ դրանք բոլորն էլ առանձին բարբառներ են: Մէկ այլ ֆրանսիացի մասնագէտ՝ Հելէն Ժերարդինն էլ անդրադարձաւ վրացերէնի ու թաթերէնի քերականական եւ տիպաբանական նմանութիւններին:
Իրանից ժամանած գիտնականների զեկուցումների հիմնական թեման Իրանում բնակուող թաթերն էին կամ նոր ազարիական ցեղերը: Նրանք իրենց ելոյթներում փորձեցին անդրադառնալ ներկայումս կղզեակների տեսքով պահպանուող միջնադարեան ազարի լեզուի ժառանգորդ հանդիսացող նոր ազարիական լեզուին եւ այդ լեզուով խօսող ժողովրդի խնդիրներին:
Հետաքրքիր է, որ գիտաժողովի ընթացքում մասնակիցները հեռագրի միջոցով ադրբեջաներէն ողջոյնի խօսք ստացան «Շիրվանի ազատագրման ճակատ» կազմակերպութիւնից (այն իր գործունէութեան մասին յայտարարել է երկու ամիս առաջ եւ նպատակ ունի այժմեան Ադրբեջանի հանրապետութեան տարածքում Շիրվանի պարսկական անկախ հանրապետութիւն հռչակելու), որում ամբողջ թաթ ժողովրդի անունից ազատագրական ճակատի անդամները շնորհակալութիւն էին յայտնում նման բարձր մակարդակով գիտաժողով կազմակերպելու ու իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու համար:
Թաթագիտական միջազգային առաջին գիտաժողովը եկաւ փաստելու, որ Երեւանի պետական համալսարանում պրոֆեսոր Գ. Ասատրեանի գլխաւորութեամբ յաջողուել է ստեղծել իրանագիտական հզօրագոյն մի դպրոց, որի ուսումնասիրութիւնների շրջանակը տարածւում է Առաջաւոր Ասիայից ընդհուպ մինչեւ Չինաստանի սահմանները եւ Հիւսիսային Կովկասից մինչեւ Պարսից ծոց: Իրանագիտութեան ամբիոնն աշխարհում այն եզակի կենտրոնն է, որտեղ ակադեմիական մակարդակով զբաղւում են տարածաշրջանի երկու հնագոյն եւ տեղաբնիկ ժողովուրդների՝ թաթերի եւ թալիշների ուսումնասիրութեամբ: