ԵՐԵՒԱՆ, «Երկիր Մեդիա».– 20 Յունիսին Ազգային ժողովին մէջ ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեան ներկայացուց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրէնքի նոր նախագիծին մասին կուսակցութեան մօտեցումները,կենսաթոշակային համակարգի սկզբունքները: Ստորեւ կը ներկայացնենք զայն.
«Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգ մշակելու համար անհրաժեշտութիւն է հիմնարար սկզբունքների որոշումը, որոնց վրայ պէտք է կառուցել այդ համակարգը:
Այդ սկզբունքների հիմքում առաջարկում ենք դնել Հայաստանի Սահմանադրական դատարանի 2014 թուականի Ապրիլի 2ի որոշման դրոյթները, ինչպէս նաեւ նկատի առնել Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան՝ ՏՀԶԿ, եւ G20ի ընդհանրական մօտեցումները:
Ըստ այդմ, կենսաթոշակային բարեփոխումներով ձեւաւորուող համակարգը պէտք է ապահովի հետեւեալ սկզբունքների անշեղ գործադրումը՝
1. Կենսաթոշակային ապահովութիւնը անձի իրաւունքն է: Այս իրաւունքի իրականացման համար սահմանւում են պարտադիր պետական, կամաւոր-մասնաւոր (անձնաւորուած) եւ կամաւոր-կոորպորատիւ համակարգեր: Պէտք է սահմանուի, որ ցանկացած համակարգով անձի անունով կամ հաշուին ձեւաւորուած կենսաթոշակային միջոցները կարող են ամբողջութեամբ ժառանգուել, ինչպէս նաեւ ժառանգի ցանկութեամբ դրանք միանուագ վճարուել: Վերջին դէպքում կարող է սահմանուել դիսկոնտաւորման պայման:
2. Կենսաթոշակային ապահովութիւնը պետութեան պոզիտիւ պարտաւորութիւնն է: Պետութիւնը պէտք է նախատեսի մարդու կենսաթոշակային ապահովութեան իրականացման համար լայն մասնակցութեան հնարաւորութիւն՝ հասարակութեան բոլոր շերտերի ընդգրկմամբ: Սերունդների համերաշխութեան սկզբունքի վրայ հիմնուած պետական կենսաթոշակային համակարգի գործունէութիւնը պարտադիր է:
3. Հաշուետուողականութիւն: Կենսաթոշակային ողջ համակարգը պէտք է գործի հրապարակայնութեան, հանրային եւ մասնաւոր մասնակցային վերահսկողութեան սկզբունքներով: Պետական կենսաթոշակային համակարգի գործունէութիւնը մշտապէս պէտք է գտնուի կառավարութեան եւ կենտրոնական բանկի հսկողութեան, ինչպէս նաեւ Ազգային ժողովի եւ քաղաքացիական հասարակութեան վերահսկողութեան ներքոյ: Հայաստանի կենտրոնական բանկը օրէնքով սահմանուած հանրային պատասխանատուութիւն պէտք է կրի իր կողմից իրականացուող կարգաւորումների շրջանակում:
4. Անհրաժեշտ համարժէքութիւն: Կենսաթոշակային համակարգի գործունէութեան արդիւնքում վճարուող թոշակի մեծութեան համար թիրախային պէտք է հանդիսանայ նուազագոյն սպառողական զամբիւղի կամ միջին աշխատավարձի մեծութիւնը (կապը կարող է սահմանուել որոշակի տոկոսային յարաբերակցութեամբ): Այն պէտք է ապահովի նաեւ արդար կապ վճարուած միջոցների եւ ստացուող թոշակի մեծութեան միջեւ:
5. Կենսաթոշակների ինդեքսաւորում: Կենսաթոշակները չպէտք է կորցնեն իրենց գնողունակութիւնը եւ պարբերաբար պէտք է ինդեքսաւորուեն: Ինդեքսաւորման պահանջը եւ կանոնը պէտք է սահմանուեն օրէնքով:
6. Աշխատանքի եւ ժողովրդագրութեան խթանում: Համակարգը պէտք է խթանի աւելի երկար աշխատանքային գործունէութեանը, օրինակ՝ աւելի ուշ թոշակի գնացողի փոխհատուցման գործակիցն աւելի բարձր է կամ սահմանւում է հաւելում: Կենսաթոշակային համակարգին կատարուող վճարումները այն անձանց մասով, ովքեր աշխատաշուկայից ժամանակաւորապէս դուրս են գալիս երեխայ ունենալու կամ զինուորական ծառայութեան մեկնելու կապակցութեամբ, պէտք է վճարուեն պետական բիւջէի հաշուին:
7. Կենսաթոշակային նպատակային վճարներ: Պարտադիր սոցիալական ապահովութեան (ապահովագրութեան) վճարները այսուհետեւ՝ նաեւ սոցապ վճար, որոնք ներկայումս գործող եկամտային միասնական հարկում ներառուած են՝ պէտք է առանձնացուեն պետական բիւջէի յատուկ հաշւում կամ պետական կենսաթոշակային ֆոնդում: Այս միջոցների յատուկ հաշուառումը պէտք է ապահովուի 3-5 կէտերում ներկայացուած մօտեցումները (պայմանական կուտակային համակարգ): Ընդ որում, եթէ քաղաքացին ցանկանում է օրէնքով որոշուած սոցապ վճարի մի մասը վստահել մասնաւոր կենսաթոշակային ֆոնդին իր անձնական հաշւում կուտակում իրականացնելու նպատակով, ապա պէտք է ընտրի այդպիսի ֆոնդ եւ կառավարիչ, որի դէպքում սահմանուած գումարը ենթակայ չէ գանձման պետական բիւջէ կամ պետական կենսաթոշակային ֆոնդ: Հայաստանի կառավարութիւնը պետական բիւջէ կամ պետական կեսաթոշակային ֆոնդ փոխանցուած գումարները մասնաւոր կառավարիչներին յանձնելու դէպքում, այդպիսի յանձնումը պէտք է կատարի բացառապէս օրէնքով սահմանուած կանոնների եւ գրաւոր պայմանագրի հիման վրայ:
8. Չհարկուող նուազագոյն եկամտի եւ անձի ընթացիկ ու հեռանկարային կենսաապահովման միջեւ խելամիտ յարաբերակցութեան սահմանում: Նուազագոյն (ստորին մակարդակի) եկամտից պահումներ չպէտք է արուեն, ինչպէս նաեւ պէտք է հաշուի առնուեն անձի ընտանիքի անդամների սոցիալական վիճակը: Ներկայումս գործող եկամտային միասնական հարկի դրուքաչափերը պէտք է վերանայուեն՝ եկամտահարկի եւ սոցապ վճարի առանձնացման միջոցով: Եկամտահարկի դրուքաչափերի կիրառման համար կարող են հիմք ընդունուել հարկման նպատակով բազային եկամուտը եւ դրա նկատմամբ կիրառուող պատիկները: Հարկման նպատակով բազային եկամուտը որոշելիս կարող է կիրառուել. անձի ստացած եկամուտը հանած նուազեցումները, որոնց մէջ նկատի են առնւում նաեւ սոցապ վճարները, ինչպէս նաեւ ընտանիքում անչափահաս երեխաների թիւը բազմապատկած սպառողական նուազագոյն զամբիւղի արժէքի ընդհանուր գումարը: Հարկային համակարգում անհրաժեշտ համարժէքութեան ապահովման նպատակով զուտ եկամտային հարկի եւ շահութահարկի միջինացուած տոկոսադրոյքները պէտք է նոյնական լինեն:
9. Պետութիւնը, գործատուն եւ աշխատողը կենսաթոշակային ապահովման խնդրի լուծման անմիջական մասնակիցներ են: Կենսաթոշակային համակարգի ֆինանսաւորման եւ կայացման համար պէտք է իրենց մասնակցութիւնն ունենան աշխատողը, գործատուն եւ պետութիւնը: Ընդ որում, սոցապ վճարը կատարում են բոլոր աշխատող անձինք եւ գործատուները՝ առանց աշխատողի տարիքային սահմանափակման ու առանց ընթացիկ հարկային բեռի աւելացման: Գործատուները իրենց սեփականութեամբ չեն կարող կրել որեւէ պատասխանատուութիւն աշխատողի կողմից սոցապ վճարների կամ կամաւոր կուտակումների վճարները չկատարելու համար: Նրանք կարող են ենթարկուել միայն վարչական տուգանքի կամ տոյժի, ինչպէս նաեւ քաղաքացիաիրաւական պատասխանատուութեան՝ ըստ աշխատակցի հետ կնքուած պայմանագրի դրոյթների:
10. Կազմակերպական արդիւնաւէտութիւն: Կենսաթոշակային համակարգի արդիւնաւէտութիւնը պէտք է բարձրացուի համակարգի ծախսատարութեան կրճատման միջոցով: Աւելցուկային սկզբունքով աշխատող կենսաթոշակային համակարգում կուտակուած միջոցները պէտք է տեղաբաշխուեն Հայաստանի տնտեսութեան մէջ՝ ուղղակիօրէն կամ պայմանագրային հիմունքներով /օրէնքով նախատեսուած յատուկ երաշխիքներով ու պատասխանատուութեամբ/ կարող են տրուել մասնաւոր կառավարման: Ինչպէս սոցապ վճարները, այնպէս էլ կամաւոր կուտակուած միջոցները կառավարման են յանձնւում այն կանոնի համաձայն, որը ֆոնդերի կառավարիչների համար նախատեսում է վերջիններիս սեփականութիւնը հանդիսացող միջոցներով պատճառուած վնասի պատասխանատուութիւն (փոխհատուցում): Այս կանոնը պէտք է յստակ նախատեսուի օրէնքով:
11. Տարազանում (դիւերսիֆիկացիա): Կենսաթոշակային համակարգի ռիսկերը նուազեցնելու համար պետական կենսաթոշակային հիմնական համակարգին զուգահեռ պէտք է գործեն կենսաթոշակի կամաւոր-մասնաւոր (անհատական-անձնաւորուած) եւ կամաւոր-կոորպորատիւ (կոլեկտիւ-անձնաւորուած) ձեւերը: Խրախուսման եւ նպատակային արտօնութիւնների համակարգի ներդրմամբ (այդ թւում՝ 12րդ կէտում թուարկուած միջոցառումներով) պէտք է ստեղծել միջավայր, որպէսզի իւրաքանչիւր գործատու շահագրգռուած լինի ունենալ կորպորատիւ կենսաթոշակային առնուազը մէկ սխեմա, ինչպէս նաեւ աշխատակիցը հնարաւորութիւն ունենայ աշխատանքային գործունէութեան իր նախընտրած ժամանակահատուածներում կատարել խնայողութիւններ (կուտակումներ): Համակարգը պէտք է նպաստի, որպէսզի նման տնտեսական արդիւնքը հասանելի լինի նաեւ երկարաժամկէտ բանկային աւանդի ներդրման դէպքում: Աշխատակցի բացառիկ իրաւունքն է ընտրել խնայողութիւններ կատարելու (կուտակումների) մասին որոշումը, ձեւը, ամիսները, ինչպէս նաեւ մասնակցել կամ չմասնակցել գործատուների առաջարկած կենսաթոշակային կորպորատիւ սխեմային (սխեմաներին):
12. Կամաւոր կուտակումների խթանում: Կամաւոր կենսաթոշակային համակարգում պէտք է ազատել հարկից այն գումարը, որն ուղղուել է կենսաթոշակային ֆոնդին (օրինակ՝ ներկայումս տնօրինուող աշխատավարձից կատարուած կամաւոր կուտակումները, դրանք կենսաթոշակների ձեւով ստանալիս հարկւում են): Պէտք է հանել կամաւոր կուտակային համակարգին փոխանցուող գումարի 5 տոկոսանոց սահմանափակումը եւ նախատեսել դրոյթ, որ փոխանցուած գումարի չափով նուազեցւում է եկամտահարկը, բայց ոչ աւել, քան մինչեւ փոխանցումը հաշուարկուած եկամտային հարկի 50 տոկոսը: Գործատուի կողմից իր աշխատակիցների համար կենսաթոշակային յատկացումներ կատարելիս (այդ թւում՝ կորպորատիւ սխեմայով), հնարաւորութիւն պէտք է տրուի նրա շահութահարկը նուազեցնել հաշուարկուած շահութահարկի մինչեւ 50 տոկոսի չափով:
Ընդ որում, այս արտօնութիւնը կարող է գործել միայն այն գործատուների (բացառութեամբ՝ ՓՄՁների) համար, որոնց ֆինանսատնտեսական գործունէութիւնը ենթարկւում է աուդիտի՝ անկախ աուդիտորի կողմից: Պէտք է օրէնսդրօրէն հնարաւորութիւն տրուի գիւղատնտեսական գործունէութեամբ զբաղուող անձանց կամաւոր կարգով մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգին՝ պետական բիւջէից կատարելով ներդրուած գումարի մինչեւ 100 տոկոսի չափով համավճար: Անհատը կարող է ինքնուրոյնաբար, ազատ կամայայտութեամբ ընտրել իր կենսաթոշակային միջոցների կառավարիչներին եւ կնքել երկկողմ պայմանագիր: Օրէնսդրօրէն հնարաւորութիւն պէտք է տրուի արտաքին տրանսֆերտները կամաւոր կուտակային համակարգում ներդնելու համար՝ պետական բիւջով երաշխաւորելով տարեկան առնուազը 10 տոկոս եկամտաբերութիւն, եթէ ներդրուող գումարը դուրս չի բերւում համակարգից 10 տարի եւ իւրաքանչիւր լրացուցիչ յաջորդ տարուայ համար եկամտաբերութիւնը կարող աճել 1 տոկոսով:
Օրէնսդրօրէն պէտք է ամրագրել՝ այն գործատուները, որոնք իրենց աշխատակիցների համար յաւելեալ կիրառում են կամաւոր կենսաթոշակային սխեմաներ,
Առաւելութիւն կը ստանան պետական գնումների համակարգում (օրինակ՝ առաւել մեծ գումարներ վճարողները կ՛ունենան առաւել մեծ հնարաւորութիւններ),
Առաջին 20 խոշոր կուտակային գումարներ վճարողները կը ներգրաւուեն վարչապետին կից խորհրդի կազմում, կարող են քննարկել համակարգի զարգացման հարցերը եւ առաջարկութիւններ իրացնել գործարար միջավայրի բարելաւման ուղղութեամբ,
ՓՄՁ սուբյեկտներում իւրաքանչիւր աշխատատեղի համար, ըստ կիրառման հնարաւորութեան, կը սուբսիդաւորուի ստացուած վարկի տոկոսը՝ իւրաքանչիւր աշխատատեղի համար՝ վարկի տոկոսադրոյքները 0.1 տոկոսը, սակայն ոչ աւելի քան վարկի տոկոսադրոյքի 50 տոկոսը:
13. Կենսաթոշակային միջոցների կառավարման հասանելիութեան ապահովում: Ակտիւների՝ տեղական եւ միջազգային լիցենզաւորուած կառավարիչները հաւասարապէս պէտք է հնարաւորութիւն ունենան կառավարել կենսաթոշակների համար կատարուած խնայողութիւնները (կուտակուած միջոցները): Կենսաթոշակային միջոցները չեն կարող ներդրուել Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չունեցող կամ թշնամական տրամադրուած երկրների, ընկերութիւնների արժեթղթերում: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների ընտրութեան համար պէտք է ապահովել կենսաթոշակային միջոցների նուազագոյնը 3-4 կառավարիչների առկայութիւն: Կենսաթոշակային միջոցների ներդրման առաջնային ոլորտ է դիտւում Հայաստանի եւ Արցախի տնտեսութիւնը:
14. Կամաւոր կուտակումներից, ըստ կարիքի միջոցների օգտագործում: Կամաւոր կուտակային համակարգում մուտք գործող գումարները մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը քաղաքացին, ըստ պայմանագրի, պէտք է կարողանայ օգտագործել, եթէ ցանկանում է սուբսիդաւորել (ֆինանսաւորել) իր
Ժամանակաւոր անաշխատունակութիւնը,
Կամ իր ամուսնու կամ երեխայի բժշկական ծախսերը,
Ծնողների կենսաթոշակային ծախսերը,
Երեխաների կրթութեան ծախսերը,
Անշարժ գոյքի ձեռքբերման համար հիպոթեկային վարկերը:
Ժամկէտից շուտ միջոցների օգտագործման դէպքում կարող է կիրառուել դիսկոնտաւորման սխեմա, որի դէպքում հաշուարկային տոկոսադրոյքը (դիսկոնտը) չի կարող աւելին լինել, քան միջոցների կառավարման նախորդ ժամանակահատուածի միջին եկամտաբերութիւնն է:
15. Նոր համակարգի ներդրման անցումային փուլում պէտք է ապահովուի քաղաքացու իրաւունքների լիարժէք իրականացումը: 2014 թուականի յունուարի 1ից յետոյ պարտադիր կուտակային համակարգի միջոցով աշխատողի աշխատավարձից՝ վերջինիս կամայայտնութեանը հակառակ պահուած եւ կենսաթոշակային ֆոնդերին փոխանցուած գումարները ենթակայ են քաղաքացիներին վերադարձման կամ քաղաքացու ընտրութեամբ դրանք կարող են ուղղուել նոր համակարգի շրջանակներում ներդրուող սոցապ վճարների ապագայ մուծումներին կանխավճարի տեսքով, կամ կամաւոր կուտակումներին:
Ընդ որում, կենսաթոշակային պարտադիր համակարգի մասնակից մասնաւոր ինստիտուտների՝ դեպոզիտարիայի, ռէեստրի, ֆոնդի կառավարչի կատարուած ծախսերը փոխահատուցւում են պետական բիւջէի միջոցների հաշուին՝ քաղաքացիների գումարները ամբողջութեամբ վերադարձնելու պահի դրութեամբ:
Սահմանադրական դատարանի 2014 թուականի Ապրիլի 2ի որոշմամբ սահմանուած բոլոր տեսակի ենթաօրէնսդրական ակտերը, որոնցով նախատեսուած պահանջները չեն կարող սահմանուել կառավարութեան կամ կենտրոնական բանկի կողմից՝ ներառեալ կամաւոր բաղադրիչի շրջանակներում ֆոնդերի միջոցների ներդրման սահմանափակումները, կենսաթոշակային միջոցների կառավարիչի եւ պահառուի պատասխանատուութիւնը, պէտք է յստակ սահմանուեն նոր օրէնքով:
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ