Ձեզ ենք ներկայացնում aparaj.am-ի հարցացրոյցը ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Արթուր Աղաբեկեանի հետ:
ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ.- Տեղեկութիւն ունենք, որ ընտրական օրէնսգրքում մի շարք փոփոխութիւններ պէտք է կատարուեն, սակայն հասարակութեանը հասանելի չէ՝ այդ փոփոխութիւնների նախաձեռնութիւնը կառավարութեա՞նն է, թէ Ազգային ժողովինը: Նաեւ հասկանալի չէ, թէ ո՞րն է ընտրական օրէնսգրքում նոր փոփոխութիւններ կատարելու պահանջը:
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿԵԱՆ.- Իրականում կառավարութիւնն է նախաձեռնել՝ ընտրական օրէնսգրքում նոր փոփոխութիւններ կատարելու: Պէտք է գիտակցենք, որ մեր երկիրը գտնւում է կայացման փուլում, ուստի նաեւ կայացման փուլում է գտնւում ընտրական գործընթացը: ՀՀում եւ ԼՂՀում այնպիսի քաղաքական մթնոլորտ է տիրում, որ ամէն ընտրութիւնից յետոյ անհրաժեշտութիւն է առաջանում նոր օրէնսդրական փոփոխութիւնների՝ հիմք ընդունելով ընտրութիւնների ժամանակ հրատապ լուծում պահանջող խնդիրները: Եթէ հարցը դիտենք այս համատեքստում, ապա դեռ մօտակայ ժամանակներում ամէն ընտրութիւններից յետոյ անհրաժեշտ է լինելու ընտրական օրէնսգրքում փոփոխութիւններ մտցնել՝ նպատակ հետապնդելով յաջորդ համապետական նշանակութեան ընտրութիւններին ընտրողների մօտ վստահութեան մթնոլորտ ստեղծել, որպէսզի քաղաքացին գիտակցի եւ ընդունի, որ իր քուէով նա մասնակցում է երկրի կառավարմանը: Իշխող քաղաքական կուսակցութիւնները, քաղաքական անհատները, քաղաքական ուժերը պէտք է ձգտեն հասնել մի այնպիսի աստիճանի, որ քաղաքացու քուէն մեծ դերակատարութիւն ունենայ երկրի կառավարման գործում: Դա պէտք է դառնայ նրանց առաջնային պարտականութիւններից մէկը: Դեռեւս 90ականներին ունէինք 100 տոկոս մեծամասնական ընտրակարգով ձեւաւորուած խորհրդարան: Քաղաքական գործիչները դեռ շարունակում են վիճել, թէ իրականում որն է ամենաճիշդ խորհրդարանի ընտրակարգի ձեւը՝ 100 տոկոս մեծամասնական, թէ 100 տոկոս համամասնական, թէ՝ ե՛ւ նա, ե՛ւ նա: ՀՅԴն ունի իր յստակ դիրքորոշումը, եւ դա ձեւաւորուած տեսակէտ է ոչ միայն ՀՅԴ Արցախի կառոյցի, այլեւ ՀՅԴ Ընդհանուր ժողովի ժամանակ քննարկուել եւ ընդունուել է, որ լաւագոյն խորհրդարանը ՀՀում եւ ԼՂՀում կը համարուի այն խորհրդարանը, որը կը ձեւաւորուի 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Այն տեսակէտը, որ մեծամասնական ընտրակարգով ընտրուած պատգամաւորը Ազգային ժողովում ներկայացնում է հասարակութեան մի հատուածին, ինքնին Ազգային ժողովի քաղաքական մարմին լինելու կոչմանը չի համապատասխանում: Խորհրդարանի պատգամաւորի թիւ մէկ առաքելութիւնը քաղաքական թիմի կազմում կառավարութեանը օպտիմալ (լաւագոյն-Խմբ.) կառավարելու հնարաւորութեան ընձեռնումն է կամ, ինչու չէ, ճիշդ կառավարելու պարտադրումը: Խորհրդարանը քաղաքական մարմին է, եւ քաղաքական կուսակցութիւնը պէտք է արժանանայ ընտրողի քուէին: Իսկ ընտրողը քուէն տալիս է ոչ թէ առանձին անհատի, այլեւ կուսակցութեան այն ծրագրերին, որով տուեալ կուսակցութիւնը ներկայանում է ընտրողներին՝ ակնկալելով նրանց աջակցութիւնը: Սխալ կարծիքներ կան ՀՀում եւ ԼՂՀում, որ կուսակցութիւնների ներկայացրած ընտրացանկերում կարեւորւում են առաջնային համարները: Իմ համոզմամբ՝ ընտրացանկը պէտք է ստորադասուի այն ծրագրին, որով քաղաքական կուսակցութիւնը ներկայանում է ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է ընտրացանկին, ապա այնտեղ կարեւոր են ոչ թէ առաջին հորիզոնականներում ընդգրկուած անձինք, այլեւ բոլոր այն անհատները, որոնք իրենց կենսագրութեամբ, քաղաքական կեցուածքով, կուսակցութեան ծրագիրը ներկայացնելու կամքով եւ պատրաստակամութեամբ ներկայանում են հասարակութեանը: 100 տոկոս համամասնական ընտրակարգի դէմ հանդէս եկող ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այդ ընտրակարգը Ազգային ժողովը կտրում է հասարակութիւնից: Կարծում եմ, որ կառավարութեան այս նախաձեռնութիւնը լուրջ քննարկման առարկայ է դառնալու ԼՂՀ Ազգային ժողովում, եւ դաշնակցական պատգամաւորները կ՛անեն ամէն ինչ, որպէսզի մեզ յաջողուի անցնել այդ ընտրակարգին:
ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ.- Կարելի՞ է ենթադրել, որ՝ որպէս դաշնակցական, դուք կողմ էք երկրի կառավարման խորհրդարանական համակարգին:
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿԵԱՆ.- Դեռեւս 1992 թուականին, երբ ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչեանի խորհրդականն էի, Գերագոյն խորհրդի նախագահութիւնում խօսւում էր, որ Արցախը չպէտք է ունենայ նախագահական կառավարման համակարգ: Այդ ժամանակ դա էր մեր նորանկախ երկրի մօտեցումը այս հարցին: Սակայն Արցախում յետագայ քաղաքական ճգնաժամը բերեց նրան, որ Արցախը անցաւ կառավարման նախագահական համակարգին: Այսօր ես գտնում եմ, որ ունենք արդարացուած կառավարման ուղղահայեաց, սակայն կառավարման համակարգը պէտք է դիտարկել ոչ թէ տուեալ պահին արդարացուած կամ չարդարացուած լինելու, այլեւ սպասուելիք մարտահրաւէրներին դիմակայելու տեսանկիւնից: Ռազմավարական նշանակութեան որոշումներ կայացնելիս, նման որոշումներ կեանքի կոչելիս աւելի էֆեկտիւ (ազդեցիկ-Խմբ.) է գործում խորհրդարանական կառավարման համակարգը: ՀՀ Սահմանադրութեան 55րդ յօդուածի 13րդ կէտով եւ ԼՂՀ Սահմանադրութեան 68րդ յօդուածի 14րդ կէտով՝ հանրապետութեան վրայ զինուած յարձակման, դրա անմիջական վտանգի առկայութեան կամ պատերազմ յայտարարուելու դէպքերում յայտարարում է ռազմական դրութիւն, կարող է յայտարարել ընդհանուր կամ մասնակի զօրահաւաք եւ որոշում ընդունել զինուած ուժերի օգտագործման մասին: Պատերազմի ժամանակ հանրապետութեան նախագահը կարող է նշանակել եւ ազատել զինուած ուժերի գլխաւոր հրամանատարին: Զինուած ուժերի օգտագործման կամ ռազմական դրութիւն յայտարարուելու դէպքերում իրաւունքի ուժով անյապաղ գումարւում է Ազգային ժողովի յատուկ նիստ: Կարելի է ասել՝ Ազգային ժողովի մեծամասնութիւնը այո է ասում պատերազմին եւ յետագայ մասնակցութիւն չի ունենում, ամբողջ պատասխանատուութիւնը թողնելով նախագահին: Խորհրդարանական կառավարման պարագայում՝ վարչապետի հետ միասին պարտադրուած է շարունակել կրելու պատասխանատուութիւն՝ որպէս իշխող մեծամասնութիւն, որպէս երկիրը իր վարած քաղաքական կուրսով պատերազմին հասցնող կամ պատերազմից դուրս բերող մեծամասնութիւն: Զինուած ուժերի կայացման ընթացքում, նրա կիրառման պարագայում՝ քաղաքացիական վերահսկողութիւնը, խորհրդարանական կառավարումը աւելի արտայայտուած է եւ աւելի էֆեկտիւ: Այն դէպքում՝ եթէ Արցախի Հանրապետութիւնը ենթարկուի միջազգային հանրութեան ճնշումներին՝ տարածքներ զիջելու, Արցախի լինել-չլինելու առումով, ապա պէտք է ասեմ, որ այս ծանր բեռը մէկ անձին թողնելն անթոյլատրելի է: Այս մարտահրաւէրներին կարող է դիմանալ միայն խոհրդարանական կառավարման համակարգը: Եթէ խօսենք երկիրը հրամանագրերով ճգնաժամից հանելու խնդիրների լուծման մասին, ի հարկէ, արդիւնաւէտ է նախագահական կառավարման համակարգը: Պէտք է խոստովանեմ, որ ՀՀում եւ ԼՂՀում ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական համակարգի տարրեր են գործում: Դրա օրինակը կարող է հանդիսանալ ռազմական դրութիւն յայտարարելու դրոյթը: Ռազմական դրութիւն յայտարարել՝ նշանակում է երկրի ղեկավարին, մեր այսօրուայ պարագայում՝ նախագահին տալ լիազօրութիւններ, որով նա պատրաստելու է երկիրը պատերազմի, բայց ռազմական դրութիւն յայտարարողը Ազգային ժողովն է: Նաեւ՝ այս կարեւոր մարտահրաւէրն է, որը ստիպում է մեզ ունենալ 100 տոկոս համամասնական ընտրակարգով ընտրուած խորհրդարան: Ամէն պատգամաւոր, նամանաւանդ՝ իշխանութիւնը ներկայացնող, պէտք է գիտակցի, որ կոճակ սեղմելով նա մասնակից է լինում երկրի համար կարեւոր մարտահրաւէրներին դիմակայելուն: Այստեղ է երեւում, որ մարտահրաւէրների յաղթահարման ամբողջ պատասխանատուութիւնը Ազգային ժողովի վրայ է: Իշխող համակարգը եթէ խորհրդարանական է, ապա ոչ միայն պարտերազմ յայտարարելն է մնում տուեալ իշխող կուսակցութեան պատասխանատուութեան ներքոյ, այլեւ յետագայ գործողութիւնների ամբողջութիւնը: Արցախի համար կայ նաեւ մի շատ կարեւոր իրականութիւն, որը կարող է հիմք հանդիսանալ՝ հասկանալու համար, որ ճիշդ տարբերակը խորհրդարանական կառավարման երկիր ունենալն է: Իմ կարծիքով՝ այն երկիրը, որտեղ բնակչութեան թիւը մեծ չէ եւ խորհրդարանի պատգամաւորները կարող են անձնապէս ճանաչել երկրի բնակչութեան մեծամասնութեանը, կառավարման լաւագոյն ձեւը խորհրդարանական մոդելն է: Կիսանախագահական կամ կիսախորհրդարանական համակարգ ունեցող երկրները յաճախ են ենթարկւում քաղաքական ճգնաժամերի եւ երկիրը դուրս բերում բնականոն զարգացման հունից: Վստահ եմ, որ կառավարման լաւագոյն համակարգը կարելի է ձեւաւորել քաղաքական քննարկումների արդիւնքում՝ եթէ առկայ է հասարակական խաւերի մասնակցութիւնը:
ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ.- Հնարաւո՞ր է արդեօք Արցախում կառավարման խորհրդարանական համակարգն ընդունուի՝ առանց ՀՀում ընդունման:
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿԵԱՆ.- Հնարաւոր է: Դուք հարց էք ուղղում մէկին, ով իր ցանկացած քայլի եւ գործողութեան հիմքում դնում է Միասնական Հայաստան կեանքի կոչելու նպատակը: Պիտի խոստովանեմ, որ դա Միացեալ Հայաստան ունենալու համար եւս մէկ քայլ կը լինի: Այն պէտք է ընդունել որպէս ճանապարհային քարտէսի մի փոքրիկ հատուած, որով պէտք է հասնենք այն վերը նշուած գերնպատակին, ինչի համար այսօր ապրում եւ ստեղծագործում է ամէն մի հայ: