ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Մոսկուայի Բասմանի դատարանը Քննչական կոմիտէի հայցով կալանք է դրել Բաշնեֆտ ընկերութեան հսկիչ փաթեթի վրայ: Ընկերութիւնը պատկանում է Սիստեմա հոլդինգին, որը Բաշնեֆտը ձեռք է բերել 2008 թուականին: Հէնց այդ գործարքի համար էլ յարուցուել է քրէական գործ, որով մեղադրւում է յայտնի հայ մեծահարուստ Լեւոն Հայրապետեանը: Նրան ձերբակալել են նախօրէին, Մոսկուայում: Հայրապետեանին մեղադրում են 2008 թուականին Սիստեմա ընկերութեանը Բաշնեֆտի վաճառքից չհիմնաւորուած բարձր շահոյթ ստանալու համար՝ անօրինական միջոցներ իւրացնելու եւ լեգալացնելու փորձի համար:
Փորձագէտները համարում են, որ հարկ կը լինի Սեպտեմբերին Լոնդոնում սպասուելիք Բաշնեֆտ ընկերութեան բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխումը յետաձգել: Թէեւ կան փորձագէտներ, որ կարծում են, թէ այդ իրադարձութեանը վտանգ չի սպառնում, քանի որ Բաշնեֆտը ծրագրել է Լոնդոնում տեղաբաշխել 1.2 միլիարդի բաժնետոմս, ինչը կազմում է ընկերութեան հիմնադիր կապիտալի ընդամէնը 15 տոկոսը:
Սիստեմա ընկերութիւնը հաստատել է, որ ստացել է Բաշնեւտի բաժնետոմսերի հետ կապուած գործարքներ անելու արգելքի մասին տեղեկատուութիւնը: Սիստեման դուստր ձեռնարկութեան հետ միասին տնօրինում է Բաշնեֆտի բաժնետոմսերի 84.4 տոկոսը, որը կազմում է հիմնադիր կապիտալի 73.94 տոկոսը: Սակայն, արգելքը չի սահմանափակում Սիստեմայի իրաւունքները քուէարկութեան եւ դիվիդենտներ ստանալու հարցում:
Սիստեման նշել է, որ արգելքը դրուած է քրէական գործի շրջանակում, որով Սիստեմա ընկերութիւնը ֆիգուրանտ չէ: Այդ մասին գրում է ռուսական ՌԲԿ գործակալութիւնը: Գործակալութիւնը նշում է, որ Բաշնեւտի մասնաւորեցումը, որը 1990ա-կաններին գտնւում էր Բաշկիրիայի իշխանութեան ենթակայութեան տակ, բազմաթիւ անգամներ է հարցեր առաջացրել Ռուսաստանի իշխանութեան մօտ: 2003 թուականին այդ կապակցութեամբ ուսումնասիրութիւն է կատարել ՌԴ Հաշուիչ պալատը եւ համարել, որ տեղի է ունեցել պետական միջոցների «աննախադէպ իւրացում»:
Յիշեցնենք, որ Սիստեմա ընկերութեան տնօրէնների խորհրդի անդամ է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.