Օրերս Ջաւախքում տեղի ունեցաւ միջոցառում-մրցանակաբաշխութիւն: ՎՀՕՄը հայոց պատմութեան եւ ստեղծագործական շարադրութեան մրցոյթներ էր անցկացրել, որոնց մասնակցել էին Ջաւախքի չորս շրջանների աշակերտներ: Մրցոյթների արդիւնքները ամփոփուեցին այդ միջոցառման ընթացքում:
Ախալքալաքի մշակոյթի տանը տօն էր այդ օրը: Հրաւիրուած հիւրերի ցանկում էին Ջաւախքի տարբեր դպրոցների տնօրէններ, ուսուցիչներ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանայ տէր Տաթեւը, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ մշակոյթի գործիչներ:
Միջոցառման բոլոր ներկաներին իր օրհնութիւնը տուեց տէր Տաթեւը: Այնուհետեւ հիւրերից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Ախալքալաքի շրջանային վարչութեան կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերով ծառայութեան պատասխանատու Վալերի Ստելմաշովը եւ էլի շատերը: ՎՀՕՄի ատենապետուհի ԿարինէԹադեւոսեանը իր ողջոյնի խօսքից յետոյ անմիջապէս անդրադարձաւ «Լաւագոյն ուսանող» մրցոյթին:
Կառոյցը ամէն տարի Հայաստանի եւ Վրաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում սովորող հինգ լաւագոյն ուսանողների պարգեւատրում է դրամական պարգեւով: Այս տարի եւս պարգեւատրուեցին հինգ լաւագոյն ուսանողներ: 2014թ. կառոյցը երկու մրցոյթների մասնակիցներին պարգեւատրեց միաժամանակ: Լաւագոյն աշխատանքներ ներկայացնող աշակերտները պարգեւատրուեցին պատուոգրերով եւ յուշանուէրներով:
Միջոցառումը էլ աւելի գեղեցկացրին պարային համոյթներն ու մենակատար երգիչները: Մասնակիցներին ողջունելու էին եկել Շամիրամի մարզամշակութային կենտրոնի Կուլիկամի «Բաց սիրտ» պարային համոյթը՝ «Էրզրումի շորորը» պարային բեմադրութեամբ: Գեղեցիկ կատարումներով դահլիճը առոյգացրին եւ ներկաներին ուրախութիւն պարգեւեցին Ախալքալաքի մշակոյթի տան «Ջաւախք» ժողովրդագրական երգի պարի անսամբլի մի քանի մենակատարներ:
Երկու մրցոյթներում էլ կային աշակերտներ, որոնք բաւականին տարբերուող աշխատանքներ էին ներկայացրել: Նրանց քննող, ստուգող յանձնաժողովը, որի կազմում ընդգրկուած էին æաւախքի չորս շրջանների ճանաչուած մասնագէտներ, երկու շաբաթ անընդմէջ տքնաջան աշխատանք էր տարել՝ փորձելով հնարաւորինս անաչառ գտնուել եւ ամենալաւ երկու աշխատանքներ գրողներին արժանացրել գլխաւոր մրցանակների:
Հայոց պատմութեան արդիւնքները ամփոփեց Ախալքալաքի ճանաչուած մանկավարժ, պատմաբան եւ բանասէր Վաչագան Ռստակեանը: Իսկ ստեղծագործական շարադրութեան արդիւնքները, որի խորագիրն էր «Այլեւս Երբե՛ք Ցեղասպանութիւն», ամփոփեց Ախալքալաքի Ռուբէն Տէր Մինասեանի անուան թիւ հինգ հանրային դպրոցի տնօրէն Էմմա Նահատակեանը: Նա մասնակիցների աշխատանքներից հատուածներ կարդաց: Ինչպէս նաեւ նշեց, որ մրցոյթին մասնակցած աւելի քան 150 մասնակիցներից իւրաքանչիւրի մօտ կար շատ հետաքրքիր միտք: Սակայն, քանի որ թէժ մրցակցութիւն էր մասնակիցների միջեւ, մրցանակների արժանացան միայն լաւագոյն աշխատանքներ շարադրողները:
Հայոց պատմութեան մրցոյթի գլխաւոր մրցանակակիրը Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սաներից Հերմինէ Գրիգորեանն էր: Ստեղծագործական շարադրութեան մրցոյթի գլխաւոր մրցանակին արժանացած աշակերտի աշխատանքը դուր էր եկել ստուգող յանձնաժողովի բոլոր անդամներին: Մրցանակակիրը Ծալկայի շրջանի Ղուշչի գիւղի հանրային դպրոցի աշակերտուհի Անուշիկ Ադամեանն էր: Մրցանակակիրներից շատերը ունէին ողջոյնի խօսքեր, որոշներն էլ երգեր նուիրեցին ներկաներին:
Մրցոյթներին մասնակցել էին նաեւ քսան փոքր աշակերտներ, նրանցից միայն ինը լաւագոյն աշխատանքներ մրցանակների արժանացան:
Միջոցառման վերջին մասում ողջոյնի խօսքերի արժանացան աշակերտներին մինչեւ այդտեղ հասցնողները, սիրելի ուսուցիչները: Նրանք պարգեւատրուեցին շնորհակալագրերով եւ գրքերով:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.