ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Օդում հայ զինուորի պաշտամունք կայ, եւ ամէն ինչ չափազանց ճշգրիտ է, այլընտրանք չհանդուրժող: Այդպէս էլ պիտի լինէր՝ մեր անկախութիւնը, արժանապատուութիւնը ու նաեւ շատ յաճախ ժողովրդից երես թեքած իշխանութիւնն այսօր սահմանին կանգնած տասնութամեայ հայ զինուորն է պահում: Մի քանի օր էր պէտք այս ճշմարտութեանը հասնելու համար:
Իսկ այս օրերին լրահոսից առհասարակ արեան ու բռնութեան հոտ է գալիս: Աշխարհն աւելի քան անհանգիստ է, մարկային նկարագիրը կորցրած՝ Միջին Արեւելքից մինչեւ Արեւելեան Եւրոպա…
Ինձ, մեզ ամենամօտը իմ սահմանն է ու սահմանին կանգնած հայ զինուորը, բայց սա չի խանգարում չպապանձուել այն պատկերի առջեւ, ինչ կատարւում է Հիւսիսային Իրաքում: Տեղահանուած, բռնաբարուած ու խոշտանգուած քրդերի ու եզդիների շարասիւններն ինձ Դեր Զօրում մարող հայոց երթն է յիշեցնում, գաղթի ճանապարհին ընտանիքը կորցրած ու գոյութիւնը փրկելու համար բարեկամ քուրդ ռեսի կողմից Ստեփան անունը Ֆայաթի
Վերջապէս Բարաք Օբամայի շուրթերից հնչում է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ բառը: «Միացեալ Նահանգներն հնարաւոր ամէն միջոց պիտի ձեռնարկի կանխելու Իրաքում քրդերի նկատմամբ իրականացուող ցեղասպանութիւնը», Սպիտակ տանն անցկացուող խորհրդակցութեան ժամանակ յայտարարում է ԱՄՆի նախագահը:
Միջազգային լրահոսն ու փաստերը շարունակում են վկայել, որ այն, ինչ իրականացւում է «իսլամական պետութեան» կողմից՝ Իրաքի քրդերի ու եզդիների նկատմամբ, ամբողջովին տեղաւորւում է ցեղասպանութիւն միջազգային սահմանման մէջ:
Դժուար չէ կանխագուշակել, թէ քրիստոնէական աշխարհի քթի տակ ծաւալուող իսլամա-խալիֆական ծայրայեղական նկրտումներն աշխարհագրական ինչ ծաւալներով, քաղաքական սցենարներով ու հետեւանքներով են յղի:
Միթէ՞ 21րդ դարի կէսին պիտի հասնել՝ հասկանալու համար, որ չգնահատուած, չդատուած ցանկացած համամարդկային ոճիր առաւել այլասերուած ու անկանխատեսելի ձեւաչափեր է ընդունում ու բումերանգի պէս՝ կոտրւում աշխարհի գլխին:
Միթէ՞ պարզ չէ, որ ընթացող համաշխարհային բոլոր արիւնալի բախումների ու հակամարտութիւնների անկիւնաքարն այլեւս քաղաքակրթական է:
Եւ միթէ՞ ուղիղ 100 տարի ձգուած մեր Դատն ու պահանջատիրութիւնը նախեւառաջ Ցեղասպանութեան կանխարգելմանն ուղղուած չէ: Միթէ՞ հարկ կայ հիմնաւորելու, որ Հայոց Ցեղասպանութեան Ճանաչումը, Դատապարտումն ու Հատուցումը, մարդկութեան դէմ ուղղուած ցանկացած ոճրի կանխարգելում է:
Կրկնակի ստանդարտների (չա-փանիշներու-Խմբ.) քաղաքականութիւնը մի օր յանգեցնելու էր այս քաղաքակրթական ճգնաժամին:
Իսկ աշխարհը գնալով փոքրանում է, եւ նոյնիսկ, ինչպէս փաստերն են վկայում, ովկիանոսից այն կողմ գտնուելն անգամ չի ապահովագրում հակաքաղաքակրթական խաւարից:
Հայոց Ցեղասպանութեանն յաջորդած 100 տարիները քաղաքակիրթ աշխարհին մտածելու ու երկիր մոլորակի խաղաղ ու բարոյական համակեցութիւնը գնահատելու թանկ տարիներ էին:
Դեռ ուշ չէ…