ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Պատերազմի ու խաղաղութեան սահմանագծին ապրող Հայաստանում այս օրերին ամենափնտռուած բանը լրահոսն է: Սահմանից իւրաքանչիւր լուր մերձպատերազմական մթնոլորտին կամաց-կամաց վարժուող հայաստանցիներս թռցնում ենք օդի միջից ու, զարմանալիօրէն, եւ շատերի համար անսպասելի՝ հակառակորդի իւրաքանչիւր կրակոց կամ դիւերսիա աւելի է կոփում մեր կամքը, միասնականութիւնն ու մեր մէջ նիրհող տիրոջ զգացումը:
Օդում հայ զինուորի պաշտամունք կայ եւ ամէն ինչ չափազանց ճշգրիտ է, այլընտրանք չհանդուրժող: Այդպէս էլ պիտի լինէր՝ մեր անկախութիւնը, արժանապատուութիւնը ու նաեւ շատ յաճախ ժողովրդից երես թեքած իշխանութունն այսօր սահմանին կանգնած տասնութամեայ հայ զինուորն է պահում: Մի քանի օր էր պէտք այս ճշմարտութեանը հասնելու համար:
Իսկ այս օրերին լրահոսից առհասարակ արեան ու բռնութեան հոտ է գալիս: Աշխարհն աւելի քան անհանգիստ է, մարդկային նկարագիրը կորցրած՝ Միջին Արեւելքից մինչեւ Արեւելեան Եւրոպա…
Ինձ, մեզ ամենամօտը իմ սահմանն է ու սահմանին կանգնած հայ զինուորը, բայց սա չի խանգարում չպապանձուել այն պատկերի առջեւ, ինչ կատարւում է Հիւսիսային Իրաքում: Տեղահանուած, բռնաբարուած ու խոշտանգուած քրդերի ու եզդիների շարասիւններն ինձ Դէր Զօրում մարող հայոց երթն է յիշեցնում, գաղթի ճանապարհին ընտանիքը կորցրած ու գոյութիւնը փրկելու համար բարեկամ քուրդ ռեսի կողմից Ստեփան անունը Ֆայաթի փոխած սասունցի պապիս յիշատակը: Միթէ կարող է պատմութիւնն հարիւր տարի անց կրկնուել՝ այս նոյն անողոքութեամբ, արիւնռուշտ բարբարոսի դէմքով… Իսկ մեզ թւում էր, թէ հարիւր տարին լուրջ ժամանակահատուած էր: Բայց ո՛չ, ինչպէս Թումանեանը կ՛ասէր՝ «Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամբան», իսկ զբաղուած, քաղաքակիրթ ու առաջադէմ աշխարհը դարձեալ լռում է…