Ֆուտբոլի Հայաստանի հաւաքականը Եւրօ-2016ի առաջին ընտրական մրցավէճում պարտուեց Դանիայից՝ դժուարին ու գրեթէ հաւասար խաղում: Կրքերը դեռ չեն հանդարտւում: Ամբողջ Facebook-ն ու այլ սոցիալական կայքեր ողողուած են հայ երկրպագուների վրդովուած գրառումներով: Թիրախը հիմնականում ազգային հաւաքականի մարզիչ Բեռնար Շալանդն ու ամբողջ թիմն է՝ բացառութեամբ Հենրիխ Մխիթարեանի:
Խաղի վերլուծութիւնը երկար ժամանակ կը խլի, բայց, իրականում, ճշմարտութիւնը մէկն է: Մենք գիտէինք, որ գալիս ենք Դանիա մեծ կորուստներով: Նախորդ տարուայ կոպենհագենեան յաղթանակը կերտած ֆուտբոլիստներից երեքը չկային, իսկ մի քանիսը ոչ լաւ մարզավիճակում էին: Ամբողջ յոյսը Հենրիխ Մխիթարեանն էր, ինչպէս եւ սպասւում էր: Հենրիխը, իսկապէս, խաղն իր վրայ վերցրեց: Ցաւօք, նրա վնասուածքը՝ ամենավատ բանը, որ կարող էր լինել Հայաստանի հաւաքականի հետ, վերջնական կոտրեց մեր թիմի խաղը: Պատճառներ եւ մեղաւորներ գտնելու համար պէտք է իրատեսօրէն գնահատել մեր հնարաւորութիւնները: Այսօր մենք չունենք հիմանական ֆուտբոլիստներին փոխարինողներ: Եթէ Եուրա Մովսիսեանը չկայ, մենք պէտք է համակերպուենք, որ թիմի յարձակողական ներուժը առնուազն 60 տոկոսով կը նուազի: Արասի պէս ստեղծագործ ֆուտբոլիստ մեր թիմում միայն Մխիթարեանն է, բայց նա էլ չի կարող երեք ֆուտբոլիստի աշխատանք կատարել դաշտում: Այդ պատճառով Հայաստանի թիմը խաղաց այնպէս, ինչպէս կարող էր, այն կազմով, որն ունէր:
Հաշուի առնելով կորուստները՝ հինգ պաշտպանով հանդէս գալը ճիշդ որոշում էր: Ամէն դէպքում, դանիացիները որքան էլ տիրում էին գնդակին կամ ինչպէս Բեռնար Շալանդն է ասում՝ խաղում էին տիկի տակա, նրանց գրեթէ չէր յաջողւում վտագնաւոր պահեր ստեղծել մեր դարպասի մօտ՝ մինչեւ դաշտի տէրերի առաջին գօլը: Այլ խնդիր է, որ մեր տղաների մօտ կայ հոգեբանական խնդիր, որը արտայայտւում է լարուածութեամբ: Գնդակը պարզունակ դրուագներում կորցնելը, շտապելն աւելի շատ խօսում է որոշ ֆուտբոլիստների անվստահութեան մասին: Իսկ պարտութեան հիմնական պատճառներից մէկը հիանալի մեկնաբանեց Հենրիխ Մխիթարեանը, ով խաղից յետոյ ասաց, որ որոշ ֆուտբոլիստներ պէտք է նաեւ իրենց վրայ վերցնեն խաղը եւ ռիսկի գնան, ոչ թէ յոյսները դնեն միւսների վրայ:
Երէկ այդպէս էր՝ ամբողջ թիմը փնտռում էր մեր 18 համարին: Կարծես, երբ նա անգամ լքեց դաշտը, շատերը դեռ փնտռում էին Հենրիխին: 2007ին, երբ Երեւանում ոչ ոքի խաղացինք Պորտուգալիայի հետ, մեր թիմում չկային աստղեր, սակայն մենք յաղթեցինք եւ ոչ մէկ խաղ: Մինչեւ օրս այն սերունդի ֆուտբոլիստները յիշում են, թէ ինչպէս էր Եան Պորտերֆիլդը խաղից առաջ ոգեշնչում ֆուտբոլիստներին եւ ասում, որ նրանք մրցակցից ոչնչով պակաս չեն: Ի հարկէ, վստահ եմ, դա անում են նրանից յետոյ եկած միւս բոլոր մարզիչները, բայց, երեւի, նա ինչ որ իւրայատուկ շփման ձեւեր գիտէր:
Ինչպէս կը զարգանայ մեր ֆուտբոլը, բացարձակ պարզ չէ: Ազգային առաջնութեան մակարդակի մասին շատ է խօսուել ու կը խօսուի: Սակայն, քանի դեռ մեր յոյսը կապուած է մի քանի ֆուտբոլիստների հետ, քանի դեռ մենք փնտռում ենք Սփիւռքում հանդէս եկող հայերի, քանի դեռ աղօթում ենք, որ Մխիթարեանին յանկարծ բան չպատահի, մենք պէտք է իւրաքանչիւր խաղում պատրաստ լինենք ամէն տեսակ արդիւնքի: Իսկ Դանիայի հաւաքականին մենք կը պատասխանենք Երեւանում, երբ, յուսանք, հանդէս կը գանք ոչ թէ երկրորդ, այլ՝ առաջին կազմով:
NEWS.am Sport