
ՅԱՍՄԻԿ ԴԻԼԱՆԵԱՆ
Խարդախութեան զոհ դարձած մի խումբ երեւանցիներ այսօր բնակարանամուտ են տօնել: Այս ընտանիքները մայրաքաղաքի Արամի 72-80 հասցէներում մասնաւոր կառուցապատողի ձախողած կառուցապատման ծրագրից տուժած ընտանիքներն են: Նրանք բնակարաններ են ստացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի յանձնարարութեամբ ստեղծուած միջգերատեսչական յատուկ յանձնաժողովի առաջարկութիւնների հիման վրայ ու ՀՀ կառավարութեան որոշմամբ: Այսօր բնակարանամուտ է տօնել 476 ընտանիք: Նորակառոյց շէնքի բացմանը ներկայ է եղել Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը:
Քաղաք Երեւան, Ծիծեռնակաբերդ, բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շէնք, որտեղ բնակուելու են անբարեխիղճ կառուցապատողի կողմից առանց բնակարանի մնացած Արամի 72-80 հասցէների բնակիչները: Տեղեկացնենք, որ 2011թ. Դեկտեմբերին ՀՀ գլխաւոր դատախազութեան պետական շահերի պաշտպանութեան վարչութեան կողմից քրէական գործ էր յարուցուել Արամի 72-80 հասցէներում կառուցուող շէնքից բնակարաններ վաճառելու պատրուակով 2005-2011 թուականների ընթացքում բազմաթիւ քաղաքացիների վստահութիւնը չարաշահելով խարդախութեամբ մեծ գումարների յափշտակման կապակցութեամբ: Ըստ այդմ՝ շէնքում առկայ մօտ 21,000 քմ. մակերեսի դիմաց, 2005-2011 թուականների ընթացքում տուեալ շէնքի կառուցապատող հանդիսացող «Գապբնակշին» ՍՊԸն վաճառել էր 53,000 քառ. մետր, ընդ որում, քրէական գործի յարուցման պահին տուեալ շէնքն անաւարտ էր ու շահագործման ոչ ենթակայ:
Այս ամէնին զուգահեռ՝ «Գապբնակշին» ՍՊԸի պատասխանատուները արհեստականօրէն Արամի շէնք էին տեղափոխել նաեւ իրենց կողմից կիսաւարտ կամ դեռեւս շինարարութիւնը չսկս-ուած այլ շէնքերի գնորդների եւ իրացուող տարածքների սեփականատէրերի: Այդպիսով՝ մէկ բնակարանը վաճառուել էր ընդհուպ մինչեւ 8 գնորդի: Արդիւնքում՝ շուրջ 476 ընտանիք կանգնած էր բնակարանի ձեռքբերման համար վճարած գումարները կորցնելու շեմին:
Կար ՀՀ նախագահի յատուկ յանձարարականը՝ ստեղծել միջգերատեսչական յանձնաժողով, որի առաջարկութիւնների հիման վրայ էլ մշակուեցին քաղաքացիներին ստեղծուած իրավիճակից դուրս գալու միջոցառումներ: «Քաղաքացիները ճարահատեալ դիմել էին ՀՀ նախագահին: ՀՀ նախագահի կողմից յանձնարարական եղաւ ստեղծել միջգերատեսչական յանձնաժողով, որի համար իրականում խնդիրը բարդ էր, քանի որ սովորական ստանդարտ լուծում չէր եւ ոչ ստանդարտ լուծումով մենք կարողանաք 476 ընտանիքի հարց լուծել», ասաց Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը:
Յանձնաժողովը 2012թ. Յուլիսից բանակցութիւններ էր վարում Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի հետ՝ Դալմայի անաւարտ շինարարութեան ձեռք բերման շուրջ: Բանակցութիւնները բարեյաջող աւարտ ունեցան, արդէն 2012թ. Դեկտեմբերի վերջին ՎԶԵԲի եւ «Լոգիկոն» մասնագիտացուած խորհրդատուական ընկերութեան միջեւ կնքուեց Ծիծեռնակաբերդի 1/2 հասցէում կառուցուող շէնքի ձեռքբերման գործարքը, որի արդիւնքում 2013թ. Մարտից վերսկսուեցին կիսակառոյց այդ շէնքի շինարարական աշխատանքները: Դրանք այժմ աւարտուած են, եւ շէնքն էլ յանձնուեց շահագործման:
Շահառուները բառեր չեն գտնում, նրանք կորցրել էին սեփական բնակարան ունենալու վերջին յոյսը, այսօր սակայն, բնակարանատէր են դարձել: «Ի հարկէ՝ ուրախ ենք, շնորհակալ ենք, տասը տարի պայքարեցինք, շատերը մահացան, մնացել է պայքարողների 30 տոկոսը», ասում են:
Երեւանի աւագանու «Բարեւ Երեւան» խմբակցութեան անդամ Անահիտ Բախշեանը այնքան էլ վստահ չէ, որ սա նախադէպ կը լինի, ու միւսների բնակարանների խնդիրներն էլ կը լուծուեն: «Դեռ պատգամաւոր եղած ժամանակ շատ պայքարեցինք, եւ բողոքի արդիւնքում առողջացման այս ծրագիրը մշակեցինք: Ես էլ էի այդ յանձնաժողովի անդամ: Խաբուած բնակիչներից շատերը այսօր բնակարան են ստանում», ասում է նա:
Այսպիսով՝ 476 ընտանիքի խնդիր ամբողջութեամբ կարգաւորուած է: Յիշեցնենք՝ դեռ կան հասցէներ, որոնց բնակիչները դեռ շարունակում են պայքարել՝ յուսալով, որ մի օր էլ իրենց բնակարանի հարցն է լուծուելու:
Քաղաքապետ Տարօն Մարգարեանի խօսքով՝ «եւս 290 ընտանիքի խնդիր ունենք Կոնդ թաղամասում, Բիւզանդի փողոցում, Ֆիրդուսի թաղամասում: Յանձնաժողովը քննարկում է, թէ ինչ մոդել կիրառենք: Հիմա յանձնաժողովը քննարկում է, որ նոր ներդնողներ գտնենք, որ կարողանանք այդ խնդիրները լուծել»:
«Ռադիօլուր»