
ՎՐԷԺ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ
Թուրք պաշտօնեան սուլթանական պալատից մտախոհ դուրս եկաւ ու անմիջապէս բռնեց Սասնոյ գաւառի Խութ-Բռնաշէնի ճամբան… Գնում էր աճապարանքով, մտախոհ: Որքան մօտենում էր Ընկուզիկ գիւղին, մտքերն աւելի էին խճճւում՝ «Մի քանի ամիս յետոյ այդտեղ էլ պիտի մորթուեն…»: Չզգաց, թէ ինչպէս հասաւ Անդրանիկ փաշայի բժիշկ, սնխչի Կրկոյի տանը: Կրկոյի մասին անգամ Սուլթանի պալատում գիտէին. սնխչին, գիւղեգիւղ ընկած, բուժում էր հային, թուրքին, քրդին… Թուրք մեծաւորները յաճախ էին իրենց ծանր հիւանդներով Ընկուզիկ գալիս: Կրկոյի հայր Մխիթարն էլ էր սնխչի, Մխիթարի հայր Պետրոսն էլ, Պետրոսի հայր Չղրօն էլ… Աստծու տուած էր…
– Բարի օր, Կրկօ՛,- շփոթմունքը թաքցնել չկարողանալով՝ փորձեց ժպտալ թուրք պաշտօնեան:
– Բարե՛ւ, էֆենդի՛, եթէ գալդ բարի է,- սառը պատասխանեց Կրկօն՝ թէեւ մտքում արդէն ասել էր՝ ո՛չ բարով, ո՛չ խէրով…
Թուրք պաշտօնեան միանգամից կարդաց Կրկոյի միտքը եւ շտապեց բացատրել, որ խնդրանքով է եկել:
– Կրկօ՛, իմ սիրելի խանումը անդամալոյծ է դարձել, ոչ ոք չի կարողանում նրան մի դարման անել: Պալատի բժիշկներն ասին, որ մենակ դու կարող ես: Ամիսներ առաջ ընկել է, ազդրի խնձորակը տեղից դուրս է ընկել ու վնասուել: Ինչքան ոսկի-արծաթ ուզես, կը տամ: Պիտի բուժես, բայց մի պայմանով՝ ո՛չ ձեռքդ պիտի դիպչի կնոջս, ո՛չ էլ աչքդ պիտի տեսնի նրա մերկ մարմինը,- թերահաւատ, բայց յամառեց թուրքը:
– Կը բուժե՛մ, էֆենդի՛, բայց ես էլ իմ պայմանն եմ դնում,- թուրք պաշտօնեային նոյն տոնով պատասխանեց Կրկօն ու ասաց. «Դու պիտի կարգադրես, որ Խութ-Բռնաշէն գաւառի հայերից հարկ ու տուրք չհաւաքեն»:
Պաշտօնեան մի պահ շփոթուեց, բայց հասկացաւ, որ առանց Կրկոյի պայմանը կատարելու իր հուրի-փերի, նազելի խանումը անդամալոյծ կը մնայ եւ չի փրկուի:
– Համաձա՛յն եմ, Կրկօ՛, իմ խօսքի տէրն եմ,- ասաց թուրք մեծաւորն ու յոյսի ժպիտով շրջուեց ջահել կնոջ կողմը:
– Դէ, ուրեմն՝ քո սեփական ձին մօ՛տ բեր, քո ձեռքով կնոջդ նստեցրու քո ձիու մէջքին եւ ձիու փորի տակով կնոջդ երկու ոտքերը պարանով իրար ամուր կապիր,- թուրք մեծաւորի շփոթմունքը փարատելով՝ կարգադրեց Կրկօն:
Թէեւ չհասկանալով Կրկոյի ասածի իմաստը, բայց եւ այնպէս, պաշտօնեան ճշդօրէն կատարեց հրահանգը:
– Դէ, հիմա՝ ինչքան գարի ունէք ձեր ձիերի համար, բերէք ու լցրէք այս ձիու առաջ,- հանգիստ ասաց Կրկօն:
Բոլորը հարցական իրար նայեցին, իսկ թուրք պալատականին մի պահ թուաց, թէ Կրկօն ձեռ է առնում իրեն կամ էլ մի չար խաղ է մոգոնում:
«Եթէ գեաւուրը յանկարծ նման բան անի, իր ողջ գերդաստանին հէնց հիմա իր աչքի առջեւ մորթելու եմ, իրեն էլ այս ձիու պոչից կապած՝ քարշ եմ տալու Խութ-Բռնաշէնի բոլոր գիւղերով,- մտքում վճռեց պաշտօնեան ու աւելի մօտեցաւ Կրկոյին:
Երբ ձին ագահաբար խժռել էր ողջ գարին, Կրկօն կարգադրեց, որ հիմա էլ ձիու առաջ քարաղի մեծ կտորներ լցնեն: Ձին սկսեց ագահաբար լիզել աղի կտորները: Երբ արդէն աղի մեծ պաշար էր ընդունել, ծարաւը սկսեց խեղդել սեւուկ նժոյգին. նա անհանգիստ շարժումներ էր անում:
– Էֆենդի՛, դէ հիմա քո ձին մօտեցրու առուակին,- հանգիստ կարգադրեց Կրկոն:
Ծարաւած կենդանին սկսեց ագահաբար ջուր խմել: Վայրկեան վայրկեանի վրայ ձիու փորը մեծանում էր, ուռչում, որից դանդաղ ձգւում էր պարանը՝ իր հետ ձգելով նաեւ կնոջ ոտքերը: Վայրկեաններ անց մի խուլ չռթոց լսուեց, եւ թուրք կնոջ ազդրի խնձորակը իր տեղն ընկաւ:
– Էֆենդի՛, հիմա էլ ասա խանումիդ՝ թող իջնի ձիուց ու քեզ մօտենայ,- վստահ ասաց Կրկօն:
Կինը իր շարժումներին չէր հաւատում, ամուսինը՝ իր աչքերին: Ամիսներով անդամալոյծ կինը հանգիստ քայլերով հասաւ զարմանքից աչքերը չռած ամուսնուն, հաւաքուածները հանգիստ շունչ քաշեցին:
– Իմ պայմանը, էֆենդի՛,- պաշտօնեայի հայեացքը որսաց Կրկօն:
– Իմ խօսքի տէ՛րն եմ, Կրկօ՛: Կը կարգադրեմ քուրդ Սըլիմօ աղին Խութ-Բռնաշէնի գիւղերի հայերից հարկ ու տուրք չհաւաքել,- ասաց պաշտօնեան ու հրամայեց բռնել Ստամբուլի ճամբան:
Զարմանահրաշ բուժման լուրը Սուլթանների պալատում բերնեբերան անցաւ:
… Մի քանի ամիս թուրք եւ քուրդ հարկահաւաքները Խութ-Բռնաշէնի գիւղերից տուրք չէին հաւաքում, մինչեւ… Պայթեց 1915թ.ի Ապրիլը…
… Ընկուզիկ մտած ասկեարների մի խումբ մտաւ Կրկոյի տուն: Կրկոն հարեւան գիւղում քուրդ հիւանդի էր բուժում: Կրկոյի կնոջը՝ Խաթունին մի պահ թուաց, թէ ասկեարները հիւանդ են բերել, եւ կամեցաւ նրանց հացի հրաւիրել՝ մինչեւ ամուսինը կը գար: Ասկեարների արնախում հայեացքներից սարսափած տղաները՝ Անդրանիկն ու Ազատը, դողալով կուչ եկան մօր գրկում: Ասկեարներից մէկը բռնեց Անդրանիկին, միւսը՝ Ազատին… Երկուսին էլ մորթեցին մօր աչքի առաջ… Խելագար Խաթունը մազերն էր պոկում եւ գլուխը պատերին զարկում… Յետոյ մի պահ ուզեց մօտենալ մորթուած զաւակներին, բայց արդեն… նրանց չէր տեսնում: Ցաւից ու հարուածներից մի ակնթարթում կուրացել էր: Ձեռքերը օդի մէջ այս ու այն կողմ տարածելով՝ զաւակներին էր փնտռում: Ասկեարներից մէկը արնոտ եաթաղանը բարձրացրեց կուրացած մօր գլխին, բայց միւսը նրա ձեռքը բռնեց՝ «Մի՛ մորթիր, միթէ՞ նրա ապրելն աւելի ծանր պատիժ չէ, քան մեռնելը: Մահը փրկութիւն է: Այդպէս գեաւուրները մեզ աւելի երկար կը յիշեն»: Յետոյ անցան թալանի: Ասկեարները միայն այդ պահին նկատեցին կողքի սենեակում անկողնում ցաւից գալարուող զառամեալ Գուլէին՝ Կրկոյի մօրը:
– Սրան չ՛արժէ սպանել, կրակի բաժին թող դառնայ,- գռմռաց ասկեարն ու ճրագի նաւթը ցանեց Գուլէի շորերին…
Կրկոյի շէն օջախում ինչ կար-չկար բարձեցին ձիերը, սանձը տուին քուրդ լամուկին, թուրքաւարի յիշեցին հայի խեղճ ու անճար Աստծուն ու հեռացան: Հերարձակ ու ձեռքերը երկնքին պարզած կոյր Խաթունի անէծքը հասաւ ընդամէնը… Ընկուզիկի միւս ողբացողներին, իսկ Աստծուն՝ երբե՛ք…
Երբ Կրկօն տուն հասաւ՝ իրենց գերդաստանի քսանհինգ հոգուց մնացել էին հինգը: Տան մոխրակոյտի մէջ գտաւ մօր եւ գլխատուած զաւակների ածխացած մարմինները: Էրգրում զուլում էր…
… Կուրացած Խաթունին գրկած՝ Կրկօն միացաւ հրաշքով փրկուածներին: Թուրքից, քրդից, բախտից ու ճակատագրից հալածուած, սոված ու կիսամերկ՝ բարձրացան Խութի սարերը, մտան քարանձաւներն ու պապանձուեցին… Ընկուզիկցի նորահարսը սարսափից այնպէս էր սեղմել նորածնի բերանը, որ քիչ հեռւում գտնուող ասկեարների հեռանալուց յետոյ միայն հասկացաւ, որ իր երեխան այլեւս չի շնչում: Յետոյ նոյն շորով մօր բերանը փակեցին, որ ցաւից չ՛ոռնայ… Կրկօն չզգաց, թէ ցաւից գլուխն ինչպէս զարկեց քարանձաւի ցից քարին, արեան մի քանի կաթիլ ընկաւ Խաթունի կուրացած աչքին: «Տէ՛ր Աստուած, դու էլ ինձ նման կոյր ես ու անզօր»,- տնքած Խաթունն ու գրկեց Կրկոյի արիւնոտ գլուխը…
Գիշերները սոված գորշ գայլերը Խութի սարերից իջնում էին Ընկուզիկ, մարդկային դիակներ էին յօշոտում, նեխած արիւնը լափում եւ աւելի սարսափազդու, արիւնաձայն ոռնո՜ւմ, անգթօրէն ոռնո՜ւմ… Մահաշունչ ու չարագոյժ ոռնոցը լսում էին քարանձաւներում պատսպարուած ընկուզիկցիները: Կրկօն լսում էր դիակներից կատաղած գայլերի ոռնոցը, որին խաւարի մէջ խառնւում էր իր լուռ ու անբառ ողբը: Ժամանակը քարացել էր քարանձաւներում: Ամիսներ անցան…
Մի առաւօտ, չար աչքից թաքուն, իրենց քարանձաւ հասաւ ծանօթ քրդերից մէկը:
– Կրկօ՛, ինձ քեզ մօտ է ուղարկել քուրդ Սըլիմօ աղան, որին դու շատ ես լաւութիւն արել եւ աղուհաց կիսել հետը: æարդերի ժամանակ Օսմանեան իշխանութիւնը քուրդ աղաների տարածքները շուտ-շուտ է փոխում, որ հայերի հետ շատ չմտերմանան: Սըլիմօն ուզում է քեզ ու քո հարազատներին փրկել: Մենք ձեզ կը հասցնենք Անդրանիկ փաշայի զօրքին:
Մութը անէծքի նման իջել էր Խութի սարերին: Ձորերի միջով խութեցի գաղթականների խումբը շարժւում էր Արարատ սարի ուղղութեամբ: 1916 թուականն էր: Անդրանիկ զօրավարը Մուշի եւ Սասունի հազարաւոր գաղթականներով գնում էր դէպի Մայր Արաքսը… Մի քանի օր անց խութեցիների խումբը հասաւ Անդրանիկի զօրքին:
– Փաշա՜,- հազիւ շշնջաց Կրկօն ու փաթաթուեց Զօրավարին: Երկար մնացին փաթաթուած Զօրավարն ու իր զինուոր բժիշկը, ոչինչ չէին ասում, լռութիւնը խօսուն էր աւելի: Կրկօն Զօրավարին այդքան տխուր մէկ էլ տեսել էր Գէորգ Չաւուշի սպանութեան օրը: Քանի՜-քանի՜ անգամ էր Չաւուշը իր վիրաւոր ֆիդայիներին բերել Կրկոյի մօտ…
– Կրկօ՛, գիտես, որ երկու եղբայրներդ՝ Յակոբն ու Բաղդասարը, իմ քաջ զինուորներն են, երկուսն էլ վիրաւոր են, բայց գաղթականներին են ուղեկցում, միացի՛ր նրանց,- Կրկոյին սթափեցնելով շշնջաց Անդրանիկը եւ յիշեց՝ թէ՛ իրեն եւ թէ քանի-քանի ֆիդայիների է բուժել Կրկօն:
… Գաղթականների խումբը մօտեցաւ Արարատ սարին: Մայրամուտի ծիրանագոյն կրակների մէջ հրդեհուել էր Սար-Նահապետը: Կրկօն անմիջապէս նկատեց, որ սարը լալիս է: Լանջերից իջվարող առուակները արցունքի պէս էին գլորւում, գնում խառնւում Արաքսի պղտոր ալիքներին:
– Արաքսն էլ Արածանիի նման պղտոր է ու դարդոտ,- կուրացած կնոջը բացատրեց Կրկօն եւ Խաթունին գրկած՝ անցաւ Մարգարայի կամուրջը:
Դիմացը Արագած սարն է, որին Կրկօն ժպտաց հարազատի պէս: Սարն էլ Կրկոյին ժպտաց: Բայց մի հզօր ուժ հետեւից ձգում էր, կրակի պէս այրում… Կրկօն կրալէ շապիկ էր հագել…
… Արագածի փեշերին տարիներ, տասնամեակներ գլորուեցին: Կրկօն ու կուրացած Խաթունը նորից զաւակներ ունեցան: Աղջկան մօր անունով կոչեցին՝ Գուլէ՝ Գիւլիզար, որդուն՝ Մանուկ: Խութեցի Կրկոյի մօտ Հայաստանի քաղաքներից ու գիւղերից շատ էին գալիս: Իսկ Սասունի եւ Մուշի գաղթականները ամէն Աստծու օր Կրկոյի տանն էին: Բուժում էր բոլորին:
Կրկօն իր տոհմի աստուածատուր շնորքը փոխանցեց որդուն՝ Թալինի շրջանի Կաքաւաձորի հանրայայտ Մանուկին, Մանուկի որդի Ալբերտին, Մանուկի Անդրանիկ որդու զաւակին՝ իր անունը կրող Գրիգոր Գրիգորեանին… Այսպէս Կրկօն ապրեց հարիւր տարի՝ իր տան դուռն ու լուսամուտը բաց Էրգրի կողմը: Ամէն արեւագալին ու արեւմտոցին, մտքում իր կարօտի սանձերը քանդած, Կրկօն գլուխը տարուբերում էր ու վերջում ինքնիրեն կիսաձայն շշնջում ՝ հըյլէ՜, հըյլէ՜…